Cover Image
close this bookՇահինյան Արտաշես Լիպարիտի (1906-1978)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
View the documentՆԱՄԱԿԱՆԻ
View the documentՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
View the documentՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentՖՈՏՈԱՐԽԻՎ

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն Հ Ո Դ Վ Ա Ծ Ն Ե Ր, Ե Լ ՈՒ Յ Թ Ն Ե Ր


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հայրենակիցնե՛ր, հեռու եզերքներում գտնվող հայորդիներ.

Նոր տարվա օրը կոկորդից հանված բառերով չէ, որ ուզում եմ ողջունել Ձեզ, այլ խոսքերով, որ խորքից են գալիս, խոսքերով, որ շաղախված են մեր հայրենիքի կարոտով, մայրենի լեզվի և մշակույթի քաղցրությամբ, մեր հիշատակներով, տառապանքներով և ափսոսանքով:
Մենք մեր վաղեմի մեծ հայրենիքի այս բեկորի վրա` այս միջնաբերդում, ապրում ենք, աշխատում. խաղաղ ենք հզոր պետության հովանու տակ: Մենք իրար տեսնելիս հարցնում ենք` «Ինչպես եք», և Լսում ենք`«Լավ ենք»: Փափագում ենք մեկ օր էլ Ձեզ հանդիպել մեր մայր հայրենիքում և ողջագուրվել Ձեզ հետ նույն կերպ:
Մենք համոզված ենք, որ երկրագնդի հեռավոր անկյուններում Դուք ունեք Ձեր մի կտոր հացը. աշխատասեր հայը քաղցած չի մնա երբեք. Այդ չէ խնդիրը:
Մենք զարմանալի ազգ ենք, մենք հին ենք, շատ հին, բայց ոչ երբեք ծեր: Ծերությունն է, որ կուշտ է միայն հացով. մենք ջահել ենք, դեռ շատ ջահել, որովհետև մեր հոգիները դեռևս վառվում են հույսերի, բաղձանքների, երազանքների անշեջ կրակով:
Պահպանեցե՛ք մեր մայրենի լեզուն և ուրա՛խ եղեք մեզանով, որովհետև մենք էլ անտարբեր չենք Ձեր բախտի նկատմամբ:
Շնորհավոր Ձեր Նոր տարին, թող իրականանան մեր փափագները:

1968 թ.
Ա. Շահինյանի անձնական արխիվից, հաղորդվել է ռադիոյով:


ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 50 ԱՄՅԱԿԻՆ

Մենք նշում ենք մեր ժողովրդի կյանքում և համամարդկային պատմության մեջ մեծագույն ողբերգություններից մեկի` Մեծ եղեռնի տարեդարձը: 50 տարի առաջ մոլեռանդ տաճիկ ամբոխի կողմից, գազանաբարո կառավարության առաջնորդությամբ, մի ամբողջ ժողովուրդ կազմակերպված կերպով կտրվեց իր վաղեմի հայրենիքից, գազաններին հատուկ վայրագությամբ հոշոտվեց իր տան շեմին և դեպի անապատները գնացող քարավանների ճամփաներին:
Մահվանից առաջ բռնաբարվեց, տրորվեց, ծաղրուծանակի ենթարկվեց միլիոնավոր զոհերի հոգին, հավատը, արժանապատվությունը:
Իմ սերնդի գիտակցական կյանքի առաջին ծիլերը բացվեցին, երբ Կովկաս էին ներխուժում մահահալած գաղթականների խուռներամ բազմությունները: Մեր աչքերը տեսել են սովալլուկ և մահադեմ մուրացկանների անվերջ շարանները, եկեղեցիների բակերում և պատերի տակ մահացող և մահացած ծնողների կրծքերին թլկտացող երեխաներին, սայլերի վրա դիզված դիակները` աշխարհին հառած իրենց բաց բիբերով: Նրանց աճյունները առհավետ ամփոփված են մեր հոգու մեջ:
Մեր վաղեմի հայրենիքի այս բեկորի վրա ծվարած փրկվեց մեր ժողովրդի մի փոքր հատվածը: Միայն մեր ժողովրդին հատուկ մրջնային համառությամբ և ստեղծագործ ավյունով ստեղծեցինք հրաշագեղ ավաններ ու քաղաքներ, քար ու մոխիրից կառուցեցինք նազելի և վարդագեղ շենքեր: Մեծահոգի ռուս ժողովրդի լավագույն զավակների օգնությամբ ստեղծեցինք մեր մտավորականությունը, մեր գործերով շեփորեցինք աշխարհին հայ ժողովրդի կենսահաստատ ուժի և հանճարի մասին:
Բարբարոսները շատ կգան ու կանցնեն անհետ.
արքայական մեր խոսքը կմնա հավետ:
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման
Որպես փյունիկ, կրակից կելնես
նոր գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
կանգն՛իր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն:
Անցած տարիներին մենք ստեղծեցինք հայի շնչով և քրտինքով մի ծաղկած հայրենիք, սակայն մեծ եղեռնից հողմահալած մեր եղբայրները դեռևս թափառում են օտար երկնքների տակ:
Մեր պարտքն է, մեր մտավորականների պարտքը, էլ ավելի ծաղկեցնել մեր երկիրը: Այս փոքրիկ երկրի ընդերքից ելնող բազմազան արժեքավոր հումքի վրա ստեղծել մշակող ձեռնարկություններ ու գործ ոչ միայն այստեղ եղած հայի համար, այլև դրսում եղած հայի համար, որին ուծացման ահռելի վտանգն է սպասում:
Մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը` Րաֆֆին, իր հայրենասեր հոգու հրաբխային որոտմունքով ասում էր «Արդյոք գալու է մի օր ժամանակ, տեսնել Մասսյաց գլխին դրոշակ և ամեն կողմից պանդուխտ հայ ազգիք դիմեն դեպ յուրանց սիրած հայրենիք»: Այդ ժամանակները եկել են, մեր մեծագույն և ազնվագույն պարտքն է ամեն կերպ օժանդակել այդ պրոցեսին:
Հիսուն տարի է անցել, սակայն քանի դեռ օտար երկնքների տակ թափառում է հայը, հանգիստ չեն մեր մեռելները, մեր սուրբ նահատակ Սիամանթոն ասել է`
«Հայրե~նի տուն, հավատա որ մահես հետո
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Պիտի գա, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դժբախտ երգն ու արցունքը լալու…:

Բայց ո~վ պիտի բերե, ո~վ պիտի բերե, ըսե,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահուանս օրը, իմ տրտում դագաղիս մէջ,
Հայրենիքս երգողի իմ աճիւնին խառնելու…

Ափ մը մոխի~ր աճիւնիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխիր քու մոխիրեդ, ո~վ պիտի բերե,
Քու հիշատակե՛դ, քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…: »
Միայն անցյալի պատմությունը ուսումնասիրելով և նրանից դաս քաղելով, մեր Մայր հայրենիքում աշխարհաշեն գործերով և գալիքին ուղղված իղձերը մեր և մեր սերունդների մեջ վառ պահելով է, որ մեր մեռելները հանգիստ կառնեն:
Ես չեմ խոսում գալիքին ուղղված մեր իղձերին, որոնք մշտավառ կրակով կիզում են մեր հոգիները: Մշտապես հիշենք, որ մեր վաղեմի հայրենիքի այս բեկորը հայի վերջին միջնաբերդն է, թող այդ միտքը միշտ չափավորի տաք գլուխների լեզուն և գործը:
Մտքիս աշխարհը և հոգիս, հավատով հառած արդար գալիքին, կրկնումեն մեր մեծ նահատակ Սիամանթոյի խոսքերը.
«Արդարության առավոտը դաժանորեն հեռու է և իդեալներիս աստեղածովն անհատակ»:

Ա. Շահինյանի անձնական արխիվից, այս խոսքը պետք է հրապարակված լինի Հայաստանի, կամ Սփյուռքի թերթերից մեկում:


ԵԼՈՒՅԹ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Ամեն ինչ ծնվում է, ապրում ու մեռնում. գաղափարներ, ճաշակ, կրոն…, բայց հին է, ինչպես ինքը` մարդկությունը, հայրենիքի և հայրենասիրության գաղափարը: Գուցե թե գա ժամանակ, որ այդ գաղափարն էլ թառամի, փոխարինվի նոր հասկացողություններով…, սակայն այսօր սիրենք և պատվաստենք այն, ինչին պարտական ենք մարդկանց լավագույն ստեղծագործություններով, լինի դա արվեստի կոթող, երգ, բանաստեղծություն, հերոսություն, ճարտարապետական հուշարձան, բանահյուսություն, էպոս:
Հայրենասիրությունը պատասխանատվությունն է սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ:
Հազարամյակներ շարունակ մենք ունեինք մի մեծ հայրենիք, ուր մեր ժրաջան և աշխատասեր ժողովուրդը մշակում էր հայրենի հողը, ստեղծում դարեր ապրող հուշարձաններ, ստեղծում հոգևոր մշակույթ:
Ճակատագրի բերումով, մեզանից քանակով գերազանց, մոլեռանդ և տմարդի հորդաները ներխուժեցին մեր երկիրը: Դարեր տևող, մեզ արյունաքամ անող մաքառումներից հետո մեր ժողովրդի մեծագույն հատվածը արմատախիլ արվեց, ոչնչացվեց կամ հողմացրիվ տարածվեց աշխարհով մեկ:
Հաղթանակները թուլացնում են ազգերին, իսկ պարտությունները ամրացնում նրանց: Գուցե թե դա առհասարակ ճիշտ չէ, սակայն մեր ժողովրդի պարտությունները հաստատում են այդ:
Ծվարած մեր վաղեմի հայրենիքի մի բեկորի վրա` մենք ծաղկեցրինք մեր այս քարքարոտ, սակայն քաղցր երկիրը:
Տարագիր մեր եղբայրներից շատերը վերադարձան այս ծավալով ոչ մեծ, Արարատի երկիրը և նրա ստորոտին տեղավորեցին նոր Զեյթունը, Մալաթիան, Արեշը… ` որպես նշխարներ իրենց կորցրած հայրենիքի:
Սակայն դեռևս դեգերում է օտարության մեջ նախկին հայ շինականը. նրա ձայնը լսում ենք մենք ամեն կողմից:
Ամենուր արցունքով է դիմավորում և արցունքով ճանապարհ դնում նա հայ զբոսաշրջիկին:
Մեր երկրում արվում է առավելագույնը տարագիր հային իր երկրում տեղավորելու համար:
Մեր ժողովրդի արևմտահայ հատվածը ստեղծել է մեր էպոսը, հոյակապ նրբերանգ բանաստեղծություն, հարուստ բանահյուսություն:
Ցավոք սրտի, մեր դպրոցներում շատ քիչ են տեղ գտել արևմտահայ բանաստեղծության գոհարները:
Մենք մտածեցինք այսօր լսել Դանիել Վարուժանի «Հացին երգը»` նվիրված հայ շինականի աշխատանքին, արդար վաստակին և ազնիվ ուրախություններին:
Միաժամանակ ես խնդրեցի իմ հարգելի բարեկամ` շատախցի Հայրիկ Մուրադյանին պատանեկության տարիներից իր հոգում և մտքում պահպանված երգերով ջերմացնի մեր այս հավաքույթը:

1965 թ.
Ա. Շահինյանի անձնական արխիվից, այս խոսքը պատրաստվել է Հայ մշակույթի ակումբի համար:


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ

Ամեն մի ժողովուրդ ունենում է զավակներ, որոնց մեծարումը վկայում է, թե այդ ժողովուրդը հարգում է ինքն իրեն և ուրեմն` ընդունակ է հարգել նաև ուրիշներին, արժանապատվորեն:
Այդպիսիներից է ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Սարյանի վրձինը նվիրված է արևելքի պատկերմանը և առավելապես հայի հայրենիքի և նրա մարդկանց պատկերմանը:
…Պայծառ լույս և կապույտին տվող ստվերներ…, կիզիչ անապատներ, արևածեփ լեռներ, անդունդների վրա, լեռնային ծերպերից կախված ծառեր, որ այնքան զարմանալիորեն հիշեցնում են մեր ժողովրդին փոթորկածեծ…, հողագործի օրհնյալ աշխատանք…, հազարամյա մատուռներ և վանքեր` հպարտ և անպաճույճ վկաները մեր շինարար հանճարի և խաղաղասեր ոգու…
Վերջապես մեր մշտնջենական Մասիսը և Արագածը, որոնց այնքա~ն շատ ավանդույթներ, երգեր , բանաստեղծություններ է նվիրել հայը:
Դա է նկարել Սարյանը, նկարել մեր հայրերի և մեր սիրեցյալ հայրենիքը:
Եվ մեր այսօրն է նկարել նա… խաղաղ դաշտեր, պտղատու այգիներ… ազնիվ աշխատանքով անհանգիստ մարդկանց… սաղարթներից մեր վրա ծորող լույսը…, պտուղներ, ծաղիկներ և բոսորագույն կակաչներ` նման մեր կամքին, իղձերին, հավատին:
Նա նկարել է այն ամենը, ինչ այնքան քաղցր է դարձնում կյանքը և սիրելի հայրենիքը:
Սարյանը չի նմանվում. նա նման է միայն ինքն իրեն:
Մեծ վարպետի արվեստը ազգային է և ինքնատիպ: Միաժամանակ այն, իր ազնիվ բովանդակությամբ, մարդկային է և մատչելի ու սիրելի բոլորին:
Մարտիրոս Սարյանը որպես քաղաքացի ևս արժանի է իր ժողովրդին: Նա ապրել է իր հայրենիքի վշտերով և այսօր էլ ապրում է մեր ուրախություններով:
Սարյանը ապրում է այն սիրով և իղձերով, որ ամեն մի ազնիվ հայի հոգու մեջ է մտած մոր կաթի հետ, և դուրս կգա վերջին շնչի հետ:
Մեծ վարպետի ծննդյան 90-րդ տարեդարձի օրը ցանկանանք նրան առողջ և երկար կյանք և շնորհակալ լինենք նրանից իր պայծառ արվեստի համար, որ այնքան ազնիվ հուզմունքներ է առաջ բերում մեր մեջ: Միաժամանակ շնորհակալ լինենք նրանից, որ իր գոյությամբ նա կրկին ամրացնում է մեր հավատը, որ հազարամյակները չեն չորացրել հայ ժողովրդի արգանդը…, որ կան և էլի պիտի գան:
Եվ դա այդպես է. այդ է վկայում մեր տաղանդավոր նկարիչների նոր սերունդը:

24.02.70 թ., Երևան
Ա. Շահինյանի անձնական արխիվից, այս խոսքը ժամանակին տպագրվել է մամուլում:


ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

1973 ԹՎԱԿԱՆ

Երևանից մեկնեցինք սեպտեմբերի 26-ին` կեսգիշերին, Տու-134 ինքնաթիռով: Գիշերվա ժամը երկուսին հասանք Օդեսա: Գիշերեցինք «Ինտուրիստ. հյուրանոցում: Առավոտյան իրերը հանձնեցինք նավահանգստի պահեստ: Սեպտեմբերի 27-ից 28-ի գիշերը անցկացրինք «Լատվիա» նավում: Առավոտյան ստացանք իրերը և վերջնականապես տեղավորվեցինք նավում` 312 նավախցիկում: Նավում մեր հարևաններն են` Վիկտոր Ասլանովիչը և նրա կինը` Ռոզա Արամովնան: Առավոտյան ժամը տասին նավը շարժվեց դեպի Պոլիս: Մոռացա ասել, որ 28-ի վաղ առավոտյան անցանք մաքսատնից:
Ամբողջ օրը նավարկելով` առավոտյան ժամը յոթին հասանք Բոսֆորի նեղուց:
Սեպտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին ալեկոծություն է, իսկ իմ առողջական վիճակը` վատ:
29-ի վաղ առավոտյան երևացին Պոլիսը ծովից, նոր կամուրջը, ամառանոցները: Երևացին մարդիկ` թուրքեր: Ինչպիսի մտքեր է ալեկոծում այս քաղաքը` մոռացություն, խորհրդածություններ աշխարհով մեկ ցրված մեր ժողովրդի մասին, դերասանուհի Սիրանույշ, մտորումներ` Գերցենի գերեզմանը այցելելու հետ կապված….:
Վերջապես սեպտեմբերի 29-ի երեկոյան վեցին անցանք Դարդանելի նեղուցը. Չանաք-Կալե և Դարդանելի վերջը:
Այս երկու օրվա ընթացքում անցանք ափեր, որոնք մռայլ հիշողություններ արթնացրին մեջս: Դրանք իմ սերնդի գիտակցական կյանքի առաջին տպավորություններն էին` կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ, երբ մեր աջքի առաջ հայ ժողովուրդը արմատախիլ էր արվում իր հազարամյակների հայրենիքից:
Անհավասար գոտեմարտում թողնելով իր հայրենի հողը` ծածկված սուրբ հիշատակներով և իր հանճարի ստեղծագործություններո`, մեր ժողովրդի վերջին բեկորները պատսպարվեցին մեր վաղեմի ընդարձակ հայրենիքի մի բեկորի վրա` Արարատի երկրում:
Վերջին հիսուն տարիներին մեծ մաքառումով ձեռք բերվածը այսօր ամենաթանկն է մեր ժողովրդի համար:
Բնական է, որ մեր համակրանքը բոլոր փոքր ժողովուրդների կողմն է, որոնք պայքարում են իրենց ազատության, անկախության և միասնականության համար:
Այդպիսի մի ժողովուրդ է նաև Կիպրոսի ժողովուրդը, որին հայտնում ենք մեր համակրանքը Կիպրոս այցելելու առիթով: Թող կեցցե~ Կիպրոսի ազատատենչ ժողովուրդը:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վերջին մի քանի տարում շատ է խոսվել մեր դպրոցի մասին: Շատ ելույթներ են եղել մամուլում դասավանդման ծրագրերի, ընդունակ, տաղանդավոր երեխաներին ժամանակին ճանաչելու, ընտրելու և դաստիարակելու մասին: Եղել են նաև դպրոցի մասին կազմակերպչական որոշումներ գիշերային ուսուցման, գիշերօթիկ դպրոցների և մասնագիտացված դպրոցների և դասարանների վերաբերյալ:
Ո՞րն է պատճառը դպրոցի նկատմամբ այս լարված ուշադրության:
Նախ` պատերազմի տարիներին ազգերի մեծ ճիգերը` ուղղված հաղթանակի գործին, խթանեցին մի շարք տեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը. Ֆիզիկան` իր բազմաթիվ ուղղություններով, նյութի կառույցը, մետաղաֆիզիկան, ատոմային էներգետիկան, ռադիո-էլեկտրոնիկան, ավտոմատիկան, ուլտրաձայնային տեխնիկան և այլն:
Ապա` հետպատերազմյան տարիներին այդ բոլորը խորացվեց և առաջացան ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի նորանոր ուղղություններ: Արբանյակների արձակումը և միջմոլորակային թռիչքների իրականացումը խթանեցին բազմաթիվ տեխնիկական և գիտական խնդիրների լուծումը. ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, առանց որոնց անհնարին էր այդ վիթխարի խնդիրներից շատերի լուծումը:
Այդ բոլորը, որպես որակ, մի մեծագույն տեխնիկական հեղաշրջում էր: Այժմ էլ այդ բոլոր հետազոտությունները ընդարձակվում են ահռելի տեմպերով:
Տեխնիկական համակարգերի զարգացման տեմպերը նոր հարցադրումներ առաջացրին նաև կենսաբանությունում, երկար էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների մշակած և բարձր կատարելության հասած օրգանները և նրանց ֆունկցիաները այսօր ուսումնասիրվում են որպես նախատիպեր տեխնիկական համակարգերի համար: Եվ այդ բոլորը մի 25 տարում:
Գիտության և տեխնիկայի ընդարձակվող ճակատը և բարձր տեմպերը հրամայական պահանջ են դնում մեծ քանակությամբ բարձր որակի ստեղծագործող և կատարող կադրեր պատրաստելու ուղղությամբ:
Մի պահ ևս կա, որը խորացնում է ստեղծագործ կադրերի քաղցը: Մի երկու խոսք դրա մասին:
Գիտությունը և տեխնիկան սպասարկվում են երեք տեսակի աշխատողներով:
Մեծ տաղանդի տեր մարդիկ, որոնք ստեղծում են բոլորովին նոր ուղղություններ և առաջ քաշում հարցեր, որոնցով որոշվում է գիտության և տեխնիկայի զարգացումը երկար տարիների համար: Նորբերտ Վիները տվեց հաշվող և ղեկավարող մեքենաների գաղափարը, Վիկտոր Համբարձումյանը առաջ քաշեց տիեզերքի զարգացման վերաբերյալ միանգամայն նոր հարցադրումներ և այլն: Այդպիսի օրինակներ կարելի է էլի բերել, սակայն սահմանափակվենք այս երկուսով:
Ահա հարկավոր են բարձր ընդունակության աշխատասեր և համառ աշխատողներ, որոնք պետք է խորացնեն և կատարելության հասցնեն կամ տեխնիկապես իրականացնեն այդ գաղափարները:
Եվ, վերջապես, հարկավոր են գրագետ և խելոք կատարողներ, որոնք պետք է հղկեն և նյութապես իրականացնեն այդ գաղափարները:
Առաջին տեսակի աշխատողների քանակը համեմատաբար քիչ է. ժամանակին երկրորդ տեսակի աշխատողներով նրանց շրջապատելը կարևորագույն խնդիր է:
Ստեկլով, Կելդիշ, Լավրենտև, Սոբոլև և Պետրովսկի – ուժեղ ստեղծագործող դեմքեր են ժամանակակից մաթեմատիկայում, և նրանց լավագույն աշակերտների թիվը երբեմն մեկ ձեռքի մատներով կարելի է հաշվել:
Հարց է, թե ինչպե՞ս արագացնել ժողովրդի ընդերքից առաջին և երկրորդ տեսակի մարդկանց հայտնությունը, ապահովել ժամանակին և որակով նրանց հետագա աճը:
Ահա մամուլում («Իզվեստիա», «Պրավդա») մաթեմատիկոսներ Լավրենտևի, Վեկուաի, Պետրովսկու, Ալեքսանդրովի և այլոց ելույթները այդ նպատակն են հետապնդում:
Այդ հեղինակների առաջարկները խարսխվում են մասամբ իրական որոշ հանգամանքների հետ կապված շտապողականության վրա, որի մասին կասեմ հիմա, և մասամբ էլ այն բանի վրա, որ մեր դպրոցը իր ներկա վիճակով հավանաբար կդժվարանա բավարարել առաջադրվող պահանջները:
Շտապողականությունը կապված է հետևյալ հանգամանքի հետ:
Վերջին 20-25 տարին տեխնիկայում և գիտության մեջ ստեղծված միջոցները, օրինակ, հաշվիչ մեքենաները, ռադիոէլեկտրոնիկան, ֆիզիկայի բազմաթիվ նվաճումները, որոնք սկզբում կոչված էին որոշ սահմանափակ և կոնկրետ խնդիրներ լուծելու համար, ծնունդ առնելուց հետո, իրենց ներքին տրամաբանությամբ զարգանալով և ինքնուրույն գոյություն ստանալով, մուտք են գործում այլ բնագավառներ ևս և հեղափոխիչ դեր կատարում նյութական արտադրության մեջ, գիտական հետազոտություններում և նաև սոցիալական կյանքում:
Որպես օրինակ բերեմ հաշվիչ և ղեկավարող մեքենաների դերը: Նրանք ուղղակի անհրաժեշտ էին, և առանց նրանց սկզբունքորեն անհնար էր արբանյակների արձակումը: Բայց այսօր, սկսելով այդպիսի մեքենաների արտադրությունը և զգալով, որ սկզբունքորեն նրանք կոչված են հեղաշրջելու ողջ մեխանիկան, մենք դեռևս չունենք բավարար չափով պատրաստված կադրեր, որոնք լիովին կզգան դրանց դերը և կկարողանան դրանք ներդնել իրենց մասնագիտական բնագավառներում: Այդ մեքենաները մեր իրականության մեջ դեռ չեն գտել իրենց կիառության բոլոր ասպարեզները և իրենց մատուցած սակավաթիվ խնդիրները լուծում են արագորեն և զգում են ու զգալու են տևական քաղց, մինչև մեր միջնակարգ և բարձրագույն դպրոցի ջանքերով կպատրաստվի մի սերունդ, որը կկարողանա լրիվ չափով սնել և օգտագործել նրանց:
Ահա նոր տեխնիկայի այդ բնույթը և նրանով պայմանավորված քաղցը կադրերի նկատմամբ, որը ևս վերը հիշատակված հոդվածների մեջ արված առաջարկներում եղած շտապողականության պատճառներից մեկն է:
Ա. Շահինյանի անձնական արխիվից, նրա ունեցած ելույթներից:


ՎՐՈՒՅՐ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Վրույր Խաչատուրի Թորգոմյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից է:
Ավարտելով համալսարանը 1929 թվականին` Վ. Թորգոմյանը մնում է աշխատելու համալսարանի ֆիզիկամաթեմատիկական և միաժամանակ տեխնիկական ֆակուլտետներում, ուր և շարունակում է աշխատել մինչև այսօր: Թորգոմյանը տաղանդավոր դասախոս է` բացառիկ մանկավարժական տակտով: Նրա վաստակը շատ մեծ է մեր տեխնիկական մտավորականության դաստիարակման գործում:
Մեզ բոլորիս հայտնի, է թե որքան մեծ է ուսանողի կյանքում ուսման առաջին երկու տարիների աշխատանքը:
Այդտեղ է, որ մեր երիտասարդությունը ծանոթանում է միանգամայն նոր գիտական դասընթացների և սովորում է մտածել ու աշխատել բոլորովին նոր մեթոդներով, քան միջնակարգ դպրոցում: Վ.Թորգոմյանը սովորեցրել և դաստիարակել է մի քանի տասնյակ այդպիսի սերունդներ:
Նրա բնական համեստությունը և միևնույն ժամանակ խստությունը իր անձի նկատմամբ և մյուս կողմից` սկզբունքայնությունը և արդարամտությունը ուրիշների նկատմամբ դաստիարակող մեծ դեր է ունեցել բոլոր նրանց համար, ովքեր շփվել են նրա հետ: Այդ պատճառով Թորգոմյանը եղել է ոչ միայն լավ դասախոս, այլև լավ դաստիարակ:
Թորգոմյանը ունի իր վաստակը նաև Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի կազմավորման գործում:
Նա է առաջին անգամ ֆակուլտետում կարդացել Լոբաչևսկու երկրաչափության և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների դասընթացները:
Շնորհավորելով մեր բարձրագույն դպրոցի անխոնջ աշխատավոր Վրույր Թորգոմյանին նրա հոբելյանի առթիվ` Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի աշխատողները ցանկանում են նրան առողջություն և հաջողություն իր ազնիվ և շնորհակալ աշխատանքում:

26 հունվարի 1956 թ.
Վ. Թորգոմյանը մինչև անցած դարի 70-ական թվականների կեսերը Պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչն էր` համբավավոր դասախոս:


