Cover Image
close this bookԿարապետյան Սահակ Կարապետի (1906-1987)
View the documentՍ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սահակ Կարապետի Կարապետյանը ծնվել է 1906 թ. մայիսի 16-ին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղում / ՀՀ Արմավիրի մարզ /։
1924 թ. ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը, ընտրվել է կոմերիտական բջջի քարտուղար, գլխավորել է բանդիտների դեմ պայքարող ջոկատը։ 1925-1928 թթ. պաշտոնավարել է Էջմիածնի և Աշտարակի շրջանային ֆինբաժիններում՝ աշխատանքը զուգակցելով ուսման հետ։
1928-1930 թվականներին Ս.Կ. Կարապետյանը ծառայել է Կարմիր բանակում, որտեղ նշանակվել է էսկադրոնի քաղղեկ, ապա՝ Անդրկովկասի Կարմրադրոշ բանակի զինվորական դատարանի անդամ։ Բանակից զորացրվելուց հետո՝ 1930 թ. ընդունվել և 1933 թվականին ավարտել է Անդրֆեդերացիայի անվ. / այնուհետև՝ Երևանի / անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։
1931 թվականին Ս.Կ. Կարապետյանն ընդունվում է ՍՄԿԿ շարքերը։ 1933 թ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում՝ որպես ագրոտեխնիկական պրոպագանդայի սեկտորի վարիչ։ 1933 թվականի վերջերին գործուղվել է Սիսիանի շրջան / ՀՀ Սյունիքի մարզ / և մինչև 1936 թ. աշխատել է Բազարչայի սովետական տնտեսությունում՝ որպես գլխավոր անասնաբույծ, այնուհետև՝ դիրեկտոր՝ միաժամանակ սովորելով Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտելուց հետո ձեռնամուխ է լինում Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների բազմացման և անասնաբուծական գիտության զարգացման գործին։
1938 թ. Ս. Կարապետյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Կերերի կեմսաքիմիական կազմի, մարսելիության և կենդանիների մի քանի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա դրոժացման ազդեցությունը» թեմայով, որը մեկ տարի անց հրատարակվում է որպես մենագրություն։ Այնուհետև հաջորդաբար լույս են տեսնում նրա մի շարք աշխատությունները, որոնցում լուսաբանվում են գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիայի և արդյունավետ կերակրմանը վերաբերող բազմաթիվ հարցեր։
Իր գիտական աշխատություններում Ս. Կարապետյանը հատուկ ուշադրություն է դարձրել ուսումնասիրվող պրոբլեմի գործնական կիրառմանը, տեսական հարցերի մշակման ժամանակ հետազոտվող օբյեկտը՝ գյուղատնտեսական կենդանին դիտելով որպես անփոխարինելի արտադրական միջոց։
1938 թ. Ս. Կարապետյանը նշանակվում է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահի գիտական գծով տեղակալ, միաժամանակ աշխատելով նույն մասնաճյուղի Կենսաբանության ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող, նաև՝ Երևանի անասնաբուծական – անասնաբուժական ինստիտուտում դասավանդում է դարվինիզմի հիմունքներ առարկան։
1940 թ. պրոֆեսոր Կարապետյանը նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ։ Գտնվելով կուսակցական-պետական պաշտոններում՝ նա հանրապետության սոցիալիստական շինարարության և ժողովրդական տնտեսության վերելքի գործում ներդրել է իր ամբողջ կարողությունը՝ քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ իրականացնելով կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրները։
1952 թվականից սկսած՝ Ս. Կարապետյանն իր ստեղծագործական- կազմակերպչական ուժերն ամբողջովին նվիրաբերում է գիտությանն ու արտադրությանը։ Նրա կյանքում սկսվում է գիտամանկավարժական ու հասարակական գործունեության նոր բեղմնավոր շրջան։ 1952 թվականից մինչև 1955-ը նա Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտորն է եղել։ 1955-ին նա կազմակերպում է ՀՍՍՀ-ում արդյունաբերական տիպի առաջին թռչնաբուծական ֆաբրիկան Էջմիածնում և մինչև 1957 թ. աշխատում է որպես ֆաբրիկայի դիրեկտոր։ Նա ֆաբրիկայի բազայի վրա կատարում է մի շարք արժեքավոր հետազոտություններ, որոնք նպաստել են հանրապետությունում արդյունաբերական թռչնաբուծության զարգացմանը։
1957 թվականին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ Սահակ Կարապետյանը աշխատանքի է նշանակվում Գիտությունների ակադեմիայի Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտական աշխատող։ 1958 թ. նույն ինստիտուտում հիմնադրում է գյուղատնտեսական կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայի լաբորատորիա , որի անփոփոխ վարիչն է եղել մինչև 1987 թ.։
1957-1963 թթ. նա համատեղության կարգով դասախոսել է Երևանի Խ. Աբովյանի անվ.մանկավարժական ինստիտուտում / ներկայումս՝ Խ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարան /, իսկ 1964-ից ղեկավարել է նույն ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Ակադեմիկոս Ս. Կարապետյանը 1961 թ. Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ մեկ տարի անց նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։
Հայրենական գիտությանը մատուցած ծառայությունների համար դեռևս 1943 թ. Ս. Կարապետյանը հաստատվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ՝ դառնալով նրա հիմնադիր կազմի անդամներից մեկը։
1958 թվականից Ս. Կարապետյանը որպես պատգամավոր ելույթներով, գիտական զեկուցումներով ու հաղորդումներով հանդես է եկել ֆիզիոլոգիային և թռչնաբուծությանը նվիրված միջազգային կոնգրեսներում, համամիութենական համագումարներում, կոնֆերանսներում և սիմպոզիումներում / 1958 թ.՝ Մեքսիկա, 1965-ին՝ Ճապոնիա, 1966-ին՝ ՍՍՀՄ, 1968-ին՝ ԱՄՆ, 1970-ին՝ Իսպանիա, 1971-ին՝ ԳՖՀ /։ Գիտնականն առանձնակի ուշադրություն է դարձրել երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործին՝ ստեղծելով գյուղատնտեսական կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայի բնագավառի ինքնատիպ դպրոց։ Նրա աշակերտներից երեքը գիտության դոկտոր են, տասնյոթը՝ գիտության թեկնածու։
Գիտամանկավարժական երկարամյա և բեղմնավոր գործունեության համար 1966-ին Ս. Կարապետյանին շնորհվել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 1974 թվականին գիտության բնագավառում խոշոր ծառայության համար ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը նրան պարգևատրել է «Վաստակագրով», իսկ Համամիութենական «Գիտելիք» ընկերությունը՝ Վավիլովի անվան մեդալով։ Ակադեմիկոս Ս. Կարապետյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։
Ակադեմիկոս Սահակ Կարապետյանը գիտական հասարակայնությանը հայտնի է որպես առաջատար ֆիզիոլոգ։ Իր հիմնադրած լաբորատորիայում, որը ճանաչված գիտական կենտրոններից է , նա աշակերտների հետ հետազոտել է կենդանիների բազմացման և վերարտադրության ֆիզիոլոգիային վերաբերող ամենատարբեր հարցեր։ Ստացված փորձարարական հարուստ նյութերը ունեն ինչպես գիտական, այնպես էլ արժեքավոր գործնական նշանակություն։ Այդ հետազոտությունների մի մասը նվիրված է գյուղատնտեսական թռչունների վերարտադրական ֆունկցիայի վրա լրացուցիչ լուսավորության ֆիզիոլոգիական ազդեցությանը։ Նա ապացուցել է, որ լրացուցիչ լուսավորության պայմաններում ավելանում է գյուղատնտեսական թռչունների տարեկան ձվատվությունը։ Կատարված փորձերով հաստատել է, որ մատղաշների աճի և զարգացման, հասուն թռչունների մթերատվության արդյունավետ խթանիչ են արհեստական աղբյուրներից ստացվող ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Այս հարցերը հետագայում ընդհանրացվեցին 1961-ին հրատարակված «Լույսի դերը կենդանի օրգանիզմի ֆիզիոլոգիական խթանման վրա» նրա մենագրության մեջ։
Սահակ Կարապետյանն անգնահատելի ներդրում ունի գյուղատնտեսական կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայում կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժինների կարգավորիչ դերի ուսումնասիրության բնագավառում։ Այս ուղղությամբ կատարած բազմաթիվ հետազոտություններով նա ապացուցել է, որ ուղեղի մեծ կիսագնդերի երկկողմանի միաժամանակյա հեռացման դեպքում անվերադարձ խախտվում է կենդանիների բազմացման օրգանների գործունեությունը։
Տեսական և գործնական կարևորություն ունեն Հայաստանում բուծվող կովկասյան գորշ ցեղի կովերի կաթի յուղայնության և սպիտակուցի պարունակության բարձրացման ուղղությամբ նրա բազմամյա հետազոտությունները, որոնց արդյունքները / կաթի միջին յուղատվությունը 3,7 տոկոսից հասել է մինչև 4,8 տոկոս, իսկ սպիտակուցներինը՝ 3,3 տոկոսից մինչև 3,9 տոկոս / առաջարկվել է ներդնել արտադրության մեջ։
Արժեքավոր են նաև նրա այն հետազոտությունները, որոնք վերաբերում են ընտանի թռչունների բարձրագույն նյարդային գործունեության և ներզատիչ գեղձերի՝ հատկապես վերին մակուղեղի և ստորին մակուղեղի ֆիզիոլոգիայի հարցերին։ Այս բնագավառում գիտնականն առաջին անգամ ապացուցել է, որ վերին մակուղեղը սպերմատոգեն ֆունկցիայի զարգացման նյարդահումորալ օղակի կարևոր մասն է, որի հեռացման դեպքում ոչ թե արագանում է սեռական հասունացման պրոցեսը, ինչպես մինչ այդ ընդունված էր գրականության մեջ, այլ, ընդհակառակը, այն դանդաղում է և նունիսկ արգելակվում։ Այդ ուսումնասիրություններում նա հետևել է ֆիզիոլոգիայի առաջատար ուղղություններին, միաժամանակ իր առաջադրած նոր դրույթներով ուղիներ է հարթել ֆիզիոլոգիական մի շարք ակտուալ հարցերի լուսաբանման և արտադրությունում դրանց կիրառման համար։
Իրենց գիտական արժեքով և գործնական նշանակությամբ գիտնականի ուսումնասիրությունները գիտության և արտադրության սերտ կապի ակնառու օրինակ են։
ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ս.Կարապետյանը երկրի ճանաչված սելեկցիոներներից է։ Նա դեռևս 1946 թվականից իր աշակերտների՝ Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ու ՀՍՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ ձեռնարկել է հավերի նոր ցեղի ստեղծման նախապատրաստական աշխատանքները՝ հաջողությամբ ավարտելով դրանք 1974 թվականին։ Ստեղծված մսաձվատու նոր ցեղը հաստատվեց ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության կողմից և անվանվեց «Երևանյան»։
Երևանյան հավերի ցեղի ստեղծումը մեծ ներդրում է ոչ միայն թռչնաբուծության, այլև գյուղատնտեսական կենդանիների բուծման գիտության մեջ։ Սահակ Կարապետյանը չի սահմանափակվել միայն թռչունների ֆիզիոլոգիայի և գենետիկայի ուսումնասիրությամբ։ Գիտնականի հետազոտության առարկաներից են նաև անասնաբուծության մյուս ճյուղերը։ Այդ ուղղությամբ նրա կատարած հետազոտությունները ընդհանրացված են մի շարք մենագրություններում և բազմաթիվ գիտական հոդվածներում, որոնց մեջ հեղինակը նշում է կարևորագույն ու հեռանկարային ռեզերվները, որոնք կարող են ռեալ կերպով բարձրացնել անասնաբուծության տվյալ ճյուղի արդյունավետությունը Հայկական ՍՍՀ-ում։
Ս.Կ. Կարապետյանի հասարակական գործունեության ուշագրավ կողմերից է նրա հրապարակախոսական վաստակը։ Նրա ելույթները համակված էին քաղաքացիական կորովով և բարձր հայրենասիրությամբ, հանգամանք, առանց որի դժվար է ամբողջացնել գիտնականի, հասարակական գործչի դիմանկարը։