Cover Image
aizvērt šo grāmatuԱսլանյան Աշոտ Տիգրանի (1919-1989)
Skatīt dokumentuԱ. Տ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱ. Տ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Աշոտ Տիգրանի Ասլանյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 7-ին Քարվանսարայում (Տավուշի մարզ, Իջևան քաղաք)։

1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ 1957 թ. ստացել է երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Պրոֆեսորի կոչում ստացել է 1960 թ.։

Աշոտ Տիգրանի Ասլանյանի անունը պատվավոր տեղ է գրավում հայրենական գիտության անվանի գործիչների շարքում։ Նա մեծ ավանդ ունի երկրաբանական գիտության և արտադրության, գիտատեխնիկական և բարձրագույն դպրոցի կայացման ու ամրապնդման գործում։ Ա. Ասլանյանը գիտական լայն հետաքրքրությունների տեր գիտնական է եղել՝ ներառյալ շերտագրության և հնէաբանության, տարածքային երկրաբանության և տեկտոնիկայի, երկրաֆիզիկայի և մոլորակագիտության, մագմատիզմի և նորագույն հրաբխագիտության, ինժեներային երկրաբանության, մետաղածնությանը և հանքաբանությանը վերաբերող հարցերը։

1941 թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝ զորակոչվում է բանակ՝ մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թ. ծանր վիրավորվում է և զորացրվում։ 1945 թվականից սկսում է աշխատել ՀՍՍՀ ԳԱ Երկրաբանության ինստիտուտում՝ սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 1947 թվականից՝ սեկտորի վարիչ։ Նրա թեկնածուական ատենախոսությունը՝ նվիրված Հյուսիսային Հայաստանի շերտագրությանը և տեկտոնիկային, վկայությունն են նրա՝ իբրև խոստումնալից, օժտված, ոչ սովորական հետազոտող լինելուն։

Պրոֆեսոր Ասլանյանի վերջին աշխատանքների արդյունքները, որ ընդգրկում են Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը, ի մի են բերվում նրա դոկտորական ատենախոսության մեջ՝ «Региональная геология Армении»: Այդ հիմնարար գիտական աշխատությունը հրատարակվել է 1958 թ.՝ դառնալով իրական ներդրում Փոքր Կովկասի և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասի երկրաբանական–տեկտոնական կառուցվածքի ուսումնասիրման գործընթացում։

Ա. Ասլանյանի հետաքրքրությունների շրջանակում յուրահատուկ տեղ են գրավում տեկտոնիկայի, երկրաֆիզիկայի և մոլորակագիտության սահմանագծերին վերաբերող տեսական հետազոտությունները։

Տեսական-ընդհանրական հետազոտությունների շարքում կարևոր տեղ է հատկացվում «К аксиоматике геологической науки» (1980) աշխատությունը, որտեղ նա տեսաբան-գիտնականների ուշադրությունն է հրավիրել երկրաբանության մեջ սահմանափակող չափանիշների մշակման անհրաժեշտության վրա, երկրաբանության դասական սկզբունքների կիրառման կարևորությունը հավանական-վիճակագրական և հարաբերական (ռելյատիվիստական) պատկերացումների հաշվով՝ ընդգծելով և հիմնավորելով թերմոդինամիկայի և մեխանիկայի մի քանի մասնավոր սկզբունքների կիրառման արդյունավետությունը։

Աշոտ Ասլանյանի կամ նրա ղեկավարությամբ կազմված երկրաբանական լուսանկարների և երկար տարիների երկրաբանական հետազոտությունների արդյունքները իրենց արտացոլումն են գտել երկրաբանորեն մասնագիտացված տարբեր մասշտաբի քարտեզների վրա։

Ակադեմիկոս Ասլանյանը անմիջականորեն մասնակցել է գործնականորեն հրատապ խնդիրների լուծմանը։ Նա ավելի քան 200 եզրակացություն է տվել երկրաբանական զանազան պայմաններում տարբեր ինժեներական կառույցների, ջրամբարների, գործարանների, ստորգետնյա գազապահեստների, բնակելի թաղամասերի կառուցման վերաբերյալ։

1975-1987 թթ. Աշոտ Ասլանյանը ՀՍՍՀ ԳԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենն է եղել։ Այդ տարիները բնութագրվում են ինստիտուտում հիմնարար հետազոտությունների ընդլայնմամբ, նոր բաժինների և լաբորատորիաների ստեղծմամբ, ՍՍՀՄ ԳԱ համապատասխան ինստիտուտների հետ ստեղծագործական կապերի ընդլայնմամբ։

Ինստիտուտում աշխատելու տարիները արդյունավետ են եղել ակադեմիկոս Ասլանյանի համար։ Նրա՝ ավելի քան 200 գիտական հոդվածների և 9 մենագրությունների մեծ մասը գրվել են հատկապես այդ ժամանակահատվածում։ 1954-1975 թթ. Աշոտ Ասլանյանը ղեկավար աշխատանքներ է կատարել պետական կառույցների համակարգում։ Հատկապես անհրաժեշտ է նշել նրա 11 տարիների աշխատանքը Երկրաբանական վարչությունում՝ սկզբում որպես գլխավոր ինժեներ, ապա՝ վարչության պետ։ Նրա ղեկավարությամբ զգալիորեն ամրապնդվել ու կատարելագործվել են երկրաբանական ծառայությունները հանրապետությունում։ Հաջողությամբ հետազոտվել են գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների հանքավայրերը, ոչ մետաղական հումքերը, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերը, զգալիորեն ընդլայնվել է երկրի հանքահումքային բազան։ Այդ տարիներին մանրամասնորեն ուսումնասիրվել են Սոթքի ոսկու, Ագարակի պղնձամոլիբդենային, Հրազդանի երկաթի հանքավայրերը, Ջերմուկի, Արզնու, Հանքավանի հանքային ջրերի հանքավայրերը։ Ա. Տ. Ասլանյանի անձնական նախաձեռնությամբ իրագործվեցին բենտոնիտների և պերլիտների հազվագյուտ հանքավայրերի հետախուզական աշխատանքները, որոնց հիմքի վրա հետագայում կառուցվեցին Իջևանի և Արագածի կոմբինատները։

Ակադեմիկոս Ա. Ասլանյանի գործունեության մյուս բնագավառը կապված է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ 1965 թ. նա նշանակվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ Նրա առաջարկությամբ ստեղծվում է ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը։ Նա կազմակերպել և ղեկավարել է սեյսմոտեկտոնիկայի պրոբլեմային լաբորատորիան՝ միաժամանակ ղեկավարելով ընդհանուր և տարածաշրջանային (ռեգիոնալ) երկրաբանության ամբիոնը։

Մեկ տարի անց Ա. Տ. Ասլանյանը նշանակվում է հանրապետության Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատությունների նախարար (1966-1975 թթ.): Պրոֆեսոր Ասլանյանը 40 տարի դասախոսել է նախ Երևանի պետական համալսարանում, այնուհետև՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Նրա ղեկավարությամբ գիտության 12 թեկնածուներ և դոկտորներ ատենախոսություններ են պաշտպանել՝ արժանանալով բարձր գնահատանքի։

Ակադեմիկոսը ակտիվ գործունեություն էր ծավալում միջազգային երկրաբանական կոնգրեսների, կոնֆերենցիաների, սիմպոզիումների աշխատանքներին՝ հայրենական գիտությունը արժանապատվորեն ներկայացնելով արտերկրում (Ֆրանսիա, ԳԴՀ, Չեխոսլովակիա, Բուլղարիա, Բելգիա, Դանիա, Իտալիա և այլուր)։ Նա մեծ հեղինակություն էր գիտնականների և արդյունաբերողների լայն շրջանակների համար։ Ա. Ասլանյանը Նյու Յորքի (ԱՄՆ) ակադեմիայի անդամ էր, Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, Անդրկովկասի՝ Չորրորդական ժամանակաշրջանի ուսումնասիրության՝ ՍՍՀՄ ԳԱ հանձնաժողովի նախագահը, Հայկական երկրաբանական ընկերության կազմակերպիչը և առաջին պրեզիդենտը։ Եղել է «ՀՍՍՀ ԳԱ Գիտություններ Երկրի մասին տեղեկագրի» պատասխանատու խմբագիրը։

կադեմիկոս Ասլանյանը պարգևատրվել է Գերմանիայի երկրաբանական ընկերության՝ Աբրահամ Վերների մեդալով, ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության՝ Սեմյոն Տյանշանսկու անվան մեդալով։

Ա. Ասլանյանի մարտական և աշխատանքային ձեռքբերումները արժանացել են Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով, Ժողովուրդների բարեկամության և բազմաթիվ այլ մեդալներով պարգևատրման։

Պրոֆեսոր Ասլանյանը մինչև կյանքի վերջին տարիները մասնակցել է դաշտային (երկրաբանական) աշխատանքներին՝ իր երիտասարդ գործակիցների հետ, օգնել է նրանց մասնագիտական խորհուրդներով։

Ակադեմիկոս Ասլանյանը լայն մտահորիզոնի, ֆենոմենալ հիշողության տեր մարդ էր, հիանալի գիտեր Հայաստանի պատմությունը, հնագիտությունը, գրականությունը։