Cover Image
close this bookՋրբաշյան Էդվարդ Մկրտչի (1923-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Է. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Է. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը ծնվել է 1923 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Շ. Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցը և զորակոչվել Սովետական բանակի շարքերը։ Բաքվի հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո 1942-1944 թթ. լեյտենանտի կոչումով ծառայել է մի շարք զորամասերում որպես ջոկի, վաշտի և ականանետային մարտկոցի հրամանատար։ 3-րդ բելոռուսական ռազմաճակատի կազմում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի մարտերին և ծանր վիրավորվել 1944 թ.-ի հոկտեմբերին։

Բանակից զորացրվելուց հետո 1945 թ. սեպտեմբերին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հայկական բաժին)։ Համալսարանը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա «գրականության տեսություն» մասնագիտությամբ։

1950 թ. աշնանից սկսել է դասավանդել համալսարանի բանասիրական ֆակուլտետում գրականության տեսության առարկան։ Այդ ժամանակից անընդմեջ դասավանդել է համալսարանում, ուր կարդացել է մարքս-լենինյան գեղագիտություն և հայ գրականության պատմության դասընթացներ։ 1972 թ-ից ղեկավարել է համալսարանի գրականության տեսության և գեղագիտության նորաստեղծ ամբիոնը։

1977 թ. մայիսին նշանակվել է Հայկական ՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկտոր և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև իր կյանքի վերջը։

1954 թ. պաշտպանել է թեկածուական ատենախոսություն, 1965-ին՝ դոկտորականը։ Այնուհետև նրան շնորհվել է(1967 թ.) պրոֆեսորի` և (1970 թ.) ՀՍՍՀ գիտության Վաստակավոր գործչի կոչումներ։ 1974 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։

Հիմնական աշխատանքին զուգընթաց տարբեր տարիների ընթացքում եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ (1953-1954թթ.), «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր (1961-1962 թթ.), գրականության ինստիտուտի տեսության բաժնի վարիչ (1966-1970 թթ.), «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր (1967-1977 թթ.)։ Հայաստանի սովետական գրողների միության վարչության և նրա նախագահության անդամն է եղել։

1938-1943 թթ. եղել է կոմերիտմիության անդամ, 1946 թ-ից՝ ՍՄԿԿ անդամ։

Էդվարդ Մկրտիչի Ջրբաշյանը սովետահայ գրականագիտության բնագավառում աշխատել է 30տարի։ Այդ ժամանակաշրջանում նա հրապարակել է 12 անուն գիրք, շուրջ 300 գիտական հոդվածներ, որոնք լուրջ ներդրում են հայագիտության մեջ, արծարծում են տեսական ու պատմագրական հանգուցային խնդիրներ,նորովի լուսաբանում գրականագիտական մի շարք պրոբլեմներ։

Էդվարդ Ջրբաշյան գիտնականին բնորոշ հատկանիշներից են գիտական պրոբլեմների ինքնատիպ քննության կարողությունը, խորագիտակությունը, նպատակասլացությունը ու բեղմնավոր աշխատունակությունը։

Է. Մ. Ջրբաշյանի գիտական աշխատությունների ստվար մասը նվիրված է գրականության տեսության ընդհանուր և ազգային խնդիրներին, գեղարվեստական մեթոդի և ժանրերի պատմության ու տիպաբանության հարցերին։ Է. Մ. Ջրբաշյանը լուրջ ներդրում ունի Հովհ. Թումանյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրության բնագավառում՝ նորովի մեկնաբանելով նրա երկերի ազգային ակունքների, ստեղծագործական պատմության հարցերը, բովանդակության և գեղարվեստական կերտվածքի յուրահատկությունները։ Հեղինակը համակողմանի քննության է ենթարկել նաև հայ նոր բանաստեղծության ձևավորման ու զարգացման պատմությունն ու տեսությունը, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևելահայ և արևմտահայ գրական ուղղությունները՝ իրենց գեղագիտական ու գաղափարաբանական դրսևորումներով և ժանրային բազմազանությամբ։

Է. Մ. Ջրբաշյանի գիտահետազոտական աշխատանքները ունեն երկու հիմնական ուղղություն՝գրականության տեսություն և հայ նոր ու սովետական գրականության պատմություն։

Գրականության տեսության և գեղագիտության պրոբլեմներին նվիրված ուսումնասիրությունների արդյունքները ամփոփված են նրա «Գրականության տեսություն», «Աշխարհայացք և վարպետություն», «Պոետիկայի հարցեր» գրքերում, ինչպես նաև կոլեկտիվ ժողովածուներում և գիտական հանդեսներում տպագրված բազմաթիվ հոդվածներում։ Է. Մ. Ջրբաշյանի «Գրականության տեսությունը» բուհական առաջին հայերեն ձեռնարկն է, որ ունեցել է հինգ հրատարակություն, և հեղինակը 1974 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի։ Խոշոր գիտական արժեք ունեն գեղարվեստական մեթոդի, գրական ժանրերի էության և չափանիշների վերաբեյալ Է. Մ. Ջրբաշյանի ուսումնասիրությունները։ Առանձնապես պետք է նշել հայկական տաղաչափությանը նվիրված նրա բազմաթիվ աշխատությունները, որոնց մեջ նոր և ինքնատիպ մեկնաբանություն են ստացել հայկական ոտանավորի բնույթի և առանձնահատկությունների հարցերը։

1966 թ. գիտնականի ղեկավարությամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ստեղծվեց գրականության տեսության բաժինը, 1970 թ.՝ համալսարանի գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը։

Հայ գրականության պատմությունը, մասնավորապես նոր և սովետական, Է. Մ. Ջրբաշյանի ուսումնասիրությունների երկրորդ ոլորտն է։ Առանձնահատուկ մեծ է Է. Մ. Ջրբաշյանի ներդրումը Հովհ. Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրության և գիտական հրատարակության գործում։ Ջրբաշյանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարը, որի հինգ գրքերը լույս են տեսել 1964-1998թթ.։ Գրականության ինստիտուտում Ջրբաշյանը ղեկավարել է Թումանյանի երկերի ակադեմիական տասհատորյակի հրատարակության աշխատանքը (հ. 1-10, 1988-1999), որի վերջին՝ 10-րդ հատորը տպագրվեց գիտնականի մահից ընդամենը շաբաթներ անց։ Այս գրքերը, որոնք աչքի են ընկնում Հովհ. Թումանյանի երկերի գեղագիտական նուրբ վերլուծություններով, հասարակական-պատմական արժեքի և ստեղծագործական պատմության խոր բացահայտումով, նոր խոսք են հայ մեծ բանաստեղծի վաստակի գիտական գնահատման ասպարեզում։ Գիտական մեծ արժեք ունեն գիտնականի գրքերն ու ուսումնասիրությունները դարասկզբի արևմտահայ բանաստեղծներ Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի, Ռ. Սևակի մասին։ Է. Մ. Ջրբաշյանը հանդես է եկել Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին նվիրված հետազոտություններով («Ավետիք Իսահակյանի քնարական հերոսը», «Աբու-Լալա Մահարին և ռոմանտիկական պոեմի ավանդույթները», «Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը»), որոնց մեջ նոր մեկնաբանություններ են տրված բանաստեղծների գրական զարգացման, գեղարվեստականմեթոդի, պոետիկայի և վարպետության հարցերին։

Է. Մ. Ջրբաշյանի աշխատությունները առաջ են շարժել հայ գրական միտքը, բարձրացրել նրա տեսական մակարդակը։ Մեծ է Է. Մ. Ջրբաշյանի ներդրումը «Հայ նոր գրականության պատմության» հինգհատորյակի ստեղծման գործում։ Գիտական մեծ արժեք ունեն հինգերորդ հատորի «Ներածությունն» ու «Գրական քննադատություն» գլուխը։ Այստեղ, ըստ էության, տրված է հայ հասարակական-գրական կյանքի ամենաբարդ շրջաններից մեկի խտացած պատմությունը, գրական բազմաթիվ ուղղությունների ու մեթոդների առաջացման ու զարգացման ընթացքի գիտական խոր վերլուծությունը, գրական քննադատության տարբեր դպրոցների դերը, քննադատության և գեղարվեստական գրականության բազմապիսի հարաբերությունների լուսաբանությունը։ «Հայ նոր գրականության պատմության» հինգհատորյակի համար գիտնականն 1981 թ. արժանացավ ՀՍՍՀ երկրորդ պետական մրցանակին։

Է. Մ. Ջրբաշյանին լրջորեն զբաղեցրել են սովետահայ գրականության պատմության և տեսության հարցերը, որոնք գիտական խոր քննության են ենթարկված ոչ միայն «Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ» գրքում, այլև Չարենցի ստեղծագործությանը և ժամանակակից պոեզիային նվիրված մի շարք ուսումնասիրություններում։ Նա գիտական խորազնին հետազոտություններ է նվիրել Չարենցի և դասական գրականության ստեղծագործական կապերի բացահայտմանը։

Հայաստանի սովետական գրողների վերջին համագումարում Է. Մ. Ջրբաշյանը հանդես եկավ սփյուռքահայ գրական պրոցեսի խոր և համակողմանի վերլուծությունը պարունակող զեկուցումով։

Է. Մ. Ջրբաշյանը գործուն մասնակցություն է ցուցաբերել գիտական կոնֆերանսներին, նստաշրջաններին և՛ հանրապետությունում, և՛ հանրապետությունից դուրս։ Նա հայ գրականության դասընթացներ է կադացել Կիևի, Վիլնյուսի, Թբիլիսիի, Տարտուի համալսարաններում, զեկուցումներ՝ Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում։ 1974 և 1979 թվականներին նա զեկուցումներով մասնակցել Է նախ՝ Հունգարիայում տեղի ունեցած սովետա-հունգարական գրական սիմպոզիումին, ապա՝ Ավստրիայում կայացած համեմատական գրականագիտության համաշխարհային կոնգրեսին։

1977 թ. Է. Մ. Ջրբաշյանը նշանակվեց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկտոր։ Այդ պաշտոնում բացահայտվեցին նաև հետազոտող գիտնականի գիտական-կազմակերպչական ունակությունները։ Ինստիտուտի կոլեկտիվի ուժերը կենտրոնացվեցին կոմպլեքսային պատմա-գրական պրոբլեմների վրա։ Ինստիտուտում մեծ գործ է կատարվել հատկապես արդի ժամանակաշրջանի սովետական բազմազգ գրականության զարգացման օրինաչափությունների քննության ուղղությամբ։ Այս առումով պետք է նշել 1978 թ. Երևանում տեղի ունեցած համամիութենական կոնֆերանսը՝ «Անհատի կոնցեպցիան զարգացած սոցիալիզմի գրականության մեջ» թեմայով, որի նյութերը լույս են տեսել առանձին գրքով։

Է. Մ. Ջրբաշյանի մշտական մտահոգություններից մեկը եղել է կադրերի աճի հարցը։ Նա մեծ գործ է կատարել գրականագիտական որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ։ Նրա ղեկավարությամբ 14 հոգի դարձել են բանասիրական գիտությունների թեկնածուներ։

Է. Մ. Ջրբաշյանը նախագահն է եղել գրականագիտության գծով հանրապետական կոորդինացիոն խորհրդի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին կից բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհող խորհրդի և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալն է եղել։

Որպես քաղաքացի նա իրեն դրսևորել է լավագույն կողմերով։ Նա բարձր մարդկային և բարոյական նկարագրի տեր անձնավորություն է եղել, հարգանք է վայելել ինստիտուտի կոլեկտիվի և հանրապետության մտավորականության մեջ։