Cover Image
close this bookՍուվարյան Յուրի Միքայելի (1943)
View the documentՅու. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՅու. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. Յուրի Միքայելի Սուվարյանը, իր ավելի քան 50 տարիների գիտական գործունեությամբ, մեծ նվաճումների է հասել տնտեսագիտության ասպարեզում, ակտիվ գիտահետազոտական աշխատանք է կատարել տնտեսագիտության և կառավարման տեսության հիմնարար խնդիրների վերաբերյալ։ Նա գործնականում կառավարման գիտության արդի հայկական դպրոցի հիմնադիրն է։ Նրա 1970-1980-ական թվականների աշխատություններում հիմնավորվում են արտադրության արդյունավետության և ամբողջական աշխատանքի արտադրողականության գնահատման ու դրանց դինամիկայի կառավարման մեթոդաբանական և գործնական հիմնախնդիրների լուծման նոր սկզբունքներն ու եղանակները, որոնք լուսաբանվել են «Աշխատաքի արտադրողականությունը և արտադրության արդյունավետությունը» (1976թ.), “Про изводительность общественного труда” (1980г.), “Управление ростом производительности труда в промышленности” (1987г.) աշխատություններում։ Մակրոտնտեսական քննական վերլուծության ենթարկելով տնտեսության ինտենսիվացման էության և կառուցակարգերի հիմնախնդիրները, դեռևս մինչև անցումը շուկայական տնտեսական համակարգին, պրոֆ. Յու.Սուվարյանը իր «Էկոնոմիկայի ինտենսիվացման տնտեսական մեխանիզմը» (1990թ.) աշխատության մեջ, անարդյունավետ գնահատելով գործող կենտրոնացված պլանային համակարգը, հիմնավորում է սեփականության բազմաձևության և շուկայական ենթակառուցվածքների ստեղծման, ռազմավարական կառավարման, մարքեթինգային գործունեության, ազատ առևտրի ու գնագոյացման անհրաժեշտութունն՝ իբրև գործող տնտեսական մեխանիզմի զարգացման ուղղություն և առաջարկում պլանային տնտեսությունից շուկայականին անցնելու տրամաբանությունը և փուլերը։

Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտում են կառավարման տեսության և հայ կառավարչական մտքի պատմության արդի հիմնահարցերը։ Նա ցուցաբերել է նոր մոտեցումներ ռազմավարական կառավարման էության և սկզբունքների մեկնաբանման, գործարարության ծրագրի մշակման մեթոդաբանության զարգացման ասպարեզում։ Հայ իրականության մեջ պրոֆ. Յու.Սուվարյանը առաջինն է անդրադարձել հանրային կառավարման էության, մեթոդաբանության ու պատմական զարգացման հարցերին և առաջարկել յուրօրինակ լուծումներ («Ռազմավարական կառավարում. մեթոդաբանությունը և արդի հիմնահարցերը» (1996թ.), «Գործարարության ծրագրի մշակման հիմունքները» (1996թ.), «Հանրային կառավարման տեսության ու պատմության ուրվագծեր» (2004թ.), «Հանրային կառավարման տեսություն և պատմություն» (2013, համահեղ.), նույնը անգլերեն (2014 թ.), «Հանրային կառավարումը ՀՀ-ում. զարգացման ընթացքը և բարեփոխումների գերակայությունները» (2018, համահեղ.) և այլ աշխատություններում)։

Ի դեպ, անդրադառնալով «Հանրային կառավարման տեսություն և պատմություն» գրքի անգլերեն հրատարակությանը, Կանադայի Կարլտոնի համալսարանի Հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի պրոֆեսոր, Կառավարման և հանրային մենեջմենթի կենտրոնի տնօրեն Լեսլի Փալը գրել է. «Շատ տպավորված եմ դրա լայն ընդգրկունությամբ։ Շատ հազվադեպ կարելի է հանդիպել մեկին, ով տվյալ ոլորտի պատմությունը տեսնում է նման պատմական խորությամբ և, իհարկե տարածաշրջանային պատկերը շատ հետաքրքիր էր ինձ համար»։ Ուշագրավ է նույն համալսարանի վաստակավոր հետազոտող, պրոֆ. Ալան Մասլովի կարծիքը. «Ես հատկապես շատ հավանեցի պատմական գրականության հատվածում «հանրային կառավարում» հասկացության զարգացման քննարկումներն առաջին գլխում։ Սա շատ տպավորիչ հոյակապ նկարագրություն է շատ լայն մի թեմայի»։

Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) հետազոտող Բարբարա Քոուն «Հանրային կառավարման տեսություն և պատմություն» գրքի մասին գրում է. «Ես այն շատ բարձր եմ գնահատում։ Չեմ կարծում, թե գրվել է մեկ այլ գիրք ևս, որն ընդգրկում է այդքան երկար պատմություն՝ այլ բաների հետ միասին»։

Քանի որ ազգային տնտեսության ներուժը դրսևորվում է որպես տարածքային բաղադրիչների ամբողջություն, այս տեսանկյունից էլ պրոֆեսոր Յու. Մ. Սուվարյանը հիմնավորում է հանրապետության արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման արդի ուղղությունները («Տնտեսության տարածքային կառավարում. Մեթոդաբանությունը և հիմնախնդիրները» (2007թ. համահեղ.))։ Սույն աշխատության մեջ առաջարկվում է տեղական ինքնակառավարման նոր երկաստիճան հայեցակարգ. հիմնավորելով անցումը, մարզայինի փոխարեն, գավառային կառավարման համակարգին։

Պրոֆ. Յու.Սուվարյանի գիտական հետազոտությունների շրջանակում են նաև տնտեսական քաղաքականության ամենաարդիական հիմնախնդիրները։ Այդ առումով նրա գիտական ղեկավարությամբ կատարված ուշագրավ եզակի հետազոտություններից է «Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները. հնարավոր զարգացումներ և միտումներ» (2010թ., համահեղ.) աշխատությունը, որը բովանդակում է մակրոտնտեսական ցուցանիշների համեմատական դիտարկումներ, ինչպես նաև առևտրա-տնտեսական հարաբերությունների SWOT վերլուծություններ ու երաշխավորություններ։ Գիտագործնական հետաքրքրություն են ներկայացնում նաև նրա գիտական ղեկավարությամբ կատարված «Գիտության և կրթության ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի վրա» («Բանբեր ՀՊՏՀ», թիվ 1, 2010) հետազոտության արդյունքները։ Այդ հետազոտությունները շարունակվել են և արդյունքում մշակվել տնտեսական աճի վրա գիտակրթական համակարգի ազդեցության գնահատման մեթոդաբանությունը, ազգային նորամուծական համակարգի ներուժի գնահատման սկզբունքները և հայեցակարգային գերակայությունները, ոլորտի կառավարման կազմակերպական կառուցվածքի բարեփոխման ռազմավարական ուղղությունները («Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը (2011թ.) «Գիտակրթական համակարգի կառավարման ռազմավարությունը» (2013թ.), «Գիտակրթական համակարգը և տարածքային տնտեսական զարգացման փոխառնչությունները» (2016 թ.), «Ազգային նորամուծական համակարգ. ներուժի գնահատումը և հայեցակարգային գերակայությունները (2017թ.)։

Վերը նշված հրապարակումների շարքում առանձնանում է Յու. Մ. Սուվարյանի «Տնտեսություն, գիտություն, կրթություն» ծավալուն մենագրությունը (2014 թ.), որում դիտարկվում են տնտեսության ռազմավարական բարեփոխումների, հանրային կառավարման, գիտության և կրթության զարգացման արդի հիմնախնդիրները։

Յու.Սուվարյանի ընդհանուր գիտական խմբագրությամբ և համահեղինակությամբ հրատարակվել են «Մենեջմենթ» հայերեն բնագիր բուհական առաջին դասագիրքը (1999, 2002, 2009, 2016), «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» (2005)՝ տվյալ ասպարեզին վերաբերող առաջին մեծածավալ հետազոտությունը, «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» (2001), «Կիրառական մենեջմենթ» (2004), «Ռազմավարական կառավարում» (2015), «Պետական և մունիցիպալ կառավարում» (2017) և այլ ուսումնական ձեռնարկներ։

Մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների, որոնցում ներկայացրել է իր հետազոտությունների արդյունքները, իսկ դրանց մի մասը լույս է տեսել միջազգային հրապարակումներում։ Նա ղեկավարել է մի շարք գործնական ուղղվածության ծրագրերի մշակման աշխատանքները. մասնավորապես՝ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (1994), ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը (1998), որոնք ընդունվել են հանրապետության գործադիր իշխանությունների կողմից և իրագործվել։

Պրոֆ. Յու.Սուվարյանը հրատարակել է 270 գիտական աշխատություն, այդ թվում՝ 44 մենագրություն, դասագիրք և ուսումնական ձեռնարկ։ Նրա գիտական ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ տնտեսագիտության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ են ստացել յոթանասունից ավելի ասպիրանտ ու հայցորդ։ Յու.Սուվարյանը գործնականում կառավարման գիտության արդի հայկական դպրոցի հիմնադիրն է։

2006 թ. Յու.Սուվարյանը, դառնալով հարազատ բուհի ռեկտոր, մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային և կառուցվածքային արմատական վերափոխումների՝ համահունչ միջազգային պահանջներին։ Նրա ղեկավարության շրջանում տնտեսագիտական համալսարանն անցավ հանրապետության օրինակելի բուհերի առաջին շարքը։ 2006 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010 թ.՝ իսկական անդամ, 2011 թ.՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Այդ պաշտոնում նրա գործունեության ընթացքում ու նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ընդունվել և իրագործվում են հայագիտության զարգացման համար մի շարք կարևորագույն որոշումներ։ Մասնավորապես, 2012 թ. հունվարի 12-ի թիվ 1 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է.

– Հայագիտության զարգացման հայեցակարգը,

– 2012-2025թթ. Հայաստանի Հանրապետությունում հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը,

– ՀՀ հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների ժամանակացույցը։

ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 6-ի 1688-Ա որոշմամբ ստեղծվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ 50 մլն. դրամ բյուջետային ֆինանսավորմամբ։

ՀՀ ԳԱԱ նախագահության և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներով ստեղծվել են.

– «Բանբեր հայագիտության» հնգալեզու գիտական հանդեսը (2013 թ.), հրատարակվում է տարեկան երեք համար և առաքվում աշխարհի տարբեր երկրների գրադարաններ և գիտական կենտրոններ։

– «Հիմնարար հայագիտություն» անգլերեն էլեկտրոնային գիտական հանդեսը (2015 թ.)՝ տարեկան երկու համար, ունի ընթերցողների լայն շրջանակ (կարդում են աշխարհի ավելի քան 111 երկրներում)։

Գիտական նշված հանդեսները օտարալեզու ընթերցողներին ներկայացնելով հայոց պատմության և մշակույթի նվաճումները և հիմնախնդիրները, միաժամանակ նպաստում են հայրենի պատմության ու մշակույթի պաշտպանությանը կեղծարարությամբ զբաղվող հարևանների անհիմն, ոչ գիտական հարձակումներից ու յուրացման փորձերից։

Ակադեմիկոս Յու. Մ. Սուվարյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային և հանրապետական բազմաթիվ գիտական միջոցառումներից իրենց նշանակությամբ ու բովանդակությամբ առանձնահատուկ են հատկապես Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը «Հայագիտությունը և արդի մարտահրավերները» (17-19 հոկտեմբերի, 2013 թ.) խորագրով և «Հայոց ցեղասպանություն – 100. Ճանաչումից մինչև հատուցում» միջազգային գիտաժողովը (15-16 հոկտեմբերի, 2015 թ.)։

Նա իր գործունեության ընթացքում կարևորել է բաժանմունքի ինստիտուտների թեմատիկայի արդիականացումը, միջգիտակարգային հիմնախնդիրների հետազոտությունը, միջազգային կապերի ակտիվացումը և արտասահմանյան գրախոսվող հանդեսներում հրապարակումների թվի ընդլայնումը, գիտահետազոտական աշխատանքի արդյունավետության էական բարձրացումը, հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների խելամիտ ու նպատակահարմար զուգակցումը։

Յու.Սուվարյանը ՀՊՏՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է, 2006-2011թթ. եղել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը, «Գյուղատնտեսական հանրագիտարան»-ի, «Հայ երաժշտության հանրագիտարան»-ի, «Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան»-ի, «Հայ գրատպություն և գրքարվեստ. Հանրագիտարան»-ի և «Հանրագիտական բառարան»-ի գիտահրատարակչական խորհրդի ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների, հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։

Ակադեմիկոս Յու.Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտության» (2007), «Վաչագան Բարեպաշտ» (2013), միջազ. փիլիս. Ակադեմիայի «Դավիթ Անհաղթ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2011), ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ» (2013թ.) մեդալներով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2017) շքանշանով։ 2014 թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործչի կոչման։ Նա ընտրվել է Բնական գիտությունների ռուսական (2016 թ.) և Եվրոպական (2017թ.) ակադեմիաների արտասահմանյան անդամ, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Ռուս-հայկական, Արցախի և այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր է։