Cover Image
close this bookՀարությունյան Վլադիմիր Միքայելի (1940-2022)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Միքայելի Հարությունյանը ծնվել է 1940 թ.: 1964 թ. գերազանց ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը, իսկ 1969 թ.՝ ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:

Վ. Մ. Հարությունյանը 1965 թ. մինչև 1988 թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, ընդ որում 14 տարի, կազմակերպման օրվանից (1974 թ.), որպես ՌՖԷԻ – ի կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1969-1972 թթ.՝ որպես ինստիտուտի գիտքարտուղար:

1970 թ. ԵՊՀ – ում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977 թ. Վիլնյուսի պետհամալսարանում՝ դոկտորական ատենախոսություններ «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ: 1974 թ. ստացել է ավագ գիտաշխատողի, իսկ 1981 թ.՝ պրոֆեսորի կոչումները նույն մասնագիտությամբ:

1977 թ. դեկտեմբերին հրավիրվել է աշխատանքի ԵՊՀ որպես ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի վարիչ և կիսահաղորդչային նյութերի և սարքերի պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար:

1977-1978 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ՌՖԷԻ-ի կուսկազմակերպության առաջին քարտուղար: Կազմակերպման օրվանից (1984 թ.) եղել է ԵՊՀ և «Պոզիստոր» ԱՄ – ի ճյուղային լաբորատորիայի գիտական ղեկավարը, 1985-1988 թթ. ՝ ԵՊՀ –ի կուսկոմիտեի անդամ և գիտական աշխատանքների հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ-ի արհկոմի անդամ: Նրա գործունեության անբաժան մասն է կազմել ակտիվ հասարակական-քաղաքական աշխատանքը: Նա եղել է ԳԱ-ի, ԳՏՊԿ-ի և ԽՍՀՄ Պետկրթկոմ-ի գիտական և էքսպերտային խորհուրդների 7 տարբեր մասնաճյուղերի անդամ, ՀԽՍՀ Ժողկրթմինիստրության էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի մասնաճյուղերի նախագահը, հանրապետության էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ԳՏԸ վարչության անդամ, մի շարք գիտական խորհուրդների անդամ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կուսբյուրոյի անդամ:

ԵՊՀ –ում աշխատելու տարիներին նրա կողմից կազմակերպվել են միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքների, կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի, կիսահաղորդչային ԳԲՀ – էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների ֆիզիկայի գծով հատուկ դասընթացներ ԵՊՀ – ի «ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողների, ինչպես նաև ԵՊՀ – ի որակավորման բարձրացման ֆակուլտետի ունկնդիրների համար:

1987 թ. սկսվել է «էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և բաղկացուցիչ մասերի ֆիզիկա և տեխնոլոգիա» մասնագիտության գծով մասնագետների պատրաստումը: Վ. Մ. Հարությունյանը մանկավարժական գործունեությունը զուգորդել է ինտենսիվ գիտական աշխատանքի հետ: Նա 3 մենագրության, 6 ակնարկի, 10 գրքի, ուսումնական ձեռնարկների և պրեպրինտների, ինչպես նաև գիտական ամսագրերում տպագրված 182 հոդվածի հեղինակ է: Վ. Մ. Հարությունյանը ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ գիտական համաժողովների աշխատանքներին, որոնց ամփոփիչ նյութերում տպագրվել են նրա 33 զեկույցներն ու զեկուցումների 100 – ից ավելի դրույթները:

1990 թ. ՀԳԱԱ թղթակից անդամ ընտրվելուց հետո տպագրել է 1 դասագիրք, 2 գիրք, 2 ակնարկ, 48 հոդված և զեկույց, ստացել է ԽՍՀՄ –ի հեղինակային վկայական, Ռուսաստանի 2 և ԱՄՆ – ի 1 պատենտներ: Այդ ժամանակաշրջանում Վ. Մ. Հարությունյանի կողմից տպագրվել է 8 հոդված, 1 դասագիրք, 2 գիրք, 2 ակնարկ առանց համահեղինակների:

Նա արժանիորեն ներկայացրել է խորհրդային գիտությունը արտասահմանում, որտեղ անգլերեն լեզվով հրատարակվել են նրա բազմաթիվ հոդվածներն ու զեկուցումները, թարգմանվել են 70-ից ավելի հոդվածները:

1994 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 1995 թ.՝ Նյու Յորքի ակադեմիայի իսկական անդամ և «Արարատ» միջազգային ակադեմիայի (Ֆրանսիա) թղթակից – անդամ: Նա հետևողականորեն աշխատել է հայոց լեզվով մասնագիտական ուսումնական գրականության նախապատրաստման և հրատարակման ուղղությամբ: 1995 թ. հրատարակվել է նրա «Միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» դասագիրքը: 1996 թ. Վ. Մ. Հարությունյանը ընտրվել էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա ընտրվել է նաև ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի և ճարտարագիտական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի բյուրոյի և Գիտությունների ակադեմիայի միջազգային ասոցիացիայի «Ֆունկցիոնալ նյութեր էլեկտրոնիկայի համար» գիտական խորհրդի անդամ: Վ. Հարությունյանը հանրապետության մի շարք գիտական և փորձագիտական խորհուրդների և ԽՍՀՄ գիտական խորհուրդների անդամ էր, երկար տարիներ եղել էր ԵՊՀ և ՀՊՃՀ հատուկ խորհուրդների անդամ: 1996 թ. արժանացել «Անանիա Շիրակացի» պետական պարգևի, 2007 թ.՝ ՀՀ նախագահի մրցանակի, 2009 թ.՝ ՀՀ վարչապետի պարգևի, Հայաստանի կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի, Երևանի և Օդեսայի համալսարանների ոսկե մեդալների, նաև՝ «2009 Ոսկե մեդալ Հայաստանի համար» (ԱՄՆ), «Համաշխարհային գիտության մեջ ավանդի համար» (ՌԴ.), «ArmTech’09» (ԱՄՆ), իսկ 2019 թ. պարգևատրվել է Ջրածնային էներգիայի միջազգային ասոցիացիայի ոսկե մեդալով:

Վ. Մ. Հարությունյանը եղել է միջազգային «Արեգակնային տարրեր» (Շվեյցարիա) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ և ջրածնային էներգետիկայի գծով միջազգային ամսագրի գրախոս, ՀԳԱԱ-ի վառելիքա-էներգետիկ հանձնաժողովի նախագահ, «ՀԳԱԱ Տեղեկագիր. Ֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիր, ՀՀ արդյունաբերության նախարարության գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալ, ԵՊՀ-ի գրադարանային խորհրդի նախագահ, «ԵՊՀ գիտական տեղեկագրեր» ամսագրի խմբագրության անդամ, Միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Journal Alternative Energetics and Ecology ամսագրի գիտական խորհրդի անդամ, «Հայկական բանակ» ամսագրի գիտական խորհրդի անդամ, «Nanomedicine, Nanotechnology and Nanomaterials» միջազգային ամսագրի խմբագիրներից և Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Սինգապուրում հրատարակվող 6 ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ: 2002 թ. նրա խմբագրութեամբ հրատարակվել է «Armenian journal of physics» էլեկտրոնային ամսագիրը:

Համալսարանում Վ. Մ. Հարությունյանի գործունեության ընթացքում ամբիոնի և լաբորատորիայի աշխատակիցների կողմից պաշտպանվել են 6 դոկտորական և մոտ 30 թեկնածուական ատենախոսություն: Նա եղել է 19 թեկնածուական ատենախոսության ղեկավար և 3 պաշտպանված դոկտորական ատենախոսության խորհրդատու:

Նպատակային ասպիրանտուրայի միջոցով Վ. Մ. Հարությունյանի կողմից պատրաստվել են բարձրորակ կադրեր հանրապետության հիմնարկ-ձեռնարկությունների համար: Նրա աշակերտների և գործընկերների շրջանակներում կան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ և ՀՀ նախագահր մրցանակի 7 դափնեկիր: Նա բազմիցս հանդես է եկել որպես պաշտոնական ընդդիմախոս երկրի տարբեր քաղաքներում, ակտիվորեն մասնակցել է ԵՊՀ-ի ԳԱ-ի և ԵրՊի-ի մասնագիտացված խորհուրդների աշխատանքներին:

Պրոֆեսոր Վ. Մ. Հարությունյանը ճանաչված մասնագետ է ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների ֆիզիկայի և տեխնիկայի, արեգակնային էներգիայի փոխակերպման բնագավառներում:

Նա մշակել է արգելված գոտու բարդ կառուցվածքով կիսահաղորդիչների գեներացիոն-ռեկոմբինացիոն և ինժեկցիոն պրոցեսների ընդհանրացված տեսությունը: Նրա կողմից առաջարկվել են S-տեսակի բացասական դիմադրության տեղամասի, կրկնակի ու հեղեղային ինժեկցիայի պայմաններում կիսահաղորդիչներում առաջացող մի շարք անոմալ կախվածությունների ձևավորման մեխանիզմները: Վ. Մ. Հարությունյանը զգալի ներդրում ունի ուժեղ դաշտային և կոնցենտրացիոն էֆեկտների տեսության մեջ, ԳԲՀ – դիապազոնի ռադիոֆիզիկայի այնպիսի հեռանկարային սարքերի ֆիզիկայում, ինչպիսիք են Գանի, ինժեկցիոն-թռիչքային և հեղեղային-թռիչքային դիոդները: Այդ հետազոտությունները, մասնավորապես, թույլ տվեցին հասկանալ Գանի դիոդներից լազերային և ռեկոմբինացիոն ճառագայթման իրականացման պայմանները, ԳԲՀ-տատանումների կոհերենտության ժամանակի կառավարման, այդպիսի համակարգերում հզորության, արդյունավետության բարձրացման և աղմուկների մակարդակի ցածրացման ուղիները:

Վ. Մ. Հարությունյանը լուծել է վիճակագրական ռադիոֆիզիկայի մի շարք բարդ խնդիրներ՝ գործնական առումով շատ կարևոր դեպքերի՝ բազմալիցք կենտրոններով ինժեկցիոն կառուցվածքների և թակարդներ պարունակող ինժեկցիոն-թռիչքային դիոդների աղմուկների տեսության բնագավառում: Նրա կողմից բացահայտվել է կոմպենսացված կիսահաղորդիչներում ի հայտ եկող մի շարք էֆեկտների (ֆոտո հոսանքների ինֆրակարմիր մարման, բացասական ֆոտոդիմադրության և այլն) բնույթը, առաջարկված են լուսավորման, մագնիսական դաշտի և այլ արտաքին ազդեցությունների նկատմամբ դրանց զգայնության հետագա բարձրացման մեխանիզմներ:

Աշխատանքների մի կարևոր շարք ներկայացնում է նրա հետազոտությունների արդյունքները սահուն և կտրուկ հետերոանցումների հիման վրա պատրաստված ինֆրակարմիր միջակայքի ֆոտոընդունիչներում և ֆոտոկատոդներում ընթացող ֆիզիկական երևույթների մասին:

Վ. Մ. Հարությունյանը զգալի ներդրում ունի արեգակնային էներգիան քիմիական կամ էլեկտրական էներգիայի փոխակերպման հիմնահարցի լուծման գործում: Նրա տեսական և փորձնական աշխատանքներից գրականության մեջ կատարված բազմաթիվ մեջբերումները վկայում են նրա կողմից առաջարկվող մեխանիզմների և ստացված արդյունքների ճշմարտացիությունն ու նորությունը:

Վ. Մ. Հարությունյանի և իր աշխատակիցների կողմից կատարված հիմնարար հետազոտությունների գործնական արդյունք է հանդիսացել նոր սարքերի, սարքավորումների, կայանքների և տեխնոլոգիաների ստեղծումը, որոնց մեծ մասը պաշտպանված են հեղինակային 27 վկայականներով: Դրանց թվին են պատկանում ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն միջակայքերի ֆոտոընդունիչները, ֆոտոփոխակերպիչները, զանազան քիմիական սենսորները և այլն: Մշակված սարքերի չափման և տեխնոլոգիայի մեթոդների որոշ մասի ներդրումը իրականացվել է «Պոզիստոր» ԱՄ –ում, ՀԽՍՀ ԳԱ ՌՖԷԻ ՀԿԲ-ում, ՀԱՀԳՀԻ ՀԲ-ում, Լենինգրադի, Արթիկի և այլ քաղաքների ձեռնարկություններում: Նրա ղեկավարած ամբիոնում և լաբորատորիայում բարձր մակարդակով կատարվել են կարևոր հիմնարար և կիրառական հետազոտություններ, մեծ ծավալի տնտպայմանագրային աշխատանքներ, համատեղ հետազոտություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունգարիայի գիտնականների հետ: Նրա գործունեության մի մասը ֆինանսավորվել է Սորոսի միջազգային գիտական հիմնադրամի և Ամերիկյան ֆիզիկական ընկերության կողմից: Նա ԵՊՀ եվրոպական մի շարք լաբորատորիաների հետ միասին աշխատել է “NEXUS” ծրագրի իրականացման վրա: ԵՊՀ-ում աշխատանքները կատարվել են համաձայն ՀԿԿ Կենտկոմի և հանրապետության Մինիստրների խորհրդի, ԳՏՊԿ-ի, ԽՍՀՄ ԳԱ, ԲՄՄԿ Մինիստրության որոշումներով, այդ թվում ԳՏԾ 0.01.08-ի շրջանակներում: Վ. Մ. Հարությունյանը ակտիվ մասնակցություն է ունեցել համամիութենական բազմաթիվ գիտաժողովների աշխատանքներին: Միայն Հայաստանում նրա ղեկավարությամբ կազմակերպվել են 6 Համամիութենական գիտաժողովներ: Բացի այդ, նա բազմիցս ներգրավվել է Համամիութենական այլ գիտաժողովների անցկացման կազմկոմիտեներում:

Նա բազմիցս գործուղվել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, Ռումինիա և այլ երկրներ, մասնակցել ու ելույթ է ունեցել զանազան միջազգային կոնֆերանսներում:

Ակադեմիկոս Վ. Հարությունյանի մեծ մարդու հիշատակը վառ կմնա գործընկերների, գիտական հասարակության, աշակերտների և նրան ճանաչող յուրաքանչյուրի սրտում: