Cover Image
close this bookՕրբելի Լևոն Աբգարի (1882-1958)
View the documentԼ. Ա. ՕՐԲԵԼՈՒ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Ա. ՕՐԲԵԼՈՒ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելին սերում է հայ տոհմիկ ընտանիքից։ Նա ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին /հին տոմարով՝ հունիսի 25-ին/, Երևանի նահանգի՝ Նոր Բայազետի գավառի Դարաչիչակ /Ծաղկաձոր/ գյուղում /ՀՀ Կոտայքի մարզ/, հայտնի իրավաբան Աբգար Հովսեփի Օրբելու ընտանիքում։
Լ.Ա. Օրբելու ծնողները՝ լինելով ժամանակի առաջադեմ գաղափարների կրողներ, բացառիկ նվիրվածությամբ էին զբաղվում իրենց 3 զավակներին՝ Ռուբենին, Լևոնին և Հովսեփին կանոնավոր դաստիարակություն և կրթություն տալու գործով։ Պատահական չէր, որ նրանք հետագայում դարձան հայտնի գիտնականներ։
1899 թ. Լ.Ա. Օրբելին ավարտում է Թիֆլիսի Երրորդ գիմնազիան՝ ոսկե մեդալով։ Ստանալով «Հասունության վկայական»՝ մեկնում է Պետերբուրգ և ընդունվում Ռազմաբժշկական ակադեմիա։
Լ.Ա. Օրբելու գիտական գործունեության ուղին որոշում է հայտնի գիտնական Ի.Պ. Պավլովը, ով, ընդառաջելով իր ուսանողին, առաջարկում է ուսումնասիրել թափառող նյարդի ազդեցությունը ստամոքսի գործունեության վրա։ Լ. Օրբելին մեծ հաջողությամբ կատարում է առաջադրանքը և 1903 թ. հոկտեմբերի 25-ին հանդես է գալիս իր առաջին գիտական զեկուցումով ռուս բժիշկների ընկերության նիստում՝ արժանանալով ոսկե մեդալի։
1908 թ. նա պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ 1909 թ. Ռազմաբժշկական ակադեմիան Պավլովի միջնորդությամբ Լևոն Օրբելուն երկու տարով ուղարկում է արտասահման՝ գիտական գործուղման։ Լայպցիգում նա աշխատում է տեսողության ֆիզիոլոգիայի հայտնի մասնագետ Էվարդ Հերինգի և խոշոր նեյրոհիստոլոգ Ֆլեկսիգի լաբորատորիայում։ Գերմանիայից նա մեկնում է Անգլիա, Քեմբրիջ, որտեղ աշխատում է հայտնի ֆիզիոլոգ, վեգետատիվ նյարդային համակարգի լավագույն մասնագետ Ջոն Լենգլիի լաբորատորիայում, Իտալիայում՝ Նեապոլի կենսաբանական լաբորատորիայում, նա կատարում է փորձարարական հետազոտություններ։ Լ.Ա. Օրբելին 1911 թ. վերադառնում է Պետերբուրգ և շարունակում է աշխատել փորձարարական բժշկության ինստիտուտում։
Լևոն Օրբելու ստեղծագործական մտահղացումների իրականացման և մանկավարժական տաղանդի բացահայտման գործում առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1920 թվականին նրա՝ Պետերբուրգի առաջին բժշկական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնում ընտրվելը։
Լևոն Օրբելին 1920-ական թվականներին հաջողությամբ դրեց ֆիզիոլոգիական գիտության մի նոր բնագավառի՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմքը, ինչը հնարավորություն ընձեռեց ստեղծելու ինքնատիպ ուսմունք սիմպաթիկական նյարդային համակարգի համապարփակ հարմարեցնող-սնուցիչ գործունեության մասին։
Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ամենահիմնական պրոբլեմներից մեկը, որ առաջ է քաշել Լ. Օրբելին, կենտրոնական նյարդային համակարգում համադասական /կոորդինացիոն/ հարաբերությունների պրոբլեմն էր։ Դեռ 1923 թ. նա ձևակերպել է իր եզրահանգումը այն մասին, որ «Պատրաստի համադասական հարաբերությունները, որոնցով մենք ծնվում ենք, ձևավորվել են հազարամյակների ընթացքում նույն հիմնական օրենքներով, որոնցով ձևավորվում են նոր պայմանական համադասական հարաբերություններ շաբաթների, իսկ երբեմն նույնիսկ օրերի ու ժամերի ընթացքում մեր անհատական կյանքում» / Օրբելի Լ.Ա. «Ընտիր երկեր», 1961, հ.1, էջ 124. ռուս. հրատ./։
Նույն տարիներին իր լաբորատորիայում կատարած հետազոտությունների հիման վրա Լ.Ա. Օրբելին ստեղծում է պատկերացումների ինքնատիպ տեսություն ողնուղեղային համադասության և ուղեղիկի գործունեությունների մասին։
Ակադեմիկոս Օրբելին հատկապես կարևոր էր համարում այն, որ տեսությունն օգնում է գիտնականին լուծելու գործնական հարցեր, իսկ վերջիններս ընդլայնում են գիտնականի տեսական մտահորիզոնը, այսինքն՝ կարևոր է գիտության մեջ տեսության և պրակտիկայի կապը։
Մեծ է Լ.Ա. Օրբելու ավանդը «բարձրության վերելքների և խորջրյա /ստորջրյա/ վայրէջքների ֆիզիոլոգիայի հարցերում։
Այն գիտնականների շարքում, ովքեր դրեցին տիեզերական բժշկության հիմքը և նպաստեցին մեր հաղթանակներին տիեզերքում, ակադեմիկոս Լևոն Օրբելին առաջիններից էր։ Բնորոշ է, որ կիրառական ֆիզիոլոգիայի տարբեր բնագավառներին վերաբերող պրոբլեմների լուծմանը Օրբելին մասնակցել է մինչև իր կյանքի վերջին օրը։
Լ.Ա. Օրբելու ծառայությունները բարձր են գնահատվել գիտական ամենաբարձր շրջանակների կողմից։ 1931 թ. նա ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1935 թ.՝ նույն ակադեմիայի ակադեմիկոս։ Լևոն Օրբելին 1943 թ. հիմնադրված Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներից և հիմնադիրներից մեկն էր։ Նա նաև ՍՍՀՄ նորաստեղծ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս էր։
Լ.Ա. Օրբելու գիտական գործունեությունը լայն ճանաչում է գտել նաև արտասահմանում։ 1930 թ. նա ընտրվել է Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից անդամ, իսկ 1931 թ. Գերմանիայի հնագույն գիտական կազմակերպություններից մեկի՝ բնագետների Լեոպոլդինա-Կարոլինյան համագերմանական ակադեմիայի անդամ էր։ Հետագայում նա ընտրվում է Լոնդոնի ֆիզիոլոգիական ընկերության անդամ, Նյու Յորքի բժշկական ակադեմիայի պատվավոր անդամ, Ռումինիայի բժշկական ակադեմիայի պատվավոր անդամ, Պրագայի՝ Կարլովի համալսարանի պատվավոր դոկտոր։
1936 թ.՝ Ի.Պ. Պավլովի մահվանից հետո Լևոն Օրբելուն նշանակում են ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի և Կոլտուշիի կենսաբանական կայանի տնօրեն։ Ակադեմիկոս Օրբելու շուրջն են համախմբվում նրա բազմաթիվ աշակերտներ՝ ստեղծելով հզոր գիտական դպրոց, որոնց գիտական սխրանքների էր մղում նրանց մեծատաղանդ ուսուցիչը՝ շրջապատված իր հոգևոր ժառանգներով։ «br» «Գիտության պատմության մեջ դժվար թե հնարավոր լինի գտնել այդպիսի բազմամարդ, միաձույլ գիտական դպրոց», - գրում է Լ. Օրբելու լավագույն աշակերտներից մեկը՝ նրա կենսագիր Լ. Գ. Լեյբսոնը։
Ակադեմիկոս Լ.Ա. Օրբելին գիտական գործունեությանը զուգընթաց կատարում էր նաև կարևոր և պատասխանատու գիտակազմակերպական աշխատանք։ 1939 թ. նա ընտրվում է ՍՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, միևնույն ժամանակ Ի.Մ. Սեչենովի անվան Ֆիզիոլոգիական ամսագրի պատասխանատու խմբագիր։
Հայրենական պատերազմի տարիներին նա նշանակվում է ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ։ Կարևոր է նշել, որ գիտական հետազոտությունների բոլոր ուղղությունները, ինչպես նրա անմիջական ղեկավարությամբ աշխատող ինստիտուտներում, այնպես էլ նրան ենթակա մյուս գիտական հիմնարկներում, վերակառուցվել էին պատերազմական շրջանի պահանջներին համապատասխան։ Լևոն Օրբելու խանդավառ գործունեությունը բարձր գնահատվեց գիտական լայն շրջանակների և սովետական կառավարության կողմից։ Լ.Ա. Օրբելին պարգևատրվում է բազմաթիվ շքանշաններով. նրան շնորհվում է ռազմաբժշկական ծառայության գեներալ-գնդապետի կոչում՝ ամենաբարձր ռազմաբժշկական կոչումը, իսկ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը նրան արժանացնում է Սոցիալիստական աշխատանքի Հերոսի կոչման։
Լ.Ա. Օրբելին լայն ճանաչման ու փառքի արժանանալով՝ շարունակեց մնալ գիտության անխոնջ մշակ։ «br» Սակայն, 1950-ական թվականներին մի քանի գիտնականներ բոլորովին անհիմն քննադատության ենթարկեցին ակադեմիկոս Օրբելու գիտական գործունեությունը։ Բայց մեծավաստակ գիտնականը խորապես համոզված էր, որ իր նկատմամբ թույլ տրված անարդարությունը կուղղվի և նորից հնարավորություն կունենա ամբողջովին նվիրվելու գիտությանը։
1955 թ. Պ.Ֆ. Լեսգավտի անվան ինստիտուտի բազայի վրա կազմակերպվում է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի լաբորատորիա։ Մեկ տարի անց այդ լաբորատորիան վերակառուցվում է Ի.Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտի, որի տնօրեն է նշանակվում Լ.Ա. Օրբելին։
ՍՍՀՄ Գիտությունների և Ռազմաբժշկական ակադեմիաները 1957 թվականին առանձնակի շուքով նշեցին մեծ գիտնականի ծննդյան 75-ամյակը։ Նրա հայրենիքում՝ Հայաստանում աճեցված յոթանասունհինգ ալ կարմիր վարդերը և ուղերձը՝ « ...Չնայած Դուք հեռու եք գտնվում հայրենի հողից, բայց իմացեք, այնտեղ չկա մի անկյուն, որտեղ Ձեր անունը չարտասանվի ջերմ սիրո և հպարտության զգացմունքներով...», ապացույցն էին այն անխզելի կապի, որ հարատև էր նրա և մայր հայրենիքի ու հայրենակիցների միջև։
1958 թ. դեկտեմբերի 9-ին վախճանվեց հայ ժողովրդի ամենատաղանդավոր զավակներից մեկը՝ ԼԵՎՈՆ ԱԲԳԱՐԻ ՕՐԲԵԼԻՆ։
Խորը հարգանք և մեծ սեր է տածում հայ ժողովուրդը աշխարհահռչակ գիտնականի և գործչի նկատմամբ։ Լևոն Օրբելու անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Հայաստանի կառավարության որոշմամբ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի մուտքի առջև կանգնեցվել է նրա կիսանդրի-հուշարձանը։ Երևանի բժշկական ինստիտուտում սահմանվել է նրա անվան կրթաթոշակ, Երևանի փողոցներից մեկը կրում է Օրբելի եղբայրների անունը։
Լևոն Աբգարի Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը Սովետական Միությունում ամենաառաջավոր գիտահետազոտական հաստատություններից էր։ ՍՍՀՄ ԳԱ սահմանել էր Լ.Ա. Օրբելու անվան գիտական մրցանակ՝ ֆիզիոլոգիայի բնագավառում կատարվող լավագույն գիտական ուսումնասիրությունների համար։ Լ.Ա. Օրբելու անունով է կոչվում Լենինգրադի / Սանկտ Պետերբուրգ / փողոցներից մեկը։ Լևոն Օրբելու ծննդավայրում՝ Ծաղկաձորում / ՀՀ Կոտայքի մարզ / ստեղծվել և գործում է Օրբելիների տուն-թանգարանը։