Cover Image
փակիր այս գիրքըՆալբանդյան Վաչե Սմբատի (1919-1998)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վաչե Սմբատի Նալբանդյանն իր երկարամյա եռանդուն գործունեությամբ զգալի ավանդ է ներդրել հանրապետության գրականագիտական մտքի զարգացման, հայագիտական աշխատանքների կազմակերպման ու խթանման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:

Վ. Նալբանդյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 25-ին Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում , արհեստավորի ընտանիքում: Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո 1937 թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլ տետը, որտեղ սովորելու տարիներին էլ նրա մեջ որոշակի նախասիրություն է ձևավորվում հայ հին և միջնադարյան գրականության նկատմամբ:

Սկսվում է հայրենական մեծ պատերազմը, և 1941 թ. ամռանը Վ. Նալբանդյանը զորակոչվում է գործող բանակ: Ավարտելով Թելավիի զինվորական ուսումնարանը` նա մեկնում է Հյուսիսային Կովկաս` ռազմաճակատի առաջավոր գիծ: Ռազմաճակատում վիրավորվում է, ապաքինվելուց հետո շարունակում է զինվորական ծառայությունը: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով, «Մարտական ծառայության համար» և բազմաթիվ այլ մեդալներով:

Վ. Նալբանդյանը 1946 թ. զորացրվում է բանակից և շարունակում ուսումնառությունը Երևանի համալսարանի ասպիրանտուրայում` ընտրելով «Հայ հին գրականության պատմություն» մասնագիտությունը: 1948-1956 թթ. նա կուսակցական աշխատանք է կատարում Երևանի շրջանային և քաղաքային կազմակերպություններում, ՀԿԿ Կենտկոմում: Բայց իր խառնվածքով ու մղումներով առավելապես հակված լինելով դեպի գիտահետազոտական աշխատանքն ու դրա կազմակերպման բնագավառը` 1950-ական թթ. նա մի շարք պատասխանատու պաշտոններ է վարում հանրապետության գիտական և մշակութային կարևորագույն կենտրոններում. եղել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն (1952-1953 թթ.), պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1956-1965 թթ.), ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն (1965-1977թթ.): 1978-1998 թթ. Վ. Նալբանդյանը ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահն էր և ակադեմիայի ֆունդամենտալ գիտական գրադարանի տնօրենը:

1948 թ. սկսած, գրեթե կես դար, Վ. Նալբանդյանն անընդմեջ հայ հին գրականության պատմություն էր դասավանդում համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ուսանողների շատ սերունդներ են ունկնդրել նրա դասախոսությունները` առաջին անգամ մոտիկից հիմնավոր պատկերացում կազմելով հայ հին պատմագիրների ու բանաստեղծների գրական հարուստ ժառանգության մասին: Վ. Նալբանդյանը 1953 թ. պաշտպանում է թեկնածուական, իսկ 1969 թ.` դոկտորական դիսերտացիա: 1971 թ. նա ընտրվում է հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, 1994 թ.` ակադեմիկոս:

Ասպիրանտական տարիներից ի վեր Վ. Նալբանդյանն զբաղվում է գիտահետազոտական մի շարք թեմաների մշակմամբ, հրատարակում բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ` նվիրված բազմադարյան հայ գրականության պատմության տարբեր խնդիրների: Նրա հետազոտական գործունեության հիմնական բնագավառը հին և միջնադարյան մատենագիտությունն է` գրապատմական և գեղարվեստական բացառիկ նշանակություն ունեցող հանգուցային խնդիրների արծարծմամբ:

Նրա ուշադրության կենտրոնում են ազգային գրերի ստեղծման, ոսկեդարի գրական մշակույթի կազմավորման, հայ հին պատմագրության գաղափարախոսական, ճանաչողական և գեղարվեստական յուրահատկության հարցերը: Այս առումով հիշատակման են արժանի «Մեսրոպ Մաշտոց», «Ազգային գրականության կազմավորման գործում անտիկ, բյուզանդական և տեղական ավանդույթների դերի մասին» ծավալուն հետազոտությունները և Եղիշեին նվիրված մենագրությունը: Հայկական գրերի գյուտի մասին շատ է գրվել, և ապագայում նույնպես սերունդները հաճախ են անդրադառնալու այդ բախտորոշ իրադարձության իմաստավորմանը: Վ. Նալբանդյանը, սակայն, երևույթին նայում է մի տեսանկյունից`ցույց տալով գրերի ստեղծման ազգային-քաղաքական և հոգևոր-մշակութաբանական դրդապատճառները` ընդդեմ պարսկական և բյուզանդական բռնությունների, հանուն հայության գոյատևման: Այս կապակցությամբ անցյալում արվել են ոչ քիչ առողջ ու ճիշտ կռահումներ` հիմնականում մատնանշելով գրերի ստեղծման ուղղությամբ հայոց Վռամշապուհ թագավորի ցուցաբերած եռանդուն շահագրգռվածությունը: Մինչդեռ բանասերը, հատկապես ծանրանալով Մաշտոցի կյանքի և գործունեության պետական, պալատական ծառայության շրջանի վրա, կարևոր նշանակություն է տալիս սկզբնաղբյուրներում բազմիցս ընթերցված, բայց առանձին ուշադրության չարժանացած այնպիսի տվյալների, որոնց համատեղումն ու նպատակադիր քննությունը որակական նոր լիցք է հաղորդում խնդրի ազգային-քաղաքական բնույթի լուսաբանմանը:

Անդրադառնալով V դարի հայ ինքնուրույն մատենագիտության թռիչքատիպ և յուրօրինակ կազմավորման նախադրյալների հարցին` հետազոտողը զարգացնում է այն տեսակետը, թե այդ գործում անտիկ և բյուզանդական մշակույթների ստեղծագործական յուրացման, հունարենից և այլ լեզուներից արված բազմաբնույթ, հարուստ ու մեծարժեք թարգմանությունների ազգայնացման հետ մեկտեղ կարևոր ու վճռական դեր են խաղացել նաև հեթանոսական Հայաստանի մատենագիտական և բանահյուսական ավանդույթները: Թեզն առաջ քաշելիս ուսումնասիրողը բնականաբար հենվում է ազգային հինավուրց գրավոր հուշարձանների և հարուստ բանահյուսության գոյության մասին օտար ու հայ աղբյուրներում առկա վկայությունների վրա: Առանձնապես գնահատելի են ուսումնասիրության այն մասերը, որտեղ փորձ է արվում ցույց տալու , թե անտիկ արվեստի տեսությունից յուրացված առաանձին դրույթներ ինչպես են Հայաստանի իրականության յուրահատկությունների թելադրանքով վերամշակել ու զարգացրել հայ մտածողները:

Եղիշեին նվիրված մենագրությունը, որն ամփոփում է պատմիչի կյանքի և ստեղծագործության հանգամանալից քննությունը, հատկապես ուշագրավ է «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի գեղարվեստական շերտերի հայտնաբերման, համակարգման և լուսաբանման տեսակետից: Իր վերլուծությունները հեղինակը ձգտում է տանել հայ իրականության մեջ պատմագրական ժանրի ձևավորման խնդիրը պարզաբանելու հունով, շեշտը դնելով հայ պատմագրության ճանաչողական և գեղարվեստական բնույթի միասնականության, աշխարհիկ-քաղաքական բովանդակության և հայրենասիրական-քաղաքացիական պաթոսի բացահայտման վրա: Եղիշեի արվեստը նա մեկնաբանում է բազմակողմանիորեն, մի կողմից ցույց տալով այն ընդհանրությունները, որոնցով նրա երկը աղերսվում է անտիկ պատմագրության (հատկապես Թուկիդիդեսի և Տակիտոսի երկերի օրինակով) ժանրային գլխավոր գծերի հետ, մյուս կողմից` այն առանձնահատկությունները, որոնք պայմանավորված էին դարաշրջանի հայ կայնքի ու մտածողության հանգամանքներով: Աշխատությունն ունի տեսական և ճանաչողական արժեք: Նկատի ունենք թե´ պատմագրական արձակի վերաբերյալ անտիկ մտածողների, հայ պատմիչների, եվրոպացի, ռուս և հայազգի հետազոտողների արած տեսական բնութագրումների առկայությունը և թե´ ուսումնասիրվող հուշարձանից բերված ուղղակի վկայակոչումները՝ հիրավի խնամքով ընտրված, առաջ քաշված դրույթները անվերապահորեն հաստատող գեղեցիկ հատվածներ, որոնք պատիվ կբերեին անգամ ամենահարուստ մշակույթն ունեցող ցանկացած քաղաքակրթության:

Վ. Նալբանդյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում նշանակալից տեղ են գրավում նաև միջնադարյան հայ քնարերգուները: Մի կողմ թողնելով «Միջնադարի հայ տաղերգուները» գրքույկը, որ, փաստորեն, ներկայացնում է X-XVIIIդարերի դասական բանաստեղծների գրական վաստակի հանրամատչելի բնութագրությունը, պետք է նշել, որ գրականագետը հիմնականում մասնավոր քննության նյութ է դարձրել երեք խոշոր մեծությունների` Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության հարցերը: Ընդ որում`վերջին երկու քնարերգուներին նա անդրադառնում է առանձին մենագրական աշխատանքներով, որոնք լույս են տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով: Այս աշխատությունների մեջ կարելի է նկատել մի ընդհանուր գիծ. իր ուսումնասիրության ընթացքում Վ. Նալբանդյանն, ըստ ամենայնի, հենվում է հիշյալ բանաստեղծների մասին առկա ողջ գիտական գրականության, նախորդ հետազոտությունների ձեռքբերումների վրա, միաժամանակ նկատում և բացահայտում է նաև շատ նոր կողմեր, որոնք հատկապես հետաքրքիր են մեր օրերի համար: Դրանց թվին կարելի է դասել Գրիգոր Նարեկացու «Մատյանում» մարդու ճակատագրի, մարդկայինի և աստվածայինի փոխհարաբերության կամ Սայաթ-Նովայի հումանիզմի ինքնատիպ գծերի վերլուծությունները, որոնց զգալի տեղ է հատկացնում հետազոտողը:

Հիշատակված հանգուցային խնդիրները, նշանավոր դեմքերի կյանքն ու գործերը քննելիս գրականագետը մշտապես ձգտում է բացահայտել հայ հին գրականության մեջ առկա համամարդկայրին արժեքները, հայ մատենագիրներին ու բանաստեղծներին գնահատել միջազգային գրական փորձի դիրքերից: Դա հատկապես բնորոշ է Վ. Նալբանդյանի այն գործերին, որոնք հասցեագրված են այլալեզու ընթերցողին և տպագրվել են ռուսերեն: Առաջին հերթին նկատի ունենք բարձրագույն դպրոցի համար Մոսկվայում հրատարակված հայ գրականության դասագիրքը, որի հին և միջնադարյան գրականության գլուխները պատկանում են նրա գրչին, մասնավորապես` V-XVIII դարերի հայ գրականությանը վերաբերող հատվածները, որոնք զետեղված են այնպիսի մի հեղինակավոր ու կոթողային հրատարակության մեջ , որպիսին է «Համաշխարհային գրականության պատմություն» բազմահատորյակը: Այդ հրատարակության 2-5-րդ հատորներում տեղ գտած հայ գրականության բաժինները շարադրելու համար հեղինակը մեծ ջանքեր է թափել` ներկայացնելով մեր ազգային գրական մշակույթի գլխավոր արժեքները:

Հայ մատենագրական հուշարձանների հետազոտման ուղղությամբ Վ. Նալբանդյանի կատարած որոնումները առանձին դեպքերում դուրս են գալիս գրականագիտական քննության սահմանից և ընդունում պատմագիտական բնույթ: Նման աշխատանքներից են «Հայերի կողմից պարսկական տիրապետության դեմ ուղղված 451 թ. ապստամբության սոցիալ-քաղաքական պատճառների հարցի շուրջը», «451 թ. ազատագրական շարժման հետ կապված մի հարց», «Գնել-Տիրիթյան վիպական ավանդության պատմական հիմքի հարցի շուրջը», «Հայոց թագավորության վեականգնման հարցը Վարդանանց պատերազմի ժամանակ» ծավալուն հոդվածները, որոնք գրավոր այլևայլ սկզբնաղբյուրներում պահպանված մի շարք փաստերի համադրման վերլուծությամբ և նորովի իմաստավորմամբ շոշափում են վաղ ավատատիրության ժամանակների հայոց պատմության ` Արշակ Երկրորդի վարած ազգային կենտրոնաձիգ քաղաքականության և Վարդանանց ապստամբության հետ առնչվող խնդիրներ` ստանալով համոզիչ բացատրություն: Օրինակ` սկզբունքային կարևոր արժեք է ներկայացնում նրա հաստատած այն միտքը, թե Ավարայրի պատերազմի նախօրեին հայ հայրենասեր նախարարները նպատակ են ունեցել հանձին Վարդան Մամիկոնյանի վերականգնել հայոց թագավորությունը: Մեր հին մատենագիրների թողած առանձին աղոտ տեղեկությունների հիման վրա առաջ քաշված այս տեսակետը ժամանակին արժանացել է նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի անվերապահ պաշտպանությանը` տեղ գտնելով նրա «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» առաջին հատորում:

Տասնամյակներ շարունակ Վ. Նալբանդյանին զբաղեցրել են նաև ժամանակակից պատմագեղարվեստական գրականության հարցերը: Իր հետազոտական գործունեության հենց սկզբից նա կողմնորոշվեց դեպի պատմության գեղարվեստական մարմնավորման խնդիրների քննությունը, մի բնագավառ, որ պահանջում է բանասերի, գրականագետի ու պատմաբանի հմտություն: Այս շարքի առաջնեկն էր «Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» մենագրությունը, որին հաջորդեցին Ստ. Զորյանի եռապատումին («Պապ թագավոր», «Հայոց բերդը», «Վարազդատ»), Վ.Դավթյանի «Թոնդրակեցիներին» և Պ. Զեյթունցյանի «Արշակ Երկրորդին» նվիրված ուսումնասիրությունները: Նշված ստեղծագործությունների գաղափարական ու գեղարվեստական առանձնահատկությունները գրականագետը հիմնականում լուսաբանում և գնահատում է մատենագրական աղբյուրների և պատմական իրականության հետ ունեցած առնչակցության մեջ, շոշափելով փաստի և ստղծագործական հնարանքի փոխհարաբերության,գրողի կողմից պատմական ճշմարտության հայտնաբերման , կերպարի և սյուժեի ձևավորման խնդիրները: Այս աշխատություններում ուսումնասիրողը ոչ միայն նոր ու ուշագրավ տվյալներով վերահաստատում է պատմագեղարվեստական երկի պատմականության և արդիական նշանակության չափանիշի վերաբերյալ հայտնի դրույթը, այլև բացահայտում և ընդհանրացնում է մատենագիտական նյութերի ստեղծագործական նորօրյա մշակման, գեղարվեստական հին ավանդույթների յուրովի օգտագործման ու կատարելագործման այն ուղիները, որ նվաճել է նորագույն շրջանի գրական փորձը: Միաժամանակ նշելի է, որ հեղինակն իր վերլուծություններն անում է նախորդ գրական մշակումների (Ղ. Ալիշանի, Գ. Սրվանձտյանի, Ս. Հայկունու, Մ. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու և ուրիշների համապատասխան երկերի) արդյունքների վերագնահատման ֆոնի վրա` ի հայտ բերելով նոր ու նորագույն շրջանների գրականության մեջ տվյալ թեմաների գծով ազգային գեղարվեստական մտածողության անընդհատ հարստացման իրողությունը: Հիշարժան է նաև, որ իր կարծիքները հիմնավորելիս նա ոչ միայն լայնորեն օգտագործում է գրականագիտական մտքի անհրաժեշտ դիտարկումները (Հեգելի, Լեսինգի, Բալզակի, Բելինսկու, Միքայել Նլբանդյանի, Րաֆֆու, Ա.Տոլստոյի. Ստ. Զլոբինի և ուրիշների տեսակետները) այլև վստահորեն հենվում քննական պատմագրության (Ա. Գարագաշյան, Մ. Օրմանյան, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան, Ա. Հովհաննիսյան) կատարած եզրակացությունների վրա:

Պետք է ասել, որ Վ. Նալբանդյանի բոլոր հիմնական աշխատությունները տպագրվել են թարգմանաբար` ռուսերեն, իսկ «Թբիլիսին հայ մատենագիտության մեջ» գիրքը, որը վերլուծաբար ընդգրկում է վրաց հազարհինգհարյուրամյա մայրաքաղաքին վերաբերող աղբյուրագիտական հարուստ տեղեկություններ, նաև վրացերեն:

Վ. Նալբանդյանի աշխատությունների մասին հոդվածներ և գրախոսականներ են գրել անվանի շատ գրականագետներ. Մ. Մկրյանը, Էդ. Ջրբաշյանը, Ա. Մադոյանը, Պ. Հակոբյանը, Ա. Շարուրյանը, Ս. Արևշատյանը և այլք, իսկ Բ. Արվելաձեն, Ե. Բաբունաշվիլին, Թ. Հակոբյանը բարձր են գնահատել «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» աշխատությունը՝ հատկապես կարևորելով դրա աղբյուրագիտական-պատմական արժեքը։

Վ. Նալբանդյանը գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց ծավալել է գիտամանկավարժական կադրերի պատրաստման խոշոր աշխատանք` մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելով հայագիտության հետագա զարգացման, մասնագետների որակի բարձրացման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման հոգսերը: Շատերն են հիշում շնորհալի երիտասարդներին գրականագիտության մեջ ներգրավելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերը: Նրա անմիջական ղեկավարությամբ հայոց հին և միջնադարյան գրականության գծով մասնագիտացել են շատերը, որոնք այսօր գիտական տարբեր կոչումներ ստացած, օգտակար աշխատանք են կատարում հանրապետության բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում:

Վ. Նալբանդյանը զեկուցումներով հանդես է եկել գրականագիտական միջազգային համաժողովներին:

Ամենաբարձր գնահատականի է արժանի ակադեմիկոս Նալբանդյանի՝ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես տնօրենի գիտակազմակերպչական աշխատանքը: Նրա շնորհիվ ԳԱԱ գրադարանը դասվեց առաջին կարգի գիտական գրադարանների շարքում: Նրա տնօրինության քսան տարիների ընթացքում գրադարանի աշխատակազմը ձեռք բերեց լուրջ առաջընթաց՝ հիմք նախապատրաստելով XXI դարի պահանջներին համապատասխան գիտական բարձրակարգ և բարձրորակ սպասարկում իրականացնելու համար:

Գիտական և գիտակազմակերպչական գործունեությանը զուգընթաց Վ. Նալբանդյանը զբաղվել է նաև հասարակական եռանդուն աշխատանքով. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի (1955-1971 թթ) պատգամավոր, հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ (1959-1967 թթ.): Որպես խմբագրական հանձնախմբի և գրականության գիտաճյուղային խորհրդի անդամ նա գործուն մասնակցություն է ունեցել հայկական հանրագիտարանի աշխատանքներին:

Ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վ. Նալբանդյանը ուշադրության կենտրոնում է ունեցել նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործը, շնորհալի երիտասարդներին գրականագիտության մեջ ներգրավելու խնդիրը: Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ պաշտպանած շատ լավագույն մասնագետներ ներկայումըս աշխատում են հանրապետության բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Սմբատի Նալբանդյանի ամբողջ գիտակից կյանքը կապված է եղել հայ բազմադարյան գրականության ուսումնասիրության և դասավանդման շնորհակալ գործի հետ։