Cover Image
close this bookՄիքայելյան Վարդգես Ալեքսանի (1924-2005)
View the documentՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ.Ա. Միքայելյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում / ՀՀ Շիրակի մարզ /։
1941 թ. գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Աշոցքի շրջանի դպրոցներում։ 1942 թվականից ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ պարգևատրվելով շքանշաններով ու մեդալներով։
1947 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի նորաբաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1952 թ.՝ գերազանցության դիպլոմով։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան։ 1955 թ. «Գյուղացիության դրությունը և գյուղացիական ելույթները Հայաստանում 1918-1920 թթ.» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելով՝ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
«Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում աշխատելու ընթացքում նա հմտանում է խմբագրական-հրատարակչական աշխատանքում, ինչի անհրաժեշտությունը շատ կարևորվեց նրա հետագա ողջ գործունեության համար։
1960-ական թվականներից Վ. Միքայելյանի գործունեությունը կապվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հետ. 1960-1972 թթ. նա եղել է ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից, 1972-1987 թթ.՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր, 1988 թվականից ԳԱ Պատմության ինստիտուտում բաժնի վարիչ է եղել, 2000 թ.՝ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։
Գիտական գործունեությունը նա սկսել է պատմաբանի համար խիստ անհրաժեշտ չլուսաբանված կամ թերի ուսումնասիրված կարևոր հիմնահարցերի հետազոտումով։ Նա առաջիններից էր, որ կարևորեց հայ գաղթօջախների պատմության ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Անգնահատելի է նրա վաստակը միջնադարի ամենախոշոր հայկական գաղութի՝ Ղրիմի գաղթօջախների ուսումնասիրման գործում։
1964 թ. լույս տեսավ Վ. Միքայելյանի «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» գիրքը, որը բովանդակում է գաղթօջախի պատմության միջնադարյան շրջանը և ավարտվում 1778 թ. ռուսական կառավարության կողմից ղրիմահայերի տեղահանությամբ, գաղթօջախի ժամանակավոր մարումով և Դոնի ափին Նոր Նախիջևանի հայկական գաղութի հիմնադրմամբ։ Վ. Միքայելյանն այս աշխատությունը ներկայացրել է որպես դոկտորական ատենախոսություն։ 1970 թ. նա հրատարակեց «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» / 1801-1917 /» աշխատության 2-րդ գիրքը և 1974, 1989 թ.ևս երկու աշխատություն՝ նվիրված այդ գաղթօջախի պատմությանը։ Ղրիմահայոց պատմությանը նվիրված գրքերով Միքայելյանը լուսաբանել է հայ ժողովրդի միջազգային կապերի / հայ – ռուսական, հայ-ուկրաինական, հայ-լեհական, հայ-իտալական / պատմությունը։
Վարդգես Միքայելյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ նախապատրաստվել ու 2003 թ. հրատարակվել են « Հայ գաղթաշխարհի պատմություն » եռահատորի առաջին և երկրորդ հատորները։
Ակադեմիկոս Միքայելյանի գիտական ուսումնասիրության մյուս կարևոր բնագավառը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ուղղությամբ ունեցած մեծ վաստակն է։
1960-ական թվականներից Վ. Միքայելյանը արցախյան հիմնահարցի արդար լուծման ջատագովներից և սատարողներից էր, այն սակավաթիվ պատմաբաններից, ովքեր ջանք չէին խնայում հանրությանը ներկայացնել այդ խնդրի սկզբնավորման հանգամանքներն ու հետևանքները։
Ակադեմիկոս-պատմաբանը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ է տպագրել հանրապետության, սփյուռքահայ և օտարալեզու մի շարք պարբերականներում։ 1992 թ. լույս ընծայվեց «Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов» խորագրով ժողովածուն / կազմողների ղեկավար, պատասխանատու խմբագիր, ներածության հեղինակ՝ Վ.Ա. Միքայելյան /։
Ժողովածուի փաստաթղթերն ու նյութերը հավաստում են, որ հիշյալ ժամանակաշրջանում Հայաստանը զոհաբերվել է համաշխարհային հեղափոխության հաղթանակի ցնորական քաղաքականությանը, որի «իրագործման» ճանապարհին ոտնահարվել են հայության ազգային իրավունքները՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի՝ անդամահատելով Հայաստանի տարածքները։ Վ.Ա. Միքայելյանը անուրանալի ավանդ ունի Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում։ 1989 թ. նա մեկնել է Բոնն՝ գերմանական արխիվներում հայոց ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրության համար։ Գերմաներենին լավագույնս տիրապետելու շնորհիվ՝ կարճ ժամանակահատվածում ժողովել է 3500 միկրոկադրեր՝ հազարից ավելին ընդգրկելով 1995 թ. կազմած «Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919 ). Материалы Политического архива минис терства иностранных дел кайзеровской Германии» վերնագրով ժողովածուում։
Ակադեմիկոս Վ. Միքայելյանը գիտական գործունեությունը զուգակցել է գիտախմբագրական-գիտակազմակերպչական գործունեությանը։ Երկար տարիներ նա եղել է ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Որպես գլխավոր խմբագիր՝ նրա ուշադրության կենտրոնում է եղել հայագիտության շատ ու շատ արմատական խնդիրների լուծման գործը։ Պատմության, լեզվի, գրականության, հնագիտության և արվեստի հարցերը մշտապես կարևոր տեղ են ունեցել «Լրաբերում»՝ նրա էջերում ստանալով գիտական խոր և անկողմնակալ լուսաբանում։
1989-1990 թթ. Վ. Միքայելյանը հիմնադրել և խմբագրել է «Գոյամարտ» շաբաթաթերթը, որի առաջնահերթ խնդիրը պատմահայրենասիրական բնույթի հարցերի և արցախյան հիմնախնդրի լուսաբանումն էր։
1999-ին Վ. Միքայելյանը նշանակվում է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ Իր նախաձեռնողական քայլերով նա հայագիտական այդ հանդեսի համար կարողացավ նոր, ավելի բարձր մակարդակ ապահովել։ Նա ոչ միայն հանդեսի գլխավոր խմբագիրն էր, այլև՝ ակտիվ հեղինակներից մեկը։
Ակադեմիկոսը մեծ նվիրվածությամբ իր շուրջն էր համախմբել գիտական երիտասարդ և կարող ուժերին։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։
Հատկանշական է նաև Վ. Միքայելյանի մանկավարժական աշխատանքը հանրապետության բուհերում։ Նա քսան տարի հատուկ դասընթացներ է կարդացել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի / այժմ՝ համալսարան / պատմաաշխարհագրական ֆակուլտետում։
Ակադեմիկոս Վ. Միքայելյանը եղել է մի շարք խորհուրդների անդամ, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի» ստեղծման գործում, եղել է կազմկոմիտեի, ապա՝ գիտաճյուղային խորհրդի անդամ։
Վարդգես Ալեքսանի Միքայելյանը պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով։