Cover Image
փակիր այս գիրքըՄալխասյանց Ստեփան Սարգսի (1857-1947)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անցյալ դարի 80-ական թվականների վերջերից իր գրական ու գիտական բեղմնավոր գործունեությունն սկսեց մեր ժամանակի ականավոր հայագետներից մեկը՝ Ստեփան Մալխասյանցը։
Մալխասյանցը ծնվել է 1857 թվականին, Ախալցխայում (նախկինում՝ Ախալցիխե)։ Նախնական կարթությունն ստանալով ծննդավայրում մեկնել է Պետերբուրգ՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Այստեղ նա սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, աշակերտելով իր ժամանակի նշանավոր հայագետ Քերովբե Պատկանյանին։ 1889 թվականին ավարտելով համալսարանը, Ստեփան Մալխասյանցն ամբողջովին նվիրվել է մանկավարժական ու գիտական գործունեության։ Դեռևս ուսանողական տարիներից թղթակցելով զանազան թերթերի ու ամսագրերի, Մալխասյանցն արդեն ճանաչվել էր որպես շնորհալի երիտասարդ, որ գիտնականի լուրջ հույսեր էր ներշնչում։
Վերադառնալով Անդրկովկաս, նա էլ ավելի մեծ եռանդով ծավալեց իր գիտական գործունեությունը՝ իր ուսումնասիրություններով, գրախոսականներով ու զանազան առիթներով գրած հոդվածներով արձագանքելով իր ժամանակի հայագիտությանը հուզող հարցերին։ 1921 թվականին, 64 տարեկան հասակում, Մալխասյանցը հրաժարվեց մանկավարժական գործունեությունից և ամբողջովին նվիրվեց գիտական աշխատանքներին, հատկապես «Հայերենի բացատրական բառարանի» կազմելուն։
1940 թվականին Մալխասյանցին շնորհվեց բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան՝ honoris causa:
Խորին ծերության մեջ էլ, հաստատվելով Սովետական Հայաստանում, նա իր հետազոտություններով ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Հայաստանի գիտական կյանքին ու իր ծանրակշիռ խոսքն ասում հայագիտության կարևոր հարցերի մասին։ Բարձր գնահատելով Ստ. Մալխասյանցի գիտական վաստակը, Հայաստանի կառավարությունը 1943 թվականին նրան ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ ընտրեց։
Ստեփան Մալխասյանցը վախճանվել է 1947 թվականին։
Իր գրական-գիտական գործունեությունը Մալխասյանցն սկսել է թարգմանություններով ու պատմա-բանասիրական հետազոտություններով։ Ռուսերենից, օտար լեզուներից, ինչպես և գրաբարից նա թարգմանել է ռուս և եվրոպական դասական գրականության ու հայ հին մատենագրության բազմաթիվ ընտիր նմուշներ, որոնք սիրով և երախտագիտությամբ են ընդունվել հայ ընթերցողի կողմից։ Առանձնապես մեծ արժեք է ներկայացնում Շեքսպիրի «Մակբեթի» և Էբերսի «Մարդ եմ» ստեղծագործությունների գեղարվեստական թարգմանությունը, որոնք մեր թարգմանական գրականության լավագույն նմուշներից են։
Հայ հին մատենագրությունը ժամանակակից ընթերցողին մատչելի դարձնելու գործում անգնահատելի է Ստ. Մալխասյանցի դերը հատկապես Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի գրքերի թարգմանությամբ, որ կատարված է գիտական բարձր մակարդակով։
Իր երկարամյա գիտական գործունեության ընթացքում Մալխասյանցն անդրադարձել է հայագիտության բազմաթիվ կնճռոտ հարցերին և իր հետազոտություններով մեծապես նպաստել դրանց լուծմանը։ Նրա պատմա-բանասիրական բազմաթիվ ուսումնասիրություններից առանձնապես կարևոր են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության» (Վիեննա, 1896) և «Սեբեոսի պատմությունը և Խորենացին» (Թիֆլիս, 1899), որոնց մեջ քննության են առնվում Փավստոսի «Պատմության», Մովսես Խորենացու ու Սեբեոսի գրքերի ուսումնասիրության հետ կապված բազմաթիվ վիճելի հարցեր և, մեծ մասամբ, դրական լուծում ստանում։
Իր բազմաթիվ բանասիրական հետազոտությունների մեջ Մալխասյանցը շատ ու շատ ճշտումներ է մտցնում հայ հին մատենագիտության հուշարձանների հրատարակությունների մեջ և գիտական ճիշտ լուսաբանություն տալիս զանազան խնդիրների։ Սակայն, չնայած հայ հին մատենագիտության ուսունասիրության բնագավառում ունեցած մեծ վաստակներին, Մալխասյանցն իրավամբ ավելի շատ ճանաչվել է որպես լեզվաբան, որպես հայ լեզվի խորահմուտ ուսումնասիրողներից մեկը։ Իր բազմաթիվ հետազոտությունների մեջ Մալխասյանցն անդրադարձել է հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության ու ժամանակակից հայերենի զանազան հարցերին, ինչպես, օրինակ, հայոց լեզվի ցեղակցության, հայերենի ստուգաբանությունների, աշխարհաբարի ուղղագրության, հոլովների և այլ բազմաթիվ խնդիրների և, կանգնած լինելով գիտական հաստատուն հիմքերի վրա, իր վճռական ու ծանրակշիռ խոսքն է ասել։
Առանձին գրքերով լույս տեսած, հայերենին վերաբերող նրա աշխատություններն են.
1.«Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները», որ ունեցել է երկու հրատարակություն (Թիֆլիս, 1891 և 1910) և արևելահայ աշխարհաբարով հրատարակած՝ գրաբարի ձևաբանության լավագույն դասագրքերից մեկն է։
2.«Գրաբարի համաձայնությունը» (Թիֆլիս, 1892), Ինչպես հեղինակն է ասում, նախորդի երկրորդ մասն է։ Այս գիրքը, որ լիովին պարունակում է գրաբարի շարահյուսությունը, քերականագիտական-լեզվաբանական տեսակետից մեծ արժեք է ներկայացնում։ Առանց տատանվելու կարելի է ասել, որ նա գրաբարի շարահյուսության միակ ամբողջական ու սիստեմատիկ ուսումնասիրությունն է, որ աչքի է ընկնում թե գրաբար լեզվի հմուտ գիտությամբ, և թե նյութի գիտական մշակումով։ Այս աշխատության բարձ արժեքը ճիշտ է գնահատել մեծահմուտ հայագետ Անտուան Մեյեն, համարելով այն «մի դասական քերականություն»։
Մալխասյանցի գլուխգործոցն է, սակայն, «Հայերեն բացատրական բառարանը», չորս մեծածավալ հատորներից բաղկացած մի աշխատություն, որ ոչ միայն հեղինակի բոլոր աշխատությունների պսակն է, այլև մի նշանավոր երևույթ սովետական հայագիտության պատմության մեջ (Երկրորդ, լուսատիպ հրատարակությամբ լույս է տեսել Բեյրութում, 1955-56 թթ., երրորդը՝ 2010թ., Երևանում)։
Իր տեսակի մեջ առաջինը լինելով, այդ բառարանը ներկայացնում է հայոց լեզվի բառապաշարը հինգերորդ դարի մատենագրությունից սկսած մինչև մեր օրերի գրական լեզուն և բարբառները։ Հեղինակի խոսքերով ասած «բառարանը պարունակում է հայերեն լեզվով գրված ու խոսված բոլոր բառերը մեր մատենագրության սկզբից մինչև մեր ժամանակները, այսինքն՝ բառամթերքները գրաբարի, ստորին գրաբարի, ռամկորենի, արդի գրական լեզվի և գավառական բարբառների՝ իրենց ոճաբանություններով, հին և նոր ժամանակի փոխառյալ բառերը եվրոպական կամ արևելյան լեզուներից, ցույց տալով նրանց ծագումը, գրական լեզվի ու բարբառների բառերի ամեն նշանակության համար համապատասխան օրինակներ, քերականական ցուցումներ և այլն» (հատոր Ա, Առաջաբան, էջ է)։ Մալխասյանցի այս բառարանը միակն է , որ ընդգրկում է հայերենի լեզվի բոլոր շրջանները։ Այդ մեծ ծրագրի իրականացմանը հեղինակը ձեռնարկել է 1922 թ. հունվարի մեկից և ավարտել այն 1935 թ. մայիսի 24-ին։ Ուշադիր քննությունը ցույց է տալիս, որ այն, ըստ ամենայնի, կատարյալ է. թե՛պարունակած բառամթերքով, թե՛ բառերի բազմաթիվ նշանակությունների բացատրությամբ, և թե՛ բազմաթիվ ոճերի պարունակությամբ: Գիրքն արդյունք է հեղինակի տքնաջան և հմուտ գիտական ուսումնասիրությունների։ Հեղինակը յուրաքանչյուր բառ բացատրում է իր տարբեր նշանակություններով, ժամանակակից գրական, մասամբ էլ, գավառական բառերի իբրև օրինակ՝ հակիրճ ֆրազներ տալով. զգալի տեղ են գրավում բառերի ոճային առումները, որոնցով չափազանց հարուստ է բառարանը. վերջապես արդի լեզվում գործածվող և չգործածվող բառերը տարբերելու համար հեղինակը գործածել է որոշ նշաններ՝ բառերի մոտ. գործնական տեսակետից այդ ևս մեծ նշանակություն ունի։ Այս բոլորի շնորհիվ է ահա, որ բառարանը հայ բառարանագրության լավագույն կոթողներից մեկն է դառնում։
Իր գիտական գործունեության երկար տարիների ընթացքում Մալխասյանցն անդրադարձել է ինչպես հայոց լեզվի գործնական, այնպես էլ ընդհանուր տեսական շատ խնդիրների։ Ընդհանուր լեզվաբանական-փիլիսոփայական հարցերի մասին առանձին գրքեր նա չի գրել, սակայն հայերենի այս կամ այն խնդրին նվիրված հոդվածների մեջ և հենց հայերենի այս կամ այն հարցը լուսաբանելու համար անդրադարձել է ընդհանուր լեզվաբանության առանձին սկզբունքներին։ Այդ սկզբունքներից առաջինն ու գլխավորը լեզվի պատմական զարգացումը, և լեզվի ու նրանով խոսող ժողովրդի (ցեղի, ազգի) մտավոր զարգացման միջև եղած կապն է։ 1910թ. Թիֆլիսում նա կարդացել է մի դասախոսություն հայոց լեզվի պատմությանը նվիրված, որտեղ նա ասել է. «Բառերի միջոցով մենք կարող ենք հասկացողություն կազմել որևէ ժողովրդի քաղաքակրթության ընթացքի մասին... Եթե հնարավոր լիներ հայոց լեզվի այնպիսի մի բազմահատոր բառարան կազմել, որի յուրաքնչյուր հատորը պարունակելիս լիներ յուրաքանչյուր դարում լեզվի մեջ գործածված բոլոր բառերը, սկսած ութերորդ դարից Քրիստոսից առաջ մինչև մեր օրերը, ապա այդ 27 հատորները միմյանց հետ համեմատելիս, մենք կկարողանայինք ճշգրիտ գաղափար կազմել, թե որ դարում ազգը ինչ բանում ինչ առաջադիմություն կամ ինչ հետադիմություն է արել և որ դարում ո՛ր ազգի ազդեցության է ենթարկվել։ Բայց այսպիսի բառարան մինչև հինգերորդ դարը Քրիստոսից հետո՝ ունենալ չենք կարող....Հինգերորդ դարից հետո արդեն կարելի է դարից դար բառարաններ կազմել և նրանց միջոցով ուսումնասիրել ազգի քաղաքակրթության և կրած ազդեցությունների ընթացքը» («Մշակ», 1910, № 244)։
Ինչպես տեսնում ենք, հեղինակը իրավացիորեն լեզվի բառապաշարը և ընդհանրապես լեզուն համարում է ժողովրդի (ցեղի, ազգի) քաղաքակրթության արտահայտիչը։ Միաժամանակ, հենց այս սկզբունքից ելնելով էլ նա լեզուն համարում է ոչ թե անհատի, այլ ազգի կամ ցեղի ընդհանուր սեփականությունը, հակադրվելով հոգեբանական ինդիվիդուալիզմի ուղղությանը՝ լեզվաբանության մեջ։ Ի դեպ, այդ ուղղությանը նա հակադրվել է նաև մի այլ, ավելի մասնավոր, բայց տեսականորեն կարևոր հարցում։ «Հայցական հոլովը մեր աշխարհաբարի մեջ» հոդվածում («Նոր դպրոց», 1-08-1909), Մալխասյանցը, հակադրվելով Մանուկ Աբեղյանին և բնորոշելով հոլովն իբրև ձևի ու բովանդակության միասնություն և քննելով աշխարհաբարի հոլովները ոչ միայն ձևական կողմով, այլև իրենց բովանդակությամբ, ճիշտ կերպով այն տեսակետն է պաշտպանում, թե աշխարհաբարում հայցական հոլով գոյություն ունի։
Ընդունելով լեզվի պատմական զարգացումը, Մալխասյանցն ընդունում է նաև լեզվաբանական անընդհատությունը («Գրաբարի համաձայնությունը» աշխատության մեջ)։ Լեզվի անընդհատաբար կատարվող փոփոխության համար հեղինակը բազմաթիվ ու բազմատեսակ պատճառներ է թվում և, որ կարևորն է, այդ փոփոխությունները դիտում է ոչ թե որպես «անհատական լեզուների» միջև եղած տարբերությունների, այլ նույն լեզվով խոսող հանրության տնտեսական պայմանների, սովորությունների, ինչպես և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ու աշխարհագրական պայմանների արդյունք. «Լեզվի զարգացումը հետևանք է ժողովրդի զարգացման մտավորապես և տնտեսապես։ ...«Բառերն ու քերականական ձևերը...ժամանակի ընթացքում... (ենթարկվում են)... փոփոխությունների, և ամեն մի ազգի մոտ առանձին եղանակով, նայելով յուրաքանչյուր ժողովրդի պարապմունքին, սովորություններին, կազմվածքին, կլիմային և այլն»։ Այսպիսի փոփոխությունների շնորհիվ մի լեզվից ժամանակի ընթացքում կարող են առաջանալ տարբեր բարբառներ ու սրանք էլ ավելի հեռանալով միմյանցից՝ դառնալ առանձին լեզու։ Այստեղից էլ, ահա, կստացվեն ցեղակից լեզուները, որոնք ծագում են մի նախալեզվից. այդպես առաջացել են հնդեվրոպական լեզուները մի նախալեզվից. հեղինակն, այդպիսով, ընդունում է թե նախալեզվի, և թե նախացեղի գոյությունը։ Հնդիկ-եվրոպական նախալեզվով խոսող ժողովուրդը... նախապատմական դարերում գաղթել է այլ և այլ կողմեր, մանավանդ դեպի արևմուտք (Եվրոպա) և նոր հասարակական կազմակերպություն ընդունելով՝ ապրել է առանձին ցեղերով և ազգերով (հույները, լատինները՝ Հարավային Եվրոպայում, կելտերը՝ Միջին Եվրոպայում, սլավոնները՝ Արևելյան Եվրոպայում, արիները՝ Պարսկաստանում, հայերը՝ Փոքր Ասիայում և այլն), և այդպես առանձնացած այդ նոր ազգերը, որոնք սկզբից նույն լեզվով էին խոսում՝ ժամանակի ընթացքում ինքնուրույն զարգանալով՝ նոցա լեզուները ևս սկսան ինքնուրույն զարգանալ, միմյանցից անկախ... Այս կերպ մի նախալեզուն ժամանակի ընթացքում այլ և այլ ճյուղեր արձակեց, ինքը դարձավ մայր լեզու և այդ առանձին ճյուղերը զարգանալով բառերի և քերականական ձևերի կողմից՝ միմյանցից շատ հեռացան, այնպես որ նոցա մեջ արտաքին հայացքով նմանություն չէր կարելի գտնել՝ նոքա կոչվեցին առանձին լեզուներ»։ Հնդեվրոպական լեզուների շարքում հայերենի գրաված դիրքի վերաբերմամբ նա արտահայտում է Հյուբշմանի տեսակետը, այսինքն՝ ընդունում է հայերենը որպես ինքնուրույն, անկախ լեզու. «և առաջ է եկել հնդիկ-եվրոպական մայր լեզվից և քույր է հունարենին, հին պարսկերենին, կելտերենին, սլավոներենին և այլն... Հայերենը հնդիկ-եվրոպական լեզուների շարքում ամենահին և ամենազարգացած լեզուներից մեկն է»։ Հայերենի զարգացման կրած փոփոխությունների և իր նախնական վիճակից չափազանց հեռացած լինելու մասին Մալխասյանցը արտահայտել է Մեյեի կարծիքը հարցի վերաբերյալ (Մեյեի «Esquisse»-ը ավելի ուշ է լույս տեսել Մալխասյանցի «Գրաբարի համաձայնությունը» աշխատությունից, հետևաբար Մալխասյանցը անկախաբար է հանգել Մեյեի գաղափարին)։
Այնուհետև հեղինակը խոսում է մինչմատենագիտական շրջանում հայերեն բարբառների գոյության հավանականության մասին. «Ինչպես հնդիկ-եվրոպական լեզուներն սկզբում բարբառներ էին կազմում նախալեզվի վերաբերությամբ՝ այնպես էլ նոքա առանձին լեզուներ դառնալով՝ իրանք եղան մայր լեզու և տվին իրենց ճյուղերը կամ բարբառները»։ Հայերենն ևս նախապատմական ժամանակում անշուշտ ունեցել է այլ և այլ բարբառներ, որոնց մասին հիշատակություններ չկան, բարբառների գոյությունը մենք հետևեցնում ենք ընդհանուր օրենքով-չկա լեզու, որ չունենա յուր բարբառները,- և Հայաստանի աշխարհագրական դիրքով. յուրաքանչյուր նահանգ ու գավառ ապրում էր յուր առանձին կյանքով, զարգանում էր ինքնուրույն պայմանների մեջ, ուրեմն և յուրաքանչյուր լեզու առանձին անկախ ուղղությամբ պիտի զարգանար,...հինգերորդ դարում ՝ գրերի գյուտի ու մեր մատենագիտության սկզբնավորման ժամանակ այդ բարբառներն առաջացնող նախնական հայերեն լեզուն այլևս գոյություն չուներ. կային նրանից առաջացած բարբառները միայն. «Նախնական հայերենը, որից այդ բարբառները ծագել էին՝ հավանորեն գոյություն չուներ Ե դարում. քանի որ Ե դարում գոյություն ունեցող բարբառը (գրաբարը) հազար տարի էլ գոյություն չունեցավ իբրև բնական, կենդանի լեզու՝ սորանից կարելի է մակաբերել, որ նորա մայր լեզուն էլ (սկզբնական հայերենը) դժվար թե կարող էր երկու-երեք հազար տարի գոյություն ունենալ անփոփոխ կերպով. այլ թե նա այդ առնվազն երկու-երեք հազար տարվա ընթացքում ենթարկվել էր ձայնագիտական և քերականական բազմաթիվ փոփոխությունների և այլևայլ բարբառներ առաջ բերելով ինքը մեռել էր»։ Այդ բարբառներից մեկն է ահա, որ գրերի գյուտից հետո մատենագիտության լեզուն դարձավ և որ կոչվում է գրաբար. Այդ բարբառը՝ հեղինակի կարծիքով՝ արարատյան բարբառն է եղել. «Այն լեզուն, որով Սահակ Պարթևը և Մեսրովբ թարգմանեցին Ս. Գիրքը՝ Հայաստանում գոյություն ունեցող բարբառներից մեկն էր լինելու, հավանորեն Այրարատյան բարբառը, իբրև Հայաստանի ընդարձակագույն և կենտրոնական նահանգի լեզուն, որ ամենից շատ խոսող ուներ... ավելի կոկված, մշակված ու հարուստ պետք է լիներ, քան մյուս հայերեն բարբառները»։
Ի պատիվ Մալխասյանցի պետք է ասել, որ իր բոլոր ուսումնասիրությունների մեջ էլ նա առաջնորդվել է պատմականության սկզբունքով, որ և նրա գիտական ժառանգության ամենաարժեքավոր կողմերից մեկն է։ Այդ սկզբունքով է կազմել նա նաև իր քառահատոր բառարանը, որի մեջ բառերի զանազան իմաստները, ըստ հնարավորին, պատմական հաջորդականությամբ է բերում և, այսպիսով իսկ, աշխատում ցույց տալ բառ-իմաստի պատմական զարգացումը։ Վերջապես, պատմականության դիրքերից ելնելով է , որ նա աշխատել է լուծել ժամանակակից հայոց լեզվին վերաբերող զանազան վիճելի հարցեր. դրանցից առանձնապես նշելի են հայերենի ուղղագրությանը վերաբերող նրա բազմաթիվ հոդվածներն ու առաջարկները, որոնցից կարևորագույններն ընդունված են Տերմինաբանական կոմիտեի որոշմամբ, ինչպես և հայոց լեզվի գիտատեխնիկական տերմինաբանության ստեղծման մեջ նրա կատարած դերը։ Հ եղինակների տարբեր խմբերի հետ նա մեծ դեր է կատարել զանազան բնագավարների (իրավաբանական, երկաթուղային, շինարարական) հայերեն տերմինաբանության ստեղծման գործում։
Իր գիտական բեղմնավոր գործունեությամբ Ստեփան Մալխասյանցն ավելի քան կես դարի ընթացքում մեծապես նպաստել է հայագիտության զարգացմանը և թողել է մեզ գիտական մեծարժեք ժառանգություն, որ ժամանակակից հայագիտության անքակտելի հարստությունն է կազմում։