Ա. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԻՐ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ` ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իր կյանքի ընթացքում ամեն մարդ պետք է ձեռք բերի որոշ չափով իմաստություն և ողջախոհություն, որ չշալակի իր փառասիրությունը, սնափառությունը և բարձրանա բեմ: Ես կտրականապես դիմադրում էի այս ծիսակատարությանը, բայց ընկերները շատ համոզեցին, որ անհրաժեշտ է գալ: Մտածեցի` եթե ինձ շատ հարկավոր չէ այս, գուցե, առհասարակ, ուրիշ իմաստով պետք է: Դրա համար ուզում եմ մի քանի խոսք ասել, որովհետև եթե սուս ու փուս այստեղից գնամ, դուրս կգա, թե բոլոր ծափերը ինձ են վերաբերում և դրանք կառնեմ ու կգնամ տուն: Խոսքս սկսեմ մի քանի հարցադրումներով:
Վերջ ի վերջո սերունդները գալիս և գնում են, և միշտ հետաքրքիր է, թե ո՞ր սերունդը եկավ, ի՞նչպես եկավ աշխարհ, ի՞նչ իղձերով, ի՞նչ իրականության մեջ և գնալով ի՞նչ է թողնում: Եթե պատահի, որ կրկնեմ որոշ բաներ, որոնց մասին ես այստեղ երբևէ խոսել եմ, թող ինձ ներվի Հռոմի ծերակույտում էլ Կատոնը ամեն անգամ իր ելույթները սկսում էր նրանով, թե Կարթագենը պետք է կործանվի, և վերջացնում էր ելույթները դրանով: Այնպես որ եթե ես կրկնեմ, ոչինչ, մանավանդ կան բաներ, որոնք շատ կրկնելը օգտակար է: Ես 1916 թվականին մտա գիմնազիա և, շատ հետաքրքիր է, բախտի բերումով, (քիչ առաջ ելույթ ունեցող ակադեմիկոս) Ճողոշվիլու (ակադեմիկոս Գ.Ս. Ճողոշվիլի, Թբիլիսիի Պետական համալսարանի ռեկտոր. հիշեցումը կազմողի ) հորեղբայրն էր գիմնազիայի դիրեկտորը, Վրաստանից: Ի՞նչ վիճակ էր այն ժամանակ: Մեր երկրի ավերակների վրա մենք եկանք աշխարհ և աչքերս բացեցինք այն ժամանակ, երբ գաղթականությունն էր այստեղ լցված, համաճարակներ էին, և այստեղ ընկերներից շատերը, որ նստած են իմ դիմաց` ալեհեր մազերով, պատանիներ և մանուկներ էին դեռ: Բայց այդ ավերակների մեջ մենք դեռ ունեինք դպրոց, որը ավերված չէր, որը գրավականն էր այն բանի, որ հայ ժողովուրդը պետք է ապրի: Այդ դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Եղիշեին սիրենք` «ոսկեգրքույն Եղիշեին քաջ առաջնորդ քեզ ընտրիր», սովորեցնում էին Խորենացուն սիրել, որովհետև հայ ժողովուրդը միշտ` իր կյանքի նավաբեկման տարիներին, ապրել է` կառչելով իր մատյաններին: Ուրիշ բացատրություն ես չեմ կարողանում գտնել մեր ժողովրդի ապրելու պատճառների, թե այդ ի՞նչպես է եղել, որ ապրել ենք, որովհետև չափազանց շատ ազգեր եկել ու գնացել են, իսկ մեր ժողովուրդը մնացել է, ինչու՞ է մնացել, որովհետև նա ուներ այդ մատյանները, ուներ Եղիշե, ուներ Խորենացի, ուներ Նարեկացի: Այդ մատյանները այն բեկորներն էին, որոնք ծովի մեջ խեղդվող ժողովուրդը բռնում էր և փրկվում, այլապես ֆիզիկական ոչնչացման եզրին հասած ծողովուրդը տարօրինակ է, թե ինչպես է մնացել: Շատ ազգեր հիմա հրապարակից դուրս են եկել, ճիշտ է` քանակապես դեռ ինչ-որ տեղեր կան, բայց նրանց մասին ես միայն այն գիտեմ, որ, օրինակ, Լենինգրադում կամ Մոսկվայում այդ ազգերը, որ ժամանակին ահռելի դեր են կատարել, ամբողջ աշխարհը իրենց սմբակների տակ, իրենց զենքով տրորել և անցել են, նրանց ներկայացուցիչները այսօր կոշիկ մաքրողներ են: Իսկ ինչպե՞ս է, որ մեր ժողովուրդը մնացել է: Մնացել է շնորհիվ նրա, որ այդ ազգերի մոտ մշակույթը, գրականությունը, երաժշտությունը, ամեն ինչ եղել է քրմերի ձեռքը, եկեղեցիների ձեռքը, մասսայականություն չի ունեցել, ժողովուրդը մասնակից չի եղել այդ բոլորին, իսկ հայ ժողովուրդը ամեն մի ժամանակաշրջանում ունեցել է իր դպրոցը, թեկուզ փոքրիկ, ծվարած մի որևիցե խցիկում` այդ դպրոցը եղել է, մարդիկ հաղորդակից են դարձել անցյալի մշակույթին` և՛ իրենց, և՛ ուրիշ ժողովուրդների, և շնորհիվ դրա ապրել են, ամենամութ օրերին նրանք կառչած են եղել այդ արժեքներին: Ես անձնապես հիշում եմ տատիս: Նա շատ կիսատ-պռատ կրթություն ունեցող մի կին է եղել` խափանեի (հավանաբար հոգևորական ուսուցիչ. կազմողի կողմից) մոտ ստացած, բայց ես հիշում եմ, մինչև հիմա աչքերիս առաջ է, թե նա ինչպես էր Նարեկը կարդում, և արցունքները ծորում էին երեսն ի վար: Ահա շնորհիվ դրա ապրել է մեր ժողովուրդը: Այսօր ուրիշ դարաշրջանում ենք ապրում: Իհարկե, մենք չենք կարող սահմանափակվել այդ անցյալով միայն, որովհետև այսօր մենք ուզում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ, ուզում ենք մրցության մեջ մտնել մեծ ազգերի հետ, որոնք հարյուրամյակների մշակութային կյանք ունեն, ստեղծել են հսկայական արդյունաբերություն, ստեղծել են գիտություն, և հիմա մենք այսպես դուրս ենք գալիս, ուզում ենք նրանց հետ մրցավազքի մեջ մտնել: Իհարկե, այսօր մենք չենք կարող ամբողջապես այդ հնին միայն կառչած մնալ, բայց ես հիմա, վերջում, կասեմ, որ այդ հինը չի հնացել դեռ: Այսօր հարկավոր է նոր բան, նոր տեխնիկա է հարկավոր, գիտության նոր ճյուղեր են հարկավոր: Ահա, գուցե այդ պատճառով, այսօր, գիտակցորեն թե անգիտակցաբար, այստեղ հավաքվել ենք և մաթեմատիկայի մասին ենք խոսում, որովհետև դա ժամանակակից գիտության ճյուղերից է, որը այս րոպեիս հարկավոր է տարբեր բնագավառներում, նույնիսկ մենք հիմա ճշգրտորեն չենք կարող ասել, թե ո՞ր բնագավառում, ի՞նչ չափով է հարկավոր, բայց փաստն այն է, որ ամեն տեղ հիմա մաթեմատիկան կիրառվում է և՛ տեխնիկական գիտություններում և՛ բնական գիտություններում, և պետք է, որ այն հետզհետե տարածվի, պետք է, որ որակյալ և հիմնավոր աշխատանք կատարվի այդ ուղղությամբ: Ճիշտ է, մենք փոքր ժողովուրդ ենք, շատ խանդոտ ենք վերաբերվում ամեն մի բանի, որ մենք ստանում ենք, տեսնում ենք, ունենք: Փոքր ժողովուրդները ապրել են ուզում, և այդ ապրելու ցանկությունն է, որ ստիպում է խանդով վերաբերվել ամեն ինչին, որ երբ մեր իրականության մեջ մի բան ծաղկում է, ծլում է, բոլորս խանդոտ ենք վերաբերվում, ինչպես ծաղկի արմատներին հող ենք լցնում` ուզում ենք ապրի, և այդ զգացմունքով ապրում ենք: Ռուսաստանը շատ մեծ է, այնտեղ այսպիսի վերաբերմունք չկա մի անհատի հանդեպ, ինչպես այստեղ ինձ հետ եք հիմա այսպիսի բան անում: Բայց պետք է ասել, որ այս րոպեիս չափազանց արագ թափով արտասահմանում և մեզ մոտ էլ սկսվել է ահռելի մի մրցություն գիտության տարբեր ճյուղերի զարգացման ուղղությամբ: Նոր ճյուղեր են առաջ գալիս, և այն, ինչ որ մենք արել ենք, միայն վկայական է, որ մենք ընդունակություն ունենք և կարող ենք դուրս գալ մրցության, բայց դա դեռ չի ասում, որ մենք արդեն հավասարվել ենք և բոլորի հետ համընթաց քայլում ենք, դեռ շատ շուտ է, չարժե, որ մենք պարծենալ սկսենք և պետք է մտածենք մի բանի մասին, որ փոքր ազգերը ոչ թե ֆիզիկապես, այլ եթե, ըստ էությա, ապրել են ուզում, պետք է շատ ավելի աշխատեն, որովհետև հիմա ժամանակն այնպիսին է, որ մշակույթը ամբողջապես, և այդ մշակութային մրցավազքը ճնշում է: Բայց մենք, ճիշտն ասած, ուզում ենք հայ մնալ, դուրեկան է մեզ: Ոչ ոքից պակաս չենք: Ես, մասնավորապես, շատ եմ սիրում “Вниз по Волге реке”, “Ревела буря, лес шумел”, Երմակի երգը, “Калинушка”-ն շատ եմ սիրում, բայց ես սիրում եմ նաև հայկական “Անտունիները”, շատ եմ սիրում, “Մոկաց Միրզան” սիրում եմ մեր ժողովրդական երգերը և ժմեք պետք է որ պահպանեն այդ ամենը: Մենք էս րոպեիս մի ֆուտբոլի թիմի համար ահագին պայքար ենք տանում, որ այդ ֆուտբոլի թիմը մրցի մի ուրիշ ֆուտբոլի թիմի հետ և ինչքան որ հանրապետություններ կան այդքան էլ ֆուդբոլի թիմեր կան: Լավ, մի ազգը մի՞թե մի ֆուտբոլի թիմ չարժե, մի՞թե այդ մրցության մի օջախը, որը ազգությունն է ներկայացնում էս րոպեիս ոչինչ չարժե: Ազգային հարցը հեղափոխության սկզբից լուծվեց: Մենք բոլորս այդ սոցիալական հեղաշրջումից հետո դառանք գաղափարակից ազգեր, բոլորս մի ընդհանուր գաղափարի ենք ծառայում, բոլորս նույն գործին ենք լծված և նյութական կյանքով է մեր կյանքը ձուլված, իսկ ազգային մեր դիմանկարը ոչնչով ոչ թե չի խանգարում դրան այլ շատ օգտակար է: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր հարևանները շատ մեծ թվով մարդիք են ուղարկում մաթեմատիկա սովորելու և էնտեղի մաթեմատիկան սկսել է զարգանալ, կան արդեն մասնագետներ, մի քանի տարի առաջ էդպես չէր, բայց հիմա շատացել են: Մեր եղբայրները` վրացիները շատ են այդ բնագավառում արել, շատ մարդիք ունեն և մեզ համար նախանձելի օրինակ է, որ մենք էլ շատացնենք: Առաջին քայլերը, որ մեզ մոտ կատարվեցին, վկայում են այն մասին, որ ժողովուրդը ընդունակ է և իսկապես կարող է այդ անել, մեծ աշխատանքը հիմա է սկսվում: Վիկտոր Համբարձումյանի նման տաղանդավոր մարդիք դրանք ժողովրդի դրոշակակիրներն են և ցույց են տալիս թե ժողովրդի կարողությունը ինչ աստիճանի է: Բայց միայն Վիկտոր Համբարձումյանով չի կարող գիտությունը մնալ: Այսօր նա կա, բայց կանցնեն տարիներ և սա ափսոսանքով եմ ասում, նա չի լինի և նրան պետք է հաջորդեն ուրիշները, դրա համար գիտությունը հարկավոր է մի քիչ լայնորեն ծավալել և երիտասարդությանը լայն խմբերով ուղարկել սովորելու, որպեսզի մեր ժողովուրդը հետ չմնա: Իսկ ինտերնացիոնալիզմի տեսակետից, պետք է ասել, որ մեր ժողովուրդը ինտերնացիոնալիստ է բնականից: Ես այդ հարցի մասին չէի ուզում խոսել, բայց որովհետև տարիներ շարունակ սովորել ենք միշտ նահանջի ճանապարհ թողնել ամեն մի ասած բանի ետևը դրա համար ես ասում եմ նաև այդ մասին ևս: Մեր էպոսից է գալիս այդ բանը: Մեր էպոսը ժողովրդական է իր էությամբ և բոլոր ազգերի նկատմամբ մենք հանդուրժող ենք և լավ վերաբերմունք ունենք: Այսօր մի քիչ եթե պակասում է մեզ, դա ազգային արժանապատվության զգացումն է: Էդ տեսակետից Եղիշեն և Խորենացին չեն հնացել: Եղիշեի մոտ մենք կարող ենք սովորել ազգային արժանապատվություն, իսկ Խորենացու մոտ պարտքի, ծանր պարտքի գիտակցություն սեփական ժողովրդի հանդեպ: Այդ պատճառով նրանք էլի մնում են թարմ ինչպես առաջները և ցանկալի է, որ մեր երիտասարդությունը նրանց կարդա:

Տեքստը պատրաստվել է կազմողի կողմից, ելույթի ձայնագրությունից:


Ա. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԿՏԻՎԻ ԺՈՂՈՎՈՒՄ (1975 Թ.)

Նախորդ ելույթներից շատ ծանր տպավորություն ստացա. դա մի լիակատար բացասական ինֆորմացիա էր համալսարանի և արտաքին ու ներքին կյանքի մասին :
Բացասական բնութագրեր են տրվում մարդկանց մասին, որոնց երկար տարիներ համարել ենք ազնիվ և նույնիսկ մտերիմ ենք եղել նրանց հետ, ինչպես, օրինակ, Լ.Ղարիբջանյանը (Հայկ. ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտության նախարար. հիշեցումը կազմողի): Դժվար է այդ բոլորին հավատալ:
Այս մռայլ տրամադրությունը հարկավոր է ցրել:
Ես համոզված եմ, որ, անշուշտ, հանրապետությունում կատարվում են հետաքրքիր գործեր, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ չենք: Ցանկալի է, որ այդ գործերի մասին մեզ տեղեկություն տա իր ելույթում ընկ. Կ.Դեմիրճյանը:
Վերջին տասնամյակում, տեխնիկական առաջադիմության հետ կապված, հատկապես հաշվողական տեխնիկային առնչված, բուռն կերպով զարգացան գիտական նոր ուղղություններ:
Դրա շնորհիվ մեր բառապաշարի մեջ ներխուժեց տերմինների մի հսկայական քանակ, որի թարգմանությունը մենք չունենք: Այդ տերմինները հիմնականում մշակվում են մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, ուր պետք է որ նրանք մշակվեն:
Քանի որ, այսօր այդ տերմինները նոր են ստեղծվում, հարկավոր է նրանց ստեղծումը հանձնարարել գործին տեղյակ և միևնույն ժամանակ հայերենին լավ տիրապետող մարդոց:
Անթույլատրելի է ժամանակակից գրականության թարգմանությունը հանձնարարել մարդոց, որոնք զբաղվում են միայն դրամ վաստակելու ցանկությամբ և հեռու են մեր բուհական կյանքից:
Տասնյակ տարիներ ես համարվել եմ մեր Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության ուսումնամեթոդական սեկցիայի նախագահ:
Այդ տարիների ընթացքում, շարունակ, մինիստրության մեթոդական վարչության պետը մեծ եռանդով կազմակերպել է մեր սեկցիայի նիստերը, ուր քննվել են մեր սեկցիայի գծով հրատարակվող գրականության պլանները և առաջարկվել հրատարակվող գրականության ցանկերը և այդ գրքերի հրատարակման ցուցակները: Սակայն այդ անձնավորության գործունեությունը սահմանափակվել է միայն մեզ ժպտալով և սիրալիրություններով, տեղեկություններով մեր անձի առողջության մասին: Ոչ մի գիրք չի հրատարակվել. մեր առողջությունը իհարկե որոշ չափով պահպանվել է: Մաթեմատիկայի բնագավառում այդ անձնավորության միակ գործն է եղել, մեր կողմից մերժված “Մաթեմատիկայի տեղեկատու”-ի հրատարակումը, որի մեջ շահագրգռված էր ինքը:
Այս տարի ես, Սերգեյ Թումանյանի (Հայկ. ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտության փոխնախարար. հիշեցումը կազմողի) միջոցով, հաջողեցրի հրատարակության պլանի մեջ մտցնել Ալեքսանդրովի և Կոլմագորովի “Введение в теорию функций и функциональный анализ” գիրքը: Այդ գիրքը պատկանում է մեր ժամանակի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկի` Կոլմոգորովի գրչին:
Դրա թարգմանությունը մի խոշոր իրադարձություն պիտի լինի մեզ մոտ, որովհետև վերջին երկու տասնամյակում դա առաջին գիրքն էր, որ պետք է հրատարակվեր, այդ բնագավառում, հայերեն լեզվով: Բնական է, որ մեզ պիտի հարցնեին թե ու՞մ կարելի է հանձնարարել դրա թարգմանությունը: Սակայն ոչ, մեթոդական վարչության պետը հաջողեցնում է հանձնարարել այդ ոմն մեկին, որը ոչ մի գաղափար չունի այդ առարկայի մասին:
Ես հիմքեր չունեմ պնդելու, որ այստեղ, կա մի մութ կոմբինացիա. սակայն, որ գործը մաքուր չէ, պարզ է ինձ համար: Հարկավոր է անհապաղ գիրքը վերցնել և հանձնել թարգմանության գոնե մասնագետի:
Ժամանակակից տերմինների ստեղծման կապակցությամբ բերենք հետևյալ փաստը: Ճանաչված մի ինժեներ վճռել է կազմել ժամանակակից տեխնիկական տերմինների մի բառարան: Առայժմ տպագրել է, ձեռագրի իրավունքով, միայն այդ բառարանի առաջին պրակը: Բառարանը տպագրված է Հայաստանի Հանրապետության պիտակի տակ: Այդ բառարանի յուրաքանչյուր էջը մի զավեշտ է: Չեմ կարծում, որ, հայկական այբուբենի ստեղծման օրից, տպված լինի մի այդպիսի ցնդաբանություն ինչ այդ գիրքն է:
Վերջում կցանկանայի բերել այդ բառարանի գոհարներից մի քանիսը`
авиация – չվույթ
военно-морская авиация – ռազմ-ծով չվույթ
разведовательная авиация – խուզ-չվույթ
грузовой автобус – բեռբուս
автовесы – ինքկշեռք
автоподатчик – ինքտու
автосварка – ինքեռ
автостоянка – ինքկաց
автостабилизатор – ինքկայունար
Քիչ առաջ ելույթ ունեցավ համալսարանի պրոռեկտորը:
Մի մարդ, որ տասնյակ տարիներ «ղեկավարում» է համալսարանի գիտական մասը ժամանակի ընթացքում կարող է սովորել արտասանել կիբեռնետիկա, լազեր, արագացուցիչ և այլ բառեր և տերմիններ ժամանակակից գիտությունից և տեխնիկայից. սակայն ասել, որ նա գաղափար ունի կամ առավելևս` կարող է ղեկավարել համալսարանի գիտական մասը, չի կարելի:
Ղեկավարը իր ենթակայից պետք է մի բանով բարձր լինի, այլապես ամեն ինչ ծաղրի առարկա կդառնա և մարդիկ կապրեն իրենց պաշտոնների ավտորիտետով և ոչ սեփական արժեքների համաձայն ավտորիտետ կունենան:
Այդ մարդու, որպես անձնավորության, դեմ ոչ մի առարկություն չունեմ: Սակայն, որպես գիտական մասի պրոռեկտոր նա իր տեղում չէ: Ես չեմ հասկանում թե արտասահմանյան իր ուղևորությունների ժամանակ նա օտար համալսարաններից ի՞նչ տպավորություններ է բերում, կամ ի՞նչ տպավորություն է թողնում ինքը: Նման հաղորդումներով նա հանդես չի եկել մեզ մոտ:
Ինձ թվում է, որ նրա թողած տպավորությունը ավել չէ քան մի գավառական ուսուցչի թողած տպավորությունը:
Մեր կազմակերպությունը զարմանալիորեն խիստ է երբ խոսքը վերաբերում է օտարներին և զարմանալիորեն հանդուրժող մեր կողքի մարդոց և իրավիճակները գնահատելիս:
Այդ մարդկանց նմաններին ժամանակն է զիջել իրենց տեղը երիտասարդներին:
Իմ աչքի առաջ մեծանում և ծերանում են իմ նախկին ուսանողները: Մենք չգիտենք թե ի՞նչի են ընդունակ նրանք, ի՞նչ կարող են անել նրանք:
Գրքի մասին խոսելիս ամենածանր վիճակը տեսնում եմ միջնակարգ կրթության բնագավառում:
Այսօր միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի բնագավառում մեծ հեղաշրջում է կատարվում: Այսօր, իրոք, խոսքը վերաբերում է հեղաշրջման և ոչ թե ինչ-որ մեթոդական միջոցառումներին: Կամենում են փոխել այդ դասընթացը հիմնավորապես, անցնելով ավելի ընդհանուր և աբստրակտ ձևակերպումների: Դա արվում է նրա համար, որ աշակերտը պատրաստ լինի դյուրությամբ ըմբռնել նոր գիտական դիսցիպլինները, որոնք իրենց նյութական բովանդակությամբ թեև նոր են, սակայն մաթեմատիկական կառուցվածքով շատ են նման իրար:
Բացի այդ, համարելով, որ դասավանդման գործում կարևորը, առաջնահերթը մտածողությունն է, և ապա միայն գիտելիքները, դասավանդումը պետք է որ տարվի այնպես, որ աշակերտը իր գիտելիքները ինքը ձեռք բերի ուսուցչի օգնությամբ, մտածելով այնպես, որ իրեն թվա թե հայտնի ճշմարտություններն իսկ սկզբից ևեթ նրան տրված չեն այլ ծնվում են հենց այժմ, իր աչքի առաջ:
Այս հարցադրումների հետ կապված, Ռուսաստանում արդեն լույս է տեսնում մի մեծածավալ գրականություն, որն իր մեծ տիրաժով հասցվում է մինչև վերջին ուսուցիչը: Եթե պատկերացնենք, որ ռուսական գրականությունը մինչ մեզ մոտ հասնում է 200 – 300 օրինակ, դարձյալ պարզ կլինի, որ հայ ուսուցիչը իսպառ զրկված է այդ տիպի գրականությունից:
Շատ ողբերգական է, որ այդ համարյա մասսայական գրականությունը ոչ միայն չի հասնում մեր երկրի բոլոր վայրերը, այլ և չի հասնում գրված մայրենի լեզվով:
Այդ գրականսւթյան հրատարաման կամ չհրատարակման գործը թողնված է լուսավորության ճակատի շատ ցածր կուլտուրա և մասնագիտական կրթություն ունեցող մարդոց կամքին:
Այդ ամենը պետք է որ լիներ մեր լուսավորության մինիստրի հոգածության առարկան: Սակայն, նա ունի գեղեցիկ դեմք և ձայն, քաղաքավարի և շատ հարմարվող վարվելակերպ և դժբախտաբար այդ բոլորը մոռացնել է տալիս մեր պահանջները նրա նկատմամբ: Նա երկար կմնա պաշտոնում:
Կյանքը գնում է, մի չհրատարակված գրքի վրա ավելանում է մյուսը, նրա վրա մեկ ուրիշը և ահա այդպես քայլ առ քայլ ապահովված է մեկ ազգի, լայն իմաստով, մշակութային հետամնացությունը:
Դրանք իրադարձություններ են, որ չեն նկատվում ամենօրյա կյանքում, այլ մեր աչքի առջև բացվում են հանկարծ, երբ ուղղելը արդեն դժվար է:
Խոսքս, այսպիսով, վերաբերում էր գրքին: Պետք է հիմք ստեղծել գրքի հրատարակման ճիշտ ճանապարհի: Թե ո՞րն է այդ ճանապարհը, դժվար չէ պարզել: Իմ նպատակն էր ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա:


ԳՐՔԻ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ


(Անտիպ նյութեր, 1970-ական թվականներ)

Գրքի և տպագրության հարցը օր ըստ օրէ հրատապ մի խնդիր է դառնում: Գիտության բոլոր բնագավառները ինտենսիվ զարգացում են ապրում, տալիս են նոր ճյուղավորումներ. Մասնավորաբար, այդ բանը աչքի է զարնում մաթեմատիկայի բնագավառում:
Նկատվում է, որ բոլոր պետությունները հատուկ ուշադրություն են նվիրում ինֆորմացիայի գործին: Սովետական գիտության լավագույն ստեղծագործությունները արագորեն թարգմանվում են այլ լեզուներով, Միացյալ Նահանգներում նույնիսկ թարգմանվում է Միութենական գիտությունների ակադեմիայի “Զեկույցները”, որը լույս է տեսնում մեծ հաճախականությամբ: Մասնավորաբար, մաթեմատիկայից ամենօրյա “գործնական” արդյունքներ պահանջելու մարմանջով բռնված մարդոց համար զարմանալի պիտի թվա, որ գործնական ամերիկացին հապշտապ թարգմանում է մաթեմատիկայի “պրակտիկ նշանակություն” չունեցող արդյունքները:
Դա ուշադրության արժանի երևույթ է: Բիզնեսմենը հեռատես է. Նա հասկանում է, որ գիտությունը մի այնպիսի բան չէ, որ նրանից ուզած մոմենտին պոկես ցանկացածտ պատառը, այլ պետք է թույլ տաս այդ կենդանի օրգանիզմին զարգանալ ներդաշնակորեն իր ներքին տրամաբանությամբ, այդ դեպքում է, որ նա կտա ժամանակին արժեքավոր պտուղներ: Միամիտ պրակտիկին կարող է տարօրինակ թվալ, երբ ամերիկյան ամսագրերում տպագրված ամենատեսական մաթեմատիկական հետազոտությունների տակ գրված տեսնի, որ այդ աշխատանքը ֆինանսավորել է ռազմաօդային ուժերի կամ ծովային մինիստրությունը:
Սովետական Միությունում ևս ինֆորմացիայի գործը օրստօրէ ծավալվում է: Ստեղծված է հատուկ հրատարակչություն` «Միր», որը թարգմանում է օտար լեզուներից կարևորագույն գրականությունը:
Այդ համայնապատկերի վրա խղճալի է երևում մեր հայերեն լեզվով եղած գրականությունը:
Երեք տարի առաջ ես փորձեցի առաջ քաշել այդ հարցը Գերագույն Սովետի կուլտուրայի և գիտության սեկցիայի նիստում, ուր ներկա էր մամուլի կոմիտեի նախագահը և “Լույս” հրատարակչության դիրեկտորը, սակայն այդ քննարկման արդյունքները չկարողացան ներգործել իրերի ընթացքի վրա:
Այժմ, մամուլի էջերում սկսվել է արծարծվել բուհական դասագրքերի հարցը: Օգտվելով առիթից ուզում եմ նորից անդրադառնալ այդ հարցին: Ուզում եմ արտահայտել մի քանի մտքեր և առաջարկել առանց մանրամասնորեն դրանք հիմնավորելու:
1.Բուհերում մայրենի լեզվով դասագրքերի անհրաժեշտությունը չպիտի հիմնավորել միայն նշելով գյուղական ուսանողության շատ լինելը մեր բուհերում: Եթե նույնիսկ բոլորը լավ իմանաին ռուսերեն, դարձյալ պետք է թարգմանվեին գիտական գրքեր տարբեր բնագավառներից, որովհետև կատարվում է գիտության շատ սաստիկ ճյուղավորում, ստեղծվում են նոր ուղղություններ, հսկայական նոր ծավալի տերմինոլոգիա և սիմվոլիկա. Չունենալ այդ բոլորը մայրենի լեզվով, նշանակում է իրավունք չունենալ այսօր կուլտուրական ազգ համարվել: Տերմինները և առհասարակ գիտական լեզուն միայն գրքի միջոցով, այն էլ շատ անգամներ վերահրատարակելով է, որ կարելի է ստեղծել և մշակել:
2.Չպիտի թույլ տալ, որ պատահական մարդիք գիտական գրականության հրատարակման գործը դարձնեն սեփական, երբեմն կիսագրագետ ստեղծագործության գործ: