Cover Image
close this bookՏեր-Միքայելյան Միքայել Լևոնի (1923-2004)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Լ. ՏԵՐ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Լ. ՏԵՐ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտության ականավոր գործիչ, տեսաբան ֆիզիկոս Միքայել Լևոնի Տեր-Միքայելյանը ծնվել է 1923 թ.նոյեմբերի 11-ին, Թիֆլիսում, ծառայողի ընտանիքում։ Հայրը՝ կրթությամբ ինժեներ-շինարար, աշխատել է Անդրկովկասի երկաթգծի վարչությունում: Մայրը զբաղվել է տնային տնտեսությամբ:

Ապագա ֆիզիկոսը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, այնուհետև Երևանի պետական համալսարանի ֆիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անմիջական ղեկավարությամբ: Գիտական հետաքրքրությունների և տքնաջան աշխատանքի շնորհիվ նա բարձրացել է գիտության աստիճաններով՝ 1982 թ. ընտրվելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Աշխատանքային գործունեությունը հագեցած է և պատասխանատու: Եղել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, նախագահության անդամ:

Միքայել Տեր-Միքայելյանի հետաքրքրությունների շրջանակը լայն է եղել, սակայն կենտրոնում բարձր էներգիաների ֆիզիկան է, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ Դեռևս իր թեկնածուական աշխատանքում ապագա ակադեմիկոսը կանխատեսել է մի երևույթ, որը միասնական հիմք է հանդիսացել բարձր էներգիայի մասնիկների և նյութի փոԱխազդեցության նոր պատկերացման համար։ Նրա այդ տեսությունը, որը սկզբում չի ընդունվել անգամ գիտական ղեկավար Լև Լանդաուի կողմից, հետագայում դարձել է բազմաթիվ այլ ուսումնասիրությունների հիմք: 1954 թ. մեծ գիտնականին հաջողվեց ապացուցել մի երևույթ, որը ժամանակակից գրականության մեջ ստացավ «խտության երկայնական երևույթ» անվանումը։ Նա կարողացավ ապացուցել, որ դիտարկվող երևույթների հիմքում կան շատ ավելի լայն նշանակություն ունեցող ֆիզիկական պատճառներ, քան գերարագ մասնիկների ճառագայթման առանձնահատկությունների բացատրությունը։ Դա բերեց նոր, բարձր էներգիաների ֆիզիկայի ամենատարբեր գործընթացներ ընդգրկող ուղղության զարգացմանը, որը ներառում է հադրոնների փոխազդեցությունը միջուկում՝ այն դիտարկելով որպես նյութական միջավայր։ Սա փորձարարական ապացույց ստացավ 40 տարի անց՝ 1994 թ. Ստենֆորդի համալսարանի արագացուցչային կենտրոնում։

1960-ականների սկզբին Միքայել Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Երևանի պետական համալսարանում նրա ղեկավարությամբ Ֆիզիկայի ֆակուլտետում բացվել են 8 նոր ամբիոններ: Տեր-Միքայելյանի ուշադրությունն այդ ժամանակ գրավում է մի նոր ուղղություն՝ օպտիկական քվանտային գեներատորների՝ մազերների, լազերների ստեղծումն ու կիրառումը գիտության տարբեր ոլորտներում: Համատեղելով համալսարանի ամբիոնների աշխատանքը՝ նա կենտրոնացրել է իր ջանքերը Հայաստանում քվանտային օպտիկական էլեկտրոնիկայի և ոչ-գծային օպտիկայի զարգացման վրա, չնայած որ չկային ո՛չ մասնագետներ, ո՛չ համապատասխան սարքավորում։ 1962 թ. պատրաստվում է առաջին հայկական լազերը։ Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին ներգրավվում են Հայաստանի մի շարք ձեռնարկություններ, իսկ 1965 թ. Լայպցիգի միջազգային տոնավաճառում ցուցադրվում են խորհրդային առաջին՝ «Արզնի-2» և «Հրազդան» արդյունաբերական լազերները։

Վերոնշյալ հետազոտությունները ամփոփվել են «Միջավայրի ազդեցությունն էլեկտրամագնիսական պրոցեսների վրա՝ բարձր էներգիայի պայմաններում» մենագրության մեջ (1969, ռուսերեն), որն ընդգրկվել է ժամանակի խոշոր մասնագետների մենագրությունների և դասագրքերի հրատարակվող շարքի մեջ, թարգմանվել անգլերեն և լույս ընծայվել ԱՄՆ-ում (1972):

1963-1967 թթ. Մ. Տեր-Միքայելյանը եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: Այդ ժամանակամիջոցում ֆիզիկայի ֆակուլտետում կազմակերպվել են ճառագայթային պրոբլեմային լաբորատորիա, պինդ մարմնի գիտական լաբորատորիա, դիէլեկտրիկների և կիսահաղորդիչների ամբիոն, մոլեկուլյար ֆիզիկայի ամբիոն, օպտիկայի ամբիոն և բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն: Կարճ ժամանակում նրան հաջողվել է ստեղծել միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967 թվականին ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի տնօրեն և աշխատել այդ պաշտոնում մինչև 1994թ-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004թ-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը: Համատեղ 1990-1994թթ. նա եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման և կայացման գործում: Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։ Այդ աշխատանքները լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։

1967 թվականին ինստիտուտում իրագործվում է լազերային ճառագայթման և գազային միջավայրի ոչ-գծային փոխազդեցության առաջին անմիջական փորձարարական հաստատումը: 1980-ականներին այս կառույցը գրավում է լազերային ֆիզիկայի ոլորտի առաջատար դիրքերից մեկը։ Տեր-Միքայելյանը զբաղվում է նոր ուղղությունների, հատկապես քվանտային համակարգերի ինֆորմատիկայում կիրառման հնարավորությունների և հեռանկարների վրա: 1987 թվականին գիտական աշխարհին ներկայացվում են բարձր ջերմաստիճանային խեցեղեն գերհաղորդիչ նմուշները, որոնք ստեղծվել էին իր ղեկավարությամբ՝ երիտասարդ գիտնականների հետ:

1994 թվականին Միքայել Տեր-Միքայելյանը հեռանում է ակադեմիայի ֆիզիկա-տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոններից, որպեսզի զբաղվի բացառապես գիտական գործունեությամբ և քայքայումից փրկի ինստիտուտը։ Մինչև իր կյանքի վերջին օրերը Միքայել Տեր-Միքայելյանը շարունակել է ինտենսիվ աշխատել: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների աշխատանքներին՝ ներկայացնելով ակնարկային զեկուցումներ։ 2003 թվականի սեպտեմբերին, մահվանից ընդամենը կես տարի առաջ, Տեր-Միքայելյանը մասնակցել է անցումային ճառագայթմանը նվիրված միջազգային խորհրդակցությանն Իտալիայում և պարբերական միջավայրերում ռելյատիվիստական մասնիկներին նվիրված միջազգային գիտաժողովին Տոմսկում։

Մ. Տեր-Միքայելյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1991 թվականին Ֆիզիկայի բնագավառի Նոբելյան կոմիտեն առաջադրել էր Միքայել Տեր-Միքայելյանի թեկնածությունը 1992 թվականի մրցանակին։ Հետևելով նամակագրության գաղտնիության պահանջին՝ Միքայել Տեր-Միքայելյանը չի պատմել որևէ մեկին այդ առաջարկի մասին։ Նոբելյան կոմիտեի նամակը հայտնաբերվել է նրա արխիվում մահվանից հետո։

Նրա անունը պիտի դրվի Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ Ալիխանյանի, Սերգեյ Մերգելյանի անունների կողքին։ Ականավոր գիտնականը մահացել է 2004 թվականի հունվարի 30-ին:

2021 թ. հունիսի 16-ին Հայաստանի ազգային ակադեմիայի նախագահությունը որոշում ընդունեց Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ:

Միքայել Տեր-Միքայելյանը ապրել է գիտական ստեղծագործ հագեցած կյանք՝ Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց, դաստիարակել է բազմաթիվ գիտնականների, որոնք այսօր շարունակում են հաջողությամբ զարգացնել ֆիզիկան ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից հեռու։