Cover Image
close this bookԱրեշյան Գեորգի Լևոնի (1926-2003)
View the documentԳ. Լ. ԱՐԵՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Լ. ԱՐԵՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գեորգի Լևոնի Արեշյանը ծնվել է 1926 թ. հուլիսի 22-ին Օրջոնիկիձե (Վլադիկավկազ) քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1934 թ. ընդունվել է Կիրովականի միջնակարգ դպրոց: 1941 թ. ընդունվել է կոմերիտմիության շարքերը: 1944 թ. ավարտել է տասներորդ դասարանը (Երևանի ռազմաօդային ուժերի մասնագիտացված դպրոց) և ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ: 1948 թ.-ից՝ ՍՄԿԿ անդամ: 1949 թ. ավարտել է իստիտուտը ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ և մեկնել է ուսանելու Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտությամբ: 1953 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Նույն թվականի ապրիլից աշխատանքի է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ամբիոնի ասիստենտ, իսկ 1956 թ.-ից՝ դոցենտ:

1959 թ. մրցութային կարգով ընտրվել է «Ավտոմատիկայի և հաշվիչ տեխնիկայի ամբիոն»-ի վարիչ (1967 թ.-ից՝ «Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոն»), որը գլխավորել է մինչև 1983 թվականը, այնուհետև, մինչև 1986 թ., վարել է «Էլեկտրական մեքենաների ամբիոն»-ի վարիչի պաշտոնը: 1961 թ. փետրվարին նշանակվել է ինստիտուտի պրոռեկտոր՝ գիտական աշխատանքների գծով: Մեծ են նրա ծառայությունները ինստիտուտի, որպես բուհական գիտության խոշոր կենտրոնի, կայացման գործում՝ պետբյուջետային և տնտպայմանագրային աշխատանքների մեծ ծավալով, որոնք ունեցել են ժողովրդատնտեսական կարևոր նշանակություն, ինչպես նաև, ինստիտուտի պրոբլեմային և ճյուղային (մասնագիտացված) լաբորատորիաների և փորձաէքսպերիմենտալ (опытно-экспериментальный) գործարանի կազմակերպման գործում:

1976 թ. Գ. Լ. Արեշյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1977 թ. «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտությամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1978 թ. ստացել է «Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոն»-ի պրոֆեսորի կոչում:

1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1986 թ. մայիսին տեղափոխվել է ՀԽՍՀ ԳԱ (վարել է «Էլեկտրական մեքենաների ամբիոն»-ի վարիչի պաշտոնը հասարակական հիմունքներով (առանց վարձատրման), ինչպես նաև, շարունակել է մնալ համամիութենական ծրագրերի գիտական ղեկավարը) և մինչև 1991 թ. աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, եղել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ: 1990-2003 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր: 1992 թ.–ից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս: 1993 թ.-ից՝ ՀՃԱ-ի և ՄՃԱ-ի ակադեմիկոս, ՀՃԱ-ի նախագահության անդամ: 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Էլեկտրադինամիկա և ավտոմատ կառավարման տեսություն. սա է Գ. Լ. Արեշյանի գիտական գործունեության բնագավառը: Նրա գիտական աշխատանքները նվիրված են էլեկտրամեքենայական ավտոմատիկայի, էլեկտրական մեքենաների տեսության և ռոբոտատեխնիկայի հիմնարար հարցերին: Նա երկար տարիներ հետազոտել է մագնիսական կախումով գերհաղորդականային գրգռման փաթույթներով վերերկրյա արագաշարժ տրանսպորտի գծային սինխրոն մեքենաների տեսության հարցերը:

Մեծ են պրոֆեսոր Գ. Լ. Արեշյանի ծառայությունները Հայաստանում գիտության և տեխնիկայի հիշյալ ճյուղերի զարգացման գործում: Նա հանդիսանում է ՀՊՃՀ Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա սեկտորի հիմնադիրներից մեկը: 25 տարի անընդմեջ վարելով ՀՊՃՀ (նախկինում՝ ԵրՊԻ) գիտական գծով պրոռեկտորի պաշտոնը, Գ. Լ. Արեշյանը մեծ ավանդ է ներդրել ինստիտուտում նորագույն ուղղություններով գիտական հետազոտությունների կազմակերպման գործում: Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել և ներդրվել է արտադրության մեջ լարման ավտոմատ կարգավորմամբ և մեխանիկական ուղղիչի գրգռիչով սինխրոն գեներատորների սերիա, ինչպես նաև, հաճախության բարձր հաճախականության փոխարկիչներ, որոնց սերիական արտադրությունը իրականացվել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման կողմից:

Գ. Լ. Արեշյանի կողմից մշակվել է պուլսացիոն հոսքով բարձր հաճախականությամբ միաֆազ ինդուկտիվային մեքենաների անցողիկ պրոցեսների տեսությունը, զարգացվել է փոփոխական հոսանքի բազմաֆազ էլեկտրական մեքենաների դիֆերենցիալ հավասարումների փոխակերպման տեսությունը: Նրա գիտական հետազոտությունների զգալի մասը նվիրված է սինխրոն-ասինխրոն մեքենաների տարբեր համակարգերի (սիստեմների) տեսության մշակմանը, առանձնապես՝ մագնիսական կախոցով գերարագ տրանսպորտի գծային սինխրոն մեքենաների տեսությանը:

Գ. Լ. Արեշյանը, որպես ավտոմատիկայի և էլեկտրական մեքենաների մասնագետ և գիտնական, հանդիսացել է ԽՍՀՄ ԲՈՒՀ նախարարության ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի գիտամեթոդական խորհրդի անդամ, ՀԽՍՀ նախարարների խորհրդի՝ Ժողովրդական տնտեսությունում կառավարման կատարելագործման հարցերով հանրապետական միջգերատեսչական խորհրդի անդամ:

Գ. Լ. Արեշյանը համատեղել է գիտական և մանկավարժական գործունեությունը: Նա հեղինակ է 1 մենագրության (“Два метода повышения эффективности сложных технологических процессов”. Монография.- Ер.: “Айастан”, 1983. – 169 с. Соавторы: С. С. Захарян, Т. А. Налчаджян), շուրջ 80 տպագրված գիտական աշխատանքի (այդ թվում՝ 1 գյուտ), 56 գիտատեխնիկական հաշվետվության և հաշվարկային մեթոդիկայի:

Անգնահատելի է Գ. Լ. Արեշյանի դերը գիտական կադրերի պատրաստման գործում: Նա կազմակերպել և ղեկավարել է ատենախոսությունների պաշտպանության մի քանի մասնագիտացված խորհուրդներ (ՀՊՃՀ, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտ և այլն): Նրա անմիջական ղեկավարությամբ և օգնությամբ պաշտպանվել են 12 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն: Նա բազմիցս հանդես է եկել որպես ատենախոսությունների պաշտպանության պաշտոնական ընդդիմախոս:

Գ. Լ. Արեշյանը վարել է նաև ակտիվ կուսակցական և հասարակական գործունեություն: Ընտրվել է ինստիտուտի կուսակցական կոմիտեի, ինչպես նաև, ֆակուլտետի և գիտահետազոտական աշխատանքների բաժնի սկզբնական կուսկազմակերպության բյուրոյի անդամ: Եղել է Հայկական ԽՍՀ ուսանողների գիտահետազոտական աշխատանքների հանրապետական խորհրդի նախագահ, Ս. Վավիլովի անվ. «Արդյունաբերական սարքավորումներ» ԳՏԸ-ի հանրապետական վարչության նախագահ, մասնագիտացված և գիտական խորհուրդների անդամ:
Ծառայողական գործուղումների է մեկնել Չեխոսլովակիայի Հանրապետություն 1965 և 1969 թվականներին, Կուբայի Հանրապետություն՝ 1982 թ.-ին:

1967 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով, 1970 թ.-ին՝ «Աշխատանքային արիության համար» մեդալով և, ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյա տարելիցի, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով, 1986 թ.՝«Աշխատանքի վետերան» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գիտության ասպարեզում ներդրած զգալի ավանդի համար» և «Գիտության և տեխնիկայի մեջ ակնառու ներդրման համար» ոսկե մեդալներով:

2002 թ.ընտրվել է Մոսկվայի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս: