Cover Image
close this bookՂափանցյան Գրիգոր Այվազի (1887-1957)
View the documentԳ. Ա. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ականավոր գիտնական, լեզվաբան, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է 1887 թվականին, Աշտարակում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, սովորելով երկդասյան ուսումնարանում։

Կրթությունը շարունակելու նպատակով 1899 թվականին մեկնել է Պետերբուրգ։ 1908 թ.Պետերբուրգում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն այդ տեղ երկար չի մնացել. մի տարի սովորելուց հետո տեղափոխվել է Պետերբուրգի Պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի հայերեն-վրացերեն բաժինը, միաժամանակ մի շարք դասախոսություններ է լսել Հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության և ընդհանուր լեզվաբանության վերաբերյալ. «Իմ լավագույն պրոֆեսորներն էին, - իր ինքնակենսագրության մեջ գրել է Գրիգոր Ղափանցյանը,– Ն.Մառը, Կ.Զալեմանը, Ի.Բոդուեն –դե- Կուրտենեն, Ն.Ադոնցը, Ի.Ջավախովը (Ջավախիշվիլին), Բուլիչըե, որոնք բարձր գնահատականի են արժանացրել Գ. Ղափանցյանին՝ «Հնդեվրոպական ետնալեզվային բաղաձայնները հայերենում» դիպլոմային աշխատանքի համար։

Գ.Ա. Ղափանցյանը, ստանալով լեզվաբանական լուրջ պատրաստություն, 1913 թվականին, առաջին կարգի դիպլոմով ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ Թեև ակադեմիկոս Ն.Յա. Մառը Ղափանցյանին առաջարկել է մնալ համալսարանում՝ պարսկագիտության մեջ կատարելագործվելու համար, սակայն, քանի որ նա Էջմիածնից հրավեր էր ստացել՝ այնտեղ լեզվաբանական և հայագիտական մի քանի դիսցիպլիններ կարդալու, ուստի թողնում է Պետերբուրգը և վերադառնում Հայաստան։

1913 թվականից մինչև 1918 թ. Ղափանցյանը Էջմիածնում զբաղվել է գիտա-մանկավարժական գործունեությամբ. դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն, հայերենի համեմատական քերականություն։ Գ. Ղափանցյանի գիտական առաջին աշխատանքները տպագրվել են «Արարատ» ամսագրում, 1914 թվականին («Հնագույն մի քանի հուշարձաններ», «Լեզվաբանական դիսցիպլիններ և լեզու»)։

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով, երբ փակվում է Էջմիածնի ճեմարանը, Գ.Ա. Ղափանցյանը փոխադրվում է Երևան։

Երևանի Պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրից Գ. Ղափանցյանը հարավիրվել է համալսարանում դասախոսելու։ Գիտա-մանկավարժական գործունեությանը զուգընթաց բարենպաստ պայմաններ են ստեղծվում նրա հետազոտական աշխատանքների համար։ 1925 թվականից սկսած լույս են տեսնում նրա հայագիտական և լեզվաբանական կարևոր նշանակություն ունեցող հինգ տասնյակից ավելի աշխատությունները։

Երևանի Պետական համալսարանում Գրիգոր Ղափանցյանը դասավանդել է գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն և այդ մասնագիտությունների գծով պատրաստել է ասպիրանտներ։

1943 թվականին, երբ հիմնադրվում է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիան, Ղափանցյանը դառնում է նրա հիմնադիր անդամներից մեկը։ Մոտ հինգ տարի ղեկավարել է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների բաժանմունքը, իսկ 1950 թ. մինչև 1956 թ. աշխատել է Լեզվի ինստիտուտում որպես դիրեկտոր։

Ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանի գիտական հետազոտությունները նվիրված են հայագիտության կարևոր պրոբլեմներին. հայ ժողովրդի, նրա լեզվի և կուլտուրայի գոյացման ու հետագա զարգացման խնդիրներին։ Նրա ուսումնասիրությունները հանդիսանում են երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունք։ Դրանցից հատկապես պետք է նշել «Chetto-Armeniaca»-ն (1931 թ.), «Ընդհանուր լեզվաբանություն» (1939 թ.), «Ուրարտուի պատմություն» (1940 թ.), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940 թ.), «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը» (1940 թ.), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (1944 թ.), «Հայոց լեզվի ծագման հարցի շուրջ» (1946թ.), «Հայասան՝ հայերի բնօրրան» (1947 թ.), «Պատմա-լեզվաբանական աշխատություններ» (1956 թ., հատոր 1) և այլն։

Ղափանցյանը Սովետական Միության խոշոր ուրարտագետներից էր: Հայերեն լեզվով նա առաջինն էր գրել ընդարձակ աշխատություն ուրարտերեն լեզվի պատմության և կուլտուրայի մասին, բազմաթիվ վերծանումներ է կատարել և շատ խնդիրներ պարզաբանել։

Ակադեմիկոս Ղափանցյանի՝ իբրև գիտնականի, գնահատելի կողմերից մեկն էլ այն է , որ լեզվաբանական հարցերի հետ միասին լուծում էր նաև պատմագիտական հարցեր։ Նրան հետաքրքրում էր հայ ժողովրդի գոյացման պրոցեսի հարցը և իր լեզվաբանական ամբողջ գիտությունը ի սպաս էր դնում այդ հարցի լուծմանը։

Ստուգաբանելով հայերենի մի շարք բառեր և լեզվական երևույթներ, Ղափանցյանը վերականգնեց կուլտուր-պատմական այն կապերը, որ հայ ժողովուրդը ունեցել է իր շրջապատի հնագույն ցեղերի և ժողովուրդների հետ՝ մեր դարաշրջանից հազարամյակներ առաջ։ Նրա թողած գիտական ժառանգությունը սովետական հայագիտության հետագա զարգացման հարուստ աղբյուր է հանդիսանում։

Գնահատելով Ղափանցյանի ծառայությունները սովետական գիտության մեջ՝ Հայկական ՍՍՌ կառավարությունը 1942 թվականին նրան շնորհեց գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1943 թվականին ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների առաջին կազմի մեջ ընտրվեց նաև Ղափանցյանը։

Գրիգոր Ղափանցյանի գիտական գործունեության մեջ, հայերենագիտության հարցերի նկատմամբ նոր մոտեցում ցուցաբերելն սկսվում է հատկապես 1930 թվականից, երբ նա հայագիտական հարցերի ավելի լայն ընդգրկման և պարզաբանման համար ուսումնասիրում է փոքրասիական մի շարք մեռած լեզուներ, ինչպես օրինակ՝ խեթերեն, ուրարտերեն, խուռիտերեն, բալայերեն և այլն։

Ղափանցյանը լինելով այդ լեզուների հմուտ մասնագետ, կամեցավ պարզել, թե դրանք ինչ հետք կամ ազդեցություն են թողել իրենց հարևան հնադարյան ժողովուրդների կուլտուրայի և լեզուների վրա։ Գ. Ղափանցյանը իր աշխատություններում պարզաբանում է, որ այդ լեզուները բոլորովին անհետ չեն կորել, այլ իրենց լուման են ներդրել նախ և առաջ հայերենի մեջ։ Այդ շարքին պատկանող նրա աշխատություններից առաջինը «Chetto-Armeniaca»-ն է, որի մեջ հեղինակն առաջին անգամ պարզում է խեթական և հայկական լեզվական ընդհանրությունները։

Ղափանցյանը խեթական և հայկական լեզվական բազմաթիվ ընդհանրությունները է հայտնաբերել և գտել է, որ դրանք փոխառություններ չեն, այլ գալիս են վաղեմի ժամանակներից, թերևս հայ ժողովրդի կազմավորման շրջանից։ Պատմական փաստական նյութերի հիման վրա պարզվում է, որ խեթերը թողել են տարբեր լեզուներով գրված հիերոգլիֆ և սեպագիր արձանագրություններ, որոնց շնորհիվ կարելի է գաղափար կազմել նրանց ներքին կյանքի, ռազմական ուժի և հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների մասին։

Խեթերը սերտ կապեր են ունեցել Հայկական Լեռնաշխարհի բնակչության հետ։

Մոտ 9-8-րդ դարերում մ.թ.ա. Խեթական պետության անկումից հետո խեթերն արդեն կորցրել էին իրենց էթնիկական դեմքը և լեզուն։ Խեթերեն լեզուն, լինելով հնդեվրոպական, իր մեջ զգալի չափով պարունակում է խեթական-կովկասյան սուբստրատ։ Խեթերենի վրա մեծ ազդեցություն են թողել նաև այլ, հատկապես սեմական լեզուները։ Այդ ազդեցության մասին Ղափանցյանը որոշակի փաստերով խոսել է «Archiv Orientalni» ամսագրի 1954 թ. XXII համարում տպագրված հոդվածում։ Ղափանցյանի այդ հոդվածը իր մենագրական աշխատության մեջ արժեքավորել է բուլղարական ականավոր գիտնական Վ.Ի. Գեորգիևը։

Փոքր Ասիայի հարավում և հարավ-արևելքում ապրող հնդեվրոպական ցեղերը հարևանության և շփման մեջ են գտնվել Փոքր Ասիայի արևելյան և հյուսիս-արևելյան ոչ հնդեվրոպական ցեղերի հետ, որի ընթացքում տեղի են ունեցել լեզուների խաչավորման բարդ պրոցեսներ։ Այս կոնցեպցիան գիտնականները հաստատել են լեզվաբանական և հնագիտական փաստերով։

Այդ տեսության օգտին խոսել է Ղափանցյանը իր «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուն ներում» աշխատության մեջ, որտեղ այն միտքն է հայտնել, որ -նդ- ածանցով աշխարհագրական անվանումներ չեն հանդիպում ուրարտական արձանագրություններում։ Եթե այդպիսի անվանումների հանդիպում ենք Հայաստանի և Վրաստանի տեղանուններում, ապա հավանաբար դրանք ուշ ժամանակաշրջանի արդյունք են։ Ղափանցյանը ցույց է տվել, որ -նդ- ածանցը հնդեվրոպական է։ Այդ իրողությունը հաստատել է նաև Վ.Ի. Գեորգիևը։

Ղափանցյանը իր աշխատություններում ցույց է տվել Հայկական և Խեթական լեզուների մեջ եղած հարյուրից ավելի լեզվական ընդհանրության փաստեր։

Մյուս աշխատությունը, որի մեջ Ղափանցյանը պարզում է հայոց լեզվի սերտ աղերսակցությունը փոքր-ասիական լեզուների հետ, «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը» խորագիրը կրող ռուսերեն լեզվով գրած նշանավոր մենագրությունն է։ Այս աշխատության մեջ նա հայկական տեղանունների հիման վրա ցույց է տալիս ասիանիկ լեզուների ազդեցության բազմաթիվ փաստեր հայերենի վրա։

Իր ուսումնասիրությունների մեջ Գ.Ա. Ղափանցյանը բազմաթիվ լեզվական ընդհանրություններ է հայտնաբերել հայերեն և ուրարտերեն լեզուների մեջ։ Նրա ստուգաբանություններից պարզվում է, որ ուրարտերենից հայերենին անցել են բազմաթիվ աշխարհագրական անուններ (400 ուրարտական բառերի 5 տոկոսը առկա է հայերենում)։

Ղափանցյանը ցույց է տվել նաև հայերենի և խուռիտերեն լեզուների մեջ լեզվական ընդհանրություններ։ Խուռիտերեն և հայերեն լեզուների մեջ լեզվական ընդհանրություններ, ինչպես պարզել է Գ. Ղափանցյանը, կան հետևյալ բառերի մեջ. խուռիտ. ašt բառը (որ նշանակում է ,կինե, ,ամուսինե), ašta հիմքով, անձնանունների մեջ՝ Աշտահութա, Աշտաքանզա, Աշտակինա. հասարակ անունների մեջ՝ աշդուի, ,կանացիե և այլն (ընդհանուր է հայերեն ,աստ եմե (,ամուսնանամե) բառի հետ, որտեղից ունենք նաև ,աստողե։ Այս երկուսի ընդհանուր աղբյուրը Ղափանցյանը համարում է ակկադական «աշշատու» («ամուսին») բառը։

Խեթական, ուրարտական, խուռիտական և այլ փոքր-ասիական կամ ասիանիկ լեզուների ու հայերենի մեջ եղած լեզվական ընդհանրությունները հիմք են տալիս ակադեմիկոս Ղափանցյանին կարծելու, որ հայոց լեզուն իր ծագմամբ ասիանիկ լեզու է։

Ասիանիկ կամ հին փոքր-ասիական լեզուները գոյություն են ունեցել Փոքր Ասիայում՝ 2-3 հազարամյակներում մեր դարաշրջանից առաջ։ Այդ լեզուների թվին պատկանում են՝ 1) խուռիտական (սուբարական, միտանական), 2) ուրարտական (խալդական), 3) հիերոգլիֆ խեթական, 4) մասամբ բևեռագիր խեթական (նշանակալից չափով հնդեվրոպականացած), 5) նախախեթական (պրոտոխեթական), 6) Փոքր Ասիայի հարավային մասի լուվիական, 7) լիկիական, 8) լիդիական լեզուները։ Կան կարծիքներ, որ ասիանիկ լեզուների թվին է պատկանում նաև էտրուսկերենը։

Անցյալ դարի 60-ական թվականներին շատ գիտնականներ որոշակի խոսել են փոքր-ասիական հին լեզուների մասին և այն կարծիքն են հայտնել, որ այդ լեզուները ազգակից են հայերենին։ Այդ գիտնականներից են՝ Գոշեն, Լասսեն, Բլաուն և ուրիշներ։ Իսկ ականավոր հայագետ Քերովբե Պատկանյանը այն միտքն է հայտնել, թե «Մինչև այժմ եղած խուզարկությունների եզրակացությունները հետևյալի մեջ են ամփոփվում. «Հայկական լեզուն, իրանյան և սլավո-լիթվանյան խմբերի մեջտեղը բռնելով հնդեվրոպական անհայտացած (գուցե փոքր-ասիական) խմբի անկախ ներկայացուցիչն է»։

Ղափանցյանը, երբ հայոց լեզուն փոքր-ասիական կամ ասիանիկ էր համարում, նկատի ուներ հայերենի այն ոչ փոխառյալ բառերը, որոնք վերաբերում են արտադրության միջոցներին, մետաղներին, տնային կահ-կարասիքին, ջուլհակության և կարելու արհեստին, անասնապահությանը, գյուղատնտեսությանը, որսորդությանը, ընտանեկան և ազգակցական հարաբերություններին և այլն։ Այդ բոլոր բառերը կարող են որոշ հասկացողություն տալ նախահայերի և հայերի կենցաղի ու կուլտուրայի մասին, որոնք նշանակալից չափով կապվում են նրանց հարևանների՝ հին Փոքր Ասիայի և Ուրարտուի ժողովուրդների հետ։ Իբրև ապացույց այդ բանի, Ղափանցյանը նախ հիշատակում էր ձևաբանական որոշ կատեգորիաներ, օրինակ՝ թվի և սեռի կատեգորիան։ Հին հայերենը չի ունեցել երկակի թիվ։ Այդ տեսակետից հայերենը տարբերվում է հնդեվրոպական և սեմական ընտանիքներին պատկանող լեզուներից, որոնց մեջ ակնբախ է այդ երկակի թիվը։ Իսկ ուրարտական, խեթական, խուռիտական լեզուներում նույնպես չեն հայտնաբերվել երկակի թվի առկայության դեպքեր։ Նույն բանը կարելի է ասել նաև սեռի կատեգորիայի մասին։

Հայոց լեզվի ծագումը պարզելու համար ակադեմիկոս Ղափանցյանը օգտագործում էր նաև բառակազմության տեխնիկան և քերականական արտահայտման միջոցները։ Նա այն եզրականության է հանգել, որ հայերենի բառաբարդությունը առանց «ա» հոդակապի փոքր-ասիական ծագում ունի։

Ըստ Ղափանցյանի ստուգաբանությունների, փոքր-ասիական ծագում ունեն նաև հայկական «ներ», «ցեղ., «զարմ», «աներ», «զոքանչ», «քեռի», «թոռ», «պապ», «տատ» բառերը։

Ղափանցյանն ուսումնասիրել և պարզել է նաև հայոց և լազո-մեգրելական լեզուների մեջ եղած լեզվական ընդհանրությունների ու փոխառությունների հարցը։ Այս հարցին իրենց աշխատությունների մեջ գիտնականներից անդրադարձել են և զանազան կարծիքներ են հայտնել Ն.Մառը, Հր. Աճառյանը, Ա. Շանիձեն, Ի. Կիպշիձեն և ուրիշներ։ Ղափանցյանը նույնպես զբաղվեց այդ հարցով և ճշտեց հայոց և լազո-մեգրելական լեզուների մեջ եղած ընդհանրություններն ու փոխառությունները։

Գ. Ղափանցյանը պարզել է նաև հայերեն ու բալայերեն, հայերեն և ասսուրա-բաբելական լեզուների լեզվական ընդհանրություններն ու փոխառությունները. պարզել է, որ ասսուրա-բաբելական լեզվից հայերենին անցել են շուրջ 35 բառեր։

Ղափանցյանը երկար ժամանակ եղել է այն համոզման, որ հայերեն լեզուն ծագել է փոքր-ասիական (ասիանիկ Պ. Կրեչմերի տերմինաբանությամբ) լեզվական սուբստրատից, սկզբնապես ապրելով խեթական, խուրա-ուրարտական և վրացական էթնիկական և լեզվական աշխարհում։

Ճիշտ է, որ հայոց լեզուն բազմաթիվ լեզվական ընդհանրություններ ունի հին փոքր-ասիական (ասիանիկ) լեզուների հետ, որոնք փոխառություններ կամ ազդեցություններ չի կարելի համարել։ Սակայն հայերենը փոքր ասիական լեզու համարելը անհիմն և սխալ տեսակետ էր, քանի որ հայերենի քերականական կառուցվածքի և բառային հիմնական ֆոնդի հնդեվրոպական բնույթը վաղուց հաստատված է գիտության մեջ բազմաթիվ անհերքելի, հիմնավոր փաստերով։

Ղափանցյանը ևս, իհարկե, չէր ժխտում հայերենի հնդեվրոպական շերտը, սակայն սխալ կերպով կարծում էր, որ հայերենում դոմինանտ, պրիմատ շերտը կամ հիմնաշերտը փոքր-ասիականն է, նրա բառով ասած՝ ասիանիկ։ Ինչքան էլ նա փորձեց հայերենի քերակա նության մեջ փոքր-ասիական տարրեր գտնել, այնուամենայնիվ էական որևէ բան չգտավ և անգամ իր վերջին շրջանի աշխատու թյունների մեջ երկմտում ու խուսափում էր որոշակի որևէ բան ասելուց, թեև չհրաժարվեց իր հայտնած տեսակետից։

Հարկ է նշել, որ վերջին տասնամյակի լեզվաբանական հետազոտությունները վերջնականապես պարզեցին մի քանի փոքր-ասիական լեզուների (խեթական, բալա, լուվիական և այլն) հնդեվրոպական բնույթը։ Այդ լեզուները հնդեվրոպական ընտանիքից կտրելը և ասիանիկ համարելու տեսակետները պետք է հնացած համարել։

Գ.Ա. Ղափանցյանի գիտական գործունեության մեջ հատուկ տեղ է գրավում ընդհանուր լեզվաբանության հարցերի քննարկումը։ Դեռևս 1937 թվականին հայերեն լեզվով լույս տեսավ նրա «Ընդհանուր լեզվաբանություն» դասագիրքը, որն ընդգրկում էր միայն ներածական՝ ընդհանուր մասը, իսկ մասնագիտական մասից՝ միայն հնչյունաբանությունը։ Հետագայում, 1939 թվականին, լույս տեսավ Ղափանցյանի «Ընդհանուր լեզվաբանություն» ընդարձակ աշխատության առաջին հատորը, որը բովանդակում է ընդհանուր (ներածական) մասը, հնչյունաբանությունը, ձևաբանությունը, բառագիտությունը (իմաստաբանության հետ)։ Հեղինակի նպատակը՝ գրել աշխատության երկրորդ հատորը, դժբախտաբար չիրագործվեց։

Ղափանցյանի «Ընդհանուր լեզվաբանություն» դասընթացը ժամանակին մեծ օգնություն էր ոչ միայն ընդհանուր լեզվաբանության, այլև հայոց լեզվի պատմության, արդի հայերեն լեզվի հարցերով զբաղվողներին։ Այդ աշխատությունն ունեցավ տեսական և գործնական նշանակություն. քննության ենթարկվեցին և իրենց լուծումն ստացան ընդհանուր լեզվաբանության մի շարք հանգուցային հարցեր։ Նրա հրատարակումը մեծ չափով նպաստեց բարձրագույն ուսումնական հաստատու թյունների ուսանողությանը և ասպիրանտներին՝ լեզվաբանական այդ կարևոր դիսցիպլինը յուրացնելու գործում։

Ընդհանուր լեզվաբանություն հարցերին վերաբերող Ղափանցյանի մյուս աշխատությունները «Հայոց լեզվի զարգացման ներքին օրինաչափությունների մասին» (ռուսերեն) և «Լեզու ների ծագումնաբանական դասակարգման հիմունքները և լեզվի զարգացման ստադիալականության մասին Ն.Մառի հայացքների քննադատությունը» (հայերեն և ռուսերեն) գրքերն են, որոնց մեջ հեղինակը քննադատության է ենթարկում Ն.Յա. Մառի «Լեզվի նոր ուսմունքի» դրույթները և պատմահամեմատական քերականության սկզբունքներով, հայերենի ու այլ լեզուների լեզվական փաստերի հիման վրա փորձում է պարզել լեզվի զարգացման ներքին օրինաչափությունների, լեզուների դասակարգման և այլ ընդհանուր լեզվաբանական հարցեր։

Ակադեմիկոս Ղափանցյանի «Հայասան՝ հայերի բնօրրան» նշանավոր աշխատությունը նվիրված է Հայաստանի և Առաջավոր Արևելքի պատմության մի շարք կարևոր պրոբլեմների պարզաբանմանը, հայ ժողովրդի, նրա կուլտուրայի ու լեզվի գոյացման հարցերին։ Ղափանցյանը բազմաթիվ պատմական, լեզվական փաստերի, աշխարհագրական և հնագիտական տվյալների հիման վրա փորձում էր պարզել հայերի և հայերենի գոյացման, ինչպես և շատ ուրիշ կնճռոտ հարցեր, նկատի ունենալով Հայասա-Ազզի երկրի մասին խեթական արձանա գրություններում եղած տվյալները։

Ղափանցյանը քննության ենթարկելով հիշված գիտնականների աշխատությունները և հիմք ընդունելով բազմաթիվ պատմական, լեզվական փաստեր, գիտական ընդհանրացումներ էր կատարում և փորձում էր ճշտել Հայասա-Ազզի երկրի տեղը։

Ըստ Ղափանցյանի հետազոտության, հայասցիները (հայասները resp. հայերը), արմենները և նաիրյան-ուրարտական ցեղերը աստիճանաբար ձուլվեցին՝ կազմելով հայ ժողովրդի կորիզը։ Հետագայում հայեր-արմենների և նրանց շրջապատող ցեղային խմբերի միջև սկսեցին զարգանալ և ամրապնդվել տնտեսական քաղաքական կուլտուրական, լեզվական և տերիտորիալ կապերը։ Այդ կապերի հիման վրա կատարվեց Արածանի գետի հովտում, Հայկական Լեռնաշխարհի կենտրոնական մասերում և Վանա լճի ավազանում ապրող ցեղերի միավորումն ու ձուլումը։ Հայ ժողովրդի կազմավորման պրոցեսը, հատկապես 5-3-րդ դարերում (մ.թ.ա.) այնքան էր առաջ գնացել, որ նախկին ցեղային միությունների տեղը բռնել էր նրանց միաձուլումից առաջացած հայ ժողովուրդը։

Մեդերն ու պարսիկները այդ նոր առաջացած ժողովրդին կոչեցին իրենց դարավոր հարևանների՝ արմենների անունով – արմեններ, իսկ նրանց երկիրը՝ Արմենիա։ Այդպես կոչեցին այդ նոր ժողովրդին նաև հույներն ու հռոմեացիները, որոնց միջոցով արմեն և Արմենիա անունները տարածվեցին ամենուրեք։ Իսկ հայասացիները, որոնք հաղթող (պրիմատ) ցեղը հանդիսացան հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցած ցեղերի մեջ, պահպանեցին իրենց ցեղային անունը՝ խայ<հայ արտաբերությամբ, իսկ իրենց նոր երկիրը անվանեցին Հայաստան։

Ակադեմիկոս Ղափանցյանի գիտական ուսումնասիրությունների հիման վրա սովետահայ պատմագրությունը լուծեց հայերի էթնոգենեզիսի և նրանց սկզբնական պատմությանն ու կուլտուրային վերաբերող շատ կնճռոտ հարցեր։

Ղափանցյանը կարծում էր, որ Հայասա-Ազզի ցեղն ունեցել է իր լեզուն, որը ազգակից է եղել խեթական, բալայական, վրացական, հատկապես նրա արևմտյան ներկայացուցիչների՝ մեգրելական և ճանական լեզուներին։

Այդ գիր չունեցած և մեզ չհասած հայասական լեզուն արտացոլված է միայն մարդկանց, աստվածների և տեղանունների մեջ։ Ղափանցյանի կարծիքով. «Գրաբարը իր հիմքով հանդիսանում է Հայասա-Ազզի իշխող ցեղային լեզուների (կամ լեզվի) հետագա մշակումն ու զարգացումը, որը 7-րդ դարից սկսած՝ Արմինա-Շուպրիա-Արզանեն մարզերում ենթարկվել է խուռա-ուրարտական տիպի լեզուների ուժեղ ազդեցությանը»: Հայասական լեզուն հետզհետե խաչավորվել է մի կողմից հնդեվրոպական լեզուների (սլավոնական-սկյութական և հունական) և մյուս կողմից՝ Արիմե-Շուպրիա երկրի խուռիտա կան (սուբարական) լեզվի հետ, որով և Ղափանցյանը փորձում էր բացատրել հայկական և խուռա-ուրարտական լեզուների մեջ եղած մի քանի բառային և ձևաբանական ընդհանրությունների առկայությունը։ Միայն հայասաների գերիշխող էթնիկական միավորումը կարող էր հիմք հանդիսանալ հայ ժողովրդի և հայոց լեզվի կորիզի կազմավորմանը, իսկ այն ցեղերը, որոնք մասնակցեցին հայ ժողովրդի կազմավորման պրոցեսին, աստիճանաբար և օրգանապես ձուլվեցին նրա մեջ։ Ձուլվեցին նաև նրանց լեզուները իշխող ցեղային միության լեզվի՝ հայասա կան լեզվի մեջ։ Հաղթանակած լեզուն իր բառապաշարը կարող էր հարստացնել ի հաշիվ պարտված (ձուլված) ցեղային լեզուների, բայց այդ չէր կարող թուլացնել հաղթանակած լեզվի քերականական կառուցվածքը։ Ղափանցյանը անկասկած ընդունում էր լեզուների խաչավորումը և միաժամանակ հայ ժողովրդի կազմավորման պրոցեսին մասնակցած ցեղերի և նրանց լեզուների խաչավորման ժամանակ հաղթությունը տալիս էր հիմնականում մեկ ցեղին և նրա լեզվին՝ հայասա ցեղին ու նրա լեզվին։

Գ. Ղափանցյանը այն կարծիքին չէր, թե խաչավորման հետևանքով իբր թե առաջանում է մի ինչ-որ նոր լեզու։ Ընդհակառակը, նա սուր քննադատության էր ենթարկում Ն.Յա. Մառի նաև այն տեսակետը, թե հայերենը խառնածին լեզու է՝ կազմված հաբեթա-արիական համազոր լեզվաշերտից։ Սակայն Ղափանցյանը չժխտելով հայերենի հնդեվրոպական որոշ բնույթը, գտնում էր, որ հայոց լեզուն միատարր, միաձույլ չէ, այլ խառն լեզու է (смешанный язык)։ Ավելին, որ հայոց լեզուն խառն է ոչ միայն բառապաշարով այլ նաև քերականական կառուցվածքով. սակայն քերականական տարբերությունները հնդեվրոպական լեզուների համեմատությամբ լեզուների խաչավորման արդյունք չեն, ինչպես կարծում էր Ղափանցյանը, այլ հայերենի ներքին զարգացման օրինաչափություններ, սեփական առանձնահատկություններ։

Հայոց լեզվի ծագման և նրա քերականական կառուցվածքի մասին Ղափանցյանը, իհարկե վերջնական դրույթ չառաջադրեց, այլ տվեց միայն ընդհանուր ուրվագիծ։

Շուրջ 45 տարվա իր գիտական գործունեության ընթացքում Ղափանցյանը մեծ ջանասիրությամբ ուսումնասիրում էր հայոց լեզվի պատմության հնագույն շրջանը, հայերենի և հայերի գոյացման և սրանց հետ կապված բազմաթիվ հարակից խնդիրներ և իր հետազոտություններով խոշոր գործ կատարեց հայագիտության մեջ։

Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդի և լեզվի պատմության, ազգագրության, դիցաբանության, աստվածների պաշտամունքին, ընդհանուր լեզվաբանության զանազան խնդիրներին նվիրված մի շարք կարևոր աշխատություններ։