Cover Image
close this bookԻոսիֆյան Անդրոնիկ Ղևոնդի (1905-1993)
View the documentԱ. Ղ. ԻՈՍԻՖՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ղ. ԻՈՍԻՖՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ գիտական և ճարտարագիտական մտքի անդաստանում իր ուրույն տեղն ու դերն ընդմիշտ կունենա աշխարհահռչակ գիտնական, գիտության տաղանդավոր կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անդրոնիկ Ղևոնդի Իոսիֆյանը:
Ա. Իոսիֆյանը ծնվել է 1905թ. հուլիսի 21-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում, ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստանալով Ղարաբաղի գեղատեսիլ անկյուններից մեկում` Ծմակահողում, 17-ամյա Ա. Իոսիֆյանը 1922թ. կամավոր զինվորագրվում է Հատուկ կովկասյան բանակին ու շուտով դառնում գումարտակի կապի ծառայության հեռախոսավար: Իր բանակային ծառայությունը նա կարողացավ զուգակցել ուսման հետ` ավարտելով ժողկրթության կոմիսարիատի երեկոյան հանրակրթական դասընթացները: Նա ինստիտուտ է դիմում բանակային ծառայությունն ավարտելուց հետո միայն: Ա. Իոսիֆյանն ընդունվում է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը, որը և հաջողությամբ ավարտում է 1930թվականին: Ուսանողական տարիներին ի հայտ եկան Ա. Իոսիֆյանի` որպես ապագա գիտնականի և քաղաքացու, ինքնատիպ հատկանիշները, որոնց մի մասը, անկասկած ձևավորվել էր բանակում: Նրա անսպառ էներգիան, ընդգծված աշխատասիրությունն ու կայուն բնավորությունն այն կարևորագույն գծերն էին, որոնք նրան ուղեկցեցին իր բավականին երկար ու դժվարին գիտակազմակերպչական կյանքում:
Դեռևս ուսանողական նստարանից Ա. Իոսիֆյանը կարողացավ ուսումը զուգակցել գիտական աշխատանքի հետ: Նրա առաջին գիտահետազոտական աշխատանքները վերաբերում էին ռազմական էլեկտրատեխնիկային: Իր առաջին գյուտը` «Էլեկտրական պտուտակային թնդանոթը» նա ուղարկում է Մոսկվա և շուտով հրավիրվում է զինված ուժերի տեխնիկական շտաբ, որտեղից նրան գործուղում են ակադեմիկոս Կ.Ի. Շենֆերի մոտ զեկույցի, որի արդյունքով ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողին առաջարկում են, որ նրա դիպլոմային աշխատանքի թեման լինի հենց առաջարկված գյուտի նկարագրությունը և գիտական հիմնավորումը: Նշված գյուտի թեմայով Ա. Իոսիֆյանը պաշտպանում է դիպլոմային աշխատանքը և հրավիրվում համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտ, որտեղ էլ աշխատել է մինչև 1941թ. ակադեմիկոս Կ.Ի. Շենֆերի բաժնում: Այդ տարիներին ամբողջությամբ բացահայտվում է գիտնական և գյուտարար Իոսիֆյանի ողջ տաղանդը: Նրա կողմից մշակվեց տեսություն, և պատրաստվեցին փոփոխական հոսանքի գծային շարժիչների առաջին օրինակները: Որպես բացառիկ երևույթ արժե նշել, որ 1939թ. այդ շարժիչների օրինակներից մեկը ցուցադրվեց Նյու-Յորքում` «Мир» համաշխարհային ցուցահանդեսում: Անդրոնիկ Իոսիֆյանը առաջինն էր աշխարհում, որ պատրաստեց ոչ հպումային էլեկտրական մեքենայի ցուցանմուշը: Նման գյուտի հեղինակը, բնականաբար, պետք է կարողանար դուրս գալ գիտությանը հայտնի ու իշխող մի շարք հիմնական սկզբունքների շրջանակներից: Նա կարողացավ մագնիսական հոսքը հանել շարժիչի ռոտորի շրջապտույտից և այն ուղղել դեպի արտաքին մագնիսատարը:
1941թ. կեսերին, Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց քիչ հետո, արդեն էլեկտրատեխնիկայում նշանավոր գիտնական և գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր Անդրոնիկ Իոսիֆյանը նշանակվում է էլեկտրատեխնիկական ժողկոմի № 627 պետական միութենական գործարանի տնօրեն: Նշենք, որ այս գործարանը հետագայում ձեռք բերեց մեծ համբավ և վերածվեց գիտահետազոտական ու տեխնիկական նշանավոր կենտրոնի` էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի: Այստեղ են ստեղծվել ու փորձարկվել ռազմական էլեկտրատեխնիկայի, կապի, էլեկտրասնուցման աղբյուրների նորանոր տեսակներ, որոնցով հետագայում զինվել են ԽՍՀՄ զինված ուժերը: 1942թ. դեկտեմբերին «Իոսիֆյանի սելսինով» առաջին ռադարները սկսեցին երևալ բանակային հատուկ ստորաբաժանումներում: Այդ աշխատանքի համար Ա. Իոսիֆյանն արժանացավ ՍՍՀՄ ամենաբարձր կառավարական շքանշանին` Լենինի շքանշանի: Հատուկ կառավարման տորպեդները, ծովային հատուկ շարճիչներով տորպեդները, էլեկտրասնուցման ազբյուրների տարբեր տեսակներ սկսեցին մուտք գործել ԽՍՀՄ բանակի հակաօդային պաշտպանություն և ռադիոլակացիայի հատուկ ստորաբաժանումներ: Դրանք բոլորն էլ պատրաստվում էին Ա. Իոսիֆյանի տնօրինած ինստիտուտ-գործարանում:
Այստեղ են նախագծվել ու պատրաստվել նշանավոր ծանր ռմբակոծիչ` «ТУ-4»-ի բոլոր էլեկտրատեխնիկական համակարգերը, այդ թվում նաև հրանոթային կրակի կառավարման համաչափ հետևող համակարգը:
Ա.Ղ. Իոսիֆյանը, լինելով մասնագետ և նորարար գիտնական էլեկտրական մեքենաների, կոմպլեքս էլեկտրահամակարգիչների և ավտոմատիկայի բնագավառներում, իր երկար գիտագործնական կյանքի ընթացքում գլխավորել է ծավալային գիտական հետազոտություններ ու գիտական խմբեր, որպես և` գլխավոր կոնստրուկտոր, և` գիտական ղեկավար: Սակայն, անկախ իր դիրքից ու տեղից, նա ամենուր նպաստել է էլեկտրամեխանիկայի` որպես առանձին գիտատեխնիկական ոլորտի կայացմանը:1953-1955թթ., Ա. Իոսիֆյանի ղեկավարությամբ նախագծվեց ու պատրաստվեց <<М-3>> փոքրաչափ թվային հաշվիչ մեքենա: Դա, կարելի է ասել, և` գիտական սխրանք էր, և` միաժամանակ մարդկային կամքի մեծ դրսևորում, քանի որ ԽՍՀՄ պլանային տնտեսության պայմաններում նման աշխատանքը թեմատիկ պլանավորման ցանկում, բնականաբար բացակայում էր: Այդ հաշվիչ մեքենան դարձավ հայտնի «Մինսկ» և «Հրազդան» մեքենաների սկզբնավորողն ու խթան հանդիսացավ աշխարհում հաշվիչ տեխնիկայի և ինֆորմատիկայի զարգացման գործում:
1945թ. Ա. Իոսիֆյանը ընտրվում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1905թ.` ակադեմիկոս: Նշենք, որ մի քանի անգամ նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ` հանդիսանալով նաև էլեկտրամեքենաների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն:
Ա. Իոսիֆյանը միշտ ուշադրության կիզակետում էր պահում Հայաստանը: Միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանի էլեկտրատեխնիկական հզոր արդյունաբերության հիմքերը դրվել են նրա առաջարկով, անմիջական մասնակցությամբ և գործուն օգնությամբ: Իր տնօրինած գիտահետազոտական ինստիտուտ-գործարանի առաջին մասնաճյուղը 1956թ. բացվեց Երևանում, իսկ փոքր միկրոՀԷԿերի գեներատորներ արտադրող առաջին գործարանը նա բացեց Երևանում` դեռևս Հայրենական պատերազմի տարիներին: Մոսկովյան ԳՀԻ-ի Երևանյան մասնաճյուղը հետագայում աճեց ու վերածվեց միութենական ԳՀԻ-ի` մասնագիտանալով համալիր էլեկտրակահավորման ուղղությամբ: Հաշվի առնելով Հայաստանի կադրային և հումքային առանձնահատկությունները` գիտության տաղանդավոր կազմակերպիչը և ճարտարագետը պլանավորեց, նախագծեց ու ՀՀ-ում հիմնադրեց հզոր գործարաններ, որոնք տալիս էին էլեկտրատեխնիկական արտադրանք, այդ թվում նաև` ԷՀՄ-ներ: Նրա առաջարկությամբ ու գործուն միջամտությամբ Հայաստանում մասնաճյուղեր էին բացվում` Մոսկովյան ու միութենական նշանավոր ԳՀԻ-ներ ուգործարաններ: Իրավամբ նրան անվանում էին «Ամենայն հայոց էլեկտրիկոս»:
Երբ ԽՍՀՄ-ում սկսվեցին հրթիռաշինության աշխատանքնորը, «ԳՀԻ-627»-ը դարձավ հրթիռների էլեկտրամեխանիկական կառույցի նախագծման և պատրաստման գլխամասային հիմնարկը, իսկ Ա. Իոսիֆյանը` նրա գլխավոր կոնստրուկտորը և գլխավոր կոնստրուկտորների խորհրդի անդամը` Ս.Պ. Կորոլյովի կոնստրուկտորական բյուրոյում: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ 1957թ. արձակած առաջին միջմայրցամաքային հրթիռում և 1961թ. գագարինյան «Վոստոկ»-ում, անխափան գործած էլեկտրամեխանիկական համակարգերը նախագծվել ու պատրաստվել են ակադեմիկոս Ա. Իոսիֆյանի անմիջական ղեկավարությամբ: 1961թ. Ա. Իոսիֆյանը «հրթիռային տեխնիկայի զարգացման գործում ունեցած հատուկ հաջողությունների համար» արժանանում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Երբ դրվեց օդերևութաբանական արբանյակների ստեղծման հարցը, Ս. Կորոլյովը , Մ. Կելդիշը ,Մ. Յանգելը պաշտպանեցին այդ գաղափարը: 1963թ. Իոսիֆյանի գլխավորած ինստիտուտը մասնակցեց նման հրթիռների ստեղծման մրցույթին: Այն ժամանակ ԽՍՀՄ ԳԱ պրեզիդենտ Մ. Կելդիշի ղեկավարությամբ գործող մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց Ա. Իոսիֆյանի ինստիտուտի ներկայացված նախագիծը, և ակադեմիկոս Իոսիֆյանը դարձավ օդերևութաբանական նշանակության տիեզերական թռչող սարքերի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ղեկավարը: Կարելի է ասել, որ դրանով դրվեց նոր գիտության` «Տիեզերական բնագիտության հիմքը»: Ինչպես բազմիցս «Կոսմոս» և «Մետեոր» արբանյակների գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ա. Իոսիֆյանն է նշել, այդ տիեզերական արբանյակներն իրենց լիովին արդարացրին, և պատահական չէ, որ թռչող այդ «լաբորատորիաները» ստացան «ապագայի արբանյակներ» անվանումը: «Մետեորների» նախագծման ու պատրաստման համար 1970թ. Ա. Իոսիֆյանն արժանացավ Լենինյան մրցանակի: Ա. Իոսիֆյանի կողմից հետագայում իրականացվեց ուժային էլեկտրասարքավորումների և կառավարող էլեկտրոնիկայի համակարգերի միաձուլում, որի արդյունքները օգտագործվեցին «Արկտիկա» և «Սիբիր» ատոմային սառցահատների բարդ ճարտարագիտական լուծումներում, ռազմական նավատորմիղի էլեկտրաշարժական համակարգերում և ԽՍՀՄ-ում գործող ատոմային էլեկտրակայանների միջուկային ռեակտորների ղեկավարման համակարգում:
Վերջերս Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած մեծ երկրաշարժի պատճառով առաջացած ավերիչ ցունամիից հետո, երբ հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, ավելի հրատապ դարձավ երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդիրները, որը հայերիս համար միշտ էլ հրատապ է եղել; Հերթական հաղորդագրություններից մեկում խոսք գնաց Չելյաբինսկի ԿԲ-երից մեկում պատրաստված հատուկ «էլեկտրաշարժականխագուշակ» արբանյակի պատրաստման մասին, որը պետք է «Իոնոլորտից» երկիր տեղեկատվություն հաղորդի ու զգուշացնի աղետի մոտալուտ վրահասի մասին: Պարզվում է, այդ հիմնախնդրով ակադեմիկոս Ա. Իոսիֆյանը ժամանակին զբաղվել է հենց հիմք ընդունելով Հայաստանի` սեյսմիկ գոտում գտնվելու փաստը: Նա ուշադրություն էր դարձրել երկրաշարժերից 3-4 ժամ առաջ իոնոլորտում տեղի ունեցող փոփոխությունների տվյալների հավաքման ու մշակման և արագ դրանց երկիր հաղորդելու անհրաժեշտության հարցին: Խոսքն այն մասին է, որ մայրցամաքային շերտասալերի բախման ժամանակ, որը հենց աոաջացնում է երկրաշարժ, աոաջանում են պիեզոէլեկտրական երևույթներ, որոնք առաջացնում են էլեկտրամագնիսական ալիքներ ու դրանք երկրագնդի ընդհանուր էլեկտրամագնիսական «խառնաշփոթում» դժվար է որսալ, իսկ ահա իոնոլորտում դրանք կարելի է գրանցել: Վերը հիշատակված Չելյաբինսկ քաղաքում պատրաստված հատուկ թռչող սարքն էլ հենց այդ նպատակին պետք է ծառայեր: Ստացվում է, որ տասնամյակներ առաջ մեր մեծ հայրենակիցն արդեն ուներ այդ ուղղությամբ կոնկրետ գիտական ու տեխնիկական ծրագիր, մնում էր այն իրականացնել:
Իոսիֆյանը հրթիռաշինության բնագավառում այնքան խորացավ, որ առաջին անգամ աշխարհում նրա ինստիտուտ-գործարանում նախագծվեց ու պատրաստվեց Տիեզերական էլեկտրատեխնիկական լաբորատորիա արհեստական արբանյակը, որը ստացավ «Օմեգա» անվանումը: Այն թույլ տվեց թոիչքի պայմաններում հետազոտել ու բնական պայմաններում ուսումնասիրել թռչող արհեստական սարքերի հիմնական համակարգերի աշխատանքը: Հետագայում Իոսիֆյանի ընդհանուր ղեկավարությամբ ստեղծվեցին նաև հատուկ «Մետեոր-Պրիրոդա» երկրորդ սերնդի արբանյակները, որոնց հիմնական նպատակը տիեզերքից Երկրի զոնդավորումը, ինչպես նաև իոնոլորտի մագնիսոլորտի համալիր հետազոտումն էր:
Ա. Իոսիֆյանի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նաև բազմաթիվ ձեռնարկությունների և գիտական հիմնարկների աշխատանքների կոորդինացման արդյունքում ստացված 4А սերիայի ասինքրոն էլեկտրաշարժիչների պատրաստումը, որը կազմված էր 760 մոդիֆիկացիաներից: Այս աշխատանքների համար Ա. Իոսիֆյանը արժանացավ պետական մրցանակի:
Ա. Իոսիֆյանի գիտական, տեխնիկական հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր: Այն ընդգրկում էր ավտոմատիկան, հեռուստամեխանիկան, ավտոմատ կառավարումը, էլեկտրական մեքենաների տեսությունը, տեսական էլեկտրամեխանիկան և էլեկտրադինամիկան, տիեզերական տեխնիկան; Անդրոնիկ Իոսիֆյանը մեծ հմայքի տեր, բարի, դեմոկրատ ու մատչելի անձնավորություն էր: Նա բոլոր ժամանակների ամենահայտնի հայ գիտնական-ճարտարագետներից էր: Նրա կատարած մեծ գործերը գնահատվել են Լենինյան և պետական բազմաթիվ մրցանակներով, տասնյակ ամենաբարձր շքանշաններով ու 40-ից ավելի մեդալներով; Նա մեծ հայ ու հայրենասեր էր: Ա. Իոսիֆյանն իր ծննդավայրի` Ղարաբաղի նվիրյալն ու կարոտակեզ զավակն էր: Իր ապրած կյանքով և համաշխարհային գիտության ու տեխնիկայի ասպարեզում ունեցած մեծ ներդրումով անվանի գիտնականը երկար, շատ երկար կմնա գիտական մտավորականության ու սերունդների հիշողության մեջ: