Cover Image
փակիր այս գիրքըԽաչիկյան Լևոն Ստեփանի (1918-1982)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Ս. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Ս. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Լևոն Ստեփանի Խաչիկյանը խորհրդահայ պատմաբանների և բանասերների այն սերնդից է, որը մեծ նվիրումով և նպատակասլաց գիտական գործունեությամբ լայնացրեց հայագիտության ավանդական շրջանակները, նոր սկզբնաղբյուրներով հարստացրեց հայ ժողովրդի բազմադարյա կյանքի պատկերը և մեծապես նպաստեց նրա պատմության համակողմանի և պարբերական լուսաբանմանը։ Լևոն Խաչիկյանի վաստակը այն խոշոր ներդրումն է հայագիտության ասպարեզում, որ նա կատարեց որպես պատմաբան–միջնադարագետ և աղբյուրագետ՝ բացահայտելով հին ձեռագրերում պարփակված մի ամբողջ շարք անհայտ բնագրեր և բազմաթիվ նոր տեղեկություններ հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական և հոգևոր–մշակութային կյանքի պատմության վերաբերյալ։ Նրա մյուս վաստակը գիտակազմակերպչական գործունեությունն է՝ կապված հայերեն ձեռագրերի կենտրոն՝ Մատենադարանի, որպես հայագիտության եզակի օջախի, բարգավաճման և հետագա գործունեության հետ։ Քսանութ տարի անընդմեջ (1954-1982 թ.) լինելով Մատենադարանի դիրեկտոր, Լ. Խաչիկյանն իր շուրջը համախմբեց ձեռագրագետների, պատմաբան-բանասեր-միջնադարագետների մի կուռ կոլեկտիվ, որը նրա ղեկավարությամբ ծավալեց լայն հավաքչական աշխատանք, համալրեց ձեռագրական հավաքածուները բազմաթիվ նոր մատյաններով և, դնելով դրանք գիտական շրջանառության մեջ, արժանի ճանաչում բերեց Մատենադարանին ինչպես մեր երկրում, այնպես և նրա սահմաններից դուրս։
Լևոն Խաչիկյանը ծնվել է 1918 թ. մայիսի 1-ին, Երևանում։ 1935 թ. ավարտելով Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որը ավարտում է 1940 թ., ցոցաբերելով գիտական աշխատանքի մեծ ձգտում և ցայտուն ընդունակություններ։ Նույն թվականին նա աշխատանքի է անցնում Մատենադարանում որպես մատենագետ և կյանքը կապում հայերեն ձեռագրերի հետ։ Մեկ տարի անց, 1941 թ. Մատենադարանի «Գիտական նյութերի ժողովածուում» լույս է տեսնում նրա առաջին աշխատությունը՝ Վանական վարդապետի «Յաղագս տարեմտին» բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով։ Այդ հրապարակումը, ինչպես և հաջորդ՝ Վարդան Արևելցու «Վասն բանին մասանց» երկի տպագրությունը (1943 թ.) վկայում էին, որ ասպարեզ է մտնում մի երիտասարդ տաղանդավոր պատմաբան–բնագրագետ։ Լ. Խաչիկյանի՝ որպես գիտնականի ձևավորման գործում մեծ դեր խաղաց ակադեմիկոս Հ. Մանանդյանը։ Նրա ղեկավարությամբ Լ. Խաչիկյանը ասպիրանտուրայում յուրացրեց հայագիտության լավագույն ավանդները, զինվեց դասական բանասիրության ու պատմագրության նվաճումներով և 1945 թ. պաշտպանեց իր թեկնածուական դիսերտացիան «Եղիշեի Արարածոց մեկնությունը» թեմայով, որը լուրջ ներդրում էր «Վարդանանց պատերազմի» հեղինակի ստեղծագործական ժառանգության ամբողջացման գործում։
Լ. Խաչիկյանը ձեռագիր մատյանի նկատմամբ աննահանջ սիրով համակված, ձգտեց միշտ նոր խոսք ասել գիտության մեջ, լուսաբանել հայ ժողովրդի պատմության և հոգևոր–մշակութային կյանքի անհայտ էջերը։ Նման մոտեցումը հնարավորություն տվեց Լ. Խաչիկյանին գիտական շրջանառության մեջ դնել նոր սկզբնաղբյուրներ միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի, վանական դպրոցների, գիտական մտքի խոշոր օջախներ՝ միջնադարյան համալսարանների վերաբերյալ։ Այդ աշխատությունների շարքում առաջինը «Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները» ընդարձակ հոդվածն էր, որ 1946 թ. հրատարակվեց Երևանի պետական համալսարանի «Գիտական աշխատություններում»։ Հետագա տարիներին Լ. Խաչիկյանը բազմիցս անդրադարձավ կրթական և գիտական օջախների կյանքին, նոր տվյալներով հարստացրեց Տաթևի, Ծործորի, Քռնայի, Ապրակունիսի բարձր տիպի դպրոցների պատմությունը։ 1944-1951 թթ. Լ. Խաչիկյանը Մատենադարանում վարում է ձեռագրերի բաժնի վարիչի պաշտոնը, ակտիվորեն մասնակցում ու ղեկավարում ձեռագրերի քարտարանի և ճյուղային ձեռագրացուցակների կազմման աշխատանքները։ Այդ թվականներին լույս է ընծայում «Աղանդավորական գաղափարախոսությունը Հայաստանում 12-14 –րդ դարերում» ուշագրավ ընդարձաւկ հոդվածը (1947 թ.), որով անդրադառնում է միջնադարյան հակաֆեոդալական հայացքների պատմության խնդրին և նոր փաստերով լրացնում հայոց պատմության սակավ ուսումնասիրված հոգևոր-գաղափարական կյանքի էջերը։ Այդ տարիներին Լ. Խաչիկյանը ձեռնարկում է հայերեն ձեռագրերի հիշատակարանների հավաքման գործը և 1950 թ. լույս ընծայում XIV դարի հիշատակարանների ժողովածուն, որով լրացնում է այդ ժամանակաշրջանի պատմական սկզբնաղբյուրներով ոչ հարուստ մի մեծ հատվածը, սկիզբ դնում հիշատակարանների՝ որպես եզակի սկզբնաղբյուրների, հավաքման գործին խորհրդային պատմագրության մեջ։ 1950 թ. Լ. Խաչիկյանը ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ 1951-1954 թթ. նա աշխատում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ Այստեղ ավարտում և լույս է ընծայում «Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից (4-րդ.)» աշխատությունը, որտեղ հանգամանորեն լուսաբանված է Եվստաթիոս Սեբաստացու կողմից գլխավորած աղանդը՝ ուղղված պաշտոնական եկեղեցու գաղափարախոսության դեմ։
1954 թ. Լ. Խաչիկյանը նշանակվում է Մատենադարանի դիրեկտոր։ Այդ պաշտոնում լիովին բացվում են Լ. Խաչիկյանի ստեղծագործական կարողությունները որպես գիտնականի և գիտության կազմակերպչի։ Նա նոր ուժով լծվում է աշխատանքի։ Չնվազեցնելով գիտահետազոտական գործին հատկացվող ժամանակը, ավարտին հասցնելով «15-րդ դարի հայերեն հիշատակարանների» առաջին և երկրորդ ստվար հատորները (1955 և 1958 թթ.), նա միաժամանակ լարված աշխատանք է տանում Մատենադարանի նոր շենքի շինարարությունը արագացնելու և շահագործման հանձնելու ուղղությամբ։ Մշակելով մի ծրագիր, ըստ որի Մատենադարանը, 1959 թ. փոխադրվելով նորակառույց հոյակապ շենքը, վեր է ածվում Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ իր գիտական սեկտորներով, մշտական ցուցասրահով, նորագույն հարմարանքներով օժտված ձեռագրատնով և օժանդակ բաժիններով։ Հայերեն ձեռագրերի հավաքման, ուսումնասիրման և հրապարարակման աշխատանքները նոր թափ են ստանում Լ. Խաչիկյանի շուրջը համախմբված նորաստեղծ գիտական անձնակազմի ջանքերով, ամուր կապեր են հաստատվում Խորհրդային Միության և արտասահմանի ձեռագրական կենտրոնների միջև։ Ծավալվում է բեղմնավոր գիտական աշխատանք, որը լայն ճանաչում է բերում Մատենադարանին։ Այն շուտով սկսում է տարբերվել նմանատիպ ձեռագրական կենտրոններից ոչ միայն իր անընդհատ աճող ֆոնդերով, այլև գիտական հրապարակումներով։ Մատենադարանը դառնում է հայագիտության եզակի օջախ և ազգային մշակույթի գանձարան։
1961 թ. Լ. Խաչիկյանին «15-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանները» ստվարածավալ աշխատության համար շնորհվում է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Նրա հետազոտությունը և հրապարակված հարյուրավոր հիշատակարանները խոշոր ներդրում էին խորհրդահայ պատմագրության մեջ։ Հնարավոր դարձավ այսուհետև լայնորեն լուսաբանել ուշ միջնադարի հայոց պատմության մինչ այդ քիչ ուսումնասիրված կամ բոլորովին անհայտ էջերը, հատկապես սոցիալ-տնտեսական և հոգևոր–մշակութային կյանքը։ Ականավոր ռուս պատմաբան-միջնադարագետ ակադ. Մ. Ն. Տիխոմիրովը Լ. Խաչիկյանի գործը գնահատեց որպես մի քանի դոկտորական դիսերտացիաներին հավասար կոթողային աշխատություն, որն անփոխարինելի սկզբնաղբյուր և հետազոտություն է XV դարի Հայաստանի և ողջ Անդրկովկասի պատմության լուսաբանման համար։ Ձեռագիր սկզբնաղբյուրներից քաղված նոր տվյալների հիման վրա Լ. Խաչիկյանը նորովի լուսաբանեց միջնադարյան քաղաքի և գյուղական համայնքի պատմության էջերը («14-15-րդ դարերի հայկական գյուղական համայնքի մասին» (1958), «Երզնկա քաղաքի « եղբարց միաբանության» կանոնադրությունը»»(1962)։
1963 թ. Լ. Խաչիկյանն ընտրվում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1971 թվականին՝ իսկական անդամ։ Նրան շնորհվել է նաև պրոֆեսորի և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1969 թ. Լ.Ս. Խաչիկյանն իր վաստակի և հայագիտության ասպարեզում ներդրած ծառայությունների համար առաջինն արժանացավ Մաշտոցի անվան մրցանակի դափնեկրի կոչման։ Ճանաչումն ու տիտղոսները չնվազեցրին նրա լարված աշխատանքը։ Կուտակած հարուստ նյութերի վրա նա շարունակում էր գրել հետազոտություններ մեկ այլ՝ քիչ լուսաբանված պրոբլեմի լուծման մտահոգությամբ։ Խոսքը հայ ֆեոդալական տների պատմության մասին է, մի խնդիր, որի լուսաբանումից կախված էին մի շարք պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային պատմության վերագնահատման հարցեր։ Ահա այդ թեմային են նվիրված «Էջեր համշենահայ պատմությունից» (1969 թ.), «Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը» (1969 թ.), «Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը» (1973 թ.) արժեքավոր հետազոտությունները։ Լ. Խաչիկյանի հատուկ ուշադրության առարկան էր հայ ժողովրդի՝ ռուս և ուկրաինական ժողովուրդների հետ ունեցած քաղաքական, տնտեսական և մշակութային վաղեմի կապերի պատմությունը։ Ձեռագրական նոր տվյալների հիման վրա նա լուսաբանեց հայ-սլավոնական բարեկամության մի շարք էջեր և Հայաստանի` պարսկական և թուրքական լծից ազատագրվելու համար մղված պայքարի բովում ծնված հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման պատմական արմատները («Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում 16-17-րդ դարերում» (1954 թ.), «Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին» (1961 թ.), «Սարգիս աբեղայի Ուղեգրությունը» (1970 թ.)։ Լ. Խաչիկյանի վերջին խոշոր աշխատանքներից մեկը նույնպես նվիրված էր այդ սիրված թեմային, որը շատ կարևոր է և՜ գիտական, և՜ հասարակական-քաղաքական առումով։ Դա «Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա» (1980 թ.) աշխատությունն է, որը լույս ընծայվեց «Բանբեր Մատենադարանի» 13-րդ հատորում։ Լ. Խաչիկյանը իր աշխատությունները սովորաբար գրում էր հայերեն, բայց դրանց համառոտ տարբերակները տպագրում էր նաև ռուսերեն՝ համամիութենական ընթերցողին հասցնելու նպատակով։ Նրա վերջին աշխատության («Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա») ռուսերեն համառոտ տարբերակը լույս տեսավ գիտնականի մահվանից հետո Լենինգրադում «Ռուս և հայ միջնադարյան գրականություններ» ժողովածուում (1982 թ.)։
Լ. Խաչիկյանը հատուկ ուշադրություն էր նվիրում նաև այլ ժողովուրդների հետ հայերի պատմական կապերի պատմությանը։ Այդ աշխատությունների շարքում առավել աչքի էր ընկնում XVII դարի հայ վաճառական Հովհաննես Ջուղայեցի Տեր-Դավթյանի հաշվետումարը, որի վրա նա (պրոֆ. Հ.Փափազյանի հետ միասին) աշխատեց շուրջ տասնհինգ տարի, հրապարակ հանելով շատ արժեքավոր տեղեկություններ Պարսկաստանի, Հնդկաստանի, Նեապոլի և Տիբեթի տնտեսական պատմության վերաբերյալ։ Այդ գիրքը, որը լույս տեսավ 1984 թ., նրա մահվանից երկու տարի հետո, առաջինն է Լ. Խաչիկյանի կողմից մտահղացված «Տնտեսական պատմության հուշարձաններ» մատենաշարի, որը հատազոտողներին առատ նյութ է տրամադրելու հայերեն ձեռագիր մատյաններից ու արխիվային փաստաթղթերից հայ և հարևան ժողովուրդների տնտեսական կյանքի մասին և միջազգային առևտրում հայ վաճառականության խաղացած դերը լուսաբանելու համար։ Լ. Խաչիկյանը գործուն մասնակցություն է ունեցել Մոսկվայում և Երևանում կոլեկտիվ աշխատանքների ստեղծման գործին, որոնց շարքում առանձնանում է «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակի չորրորդ հատորը (XIV-XVIII դդ.), որտեղ առաջին անգամ նոր սկզբնաղբյուրների հիման վրա մանրամասն լուսաբանվում է Հայաստանի և հայկական գաղթավայրերի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի պատմությունը։ Այդ աշխատանքին որպես հեղինակ և խմբագիր մասնակցելու համար Լ. Խաչիկյանը հետմահու արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։ Լ. Խաչիկյանը «Բանբեր Մատենադարի» 3-13-րդ հատորների գլխավոր խմբագիրն էր, պարբերական մի ժողովածու, որը նրա ղեկավարությամբ դարձավ բնագիտության, աղբյուրագիտության և գիտության պատմության հարցերին նվիրված հեղինակավոր հրատարակություններից մեկը։ Նա երկար տարիներ եղել է Հայկական սովետական հանրագիտարանի «Պատմա-բանասիրական հանդեսի», «Հայ մատենագիրներ» մատենաշարի խմբագրական կոլեգիաների անդամ։ Լ. Խաչիկյանի խմբագրությամբ լույս են տեսել բազմաթիվ հայագիտական հետազոտություններ, բնագրերի հրապարակումներ և թարգմանություններ։ Մատենադարանի և այլ ինստիտուտների աշխատակիցները միշտ օգտվել են նրա անսպառ գիտելիքներից, զգացել հոգատար վերաբերմունքը թեմանների ընտրության, կատարման և հրատարակության գործում, օգտվել խորհուրդներից թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների թեմաների առաջադրման և պաշտպանության հարցերում։ Հոգատարությունը երիտասարդ գիտնականների հանդեպ, սկզբուքայնությունը իր գործընկերների աշխատությունների գնահատման մեջ, գործնական օգնությունը հեղինակներին և անաչառությունը բնորոշ էին Լ. Խաչիկյանին որպես գիտնականի և քաղաքացու։
Գիտական և գիտակազմակերպչական բեղմնավոր գործունեությունը Լ. Խաչիկյանը զուգակցում էր հասարակական աշխատանքի հետ. եղել է Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ԽՍՀՄ–Իրան ընկերության հայկական բաժանմունքի նախագահ։ Նրա ղեկավարության տարիներին Մատենադարանը լայն կապեր հաստատեց արտասահմանի մի շարք երկրների գիտական և ձեռագրական կենտրոնների, հայրենասիրական կազմակերպությունների և մշակութային գործիչների հետ, կապեր, որոնք մեծապես նպաստեցին և նպաստում են Մատենադարանի ֆոնդերի հարստացմանը և համաշխարհային ճանաչմանը։ Նա արժանացել է կառավարական բարձր պարգևների. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով և մի շարք մեդալներով։
Բազմավաստակ գիտնական ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի կյանքն ու գործը անխզելիորեն կապված են Մաշտոցյան Մատենադարանի պատմության հետ։ Նրա անունը ընդմիշտ կմնա հայագիտության երախտավորների շարքում։