Cover Image
close this bookԽաչիյան Էդուարդ Եփրեմի (1933-)
View the documentԷ. Ե. ԽԱՉԻՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Ե. ԽԱՉԻՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Եփրեմի Խաչիյանը ծնվել է 1933թ.-ի օգոստոսի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքել գյուղում ծառայողի ընտանիքում։ 1951թ. ավարտել է նույն շրջանի Բանազուր գյուղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզ.-մաթ. ֆակուլտետի մեխանիկայի բաժինը, որն ավարտել է 1956թ. գերազանցությամբ։

Է. Ե. Խաչիյանը ընդունվել և 40 տարի անընդմեջ աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտում (այժմ ինստիտուտը գտնվում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության համակարգում և վերանվանվել է Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ)։

1961թ. նա պաշտպանել է թեկնածուական և 1972թ. դոկտորական թեզերը՝ տեխնիկական գիտությունների գծով։ 1979թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման «Շինարարական մեխանիկա» մասնագիտությամբ։

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը երկրաշարժի ժամանակ շենքերի ու կառուցվածքների վարքի կանխագուշակման, նրանց հաշվարկման, պաշտպանության ու սեյսմիկ անվտանգության նվազեցման բնագավառի խոշոր մասնագետ է։ Նրա կողմից մտցված են գիտական այնպիսի նոր գաղափարներ, ինչպիսիք են՝ տատանումների բարձր ձևերի հաշվառմամբ արագացումների, հակազդումների, միջինքառակուսային, պլաստիկ և մնացորդային դեֆորմացիաների, սեյսմիկ ուժերի կիրառման արագության, ոլորման հակազդումների սպեկտրները։ Է.Խաչիյանի կողմից հիմնավորված է գետնի տատանումների այն սահմանային ուժգնությունը, որին կարող են դիմանալ տարբեր նյութերից կառուցված շինությունները։ Գիտական հասարակության շրջաններում մեծ արձագանք են գտել Է.Խաչիյանի և նրա աշակերտների կողմից կառուցվածքների օպտիմալ նախագծման, տարածական տատանումների, կառուցվածքների և հիմնատակի փոխազդեցության բնագավառում կատարած հետազոտությունները։ Իր աշակերտների հետ համատեղ Է.Խաչիյանի կողմից մեծ ծավալի տեսական և փորձարարական աշխատանքներ են կատարվել տարբեր շենքերի, ճարտարապետական հուշարձանների և ժամանակակից կառույցների դինամիկական բնութագրերի որոշման, նրանց վկայագրման, վերականգնման ու ուժեղացման վերաբերյալ։ Նրա կողմից մշակվել է հզոր թրթռիչների օգնությամբ շինությունների վրա երկրաշարժի ժամանակ ազդեցությունների ստեղծման ինքնատիպ եղանակ։ Է.Խաչիյանը Երևան քաղաքի շենքերում գործող ինժեներա-սեյսմաչափիչ դիտարկումների ծառայության կազմակերպիչն ու գիտական ղեկավարն է եղել, և մեծ ավանդ ունի նախկին ԽՍՀՄ տարածքում նույնանման ծառայությունների կազմակերպման գործում։ Վերոհիշյալ հետազոտությունները հիմք են հանդիսացել, որ Է. Ե. Խաչիյանը հանգի շենքերի և կառույցների վրա երկրաշարժի ազդեցության բնույթի հետևյալ ձևակերպմանը՝ երկրաշարժի օջախից տարածվող սեյսմիկ ալիքները երկրի մակերևույթի վրա առաջացնում են գետնի տատանումներ, որոնց պարբերությունների մեծությունները բավարար ճշտությամբ համընկնում են նույն տեղանքում գրանցված գետնի միկրոսեյսմիկտատանումների կամ լիթոլոգիական կտրվածքի ֆիզիկամեխանիկական բնութագրերի հիման վրա հաշվարկված տատանումների պարբերություններին (գերակշռող պարբերություններ), որոնք իրենց հերթին վերգետնյա կառույցներում առաջացնում են նոր տատանումներ, որոնց պարբերությունները բավարար ճշտությամբ համընկնում են շենքերի կամ կառույցների ազատ տատանումների պարբերությունների հետ: Սա վկայում է, որ երկրաշարժի ժամանակ տեղի է ունենում սեյսմիկ ալիքների կրկնակի զտում՝ սկզբում հիմնատակի ենթամակերևույթային ստվարաշերտում, իսկ հետո հենց վերգետնյա կառույցում:

Է. Ե. Խաչիյանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի սկզբնական նախագծման և վերագործարկման ժամանակ երկրաշարժադիմացկունության ապահովման աշխատանքներին։Շենքերի և կառուցվածքների առանձգա-պլաստիկ դեֆորմացիաների հաշվառմամբ երկրաշարժադիմացկունության հաշվարկներում Է.Ե.Խաչիյանի կողմից մշակված եղանակը կիրառվել է Նուրեկի (Տաջիկստան) հիդրոէլեկտրակայանի 300 մ բարձրությամբ քարա-հողային ամբարտակի նախագծման ժամանակ: Լինելով մի շարք կառավարական և մասնագիտացված հանձնաժողովների կազմում՝ Է. Ե. Խաչիյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ուսումնասիրման ու հետևանքների վերացման գործում։Նրա ղեկավարությամբ և նախաձեռնությամբ, հաշվի առնելով Սպիտակի երկրաշարժի դասերը, մշակվել են Հայաստանի հանրապետության սեյսմակայուն շինարարության վերաբերյալ առաջին ազգային նորմերը, որոնք, մասնագետների կարծիքով, թույլ կտան բավականին բարձրացնել նախագծվող և կառուցվող շինությունների երկրաշարժադիմացկուննությունը՝ համեմատած նախկին խորհրդային նորմերի հետ։ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի աստիճանի բարձրացման կապակցությամբ, բոլոր շինությունները դարձան սակավ սեյսմակայուն և ենթակա ամրացման, որը սակայն կապված էր նյութական մեծ ծախսերի հետ՝ պայմանավորված բնակիչների ժամանակավոր արտաբնակեցման սոցիալական խնդրներով։ Է. Ե. Խաչիյանը՝ Զ. Մ. Խլգաէթյանի և Մ. Գ. Մելքումյանի հետ համատեղ մշակել է ամրացման ենթակա շենքերի սեյսմակայունության աստիճանի բարձրացման եղանակ, նոր՝ «զոհվող» ճկուն վերին հարկի ավելացմամբ, առանց բնակիչների վերաբնակեցման։ Այս եղանակը Սպիտակի երկրաշարժից վնասված շենքերի վերականգնման ու ուժեղացման վերաբերյալ, 1990 թ կազմակերպված միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի և ստացել հեղինակային արտոնագիր նախկին ԽՍՀՄ-ում: Եղանակը օգտագործվել է Վանաձոր քաղաքի 9-հարկանի 2 շենքերի ամրացման աշխատանքներում։ Նա Մ. Գ. Մելքումյանի և Ա. Մ. Խաչյանի հետ համատեղ ստեղծել է նաև երկրաժարշը գրանցող գործիքների ստուգաճշտման թրթռասեղան և երկրաշարժի ժամանակ գետնի ամենամեծ արագացման մեծությունը որոշող սեյսմոսկոպ:

1995թ. Է. Ե. Խաչիյանի կողմից մշակված 3-5-հարկանի շահագործվող քարե շենքերի երկրաշարժադիմացկունության մակարդակ բարձրացնող եղանակը (նույնպես առանց բնակչության արտաբնակեցման) արժանացել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից հայտարարված մրցույթի մրցանակին։ Նրա «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրությունը 2003թ.-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ տեխնիկական գիտությունների բնագավառում իսկ 2022թ.-ին Է. Ե. Խաչիյանը արժանացել է ԱՊՀ երկրների «Համագործակցության Աստղեր» միջպետական մրցամանի դափնեկրի կոչմանը:

Բնակչությանը երկրաշարժերին նախապատրաստելու նպատակով Է. Ե. Խաչիյանը իր գործընկերների հետ համատեղ գրել և հայերեն հրատարակել է «Երկրաշարժ. հուշագիր բնակչության համար» և «Երկրաշարժերի կանխագուշակման և երկրաշարժաանվտանգության ապահովման հիմնարացերը» գրքույկները։ Նա ավելի քան 25 տարի Երևանի պետական համալսարանի և ճարտարապետա-շինարարական ինստիտուտի ուսանողների համար կարդում է երկրաշարժերի և սեյսմակայունության մասին հատուկ դասընթացներ։ Նրա գիտական ղեկավարությամբ գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճան են ստացել 15 մասնագետներ, իսկ աշխատությունները հիմք են հանդիսացել մի շարք գիտնականների հետազոտությունների ու գիտական աշխատությունների համար։ Է.Ե. Խաչիյանը հետևյալ գիտական պարբերականների խմբագրական կազմի անդամ է՝
1.Сейсмостойкое строительство. Безопасность сооружений (Москва).
2.Вестник НИЦ. Строительство (Москва).
3.Природные и техногенные риски. Безопасность сооружений (Москва).
•Հայկական գիտական պարբերականներ:
1.ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին:
2.Ճարտարապետություն և շինարարություն:
3.Տեղեկագիր Հայաստանի շինարարների միության:
4.Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) գիտական աշխատություններ. ճարտարապետության, քաղաքաշինություն, շինարարություն:
Նա եղել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի և Սեյսմակայուն շինարարության Եվրոպական Ասոցիացիայի կողմից հրատարակվող «Սեյսմակայուն շինարարություն» ամսագրի խմբագրական կազմի անդամ:

Է. Ե. Խաչիյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետության տարածքում կառուցված խոշոր կամուրջների (Աշտարակի, Դավիթաշենի, Սարալանջի, Արգավանդի, Բարեկամության հրապարակի, Ջերմուկի, Մեղրիի) և բարձրահարկ շենքերի դինամիկական փորձարկումներին, հայկական ԱԷԿ-ի սկզբնական նախագծման և վերագործարկման, մարզահամերգային համալիրի, Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախագծման նպատակով իրականացված գիտական հետազոտություններին: Վերջին 2010-2022թթ. նրա կատարած գիտական աշխատանքները, որոնք հրատարակված են «Вулканалогия и сейсмология» և «Вопросы инженернвй сейсмологии», «Seysmic instruments» (Москва) և «Science Publishing Group: Earth Sciences» (USA) ամսագրերում (շուրջ 16 հոդված) վերաբերվում են կիրառական երկրաշարժագիտության դասական խնդիրներին և նվիրված են երկրաշարժի ժամանակ արձակված էներգիայի մեծության որոշման նոր մեթոդին, երկրաշարժի օջախի չափերի բացահայտման, հետհարվածների տեղաբաշխման, երկրի կեղևի սահքի դեֆորմացիայի դիմադրության սահմանային մեծության որոշման, երկրաշարժերի կանխագուշակման տվյալների հայտհատման և գետնի սինթետիկ սեյսմոգրամների և աքսելերոգրամների կանխագուշակման հարցերին: Այս հոդվածաշարի համար, ինչպես նշվեց վերևում, Է.Ե. Խաչիյանը արժանացել է ԱՊՀ երկրների «Համագործակցության աստղեր» մրցանակին: Նա մասնակցել է նաև Ստեփանակերտ քաղաքի և Երևանում կառուցված ԱՄՆ նոր համալիր դեսպանատան տարածքների սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներին և Մարմարիկի փլված ջրամբարի վերանորոգման ու Սարսանգի ջրամբարի ամրացման միջոցառումներին:

Նա բազմիցս հանդես է եկել սեյսմակայուն շինարարության վերաբերյալ համաշխարհային և եվրոպական գիտաժողովներում (Ռուսաստան, Ճապոնիա, Հունաստան, Հարավսլավիա, Բուլղարիա, ԱՄՆ, Պորտուգալիա, Չեխոսլովակիա)։ Է. Ե. Խաչիյանը սեյսմակայուն շինարարության վերաբերյալ մշտապես գործող ռուս-ամերիկյան հանձնախմբի անդամ է և բազմիցս մասնակցել է նրա աշխատանքներին ԱՄՆ-ում և Ռուսաստանում։

Է. Ե. Խաչիյանը ինժեներային սեյսմոլոգիայի, կառույցների երկրաշարժադիմացկունության վերաբերյալ ունի 20 մենագրություններ: Նրա գիտական հետազոտությունները հրատարակված են ավելի քան 300 գիտական աշխատություններում՝ 60 աշխատանքները միջազգային գիտական ամսագրերում և ժողովածուներում՝ անգլերեն, 20-ը՝ նորմատիվ-հրահանգչական փաստաթղթերում։ Խաչիյանի գիտական նվաճումների արդյունքները արտացոլված են երկրաշարժագիտության և սեյսմակայուն շինարարության վերաբերյալ դասագրքերում և հատուկ ձեռնարկներում, որոնք արժանացել են Ռուսաստանի, ԱՄՆ- ի, Ճապոնիայի, Բուլղարիայի և այլ երկրների գիտնականների ուշադրությանը։

Է. Ե. Խաչիյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ Վարչապետի, Երևանի քաղաքապետի, «Անանիա Շիրակացի», ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Փրկության համագործակցության» և «Աշխատանքային արիության» մեդալներով, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ոսկե մեդալով-քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար, Հայաստանի Ազգային Ակադեմիայի «Գովեստագրով»։ Քեմբրիջի համալսարանի կենսագրական կենտրոնը նրան ընդգրկել է 2009թ. առաջին 100 գիտնականների ցուցակում՝ «Գեոսեյսմոլոգիայի, հակասեյսմիկ շինարարության և շինարարական մեխանիկայի» բնագավառում, 2023 թ. երկրաշարժագիտության, երկրաշարժադիմացկուն շինարարության և բնական աղետներից պաշտպանության Եվրասիական ասոցիացիայի կողմից պարգրատրվել է 1-ին աստիճանի մեդալով գիտության ու տեխնիկայի բնագավառում կատարած ներդրումների համար:

Է. Ե. Խաչիյանի աշխատանքներում մեծ տեղ է հատկացվում երկրաշարժի կանխագուշակմանն ու նախապատրաստմանը, երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի կատարելագործմանը, շահագործման մեջ գտնվող շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկունության աստիճանի գնահատմանը ու նրանց ուժեղացմանը, պետական մարմիններին ու բնակչության լայն խավերին ուժեղ երկրաշարժերի ծանր հետևանքների մասին տեղեկացմանը, երկրաշարժից պաշտպանվելու էլեմենտար կանոնների իմացությանը:

Էդուարդ Խաչիյանը հատուկ ակնածանքով ու երախտագիտության զգացումով է խոսում իր գիտական ղեկավար ակադեմիկոս Արմեն Նազարովի մասին, ինչպես նաև ուսանողական տարիների դասախոսների՝ ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Նագուշ Հարությունյանի, Օգսեն Սապոնջյանի, Սերգեյ Համբարձումյանի, Ռաֆայել Ալեքսանդրյանի, Գուրգեն Սահակյանի, Ալեքսանդր Թալալյանի մասին:

Է. Ե. Խաչիյանի ամբողջ գիտական, մանկավարժական և գործնական ողջ գործունեությունը ուղղված է մարդկանց, շինությունները և նյութական արժեքները տարերային աղետներից ամենադաժաներից՝ երկրաշարժից, պաշտպանելու բարի գործին։