Cover Image
close this bookՊողոսյան Կարեն Սուրենի (1932-2016)
View the documentԿ. Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԿ. Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կարեն Սուրենի Պողոսյանը ծնվել է 1932 թ. նոյեմբերի 21-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: 1940 թ. ընդունվել է Վ. Վ. Մայակովսկու անվ. թիվ 7 ռուսական դպրոց: 1950 թ. ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի կենսաբանահողագիտական ֆակուլտետ: 1955 թ. ավարտել է հիշյալ ֆակուլտետի գենետիկայի և սելեկցիայի ամբիոնը և՝ գործուղվել Հայաստան:
1956 թ. փետրվարի 21-ին, որպես լաբորանտ, ընդունվել է աշխատանքի ՀԽՍՀ Գյուղ. նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնում:
1957 թ. ընդունվել է ասպիրանտուրա՝ բույսերի ֆիզիոլոգիա մասնագիտությամբ: Նրա գիտական ղեկավարը եղել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Ի. Ի. Թումանովը: 1960-1966 թթ.,ասպիրանտուրան ավարտելուց հետո, ՀԽՍՀ Գյուղ. նախարարության «Պատվո նշան»-ի շքանշանակիր Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող:
1961 թ. դեկտեմբերին Կ. Ս. Պողոսյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խաղողի վազի ձմեռման և կոփման ֆիզիոլոգիական առանձնահատկությունները» թեմայով, որի համար նրան շնորհվել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1965 թ.՝ ԽՄԿԿ անդամ:
1966-1969 թթ. ՀԽՍՀ Գյուղ. նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնում աշխատել է որպես ավագ գիտաշխատող:
1969 թ. վերապատրաստման նպատակով գործուղվել է Հոկայդոյի համալսարանի (ք. Սապպորո, Ճապոնիա) ցածր ջերմաստիճանների ինստիտուտ, որտեղ, պրոֆեսոր Ա. Սակայի ղեկավարությամբ, անցել է գիտական փորձառություն (ստաժավորում), ուսումնասիրել է պտղատու կուլտուրաների և խաղողի վազի ցրտադիմացկունության հարցերը՝ հաշվի առնելով դրանց հյուսվածքների գենետիկական և ֆենոտիպային առանձնահատկությունները և ֆիզիոլոգիական վիճակը:
Գործուղումից վերադառնալուց հետո, 1969-1974 թթ., շարունակել է աշխատել որպես ավագ գիտաշխատող:
Խաղողի հարուստ գենոֆոնդի վրա ժամանակակից մեթոդների օգտագործմամբ կատարված մի շարք արժեքավոր հետազոտությունների արդյունքում Կ. Ս. Պողոսյանը, 1973 թ., պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիան» թեմայով: 1974 թ. Կ. Ս. Պողոսյանին շնորհվել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1974-1988 թթ. ղեկավարել է ՀԽՍՀ Գյուղ. նախարարության խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնը:
Դոկտորական ատենախոսությունում Կ. Ս. Պողոսյանը բազմակողմանիորեն և գիտականորեն հիմնավորած ներկայացրել է խաղողի վազի աճման և զարգացման, առանձնահատկությունները խիստ կոնտինենտալ կլիմայի պայմաններում, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխությունները վազի վեգետացիայի և հանգստի շրջանում, ցրտադիմացկունության ձևավորումը ցածր ջերմաստիճանային պայմաններում, կոփման փուլերի անցման սպեցիֆիկան և, առաջին անգամ, խաղողի և մի շարք պտղատեսակների տարբեր ծագում ունեցող սորտերի ադապտացիոն (հարմարվողական) ունակությունը կոփման և ձմեռման ընթացքում՝ ցածր ջերմաստիճանների արագ փոփոխման պայմաններում: Նա բացահայտել է վազի ցրտակայուն վիճակը թուլացնող պատճառները, ցրտադիմացկունության հատկանիշի ժառանգման աստիճանը հիբրիդային սերնդում, ինչպես նաև ցածր ջերմաստիճանների տարբեր ազդեցությունները խաղողի վազի և պտղատու կուլտուրաների առանձին օրգանների վրա:
Առանձին կարևորություն են ներկայացնում բույսերի՝ ցրտից վնասվելու մեխանիզմի պարզաբանման ուղղությամբ կատարված հետազոտությունները: Նա բացահայտել է խաղողի վազի և տարբեր պտղատեսակների հյուսվածքներում գերսառեցման և սառցակալման պրոցեսների առանձնահատկությունները, ինչպես նաև հյուսվածքների ջրակալման և բջիջներում ու ներբջջային տարածություններում սառցակալման դինամիկայի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապը: Համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ Կ. Ս. Պողոսյանն է տվել խաղողի վազի հյուսվածքների կենսունակության կամ լրիվ վնասվելու տեսական հիմունքները՝ կրիտիկական ջերմաստիճանների և աճեցման տարբեր պայմաններում: Ելնելով կատարված ֆիզիոլոգոկենսաբանական խոր ուսումնասիրություններից և հաշվի առնելով խաղողի բույսի հետերոզիգոտությունը և գենոտիպային սպեցիֆիկան, օգտագործելով հիբրիդիզացիայի դիագնոստիկայի էքսպրես մեթոդներ ցրտա-ձմեռնադիմացկուն նոր սորտերի ստացման համար, մշակել է զույգերի ընտրության նոր մոտեցում, որը թույլ է տալիս ծնողական ձևերի կամ հիբրիդների ընտրությունը կատարել ոչ էմպիրիկ, հենվելով տվյալ զույգի գենոտիպային կառուցվածքի վրա, և ցրտադիմացկուն ու կոմպլեքս դիմացկուն սորտերի ստեղծումը տանել ավելի նպատակային և արդյունավետ:
Կ. Ս. Պողոսյանն առաջինն է մշակել և հրատարակել խաղողի վազի և պտղատեսակների ցրտադիմացկունության աստիճանի արագ գնահատման լաբորատոր մեթոդը, որը լայն կիրառում է գտել նախկին ԽՍՀՄ և մի շարք սոցիալիստական երկրների(Հունգարիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա) գիտահետազոտական ինստիտուտներում: Մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ արդեն առաջին1-2 տարվա ընթացքում կարելի է բազմակողմանիորեն գնահատել ամբողջ սելեկցիոն նյութի ձմեռնադիմացկունության հատկանիշը, բացահայտել գենոֆոնդի պոտենցիալ ցրտադիմացկունությունը՝պարզաբանելով ելանյութային ծնողական ձևերի կոմպլեքս դիմացկուն սորտերի ստացման զուգակցման ընդունակությունը, հետագայում, նպատակային սելեկցիոն աշխատանքներում, դրանք օգտագործելու համար:
Կ. Ս. Պողոսյանի կողմից պարզաբանվել է, որ ցրտադիմացկունության հատկանիշը դոմինանտ է այն հիբրիդների մոտ, որոնք ստացվել են եվրոպաամուրական հիբրիդների խաչասերումից, ինչպես նաև, ցույց է տվել այն հնարավոր ճանապարհները, որոնց միջոցով կարելի է ստանալ ցրտադիմացկուն սորտեր Վ. Վինիֆերա տեսակի միջտեսակային հիբրիդիզացիայից:
1975 թ. լույս է տեսել Կ. Ս. Պողոսյանի «Խաղողի բույսի (վազի) ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկությունները» մենագրությունը (Физиологические особенности морозоустойчивости виноградного растения. Монография. Ер.: Изд. АН Арм. ССР. – 1975. –240 с.):
Նրա՝ գիտականապես հիմնավորված և պրակտիկ ուսումնասիրությունների հիման վրա կատարվել է կոմպլեքս դիմացկուն կամ իմունադիմացկուն խաղողի ցրտահիվանդադիմացկուն սորտերի ստացման համար դոնոր սորտերի, միջտեսակային հիբրիդների էլիտային ձևերի ընտրություն, հաշվի առնելով խաչասերվող զույգերի տվյալ հատկանիշի տրանսգրեսիոն ընդունակությունը: Այս ուսումնասիրությունները բացառիկ նշանակություն ունեն ոչ միայն գենոֆոնդի դիմացկունության արագ գնահատման, այլև՝սելեկցիոն պրոցեսների կրճատման համար:
Կ. Ս. Պողոսյանի կողմից ստեղծվել են գիտական նոր և ուրույն երկու ուղղություն.
ա) անբարենպաստ պայմանների հանդեպ խաղողի և պտղատեսակների դիմացկունության ֆիզիոլոգիական հիմունքները և այդ դիմացկունության մեխանիզմի բացահայտումը բջջային և հյուսվածքային մակարդակով, ինչպես նաև էնդոգեն և էկզոգեն կարգավորիչների ազդեցությունը աճի, զարգացման և ցրտադիմացկունության վրա,
բ) ֆիզիոլոգիական և կենսաքիմիական պարամետրերի օգտագործումը խաղողի և պտղատեսակների սելեկցիոն աշխատանքներում, նպատակ ունենալով հայտնաբերել ցրտահիվանդադիմացկուն, բարձր արդյունավետ ծնողական դոնոր ձևեր:
Վերոհիշյալ ուղղությունները մեծ ճանաչում են գտել և լայնորեն կիրառվում են ԱՊՀ երկրների, Գերմանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի խաղողագործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտներում: Կ. Ս. Պողոսյանի համահեղինակությամբ ստեղծված խաղողի կոմպլեքս ցրտահիվանդադիմացկուն 6 սորտի ձեռքբերման հայտ են ներկայացրել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Հունգարիայի խաղողագործության ինստիտուտները:
Նա համահեղինակ է խաղողի ցրտադիմացկուն նոր 8 սորտի (Չարենցի, Զովունի, Արտագես, Ուշակերտ, Լուսակերտ,Արտաշատի կարմիր, Անուշահյութ, Տավրոսի), որոնք ընդունված են (անցել են պետական սորտափորձարկում) պետական սորտափորձարկման և մասնակից՝ 20 կոմպլեքս դիմացկուն նոր սորտերի, որոնցից 3-ը՝ Մեղրաբույրը, Կարմրենին և Ներկառատը, բաց ձմեռման պայմաններում, դիմանում են մինչև -27-29ᵒС սառնամանիքի, օժտված են բարձր բերքատվությամբ և՝ տեսակավոր բնական հյութերի արտադրության համար գինենյութի և հումքի բարձր որակով: Նա մշակել է հիբրիդային սերմնաբույսերի ցրտադիմացկունության աստիճանի արագ որոշման ֆիզիոլոգիական պարամետրերը, ինչն արագացնում է ցրտադիմացկուն սորտերի ստեղծման սելեկցիոն պրոցեսը, հայտնաբերել է ցրտադիմացկունության հատկանիշի ժառանգման դոնորներ՝ սելեկցիոն նպատակներով:
Նա մշակել է խաղողի մատերի երկարատև պահպանման ֆիզիոլոգիական բնույթը, ինչը շատ կարևոր է անբարենպաստ գարնանային տարիներին խաղողի աճեցվող տնկանյութի պահպանման համար:
Կ. Ս. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են խորացված աշխատանքներ՝ բազմացման արագացված մեթոդների կատարելագործման ուղղությամբ, ինչն ապահովել է սելեկցիոն նոր և, դեռևս, քիչ տարածված սորտերի բարձրորակ տնկանյութի ստացումը, ինչպես նաև մինչև -25ᵒС ցրտադիմացկուն և միչև 2-3 բալ հիվանդադիմացկուն սեղանի նոր սորտերի ստացման ուղղությամբ: Հետազոտությունների հիման վրա սեղանի 5 էլիտային ձևերը ընտրվել են՝ հանրապետության որոշ միկրոգոտիներում չթաղվող այգեգործության համար:
Բազմամյա կուլտուրաների ցրտադիմացկունության ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի պրոբլեմներին նվիրված ավելի քան 26 զեկուցումով Կ. Ս. Պողոսյանը հանդես է եկել միջազգայի կոնֆերանսներում, կոնգրեսներում և գիտաժողովներում՝ Բուլղարիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում: Նրա ավելի քան 150 հոդվածները տպագրվել են միջազգային հեղինակավոր մասնագիտական հանդեսներում:
Մեծ գնահատանքի է արժանի նաև Կ. Ս. Պողոսյանի մանկավարժական գործունեությունը. 1980 թ-ից նա, համատեղության կարգով, դասավանդել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիոլոգիայի ամբիոնում (կենսաբանության ֆակուլտետ), կարդացել է մասնագիտական դասընթացներ՝ «Ցրտադիմացկունության ֆիզիոլոգիա» և «Բույսերի ջրային ռեժիմը»:
Կ. Ս. Պողոսյանը մեծ ներդրում ունի նաև գիտական կադրերի պատրաստման գործում. նրա ղեկավարած բաժնում պաշտպանվել են 12 թեկնածուական ( 9-ը՝ նրա անմիջական ղեկավարությամբ) և 2 դոկտորական ատենախոսություն:v 1981 թ. Կ. Ս. Պողոսյանը, Գյուղատնտեսական գիտությունների Վ. Ի. Լենինի անվ. համամիութենական ակադեմիայի կողմից, արժանացել է Կ. Ա. Տիմիրյազևի անվ. Ոսկե մեդալի՝ “Физиологические особенности морозоустойчивости виноградного растения” մենագրության համար:
1988 թ-ից՝ ՀԽՍՀ Գյուղ. նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Խաղողի սելեկցիայի, ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ:
1989 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում՝ բույսերի ֆիզիոլոգիա մասնագիտությամբ:
1990 թ. ՀՀ Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան, իր կանոնադրության հիման վրա, Կ. Ս. Պողոսյանին ընտրել է Ակադեմիայի թղթակից-անդամ:
1996 թ. Կ. Ս. Պողոսյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Կենսաբանություն» մասնագիտության գծով:
Կ. Ս. Պողոսյանը եղել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի կենսաբանական պրոբլեմների գիտական խորհրդի, ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր Ընդհանուր և կիրառական կենսաբանության խորհրդի, ինչպես նաև, թեկնածուական և դոկտորական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված երկու խորհրդի անդամ, Ուկրաինայի հանրապետության Կրիոկենսաբանական կոորդինացիոն խորհրդի անդամ, Ռուսաստանի դաշնության ԳԱ նախագահությանն առընթեր «Ֆոտոսինթեզը և պրոդուկցիոն պրոցեսները» («Фотосинтез и продукционный процесс») պրոբլեմային խորհրդի անդամ, ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ВАК СССР) «Գյուղատնտեսություն և անտառտնտեսություն» սեկցիայի փորձագետ:
Կ. Ս. Պողոսյանը եղել է Մոլդովայի Հանրապետությունում հրատարակված եռահատոր «Խաղողագործության հանրագիտարան»- ի (Энциклопедия виноградарства. Кишинев: Изд-во МСЭ, 1986—1987.) խմբագրական կոլեգիայի անդամ: Այդ հանրագիտարանում տպագրվել են Կ. Ս. Պողոսյանի, խաղողի զարգացմանը և ցրտադիմացկունությանը նվիրված, մի շարք հոդվածներ:
Բուլղարիայի ԳԱ հրատարակչության կողմից հրատարակված «Խաղողի ֆիզիոլոգիան և նրա մշակման հիմունքները» եռահատոր մենագրությունում (Физиология винограда и основы его возделывания. Коллективная монография в 3-х томах. - София: Изд-во Болгарской Академии наук, 1981. - Т. 1. - 332 с.; 1983. - Т. 2. - 383 с.; 1984. - Т. 3. - 328 с. Стоев К. Д. и др.) ուրույն տեղ է գրավում Կ. Ս. Պողոսյանի կողմից ներկայացված «Ցածր ջերմաստիճանների պայմաններում խաղողի դիմացկունության ձևավորման ֆիզիոլոգիական առանձնահատկությունները» մեծածավալ բաժինը:
Կ. Ս. Պողոսյանը ընտրվել է Ռուսաստանի՝ բույսերի ֆիզիոլոգների ընկերության (Общество физиологов растений России (ОФР)) պատվավոր անդամ, Թուրինի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (ք. Թուրին, Իտալիա) թղթակից-անդամ, Իտալիայի՝ խաղողի և գինու ակադեմիայի անդամ, Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ: