Cover Image
փակիր այս գիրքըԱլիխանով Աբրահամ Իսահակի (1904-1970)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սովետական նշանավոր փորձարար-ֆիզիկոս, մեր երկրում միջուկային ֆիզիկայի հիմնադիիրներից մեկը, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Աբրահամ Իսահակի Ալիխանովը ծնվել է 1904 թ. մարտի 3-ին Ելիզավետպոլ (ներկայումս Կիրովաբադ) քաղաքում, երկաթուղային մեքենավարի ընտանիքում: Վախճանվել է 1970 թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում:

1912 թ. Ալիխանովի ընտանիքը տեղափոխվում է Հայաստան, Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի), որտեղ և Ալիխանովը ընդունվում է տեղի միակ միջնակարգ ուսումնական հաստատությունը` առևտրական ուսումնարանը: Այնուհետև նա ուսումը շարունակում է Թիֆլիսի առաջին առևտրական ուսումնարանում, որը ավարտելուց հետո 1921 թ. դառնում է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնաքիմիական ֆակուլտետի ուսանող: 1923 թ. Ա. Ի. Ալիխանովը տեղափոխվում է Պետրոգրադ և ընդունվում տեղի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը: Սակայն պատանի Ալիխանովը ավելի մեծ հակում ուներ դեպի ֆիզիկան և մեկ տարի անց նա տեղափոխվում է նույն ինստիտուտի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետը, որտեղ լավ դպրոց է անցնում Ա. Ֆ. Իոֆֆեի, Մ. Վ. Կիրպիչովի, Ի. Վ. Օբրեիմովի, Ն. Ն. Սեմյոնովի, Յա. Ի. Ֆրենկելի և ուրիշների ղեկավարությամբ: Հաղորդակցվելը այս ականավոր ֆիզիկոսների հետ Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (ԼՖՏԻ), ավելի է ամրապնդում Ա. Ի. Ալիխանովի հետաքրքրությունը հետազոտական աշխատանքի նկատմամբ:

1927 թ. հոկտեմբերին ԼՖՏԻ-ի դիրեկտոր և միաժամանակ ֆիզիկամեխանիկական ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեն պրպտող մտքի տեր ուսանողին ընդունում է ինստիտուտի ռենտգենատեխնիկական լաբորատորիա: Սկսվում է Ալիխանովի ավելի քան քառասնամյա (1927−1970) բեղմնավոր գիտական գործունեությունը:

Այդ տարիներին Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում հետազոտությունները հիմնականում տարվում էին պինդ մարմինների և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի ուղղությամբ (ռենտգենագրական մեթոդով բյուրեղների մեխանիկական հատկությունների հետազոտումը Ա. Ֆ. Իոֆֆեի և նրա աշխատակիցների կողմից, Ա. Կ. Վալտերի, Ի. Վ. Կուրչատովի, Կ. Դ. Սինելնիկովի և ուրիշների աշխատանքները պինդ մարմինների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությունների գծով), ինչպես նաև քիմիական ֆիզիկայի ասպարեզում (փորձարարական և տեսական հետազոտությունները Ն. Ն. Սեմյոնովի ղեկավարությամբ, որոնք հետագայում հանգեցրին ճյուղավորված շղթայական ռեակցիաների և քիմիական կինետիկայում դրանց դերի մասին ֆունդամենտալ պատկերացմանը):

Ա. Ի. Ալիխանովի առաջին աշխատանքները նվիրված էին մետաղների բյուրեղային ցանցի ուսումնասիրությանը` ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: 1929 թ.Սովետական Միությունում և արտասահմանում միաժամանակ լույս տեսավ Ա. Ի. Ալիխանովի առաջին գիտական աշխատանքը` «Ալյումինումի ռենտգենագրական հետազոտումը բարձր ջերմաստիճանների դեպքում», որտեղ հեղինակը ապացուցեց, որ բարձր ջերմաստիճանների դեպքում ալյումինը չի ենթարկվում ալոտրոպիկ փոփոխությունների. այն մշտապես պահպանում է կենտրոնացված նիստերով խորանարդի կառուցվածքը: Նույն արդյունքն էին ստացել նաև արտասահմանյան ֆիզիկոսներ Վ. Գյուրտլերը և Տ. Անաստասիադիսը:

1930 թ.Ա. Ի. Ալիխանովը ռենտգենագրական հետազոտություններից անցնում է ռենտգենյան ճառագայթների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությանը: Հատկապես նշանակալից է Լ. Ա. Արցիմովիչի հեղինակակցությամբ 1933 թ. լույս տեսած «Ռենտգենյան ճառագայթների լրիվ ներքին անդրադարձումը բարակ շերտերից» աշխատանքը, որտեղ հեղինակների կողմից հետազոտված էր ռենտգենյան ճառագայթների լրիվ ներքին անդրադարձման մեխանիզմը տարբեր մետաղների բարակ շերտերից: Փորձով որոշված և տեսականորեն գնահատված էր ռենտգենյան ճառագայթների ներթափանցման խորությունը նյութի մեջ լրիվ անդրադարձման դեպքում: Այս հետազոտությունները առաջին անգամ անմիջականորեն ապացուցեցին Ֆրենելի և Մաքսվելի դասական օպտիկայի կիրառելիությունը թափանցիկ և կլանող միջավայրերից ռենտգենյան կոշտ ճառագայթների անդրադարձման երևույթների նկատմամբ: Ներկայումս, երբ աստղագիտական նպատակների համար անհրաժեշտ է ռենտգենյան հեռադիտակների ստեղծումը, Ա. Ի. Ալիխանովի և Լ. Ա. Արցիմովիչի այդ աշխատանքը վերըստին դարձել է խիստ արդիական:

Ա. Ի. Ալիխանովի հետազոտությունները ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի ասպարեզում ամփոփվեցին նրա «Ռենտգենյան ճառագայթների օպտիկան» ոչ մեծ մենագրության մեջ, որը լույս տեսավ 1933 թ. ԼՖՏԻ-ի 15-ամյա հոբելյանի առթիվ` «Նորագույն ֆիզիկայի պրոբլեմները» մատենաշարով: Մենագրությունում համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ ներկայացված են տվյալներ ռենտգենյան ճառագայթների բեկման և այդ էֆեկտի նկարագրության համար Բրեգ-Վուլֆի օրենքի կիրառալիության վերաբերյալ, հատուկ վերլուծության է ենթարկված ռենտգենյան ճառագայթների լրիվ ներքին անդրադարձման պրոբլեմը:

Հատկանշական է, որ այդ գրքում, ինչպես և հոբելյանական մատենաշարի հրատարակությունների մեծամասնության մեջ, ծավալի զգալի մասը կազմում է հեղինակի ստացած նոր արդյունքների շարադրանքը: Մենագրությունը ամփոփում է Ա. Ի. Ալիխանովի հետազոտությունները ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի բնագավառում:

1932 թ. վերջին` միջուկային ֆիզիկայում ֆունդամենտալ հայտնագործությունների շնորհիվ (նեյտրոնի, պոզիտրոնի, դեյտերիումի հայտնաբերումը, ցիկլոտրոնի ստեղծումը և այլն) միջուկային թեմատիկան դարձավ ԼՖՏԻ-ում տարվող հետազոտությունների գլխավոր ուղղություններից մեկը: Ա. Ի. Ալիխանովը առաջիններից մեկն էր, որ սկսեց զբաղվել ատոմի միջուկի հետազոտությամբ: Արդեն 1934 թ. մարտին նա նշանակվում է պոզիտրոնների լաբորատորիայի վարիչ: Ա. Ի. Ալիխանովի հետաքրությունների ոլորտն ընդգրկում էր այդ ժամանակի միջուկային ֆիզիկայի հրատապ պրոբլեմները, առաջին հերթին` էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի կազմավորման հարցը, β-տրոհումը, արագ էլեկտրոնների արգելակումը և ցրումը նյութի մեջ:

1934 թ. Ա. Ի. Ալիխանովը Մ. Ս. Կոզոդաևի հետ համատեղ ստեղծեցին պոզիտրոնների էներգետիկ սպեկտրների հետազոտման սկզբունքորեն նոր և էֆեկտիվ մեթոդ՝ հիմնված մագնիսական β-սպեկտրաչափի և համընկման սխեմայով աշխատող Գեյգեր-Մյուլլերի երկու հաշվիչների զուգակցման վրա: Նույն տարում Ա. Ի.Ալիխանովը և Մ. Ս. Կոզոդաևը չափումների այդ մեթոդի օգնությամբ, արտասահմանյան հետազոտողներից անկախ, դիտեցին ներքին զույգային կոնվերսիայի երևույթը: Մասնիկների գրանցման եղանակը Գեյգեր-Մյուլլեր երկու հաշվիչներով, որոնք միացված էին 10ˉ5 վ կարգի թույլատրելի ժամանակ ունեցող համընկման սխեմայով, հնարավորություն տվեց հայտնաբերել ներքին զույգային կոնվերսիայի պոզիտրոններ, որոնք նախկինում չէին դիտվում այդ պրոցեսի քիչ հավանական լինելու պատճառով: Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիայում ստեղծված համընկման լամպային սխեման սկիզբ դրեց սովետական միջուկային էլեկտրոնիկայի զարգացմանը:

1935 թ. Ա. Ի. Ալիխանովը հաջողությամբ պաշտպանում է դոկտորական դիսերտացիան` «β-տրոհման ժամանակ առաքվող մասնիկների սպեկտրների հետազոտումը» թեմայով, որի մեջ ամփոփված էին զույգային կոնվերսիայի վերաբերյալ նրա առաջին հետազոտությունների արդյունքները: Ներքին զույգային կոնվերսիայի պոզիտրոնների էներգետիկ սպեկտրների հետագա ճշգրիտ հետազոտությունները, որոնք Ա. Ի. Ալիխանովը անցկացրեց իր աշխատակիցների հետ միասին 1935 − 1938 թթ., հանգեցրին կարևոր մեթոդական արդյունքի. պարզվեց, որ ներքին կոնվերսիայի երևույթը միջուկային սպեկտրոսկոպիայի մի շատ էֆեկտիվ միջոց է: Այն հնարավորություն է տալիս չափել նույնիսկ բավականաչափ թույլ γ-քվանտների էներգիան:

Ա. Ի. Ալիխանովը և նրա աշխատակիցները չափումների վերը նկարագրված մեթոդի օգնությամբ անցկացրին նաև նյութի հետ γ-ճառագայթման փոխազդեցության ընթացքում ծնված պոզիտրոնների էներգետիկ

սպեկտրների, ինչպես նաև նյութի վրա ընկնող γ-քվանտների էներգիայից և տարրի կարգահամարից նրանց ելքի կախվածության մանրակրկիտ հետազոտումներ: Դրանց արդյունքները լիովին հաստատեցին γ-քվանտներով էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի առաջացման վերաբերյալ տեսության եզրակացությունները:

1934 թ. Ա. Ի. Ալիխանովը Ա. Ի. Ալիխանյանի և Բ. Ս. Ջելեպովի հետ համատեղ առաջինը սովետական ֆիզիկոսներից սկսեց արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությունը: Այդ շարքի հենց առաջին փորձերը Ա. Ի. Ալիխանովին և նրա աշխատակիցներին, անկախ, Ի. և ֆ. Ժյուլիո-Կյուրի ամուսիններից, հանգեցրին արհեստական էլեկտրոնային ռադիոակտիվության հայտնաբերմանը: 1936 − 1937 թթ. Ա. Ի. Ալիխանովը, Ա. Ի. Ալիխանյանը և Բ. Ս. Ջելեպովը կատարեցին բազմաթիվ ռադիոակտիվ նյութերի β-սպեկտրների ճշգրիտ հետազոտումներ և հայտնաբերեցին β-սպեկտորի ձևի կախվածությունը տարրի կարգահամարից: Ա. Ի. Ալիխանովի հետազոտությունների մյուս պրոբլեմը վերաբերում էր նյութի մեջ արագ էլեկտրոնների (0,6÷2,55 ՄԷՎ էներգիաների տիրույթում) արգելակման և ցրման ուսումնասիրմանը: Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիայում կատարած ռելյատիվիստական էլեկտրոնների արգելակման և ցրման մանրակրկիտ հետազոտումները ցույց տվեցին, որ այդ երևույթների բոլոր հիմնական օրինաչափությունները բավարար կերպով նկարագրվում են ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի օգնությամբ:

Հատկապես պետք է նշել Ա. Ի. Ալիխանովի այն աշխատանքը, որտեղ փորձնականորեն ապացուցված է էլեկտրոն-պոզիտրոնային զույգի աննիհիլյացիայի դեպքում իմպուլսի պահպանման օրենքի ճշմարտացիությունը: Այդ աշխատանքը կատարվեց 1936 թ. Լ. Ա. Արցիմովիչի և Ա. Ի. Ալիխանյանի հետ համատեղ: Դա մակրոմասնիկների փոխազդեցության տարրական ակտերում էներգիա-իմպուլսի պահպանման օրենքի կիրառելիության անմիջական փորձնական հաստատումն էր: Անհրաժեշտ է նշել, որ պահպանման օրենքների ճշմարտացիությունը միջուկային պրոցեսների համար (30-ական թթ. կեսերին ամերիկացի ֆիզիկոս Ռ. Շենկլանդի փորձերից հետո) շատ գիտնականների կողմից կասկածի էր ենթարկվում:

1939 թ. վերջին Ա. Ի. Ալիխանովի կողմից մշակվեց և նախապատրաստվեց այն տարիներին բացառիկ կարևորություն և հրատապություն ունեցող մի փորձ` նեյտրինոյի գոյությունը ապացուցելու համար: Այդ փորձի նպատակն էր` K-գրավման պրոցեսում 74 Be ռադիոակտիվ միջուկից առաքված նեյտրինոյի հաշվին 73 Li միջուկի կողմից կրած ետհարվածի հայտնաբերումը (նման փորձերում 74 Be միջուկի K-գրավման և օգտագործման գաղափարը առաջին անգամ տվել է Ա. Ի. Ալիխանյանը): K- գրավման դեպքում նեյտրինոյի վարկածով կանխագուշակված միջուկի ետհարվածի էներգիայի որոշակի արժեքների դիտումը կհանդիսանար նեյտրինոյի գոյության անուղղակի հաստատում: Փորձերը ընդհատվեցին Հայրենական մեծ պատերազմի սկզբին: Համանման փորձ կատարեց ամերիկացի ֆիզիկոս Ջ. Ալլենը 1942 թ.:

Ա. Ի. Ալիխանովը և Ի. Վ. Կուրչատովը ԼՖՏԻ-ի մեծ ցիկլոտրոնի կառուցման նախաձեռնողներն էին և ղեկավարում էին դրա նախագծման բոլոր աշխատանքները: Ցիկլոտրոնի կառուցումը սկսվեց 1939 թ., սակայն պատերազմի պատճառով այն դադարեցվեց: Ցիկլոտրոնը գործի դրվեց պատերազմից հետո` 1946 թ.:

1939 թ. Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիայում աշխատանքներ ծավալվեցին տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ուղղությամբ: Այն ժամանակ արդեն հայտնի փորձարարական տվյալների մանրամասն վերլուծությունը Ա. Ի. Ալիխանովին հանգեցրեց տիեզերական ճառագայթման կազմում պրոտոնների առկայության մասին հիմնավորված ենթադրությանը: ԼՖՏԻ-ում տիեզերական ճառագայթների բազմակողմանի և մանրազնին հետազոտում կատարելու նպատակով Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ նախապատրաստվեց գիտարշավ, որը ծրագրված էր անցկացնել 1941 թ. ամռանը Պամիրի լեռներում: Սակայն պատերազմը խանգարեց դրա իրագործմանը: Այդ բարձրլեռնային գիտարշավը իրականացվեց մեկ տարի անց Հայաստանում, Արագած լեռան վրա: Ա. Ի. Ալիխանովի, Ա. Ի. Ալիխանյանի և նրանց աշխատակիցների 1942-1945 թթ. Արագածի վրա կատարած հետազոտումները համոզիչ կերպով ցույց տվեցին, որ տիեզերական ճառագայթման կազմում առկա է պրոտոնների ինտենսիվ հոսք` 150 ՄԷՎ կարգի էներգիաներով:

1937−1941 թթ. Ա. Ի. ԼՖՏԻ-ում աշխատելու հետ միաժամանակ համատեղությամբ գլխավորում էր ՍՍՀՄ ԳԱ ռադիումի ինստիտուտի ֆիզիկայի բաժնի լաբորատորիաներից մեկը: Նշված ինստիտուտում նա անմիջականորեն մասնակցեց Եվրոպայում առաջին ցիկլոտրոնի գործարկմանը, որն սկզբում կառուցվում էր Լ. Վ. Միսովսկու, իսկ նրա մահից հետո (1939 թ.)` Ի. Վ. Կուրչատովի և Դ. Գ. Ալխազովի ղեկավարությամբ:

Ա. Ի. Ալիխանովը նախապատերազմյան շրջանում ակտիվորեն մասնակցում էր միջուկային ֆիզիկային նվիրված համամիութենական կոնֆերանսների աշխատանքներին, որոնք անգնահատելի դեր խաղացին ՍՍՀՄ ում գիտության այդ ասպարեզի զարգացման համար: Հատկապես պետք է նշել նրա «Զույգերի առաջացումը γ-ճառագայթների ազդեցությամբ» զեկուցումը 1937 թ. սեպտեմբերին Մոսկվայում կայացած II միջուկային կոնֆերանսում: Զեկուցման մեջ Ա. Ի. Ալիխանովը ներկայացրել էր այդ ժամանակ արտաքին և ներքին զույգային կոնվերսիայի երևույթների վերաբերյալ կուտակված փորձնական նյութը, մասնավորապես իր լաբորատորիայում ստացված արդյունքները:

1934 թ. սեպտեմբերին Ա. Ի. Ալիխանովը գործուղվեց Լոնդոն` մասնակցելու ֆիզիկայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին, որի ավարտից հետո այցելեց գիտական հետաքրքրությունների ընդհանրությամբ իր հետ կապված Եվրոպայի առաջատար ֆիզիկոս-միջուկագետների` Պ. Բլէկետտի (Լոնդոնում), Ջ. Չեդվիկի և Չ. Էլլիսի (Քեմբրիջում), Ժուլիո-Կյուրի ամուսինների և Ժ. Տիբոյի (Փարիզում), Լ. Մեյտների (Բեռլինում) լաբորատորիաները և արդյունավետ բանավեճեր ունեցավ նրանց հետ:

Գիտահետազոտական աշխատանքին զուգընթաց Ա. Ի. Ալիխանովը զբաղվում էր դասախոսական ակտիվ գործունեությամբ Լենինգրադի բուհերում: 1930 թ., այսինքն` ֆիզիկամեխանիկական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո, նա դառնում է այդ ֆակուլտետի ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայի վարիչ: 1934թ. հունիսից Ա. Ի. Ալիխանովը Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտն էր: Ֆիզիկամեխանիկական ֆակուլտետում նա մի շարք հատուկ դասընթացներ էր կարդում` մասնավորապես ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի դասընթացը:

1938 թ. փետրվարից Ա. Ի. Ալիխանովը Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչն էր: Երեք տարի աշխատելով լենինգրադյան հնագույն այդ բուհում, պրոֆ. Ա. Ի. Ալիխանովը զգալի գործ է կատարում ֆիզիկայի դասավանդման մեթոդների կատարելագործման ուղղությամբ, կարգի է բերում գիտական աշխատանքը ամբիոնում, ակտիվորեն մասնակցում Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում հրավիրվող գիտական համագումարներին և կոնֆրանսներին:

1943 թ. Ա. Ի. Ալիխանովին Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից տեղափոխում են Մոսկվա` ՍՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիա, որտեղ Ի. Վ. Կուրչատովի ղեկավարությամբ աշխատանքներ էին ծավալվել ատոմային էներգիային տիրապետելու ուղղությամբ:

1945 թ. դեկտեմբերին միջուկային ռեակտորների և միջուկային ֆիզիկայի գծով հետազոտությունների զարգացման նպատակով Ա. Ի. Ալիխանովը կազմակերպում է նոր գիտական կենտրոն` ՍՍՀՄ ԳԱ № 3 լաբորատորիան (1949 թ.-ից` ՍՍՀՄ ԳԱ ջերմատեխնիկական լաբորատորիա, իսկ 1957թ.-ից` Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ): Նրա գլխավորած ինստիտուտը, գրեթե քառորդ դարի ընթացքում (1945-1968), դարձավ ֆիզիկայի առաջատար կենտրոններից մեկը մեր երկրում:

1947 թ. Ա. Ի. Ալիխանովի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում սկսվեց մեր երկրում ծանր ջրային դանդաղեցուցիչով առաջին հետազոտական ռեակտորի նախագծումը, որը գործի դրվեց 1949 թ.: Ռեակտորը ստեղծվեց շատ կարճ ժամանակամիջոցում և իր ֆիզիկական պարամետրերով չէր զիջում արտասահմանյան լավագույն ռեակտորներին: Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ ծանր ջրային դանդաղեցուցիչով հետազոտական ռեակտորներ են մշակվել և կառուցվել նաև մի շարք սոցիալիստական երկրներում: Թույլ փոխազդեցություններում զույգության չպահպանման հայտնաբերումից հետո Ա. Ի. Ալիխանովը սովետական ֆիզիկոսներից առաջինն սկսեց այդ պրոբլեմի հետազոտումը:

1957 թ. նա իր աշխատակիցների հետ β-տրոհման դեպքում էլեկտրոնների երկայնական բևեռացման ստույգ չափումներ անցկացրեց, որոնք մեծ ճշգրտությամբ հաստատեցին, որ հիշյալ պրոցեսում զույգությունը չի պահպանվում: Այդ շարքի հետազոտությունների արդյունքները Ա. Ի. Ալիխանովը ամփոփեց «Թույլ փոխազդեցություններ: β-տրոհման նորագույն հետազոտումները» մենագրության մեջ, որը հրատարակվեց 1960 թ.:

50-ական թթ. վերջում Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ անցկացվեցին մի շարք փորձեր` մյուոնների հատկությունները ուսումնասիրելու նպատակով, մասնավորապես որոշվեց նրանց պարույրաձևությունը π→μ+ ν տրոհման դեպքում և հետազոտվեցին այդ տարրական մասնիկների սովորական և ռադիացիոն տրոհումները:

Ա. Ի. Ալիխանովը Սովետական Միությունում բարձր էներգիաների կոշտ կիզակետմամբ արագացուցիչների ստեղծման նախաձեռնողներից մեկն է: Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում նա ղեկավարում էր մեր երկրում առաջին կոշտ կիզակետմամբ պրոտոնային արագացուցչի (7 ԳԷՎ էներգիայով) նախագծման և կառուցման աշխատանքները: Այդ արագացուցչի վրա, որը գործարկվեց 1961 թ., Ա. Ի. Ալիխանովը և նրա աշխատակցները փորձեր կատարեցին պիոնների և նուկլոնների ազդեցության ուսումնասիրության ուղղությամբ: Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է Մոսկվայի՝ 7 ԳԷՎ էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը, նախագծվել նաև 70 ԳԷՎ էներգիայով պրոտոնային արագացուցիչը:

Ա. Ի. Ալիխանովը ստեղծեց միջուկագետ-ֆիզիկոսների մեծ դպրոց, որը տվել է այնպիսի խոշոր գիտնականներ, ինչպիսիք են` Ա. Ի. Ալիխանյանը, Բ. Ս. և Վ. Պ. Ջելեպովները, Պ. Ե. Սպիվակը, Յու. Գ. Աբովը, Ա. Օ. Վայսենբերգը, Մ. Ս. Կոզադաևը, Վ. Ա. Լյուբիմովը, Ս. Յա. Նիկիտինը և ուրիշներ:

Մեծ է Ա. Ի. Ալիխանովի ներդրումը հայ գիտության, առաջին հերթին ֆիզիկայի զարգացման մեջ: Նա 1943 թ. հիմնադրված Հայկական ՍՍՀ գիտությունների ակադենմիայի հիմնադիր անդամներից էր: Նա խթանեց ու մասնակցեց նույն թվին ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական ինստիտուտի ստեղծմանը (այժմ` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), որի առաջին գիտական աշխատակիցներից էր ինքը: Ա. Ի. Ալիխանովը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային արագացուցչի կառուցման նախաձեռնողներից էր: Արագացուցիչը գործարկվեց 1967 թ.: Ա. Ի. Ալիխանովի և Ա. Ի. Ալիխանյանի Արագածում ստեղծած բարձրլեռնային կայանում հրաշալի գիտական դպրոց անցավ հայ գիտնականների մի ամբողջ համաստեղություն, որը հետագայում մեծ դեր խաղաց Հայաստանում ֆիզիկայի տարբեր ճյուղերի զարգացման գործում:

Ա. Ի. Ալիխանովի ծառայությունները հայրենական գիտության առջև գիտական հասարակայնության և սովետական կառավարության կողմից բարձր գնահատականի են արժանացել: 1954 թ. Ա. Ի. Ալիխանովը արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի երեք շքանշաններով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով: Նրան երեք անգամ (1941, 1948, 1953 թթ.) շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ:

Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։ Ա. Ի. Ալիխանովի անվամբ է կոչվում Մոսկվայի Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը: