Cover Image
close this bookԶաքարյան Վանիկ Սուրենի (1936-2023)
View the documentՎ. Ս. ԶԱՔԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Ս. ԶԱՔԱՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Վ.Ս. Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Հայկական ՍՍՀ Մեղրիի շրջանի Մեղրի գյուղում ծառայողի ընտանիքում։ Նույն թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։
1944թ. ընդունվել և 1954թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի № 40 միջնակարգ դպրոցը։ 1951թ. ընդունվել է ՀամԼԿԵՄշարքերը։ 1954թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1959թ.։
1959թ. սեպտեմբերից մինչև 1962թ.-ի սեպտեմբերը եղել է ԵրՊՀ -ի «ֆունկցիաների տեսության» ամբիոնի ասպիրանտ, գիտական ղեկավար՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մ.Մ.Ջրբաշյան։
1968թ. ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվ. Մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1963թ. –ից Սովետական Միության Կոմունիստական կուսակցության անդամ է։
1962-1965թթ. Վ.Ս. Զաքարյանը աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնի ավագ դասախոս։ Այդ տարիներին համատեղությամբ կրտսեր գիտական աշխատակցի պաշտոնով աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում։ 1965-1971 թթ. վարել է ավագ գիտաշխատողի պաշտոնը, միաժամանակ աշխատել է Խ. Աբովյանի անվ. Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտում որպես «Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության» ամբիոնի ավագ դասախոս։
1969թ. անցնելով հիմնական աշխատանքի, վերոհիշյալ ինստիտուտում, Վ.Ս. Զաքարյանը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները:
1969թ. սեպտեմբերից 1977թ. նոյեմբերը «Բարձրագույն մաթեմատիկայի» և ապա՝ «Մաթեմատիկական ու ֆունկցիաների տեսության» ամբիոնի վարիչ։ 1971թ.-ի դեկտեմբերից 1975թ. օգոստոսը ուսումնական աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ։ 1975թ.-ի սեպտեմբերից 1977թ. նոյեմբերը «Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության» ամբիոնի դոցենտ։
Վ.Ս. Զաքարյանը մաթեմատիկայի բնագավառում ճանաչված գիտնական է։ Նա կենտրոնական և արտասահմանյան մաթեմատիկական ամսագրերում հրատարակված շուրջ 70 գիտական աշխատանքների հեղինակ է։ Նրա կողմից հրատարակվել են տասից ավելի գրքեր և մեթոդական աշխատանքներ։
Վ.Ս. Զաքարյանի ուսումնասիրությունները նվիրված են «կոմպլեքս անալիզի» ժամանակակից տեսության կարևորագույն ուղղություններից մեկին` «անալիտիկ ֆունկցիաների եզրային արժեքների» տեսությանը։ Շվեդացի հայտնի մաթեմատիկոսներ Օ. Ֆրոստմանի և Լ. Կարլեսոնի շրջանում սահմանափակ անալիտիկ ֆունկցիաների եզրային արժեքների մասին Ֆատուի դասական թեորեմի վերաբերյալ ստացված արդյունքների բնագավառում Վ.Ս. Զաքարյանը ուսումնասիրեց շրջանում մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորիզացման տեսությունում ներմուծված Ջրբաշյանի արտադրյալների եզրային հատկությունները։
Վ.Ս. Զաքարյանին հաջողվել է ընդհանրացնել Լ. Կարելսոնի, ինչպես նաև ամերիկացի մաթեմատիկոսներ Գ. Շապիրոյի և Ա. Շիլդինգի ավելի վաղ ստացած արդյունքները։ Վ.Ս. Զաքարյանի ուսումնասիրությունների մեջ կարևոր դեր ունեն, այն աշխատանքները, որոնք նվիրված են միակության բազմություններին։
Վ.Ս. Զաքարյանի համատեղ աշխատանքները, որոնք կատարված են Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Վ.Ի. Գավրիլովի հետ, նվիրված է կոմպլեքս փոփոխականի կամայական ֆունկցիաների՝ Լինդելյոֆի կետերի բազմությանը, հոլոմորֆ արտապատկերումների ընտանիքի նորմալության և M դասի ֆունկցիաների եզրային արժեքների բնութագրիչ հատկություններին և կոնֆորմ ինվարիանտությանը։ Վ.Ս. Զաքարյանի գիտական ղեկավարությամբ 7 ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական թեզ։
1976թ. Վ.Ս. Զաքարյանը «Միավոր շրջանում մերոմորֆ ֆունկցիաների որոշ դասերի եզրային հատկությունները և միակությունը» թեմայով հաջողությամբ պաշտպանել է դոկտորական թեզ։ Այդ հետաքրքիր ուսումնասիրությունը արժանացել է մասնագետների բարձր գնահատականին։
1977թ.-ից սկսած ընտրվել և աշխատել է Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնի վարիչ և մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ։ Վ.Ս. Զաքարյանը 1980թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Նրա ղեկավարությամբ կազմվեց ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի նոր ծրագրերը ու հրատարակվել առաջին կուրսի մաթեմատիկայի դասախոսությունների դաս ագրքերը։ Նա բարձրագույն կրթության և գիտության նախարարության ուսումնա-մեթոդական խորհրդի նախագահն է։
Նա իր մանկավարժական աշխատանքը կատարել է լավագույն մասնագետի հմտությամբ և պահանջկոտությամբ։ Նա ամբիոնում ստեղծել է գործարար, ստեղծագործական մթնոլորտ, կազմակերպել է գիտական և մեթոդական սեմինարներ, տարբեր կուրսի ուսանողների համար մշակել և կազմել է մաթեմատիկական անալիզի օժանդակ ձեռնարկներ, նոր միջոցառումներ է կազմակերպել ուսանողների հետ տարվող աշխատանքները զարգացնելու ուղղությամբ։
Նա զեկուցումներով հանդես է եկել ինստիտուտի գիտատեխնիկական և համամիութենական բազմաթիվ կոնֆերանսներում, ինչպես նաև կոմպլեքս անալիզի վերաբերյալ՝ Միջազգային կոնֆերանսներում (Հալլե՝ 1980թ., Վառնա՝ 1981թ., Հարավսլավիա՝ 1988թ.) ։ Աշխատանքային գործուղումով մեկնել է՝ 1970թ.-ին՝ Ֆրանսիա, 1980թ.-ին՝ Գերմանիայի Դեմոկրատական հանրապետություն, 1981-ին՝ Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն, 1988-ին՝ Հարավսլավիա։
1972թ. Վ.Ս. Զաքարյանը արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի։ 1978թ. ԽՍՀՄ ժողովրդական կրթության մինիստրության կողմից պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» կրծքանշանով։ Այնուհետև ընտրվել է ՍՍՀՄ ժողկրթության պետկոմի մաթեմատիկայի գիտա-մեթոդական խորհրդի նախագահության անդամ։
Վ.Ս. Զաքարյանը իր գործին վերաբերվում էր մեծ պատասխանատվությամբ, իրեն ենթարկում էր աշխատանքային խիստ կարգապահության, և դա պահանջում էր ամբիոնի դասախոսներից և ուսանողներից։
Նա ակտիվորեն մասնակցել է ինստիտուտի գիտական խորհրդի աշխատանքներին։ Վ.Ս. Զաքարյանը նաև ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի, ինչպես նաև, «մաթեմատիկական անալիզ» մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի անդամ էր։