Cover Image
close this bookՎարդանյան Ռուբեն Սարգսի (1949)
View the documentՌ. Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Ռուբեն ՍարգսիՎարդանյանը ծնվել է 1949թ. մարտի 20-ին Երևանում: Տ. Գ. Շևչենկոյի անվան №42 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո 1966 թ. ընդունվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտելով, 1971թ. ընդունվել է ասպիրանտուրա (ԽՍՀՄ, ԳԱ ՕՔԻ, Մոսկվա) պրոֆ. Վ. Ֆ. Կուչերովի ղեկավարությամբ: 1974թ., սահմանված ժամկետից վաղ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Դեռևս ուսանողական տարիներին, սկսած 1969 թվականից, Ռ. Ս. Վարդանյանը երեկոյան հերթափոխով աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ ռենտգենոկառուցվածքային անալիզի լաբորատորիայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Ռ. Ս. Վարդանյանի գիտական հետաքրքրությունները կենտրոնացել են ցավազրկման հիմնախնդիրների վրա: Նրա աշխատանքների արդյունքում ստեղծվեց նոր, հզոր ցավազրկող դեղամիջոց Ֆենարիդինը, որը հաստատվեց ԽՍՀՄ Դեղագործական Կոմիտեի կողմից: Առանձնահատուկ ուշադրության է արժանի օփիոիդային շարքի ցավազրկողների անտագոնիստ Ֆենէտամի ստեղծումը: Այս, իր տեսակի մեջ առաջին, եզակի միացությունը ստացավ ԽՍՀՄ Դեղագործական Կոմիտեի կողմից կլինիկական փորձարկման թույլատվություն: ԽՍՀՄ ԲԳԱ Դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա. Վ. Վալդմանի նախաձեռնությամբ 1984 թ. ԽՍՀՄ ԳՏՊԿ թիրախային ֆինանսավորում հատկացվեց ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ Ռ. Ս. Վարդանյանի լաբորատորիայի ստեղծման համար:
Արդեն նորաստեղծ լաբորատորիայում սինթեզվեց հակաառիթմիկ Դիպիֆեն դեղամիջոցը, որը հաջողությամբ անցավ նախակլինիկական փորձարկումները: Ցավոք սրտի, բոլոր երեք դեղամիջոցներն էլ նպատակաուղղված և հաջողությամբ թաղվեցին ՆՕՔԻ նոր մենեջմենթի կողմից՝ վերակառուցման փլատակների տակ:
Զուգահեռ այս հետազոտություններին, որոնք հիմնված էին հագեցած հետերոցիկլիկ միացությունների ֆունկցիոնալ-տեղակալված ածանցյալների սինթեզի և փոխարկումների վրա, առաջին անգամ առաջարկվեցին և մշակվեցին պիպերիդինիազա-նմանակների` հեքսահիդրոպիրիդազինների սինթեզի մի շարք էլեգանտ մեթոդներ: Հայտնաբերվեցին նախկինում անհայտ վերախմբավորումներ` 5- էտօքսիկարբոնիլ-պիրիմիդինների վերախմբավորումը 5-ացետիլ-4- հիդրօքսիպիրիմիդինների և 5-(α-ալկիլթիո) բենզիլամինո-պիրազոլների վերախմբավորումը 4-(α-ալկիլթիո) բենզիլ-5-ամինոպիրազոլների:
Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա լաբորատորիայում պաշտպանվեցին 8 թեկնածուական ատենախոսություն, իսկ 1985թ. Ռ. Ս. Վարդանյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը: 1988թ. ԽՍՀՄ ԲՈՀ-ը Ռ. Ս. Վարդանյանին շնորհեց պրոֆեսորի գիտական կոչում: 1990թ. Ռ. Ս. Վարդանյանը ընտրվեց ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.`ակադեմիկոս: 1992թ. ակադեմիկոս Է. Ս. Գաբրիելյանը Ռ. Ս. Վարդանյանին հրավիրեց մասնակցելու ՀՀ ԱՆ Դեղամիջոցների և Բժշկական Տեխնոլոգիաների Գործակալության (ԴԲՏԳ) ստեղծմանը որպես տնօրենի առաջին տեղակալ, որտեղ նա աշխատեց մինչև 1998թ.`համատեղելով այս գործունեությունը իր լաբորատորիայի ղեկավարման հետ:
Բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո՝ ղեկավարության ուշադրությունը հրավիրելու ՆՕՔԻ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, մասնավորապես, ինստիտուտի արտադրական մասը դեղագործական ֆիրմայի, իսկ հետազոտականը` հզորագույն հետազոտական հենքով դեղագործական ԲՈՒՀ-ի վերափոխելու, 1995 թ. Ռ. Ս. Վարդանյանը իր լաբորատորիայի մի մասը տեղափոխեց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որտեղ կարողացավ մասամբ իրագործել Հայաստանում դեղագործական ԲՈՒՀ-ի ստեղծման իր գաղափարը` հիմնադրել և ստեղծել դեղագործական քիմիայի ամբիոն: Այն ներկայումս վերափոխված է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի և ղեկավարվում է ՀՀ ԳԱԱ ներկայիս նախագահ Ա.Ս. Սաղյանի կողմից:
Այստեղ նա մշակեց սկզբունքորեն նոր ուսուցման համակարգ, որը շեշտը դնում էր ոչ թե պարզապես դեղագործ-դեղագետների ավանդական պատրաստման վրա, այլ ծրագրում էր պատրաստել բժշկական քիմիայի մասնագետներ` դեղամիջոցների պոտենցիալ ստեղծողներ: Այս նպատակով Ռ. Ս. Վարդանյանը ստեղծեց դասախոսությունների հատուկ շարք, որը ներկայացնում էր դեղամիջոցների արարիչների հարուստ ներկապնակը և ուսանողներին ծանոթացնում էր դեղերի սինթեզի աշխարհին: Ավելի ուշ այդ դասընթացը հիմք հանդիսացավ Ռ. Ս. Վարդանյանի «Синтез основных лекарственных средств» գրքի համար, որը լույս ընծայվեց 2004թ. Բժշկական տեղեկատվական գործակալության հրատարակչության կողմից (Մոսկվա), որը մասնագիտանում էր բժշկական-կենսաբանական ոլորտի գրքերի և դասագրքերի հրատարակման վրա: Դառնալով հրատարակչության բեստսելլեր` գիրքը վերահրատարակվեց 2005թ.:
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ԱՊՀ երկրներում սկսվեց խորհրդային գիտության համակարգային ճգնաժամ, Ռ. Ս. Վարդանյանր իր հետազոտական ներուժը կիրառեց աշխարհի մի շարք համալսարաններում` Universidadede Santiago de Compostela (Իսպանիա), University of Paris-Sud (University of Paris XI) (Ֆրանսիա), University of Cambridge (ՄեծԲրիտանիա), University of Rhode Island (ԱՄՆ), University of California, Los Angeles (ԱՄՆ):
2002թ., հետազոտական դրամաշնորհ ստանալով, Ռ. Ս. Վարդանյանը տեղափոխվեց ԱՄՆ՝ Արիզոնայի համալսարան, գիտաշխատողի կարգավիճակով, ապա՝ 2004թ., ընտրվեց Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր:
2006թ. «Elsevier» գիտական գրականության խոշորագույն հրատարակչությունը(Amsterdam–Boston–Heidelberg–London-New York–Oxford–Paris–San Diego–San Francisco –Singapore–Sydney–Tokyo) լույս ընծայեց Ռ.Ս. Վարդանյանի«Synthesis of Essential Drugs» գիրքը:
2016թ. նույն հրատարակչությունը թողարկեց Ռ. Ս. Վարդանյանի թվով երրորդ գիրքը` «Synthesis of Best-Seller Drugs», իսկ 2017թ.-ին` չորրորդը`«Piperidine-Based Drug Discovery», որը հանդիսացավ իր կողմից նախաձեռնած Elsevier Publishing House-ին առաջարած և ներկայումս խմբագրվող «Heterocyclic Drug Discovery» մատենաշարի առաջին հատորը: Նախատեսվում է հրատարակել մոտավորապես 25-30 հատոր: Մատենաշարի երկրորդ և երրորդ հատորներն` «Imidazole-Based Drug Discovery» և «Fused Pyrimidine-Based Drug Discovery» արդեն լույս են տեսել 2022 թվականին:
Ռ. Ս. Վարդանյանը հանդիսանում է առաջնային ամսագրերում տպագրված 130 գիտական հոդվածների, այդ թվում` 7 հոդված-ակնարկի, 25 ԽՍՀՄ հեղինակային իրավունքի, 7 ԱՄՆ արտոնագրի հեղինակ: «Fentanyl-related compounds and derivatives: current status and future prospects for pharmaceutical applications» հոդված-ակնարկը, որը ընդհանրացնում է սեփական հետազոտությունների արդյունքները և դիտարկում է ցավազրկող դեղամիջոցների ստեղծման հեռանկարները, տպագրվել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ամսագրերից մեկում՝ Future Medicinal Chemistry-ում (2014): Ռ. Ս. Վարդանյանը նաև հեղինակել է 20 հրապարակախոսական հոդվածներ, որոնք նվիրված են Հայաստանում գիտության և կրթության հիմնախնդիրներին: