Cover Image
aizvērt šo grāmatuԶարյան Ռուբեն Վարոսի (1909-1994)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ռ. Վ. ԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ռ. Վ. ԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վերջին քառասուն տարվա հայ արվեստաբանության բազմաթիվ հանգույցներ կապվում են Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր Ռուբեն Զարյանի անվան հետ: Եվ դա հասկանալի է. 1953-ից ի վեր լինելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստների տեսության և պատմության սեկտորի վարիչը, ապա 1958-ից մինչև 1987-ը այդ սեկտորի հիման վրա ստեղծված արվեստի ինստիտւտի տնօրենը, ունենալով մշտարթուն նախաձեռնող ոգի, նա եղել է մեր արվեստաբանական աչքի ընկնող ձեռնարկումների կազմակերպիչն ու մասնակիցը, դրա հետ միասին` գրականագիտական և թատերագիտական մեծաթիվ աշխատությունների ու հոդվածների հեղինակը: Ռուբեն Վարոսի Զարյանը (Ղազանչյան) ծնվել է 1909-ի սեպտեմբերի 1-ին Ալեքսանդրապոլ քաղաքում: Բայց եթե նա այդ քաղաքի հետ կապված է ծնունդով, ապա իր մանկության ու պատանեկության տարիներով կապված է Թիֆլիսի հետ, այն տարիների Թիֆլիսի, որ դեռև չէր կորցրել հայ մշակույթի նշանավոր կենտրոնի ավանդները, երբ դեռ փեթակի պես գործում էր Հովհ. Թումանյանի հիմնադրած Հայարտունը և դեռ ընդունակ էր հայ նորահաս պատանեությանը տալ հայրենի մշակույթի սեր և ճաշակ: Թիֆլիսում են կազմավորվում ապագա գրականագետի և արվեստաբանի հակումներն ու նախասիրությունները: Նա այստեղ է ավարտել միջնակարգ կրթությունը, մի որոշ ժամանակ էլ ուսանել Հայարտան դրամատիկական ստուդիայում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, 1936-ին ավարտելով նրա լեզվագրական ֆակուլտետը:
Կարևոր է նկատել, որ Ռուբեն Զարյանն իբրև գրականագետ ձևավորվել է երևելի դասախոսների հսկողությամբ, որոնց հանդեպ իր խոր երախտագիտությունր նա արտահայտել է ընթերցողներին լավ հայտնի իր «Հուշապատումի» և «Մայրամուտից առաջ» հատորների բազմաթիվ էջերում: Համալսարանական միջավայրից ոչ պակաս` երիտասարդ Զարյանի աշխարհայացքի և աշխարհազգացողության վրա ազդեցություն են ունեցել իր անմիջական շփումները Եղիշե Չարեցի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Երվանդ Շահազիզի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, հայ գրականության և արվեստի ուրիշ մեծանուն գործիչների հետ: Այդ ամենը նպաստել են, որ ի բնե աչքաբաց երիտասարդը բավականաչափ վաղ հայտնվի գրական-գեղարվեստական կյանքի կենտրոնում: 1932-ից ի վեր նրա անունը երևում է պարբերական մամուլի էջերում: Նա բանասիրական գիտությունների առաջին թեկնածուներից մեկն է մեր իրականության մեջ. 1940-ին պաշտպանել է «Աբովյանի «Նախաշավիղը» և նրա պատմությունը» ատենախոսությունը և ստացել է իր հայցած գիտական աստիճանը: Այդ թեման հեղինակի վաղեմի նախասիրությունների արգասիքն էր: Նրան գրականագետի համբավ էր բերել ոչ այլ ինչ, քան «Աբովյանի կյանքը» թեև փոքրածավալ, բայց թարմաշունչ աշխատությունը: Եվ եթե հեղինակը հետևողականորեն չընթացավ այդ ուսումնասիրության բացած խոստումնալից հունով, ապա դրա պատճառը հրատարակչական և խմբագրական բազմազբաղ աշխատանքը եղավ` Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ (1938-1947 թթ.), «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր (1941-1943 թթ.): Ե’վ մեկ և’ մյուս պաշտոններում Ռ. Զարյանի գործունեությունը եղավ ավելի քան արդյունավետ, բայց երկուսի համար էլ նա ենթարկվեց վարչական տույժերի և զրկվեց այդ պաշտոններից: Ընդգծելի է նրա գործունեության մի հատկությունը` ճանապարհ բանալ օժտված երիտասարդության առաջ` Անահիտ Սահինյան, Վիգեն Խեչումյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, վերջապես, Պարույր Սևակ: Հետագա տարիներին Ռ. Զարյանն իր գործունեության գլխավոր ասպարեզը դարձրեց թատերագիտությունը, որտեղ նրա ձեռքբերումները եղան ավելի նշանակալի: Ճիշտ է, ժամանակին տիրող քաղաքական իրադրության թելադրանքով այստեղ ևս հանիրավի մեղադրանքները պակաս չեղան (1949-ին, ի թիվս իր մի շարք գրչակիցների, նա մեղադրվեց իբրև, այսպես կոչված «կոսմոպոլիտ» թատերական քննադատ), որն արգելակեց, բայց արգելք չեղավ նրա թատերագիտական և մանկավարժական գործունեությանը: 1948-1958 թթ. նա եղել է Երևանի թատերական ինստիտուտի (1952-ից` Գեղարվեստա-թատերական ինստիտուտ) արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչը, հայ թատրոնի պատմության առարկայի դասախոս: Իբրև դասախոս նա շարունակեց աշխատել հետագայում ևս` տասնյակ տարիներ: Ինստիտուտի շրջանավարտ բազմաթիվ դերասաններ, թատերագետներ ու բեմադրիչներ նրա սաներն են: Բայց նրա համար ավելի մեծ կարևորություն ունեցավ արվեստաբանության, իբրև գիտության, կազմակերպման գործը: 1953-1958 թ. նա եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստների տեսության և պատմության սեկտորի վարիչը, 1958ից նույն սեկտորի հիման վրա ստեղծված արվեստի ինստիտուտի տնօրենը:
Ակներև են Ռ. Զարյանի ծառայություններն այդ ինստիտուտը կազմակերպելու և հայ արվեստաբանության կենտրոնը դարձնելու գործում: Նրա 34-ամյա տնօրինության ընթացքում ինստիտուտում ստեղծվել են կերպարվեստի, երաժշտագիտւթյան, ճարտարապետության, ժողովրդական արվեստի, թատրոնի, կինոարվեստի և հեռուստատեսության բաժիններ, ինչպես նաև շեքսպիրագիտության կենտրոն և շեքսպիրագիտական գրադարան: Լույս են տեսել հայ արվեստի բոլոր ճյուղերին վերաբերող բազմաթիվ գրքեր` արվեստագիտական մի ամբողջ գրադարան, որն արտացոլում է հայ արվեստագիտության զարգացման նոր աստիճանը. կազմակերպել է հայ արվեստին նվիրված միջազգային հինգ գիտաժողով` առաջինը, երրորդը և հինգերորդը կայացել են Իտալիայում, երկրորդը և չորրորդը` Երևանում: Աննախադեպ իրենց ծավալով և միջազգային արվեստաբանական մտքի ընդգրկումով, այդ գիտաժողովները բացառիկ դեր խաղացին հայ միջնադարյան արվեստի գիտական լուսաբանության և միջազգային ճանաչման գործում: Ինստիտուտի համագործակցությամբ Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտին առընթեր ստեղծվել է հայ արվեստի ուսումնասիրման և վավերագրման կենտրոն, Հռոմի համալսարանին առընթեր` հայ մշակույթի ուսումնասիրման կենտրոն: Այդ գիտական համագործակցության արդյունքն են հայ միջնադարյան արվեստին նվիրված բազմաթիվ գրքերը, որոնք լույս են տեսել Միլանում և Հռոմում:
Կարելի է հավաստել, որ Ռ. Զարյանի ղեկավարած Արվեստի ինստիտուտը եղել է հանրապետության արվեստաբանական իրադարձությունների եթե ոչ նախաձեռնողը, ապա եռանդուն մասնակիցը, մասնակիցը նաև միջազգային համամիութենական ու միջհանրապետական այն բոլոր գիտաժողովների, որոնք այս կամ այն չափով առնչվում են հայ արվեստի հետ: Չափազանց ընդգրկուն է Ռ. Զարյանի գրականագիտական-թատերագիտական վաստակը և մեծ է նրա հրատարակած գրքերի ու հրապարակած հոդվածների քանակը` նույնիսկ իր գրեթե 60 տարվա գործունեության համեմատ: Ուստի և նրա վաստակը հնարավոր է բնութագրել միայն ընդհանուր գծերով, մտաբերելով իր գլխավոր աշխատությունները:
Գրականագիտության մեջ դրանք են «Աբովյանի կյանքը» և Գաբրիել Սունդուկյանի երկերի գիտական հրատարակության երեք հատորի տեքստի պատրաստումը: Իհարկե, հայ մեծ լուսավորչի կյանքի ու գործի մասին շատ գրքեր են գրվել և էլի կգրվեն, բայց Ռ. Զարյանի փոքրածավալ աշխատությունը չի կորցնում իր գրավչությունը Աբովյանի կերպարը հմտորեն ուրվագծելու շնորհիվ: Ինչ վերաբերում է Սունդուկյանի երկերի գիտական հրատարակությանը, ապա դա տեքստաբանական բարձրորակ աշխատանքի մի օրինակ է, որ հնարավեր էր իրականացնել ոչ միայն մեծ թատերագրի գրական ժառանգության, այլև թիֆլիսահայ բարբառի անթերի իմացության շնորհիվ: Թատերագիտության ասպարեզում Ռ. Զարյանի մնայուն գործերը հայ բեմի մեծ վարպետներ Սիրանույշին և Պետրոս Ադամյանին նվիրված մենագրություններն են` նրանց արտիստական էության խորունկ ըմբռնումով, ստեղծած կերպարների թատերագիտական վերլուծումներով, ժամանակաշրջանի հետ արվեստագետների ունեցած կապերի բացահայտումով:
Շեքսպիրագիտության մեջ` «Էջեր հայկական շեքսպիրապատումից» երկու հատորը, որոնց մեջ ամփոփված են հեղինակի վաղեմի նախասիրության և շատ տարիների մտորումների արդյունքները: Այդ երկհատորյակն է, որի համար 1981-ին հեղինակն արժանացավ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:
Կա մի ասպարեզ, ուր Ռ. Զարյանն անմրցելի է, ուր նրա գրիչը եղել է ավելի բեղմնավոր, քան մեկ ուրիշինը` հուշապատումը: Հուշեր շատերն են գրում, բայց Ռ. Զարյանը գրականության այդ տարատեսակում հասել է մի արդյունքի, որ աննախադեպ է` ստեղծելով մեծահարուստ մի պատկերասրահ այն մարդկանց դիմանկարների, որոնց հետ նա շփումներ է ունեցել իր երկար ու ձիգ կյանքի ընթացքում: Եվ քանի որ շատ մեծ է այդ մարդկանց թիվը և հեղինակին ոչինչ չի պակասել նրանց սիրով ու երախտագիտությամբ պատկերելու համար, ապա, դրա շնորհիվ նրա «Հուշապատում» և «Մայրամուտից առաջ» հատորները կարելի է դիտել իբրև գրականության և արվեստի վերջին կես դարի պատմության յուրահատուկ մի հանրագիտարան` ոչ միայն գլխավոր, այլև երկրորդական գործող անձերով: Այս վերջին պարագան շատ էական է, քանի որ բոլորն առաջին կարգի մեծությունների մասին են գրում, իսկ մյուսները` ուսուցիչներ, լրագրողներ, դերասաններ և այլն, որոնք մշակութային կյանքի միջավայր են ստեղծում, առանց նշանավորների շարքը դասվելու, մոռացվում են իսպառ: Ռ. Զարյան-հուշագիրը նրանց առանձին ուշադրության է արժանացրել` դրանով իսկ մշակույթի պատմությունը ներկայացնելով ավելի ամբողջաբար և հարգանքի տուրք տալով նրանց, որոնց մեծ մասը զոհն է դարձել բռնապետական կամայականության:
Ռ. Զարյանի գրական, գիտական, մանկավարժական աշխատանքները մշտապես ուղեկցվել են հասարակական լայնահուն գործունեությամբ: Ասել, թե նա եղել է Հայկական ԽՍՀ գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահը (1974-1981 թթ.), հանդիսանում է Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամը, անդամն է գերմանական շեքսպիրագիտության ընկերության, Հայաստանի գրողների միության վարչության,Թատերական գործիչների միության նախագահության, տարբեր հաստատությունների գիտական և գեղարվեստական խորհուրդների, հանդեսների խմբագրական կոլեգիաների, նշանակում է քիչ բան ասել: Կարևոր է ընդգծել, որ ամենուրեք նա եղել է ոչ թե պատվավոր անդամ, այլ մշակույթի զարգացմանն իր նպաստը բերող նախանձախնդիր գործիչը: Կարծես թե շատ էլ ծանրակշիռ բան չէ նման գործչի մասին խոսելիս նշել, որ նա հանդես է եկել զեկուցումներով: Սակայն հարկավոր է շեշտել, որ դա եղել է նրա կյանքի կարևոր գործերից մեկը: Տիրապետելով նաև բանավոր խոսքի արվեստին, Ռ. Զարյանը մշակույթի տարբեր երևույթների մասին հարյուրավոր զեկուցումներ է կարդացել ոչ միայն հոբելյանական մեծաշուք հանդեսներում, այլև գյուղերում, արտադրական ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում, հայ գաղթօջախներում (Եգիպտոս, Լիբանան, Սիրիա, Անգլիա, Իտալիա, Կանադա և այլուր): Բանավոր ելույթներով Ռ. Զարյանը հետամուտ է նույն նպատակին, ինչ որ իր աշխատություններով` արվեստաբանորեն իմաստավորել, բարձրացնել, հաստատել հայ գեղարվեստակամ մշակույթը: Ռ. Զարյանի աշխատությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն:
Այսպես միանպատակ և ամբողջական է Ռ. Զարյանի բազմաճյուղ գործունեությունը, ինչպես ինքն է իբրև արվեստաբան և անհատականություն: