Cover Image
close this bookՍտամբոլցյան Ռաֆայել Պարույրի (1922-2012)
View the documentՌ. Պ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Պ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը ծնվել է 1922 թ. հուլիսի 22-ին Երևանում:
Վաղ հասակից զրկվել է ծնողներից, ապրել է ազգականների մոտ:
1940 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետը: Հայրենական պատերազմի հենց առաջին տարում` 1942 թ., Ստամբոլցյանն ընդհատում է ուսումը և կամավոր մեկնում է գործող բանակ` ծառայելով Տուապսեի և Նովոռոսիյսկի համար մղվող մարտերին: Ծանր հիվանդության պատճառով նա զորացրվում է բանակից և շարունակում ուսումը: 1946 թ. ավարտում է ինստիտուտը և նշանակվում աշխատանքի Ռ.Ն. Գյանջեցյանի ղեկավարած հոսպիտալ թերապիայի ամբիոնում` որպես կլինիկական օրդինատոր:
1948 թվականին գործուղվել է Մոսկվա` Բոտկինի անվան կլինիկա, որտեղ Մ.Ս. Վովսիի ղեկավարությամբ Ս. Բ. Բրաունի մոտ մասնագիտացել է կլինիկական էլեկտրասրտագրության ուղղությամբ: Վերադառնալով Հայաստան` նա ձեռնամուխ է լինում հիմնադրելու առաջին էլեկտրասրտագրական լաբորատորիան և շատ կարճ ժամանակահատվածում պատրաստում է ավելի քան 100 մասնագետ` չափազանց կարևոր այդ բնագավառի համար: Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման տարիներին Ռ. Ստամբոլցյանը հասարակական հիմունքներով կազմակերպում է սրտաբան-մասնագետների պատրաստման ծառայություն` միաժամանակ զբաղվելով գիտական ակտիվ աշխատանքով:
Պրոֆեսոր Գյանջեցյանի թերապիայի դպրոցի ավանդույթների շարունակողն ու կատարելագործողը եղավ Ռ.Պ.Ստամբոլցյանը: Նրա վաղ շրջանի գիտական աշխատանքները վերաբերում են քնաբուժությանը: Նա մշակել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակիչ մեթոդ, ինչպես նաև ստեղծել է էլեկտրաքնի ինքնատիպ սարք` տեխնիկայի բնագավառի աշխատողների համագործակցությամբ: Այս թեմայով 1952 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1953 թ. պրոֆեսոր Գյանջեցյանի հետ համատեղ հրատարակում է «Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին» մենագրությունը: Ռ.Պ. Ստամբոլցյանի հետագա գիտական գործունեությունը վերաբերում է սրտաբանությանը:
1957 թ. առաջին անգամ մայրենի լեզվով լույս է տեսնում նրա «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» ձեռնարկը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ բժիշկներին այս մեթոդին ծանոթացնելու գործում:
Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման համակողմանի ուսումնասիրություններին են նվիրված պրոֆ. Ստամբոլցյանի գիտական աշխատանքների մի ստվար մասը:
1962 թ. նա առաջինը իր սերնդակից բժիշկ-մասնագետների մեջ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և հրատարակում «Կորոնար անբավարարության պաթոգենետիկ բուժման մասին» մենագրությունը, որտեղ առաջարկում է պսակային անբավարարության սեդատիվ բուժման ուրույն մեթոդը:
1965 թ. Ռ.Պ. Ստամբոլցյանն առաջարկում է էլեկտրասրտագրի քանակական վերլուծության իր ուրույն ինտեգրալ մեթոդը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է ստեղծում սրտաբանության հետագա զարգացման համար:
Ակադեմիկոս Ստամբոլցյանի ջանքերով Երևանի տեխնոլոգիական միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է բժշկական էլեկտրոնիկայի բաժին, որտեղ ստեղծվել են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր:
Պրոֆ. Ռ. Ստամբոլցյանի` «Կլինիկական էլեկտրասրտագրություն» դասագիրքը /1978 թ. հայերեն/ 1980 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի: Նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` ակադեմիկոս Ստամբոլյանը նաև գիտության կազմակերպիչ է. 1966-1968 թթ. նա նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ում եռանդուն ջանքերով իրականացվում է ինստիտուտի երկու մասնաշենքերի շինարարությունը, ինչի շնորհիվ ինստիտուտի շենքային հնարավորությունները մեծանում են 2 անգամ:
1970 թ. Ստամբոլցյանը հիմնադրում է ներքին հիվանդությունների սուբօրդինատորների նոր ամբիոնը, իսկ 1980 թ. այն վերակազմավորվում է որպես ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն: Նրա հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ նորակառույց Հանրապետական հիվանդանոցում ստեղծվում է հանրապետությունում առաջին մասնագիտացված սրտաբանական կլինիկան` սրտամկանի ինֆարկտի ինտենսիվ հսկողության բաժանմունքով:
1971 թ. Ռ.Պ. Ստամբոլցյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թ.` ակադեմիկոս:
Ակադեմիկոս Ստամբոլցյանի ղեկավարությամբ պաշտպանվել են քսանհինգ թեկնածուական և երկու դոկտորական ատենախոսություններ: Նա երեք մենագրության և չորս դասագրքի, 200-ի հասնող գիտական հոդվածների հեղինակ է, որ տպագրվել են հայրենիքում և արտերկրներում` տարբեր լեզուներով: Ռ. Ստամբոլցյանը նաև ութ գյուտի հեղինակ է:
Բարձր են գնահատվել նրա վաստակը ու ծառայությունները: Նա պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով և պատվոգրերով: