Cover Image
close this bookԴավթյան Միսակ Արշամի (1934-2018)
View the documentՄ. Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՄ. Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Միսակ Արշամի Դավթյանը ծնվել է 1934 թ. հոկտեմբերի 14-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում բանվորի ընտանիքում։
Մինչև 1946 թ. սովորել է Սոֆիայի հայկական Ազգային վարժարանում։

1946 թ. Դավթյանների ընտանիքը ներգաղթել է Սովետական Հայաստան և Երևանում Միսակ Դավթյանը 1952թ. ավարտել է 26 կոմիսարների անվան՝ թիվ 10 միջնակարգ դպրոցը գերազանցությամբ։ 1949 թ. նա ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը։

Մ.Ա. Դավթյանը 1952 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ (բուժական պրոֆիլակտիկայի ֆակուլտետ), որն ավատել է 1958 թ. գերազանցությամբ։ Մեկամյա բժշկական աշխատանք է կատարել Մ.Ա. Դավթյանը 1958-1959 թթ. ՀԽՍՀ Թալինի շրջանի Արտենի գյուղում՝ որպես տեղամասային բժիշկ։

1960 թ. նա ընդունվել է Մոսկվայում Բժշկական ԳԱ կենսաբանական և կենսաքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրա «կենսաքիմիա» մասնագիտությամբ։ 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և վերադարձել Երևան։

Մ.Ա. Դավթյանը 1963 թ. ընդունվել է աշխատանքի Հայկական ՍՍՀ կենսաքիմիայի ինստիտուտ՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա 1964 թ.՝ ավագ գիտաշխատող։ 1964 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։ Այս ինստիտուտում նա 1970 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Այնուհետև 1972 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1971-2000 թթ. անընդմեջ Մ.Ա. Դավթյանը ղեկավարել է ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնի աշխատանքները։ Դրան զուգընթաց 1971 թ.-ից կենսաքիմիայի պրոբլեմային (այնուհետև՝ գիտահետազոտական) լաբորատորիայի ղեկավարն էր։ 1978-1985 թթ. և 1996-1999 թթ. նա եղել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի դեկանը, 1985-1989 թթ.՝ ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, 1990-1991 թթ.՝ առաջին պրոռեկտորը։

1989-1990 թթ. Մ.Ա. Դավթյանը եղել է ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարը։ 1999-2002 թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը։

Մ.Ա. Դավթյանը հանդիսանում է աշխարհի խոշորագույն մասնագետներից մեկը կենսաքիմիայի ազոտ պարունակող միացությունների, հատկապես ամինաթթուների փոխանակության և համապատասխան ֆերմենտների ակտիվության կարգավորման հարցերի բնագավառում։ Նա առաջարկել է ամինաթթուների դեզամինացման պրոցեսում պերօքսիսոմների կարևորության վերաբերյալ նոր տեսակետ, հիմնավորել բջիջներում ամոնիակի փոքր կոնցենտրացիայի պահպանման անհրաժեշտությունն ամինաթթուների դեզամինացման իրականացման համար և այդ գործում գլյուտամինի և միզանյութի կենսասինթեզի նշանակությունը։

Մ. Դավթյանը հիմնավորել է բնության մեջ նոր՝ ոչ-ուռեոթելիկ արգինազի գոյությունը և պարզել նրա կարևոր դերը նյութափոխանակության մեջ։ Նա հայտնաբերել է գլխուղեղում օրնիտինային ցիկլի 5 ֆերմենտներից 3-ը, որոնք ապահովում են նյութափոխանակության կարևոր կարգավորիչ ազոտի մոնօքսիդի անխափան սինթեզն արգինինից։ Մ. Դավթյանը հիմնավորել է նաև նոր տեսակետ էվոլյուցիոն և անհատական զարգացման ընթացքում ուրեոթելիզմի ձևավորման մեխանիզմում՝ լյարդում ուրեոթելիկ արգինազի մակածման վճռորոշ դերի մասին։ Նա ապացուցել է, որ արտակարգ պայմաններում (քաղց, իոնացնող ճառագայթներ) օրգանիզմներում բջիջների բաղադրամասերի քայքայման ընդհանուր ֆոնի վրա խթանվում է պաշտպանիչ որոշ սպիտակուցների սինթեզը։

Մ. Դավթյանն ավելի քան 300 հոդվածների, հեղինակային վկայականների, ակնարկային գիտական հոդվածների հեղինակ է։ Բազմիցս հանդես է եկել զեկուցումներով միջազգային գիտաժողովներում (Փարիզ, Օքսֆորդ. Լոս-Անջելես, Լյուբլին, Մոսկվա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Սանկտ-Պետերբուրգ, Տորոնտո)։ Գիտական հետազոտություններ է կատարել և դասախոսություններ կարդացել մի շարք առաջավոր համալսարաններում ու գիտական կենտրոններում (Փարիզ, Լոս-Անջելես, Լյուբլին, Մոսկվա,Բրատիսլավա)։ Պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան մեդալով։

Մ. Դավթյանի նախաձեռնությամբ 1974 թ. ԵՊՀ-ում կազմակերպվել է կենսաքիմիայի բաժին։ 1978 թ.Երևանում կազմակերպել է համամիութենական գիտժողով՝ նվիրված կյանքի ծագման և էվոլյուցիոն կենսաքիմիայի հարցերին։

Նա մեծ ներդրում ունի գիտական կադրերի պատրստման գործում։ Մ. Դավթյանի անմիջական ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է ավելի քան 70 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություն։

1977թ.-ից Մ. Դավթյանը ԵՊՀ-ում գործող կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է եղել։

Նա եղել է նաև «Կենսաբանություն» միջբուհական հանդեսի խմբագիր, կենսաքիմիկոսների համամիութենական կենտրոնական խորհրդի, ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ «Մարդու և կենդանիների կենսաքիմիա» և «Կյանքի ծագումը և էվոլյուցիոն կենսաքիմիա» պրոբլեմային խորհուրդների անդամ։