Cover Image
close this bookԱղայան Էդուարդ Բագրատի (1913-1991)
View the documentԷ. Բ. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Բ. ԱՂԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Բագրատի Աղայանը ծնվել է 1913 թ. մարտի 6-ին Մեղրիում / Սյունիքի մարզ /: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1933 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը և 1938 թ. ավարտել է այն: 1939-1985 թթ. նա դասախոսել է Երևանի համալսարանում:
Դեռևս ուսանողական տարիներին արտակարգ ընդունակությունների ու լայն հետաքրքրությունների տեր երիտասարդը գրավում է ժամանակի մեծանուն հայագետների ուշադրությունը: Նրա ուսումնառությանը ուշադրությամբ հետևում է հատկապես մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը, և Էդուարդ Աղայանը դառնում է նրա սիրած աշակերտը: Ավարտելով համալսարանին կից ասպիրանտուրան` նա 1941 թ. փայլուն կերպով պաշտպանում է «Մեղրու բարբառը» թեմայով ատենախոսություն և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1945 թ. նրան բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է շնորհվում «Հայ լեզվաբանության պատմություն» ուսումնասիրության համար: 1946 թ. Է. Բ. Աղայանը պրոֆեսորի կոչում է ստանում, 1953 թ. ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թ.` ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս: 1970 թ. Է Աղայանն արժանացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1983 թ. ծննդյան 70-ամյակի առթիվ, լեզվաբանության զարգացման և գիտական կադրեր պատրաստելու բնագավառում ունեցած աչքի ընկնող ծառայությունների համար նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Բազմազան ու տարաբնույթ են Է.Բ. Աղայանի գիտական ու մանկավարժական գործունեության բնագավառները: Նա եղել է ՀՍՍՀ լուսավորության մինիստրության բուհերի բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, նույն ինստիտուտի բառարանագրության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր` գիտական գծով:
Շուրջ երեսուն տարի նա հաջողությամբ վարում է համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնը` միաժամանակ ղեկավարելով համալսարանի հայագիտական կենտրոնը և լեզվի ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժինը: Է.Բ. Աղայանը համալսարանի լեզվաբանության ու հայոց լեզվի գծով գիտական աստիճաններ շնորհող գիտխորհրդի նախագահն է ու մի շարք գիտխորհուրդների անդամ: Գիտական բարձր հեղինակությունը նրա գործունեության մեջ զուգակցված է կազմակերպչական եռանդի, անաչառ, սկզբունքային վարքագծի և մարդամոտ բնավորության հետ: Անվանի գիտնականը հոգատար է աշխատանքային ընկերների և երիտասարդ մասնագետների նկատմամբ: Է.Բ. Աղայանը սիրված դասախոս է և հմուտ մանկավարժ: Լեզուների իմացությունը, Լեզվի գիտության անցյալի ու ներկայի նվաճումներին լավատեղյակ լինելը մեծապես օգնել են նրան կարդալու բարձրորակ և հետաքրքրական դասախոսություններ ամենատարբեր մասնագիտությունների գծով` ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքների պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբար, լատիներեն, պարսկերեն, արևելյան բանասիրություն: Ակադեմիկոս Է. Աղայանը հրատարակել է բուհական և դպրոցական դասագրքեր ու ձեռնարկներ: Է. Աղայանի «Լեզվաբանության ներածություն» բուհական ձեռնարկը ունեցել է մի քանի հրատարակություն, թարգմանվել է ռուսերեն և, որպես ձեռնարկ, լավագույններից մեկն է Սովետական Միությունում: Ձեռնարկում նյութերը ներկայացված են հանրամատչելի շարադրանքով և ինքնատիպ մեկնաբանություններով. Համակողմանիորեն բնորոշված է մարդկային լեզուն, հետևողականորեն պարզաբանված են լեզվի ծագման, զարգացման, նրա կառուցվածքային առանձնահատկությունների հարցերը, հանգամանորեն շարադրված են լեզվի հասարկական դերին ու գործառություններին վերաբերող բաժինները: Փաստերի վերլուծությունը, հասկացությունների բնորոշումներն ու ձևակերպումները կատարված են գիտամեթոդական բարձր մակարդակով, ընդ որում, հեղինակը ղեկավարվել է ընդհանուր և հայ լեզվաբանության լավագույն ավանդույթներով, մեթոդաբանական ճշգրիտ սկզբունքներով: Է. Աղայանի «Լատիներենի քերականությունը» որպես բուհական դասագիրքը ժամանակին նշանակալի դեր է կատարել և պահպանում է իր արժեքը ցայժմ:
Սերտ ու անմիջական է այն կապը, որ Է. Աղայանն ունի դպրոցի հետ: Երկար տարիներ նա ամենայն բարեխղճությամբ ու հոգատարությամբ աշխատում է հայոց լեզվի դպրոցական դասագրքերի վրա: Է.Բ. Աղայանի կողմից ու նրա մասնակցությամբ կազմված դասագրքերն ու ձեռնարկները աչքի են ընկնում ծրագրային նյութերի անբողջական ընդգրկումով, սահմանումների, ձևակերպումների ճշգրտությամբ, օրինակների, տեքստերի նպատակահարմար ընտրությամբ: Արգասավոր է եղել Է.Բ. Աղայանի` որպես գիտնական-մանկավարժի, գործունեությունը գիտական կադրերի պատրաստման բնագավառում: Նրա ուշադիր ու հոգատար ղեկավարությամբ ուսումնառության ուղի են անցել մի քանի տասնյակ ասպիրանտներ, որոնք այժմ գիտության թեկնածուներ և դոկտորներ են և հաջողությամբ աշխատում են լեզվագիտության տարբեր բնագավառներում: Նրանք չեն կտրում կապը իրենց բազմավաստակ ուսուցչի հետ, որը նրանց համար միշտ էլ հեղինակավոր խորհրդատու է: Նա քաջալերում է ուշագրավ նախաձեռնությունը և ուղղորդում ստեղծագործական նոր աշխատանքի: Է.Բ. Աղայանը անաչառ է իր բազմաթիվ ընդդիմախոսություններում, որոնց մեջ համոզիչ ու օգտակար դիտողություններ է անում և խորհուրդներ տալիս պաշտպանության ներկայացված թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների վերաբերյալ: Որտեղ էլ որ հանդես գա, մեծավաստակ գիտնականը իր ծանրակշիռ խոսքն է ասում, բարձրացնում հրատապ հարցեր, խոսում հայ մշակույթի և հայագիտության կարևորագույն խնդիրների մասին: Նա գիտական զեկուցումներով հանդես է եկել 1979 թ. ֆիլադելֆիայի և 1982 թ. Երևանի հայերենագիտական միջազգային գիտաժողովներին` արժանիորեն ներկայացնելով գիտության նվաճումները: Բեղուն ու արգասավոր է գիտնական Աղայանի գրիչը, բազմազան են նրա գիտական հետաքրքրությունները, լայն են նրա հետազոտությունների շրջանակները` ընդհանուր և համեմատական լեզվաբանություն, համեմատական, պատմական և նկարագրական քերականություն, բառագիտություն, բառաքննություն, ստուգաբանություն, բառարանագրություն, հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն, հայ լեզվաբանության պատմություն, ուղղագրություն, ուղղախոսություն, բանասիրություն և գրականագիտություն: Ընդհանուր լեզվաբանության հարցերը Է. Աղայանի ուշադրությունը գրավել են 1940-ական թվականներից սկսած: Այս բնագավառի կարևորագույն ուսումնասիրություններից են` «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» / հետագայում սա վերամշակվել է ու վերանվանվել «Լեզվաբանության ներածություն»/, «Լեզվի ծագումը և զարգացումը», «Որակական անցումները լեզվի մեջ», «Լեզվական կառուցվածքի մակարդակները» և այլն: Սրանցում արծարծված հարցերին լեզվաբանական միտքը անդրադարձել է ինչպես անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում: Սակայն նշված ուսումնասիրություններն աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ: Էդուարդ Աղայանը այն լեզվաբաններից է, ովքեր հաջողությամբ զուգակցում են ավանդականն ու նորը, պատմահամեմատականն ու կառուցվածքայինը: Նորի ընդունումն ու կիրառումը նա կատարել է քննադատաբար, իր խոսքն ասեյով նաև այնպիսի բնագավառներում, որոնք լեզվաբանության մեջ իրենց ամբողջական ձևակերպումը դեռ չեն ստացել: Այս տեսակետից հատկապես կարևոր են նրա առաջադրած դրույթները լեզվի էության, նրա տարբերակների առանձնացման սկզբունքների, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների գնահատման, լեզվաբանական էական հասկացությունների / վանկ, հնչույթ, ձևույթ, համակարգ, կառուցվածք, խոսքի մասեր և այլն / վերաբերյալ: Է. Աղայանը նշված ուսումնասիրությունների մեջ հետևողականորեն պաշտպանում ու հիմնավորում է այն դրույթը, որ լեզուն հասարակական երևույթ է, իսկ լեզվաբանությունը` հասարակական գիտություն:
Լեզվաբանությունը առանձին, մասնավոր գիտակարգերի միասնություն, ամբողջություն է և ունի իր բաժինները: Լեզուն հասարակությանը ծառայում է իբրև հաղորդակցման միջոց, ընդ որում, այն հաղորդակցման միջոցների մեջ ամենակարևորն է: Ունենալով հաղորդակցման, արտահայտման և ճանաչողական գործառություններ, ձևավորելով մտածողությունը` լեզուն իր էությամբ մարդկային ձեռքբերում է, համաժողովրդական բնույթ ունի և միասնական է ամբողջ հասարակության, ողջ ժողովրդի համար: Որպես նշանային էություն` լեզուն որոշակիորեն համակարգված կառուցվածք է: Ունենալով համաժողովրդական բնույթ` լեզուն, այնուամենայնիվ, ներկայանում է առանձին տարբերակներով: Դրանք երեք կարգի են` տարածական / բարբառներ, ենթաբարբառներ, խոսվածքներ /, սոցիալական / ժարգոններ, ծածկալեզուներ, պաշտամունքային լեզուներ, հասակի ու սեռի հետ կապված տարբերակներ /, ոճական-գործառական / գրական-գեղարվեստական, գիտական, մասնագիտական, պաշտոնական և խոսակցական` իր երկու տարբերակներով` գրական խոսակցական և ժողովրդախոսակցական/: Լեզվական տարբերակների այս ուսմունքը հայ լեզվաբանական գրականության հետաքրքրական էջերից է: Ինքնատիպ է լեզվական մակարդակների Աղայանի առաջադրած տեսությունը: Ի մի բերելով նախորդ հետազոտողների տվյալները` նա ճանաչում ու հիմնավորում է հետևյալ մակարդակների գոյությունը` տարրույթային, հնչույթային, բառային, ձևաբանական, շարահյուսական, ստորոգային:
Մեծ է Է.Բ. Աղայանի վաստակը հայոց լեզվի զարգացման հին ու նոր փուլերի հնչյունական և քերականական կառուցվածքների ուսումնասիրության բնագավառում: Նրա «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», «Գրաբարի քերականությունը», «Բայի ձևաբանական կառուցվածքը ժամանակակից հայերենում» աշխատությունները նշանավորել են մի նոր փուլ` նոր և ինքնատիպ մեկնաբանություններով: Իր բառագիտական ուսումնասիրություններում Է. Աղայանը քննել է բառապաշարի ուսումնասիրության հետ կապված գրեթե բոլոր էական հարցերը` բուն բառագիտությունը, իմաստաբանությունը, դարձվածաբանությունը, բառարանագրության տեսությունը: Նա մասշտաբային դիտարկումների է ենթարկել հատկապես հայերենի բառապաշարը` ստեղծելով նրա վերաբերյալ մի ամբողջական ուսմունք: « Բառագիտություն» ուսումնասիրության մեջ Է. Աղայանը կատարել է բառապաշարի համակողմանի դասակարգումներ, հաջող սահմանագծումներով ներկայացրել բառապաշարային շերտերը, լայնորեն մեկնաբանել նորաբանություններն ու հնաբանությունները:
Է. Աղայանի բառագիտական գործունեության մեջ հատուկ տեղ են գրավում տերմինաբանության հարցերը, որոնք տեղ են գտել նրա «Տերմինագիտություն» աշխատության մեջ: Սկզբունք ընդունելով, որ առանց հարուստ ու մշակված տերմինաբանության չկա հարուստ ու զարգացած լեզու, Է. Աղայանը ամենօրյա ուշադրություն է հատկացնում ինչպես տերմինագիտության սկզբունքների ու տեսական հիմունքների մշակմանը, այնպես էլ գործնական խնդիրների լուծմանը:
1976 թվականին լույս է տեսնում Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը»: Բառացանկի ընտրության համար հեղինակը քարտագրել է մեծաքանակ գրականություն, մասնագիտական գրականությունից կատարել է տերմինների հավաքում և ընտրություն, ստեղծել հուսալի քարտարան` ընդգրկելով շուրջ 200 հազար բառ: Գիտական քննությամբ նա բառարանում թողել է 135 հազար բառային միավոր, ընդ որում, շուրջ 15 հազար բառ առաջին անգամ է բառարանագրվել: Բառարանի արժեքը մեծացել է նաև նրանով, որ այնտեղ տեղ է գտել մոտ 11 հազար դարձվածաբանական միավոր: Բառարանը կազմելիս Ակադեմիկոս Աղայանը դրսևորել է հայոց լեզվի բառային կազմի համակողմանի ու խոր իմացություն, նրա գեղագիտական հատկությունների, արտահայտչական ուժի ու հնարավորությունների նուրբ զգացողություն: Դրա մասին են վկայում ամենից առաջ բառերի նպատակահարմար ընտրությունը, քերականական ու ոճաբանական բազմազան նշումները, տերմինների հաջող բացատրությունները, բազմիմաստ բառերի ճշգրիտ սահմանազատումները, բառիմաստի ծավալուն բացահայտումները, տեքստային բնորոշ վկայությունները, բառերի գործառության կանոնական ու ոչ կանոնական ոլորտների համոզիչ սահմանագծումները, զուգահեռ ձևերից ընտրություն կատարելու հարցում տրվող կողմնորոշումները և այլն: Յուրաքանչյուր բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության մեջ արտացոլում են գտել հեղինակի` տարիներ շարունակ կատարած իաիմաստաբանական դիտարկումների արդյունքները: Այս բառարանը հայ բառարանագրության խոշորագույն նվաճումներից մեկն է, որտեղ ընդհանրացված ու նոր մակարդակի է հասցված հայ բազմադարյան բառարանագրության հարուստ փորձը. այն մեր սիրելի մայրենին մարմնավորող մնայուն կոթող է:
Հայոց լեզվի պատմությունը Էդուարդ Աղայանի սիրած բնագավառներից մեկն է: Աղայանին հետաքրքրում են հայերենի կառուցվածքի ոչ միայն առանձին կողմերը, այլև առհասարակ նրա կազմավորման, ինքնուրույն զարգացման ողջ պատմական ուղին, նրա` ինչպես նախագրային, այնպես էլ գրավոր շրջանների մեջ, հատկապես սովետական շրջանում կրած էական տեղաշարժերը: Այս տեսակետից հատկապես ուշագրավ են նրա «Հայերենի հնչույթային համակարգի պատմությունից», «Հայոց լեզվի պատմության հարցերը նորագուն ուսումնասիրությունների մեջ», «Ժամանակակից հայերենի բառապաշարի կատարելագործումը», «Գրաբարի պատմության շրջանաբաժանումը» ուսումնասիրությունները: Էդուարդ Աղայանի բարբառագիտական ուսումնասիրությունների մեջ առաջինը «Մեղրու բարբառը» հետազոտությունն է: Այստեղ հեղինակը մայրենի բարբառը քննել է գիտական բարձր մակարդակով: Ահա թե ինչու հայ բարբառագետներից շատերը իրենց հետազոտական աշխատանքում հենվել են նկարագրության նրա մեթոդիկայի վրա, ղեկավարվել նրա ուղենշող սկզբունքներով: Էդուարդ Աղայանը արգասավոր աշխատանք է կատարել նաև հայ լեզվաբանության պատմության ուսումնասիրության բնագավառում: Բազմաթիվ հետազոտությունների շարքում իր ծանրակշիռ տեղն է զբաղեցնում նրա հանրահայտ «Հայ լեզվաբանության պատմություն» երկհատոր ուսումնասիրությունը, որտեղ հայ լեզվաբանական մտքի զարգացումը հանգամանորեն ներկայացվել է հինգերորդ դարից մինչև մեր օրերը: Իր գիտական աշխատություններում հմուտ հայագետը հաճախ է անդրադարձել հայոց գրի, ուղղագրության և ուղղախոսության, մեսրոպյան այբուբենի հորինվածքի, տառերի կազմության ակունքների հարցերին: Լայն հարցադրումներով ու հիմնավոր փաստարկումներով, բանավիճային խոր շնչով է շարադրված նրա «Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին» գիրքը:
Ինչպես նշել ենք, պրոֆեսոր Աղայանի գիտական գործունեությունը չի սահմանափակվում միայն լեզվաբանությամբ: Նա արժեքավոր դիտարկումներ է կատարել նաև հայագիտության այլ բնագավառներում, մասնավորապես հայ գրականության, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի ու բանասիրության հարցերի շուրջը: Ուշագրավ է նրա ներդրումը Արևելքի ժողովուրդների գրականության ուսումնասիրության մեջ: Ի թիվս այլ աշխատությունների, այստեղ նշենք «Դրվագներ Արևելքի գրականության պատմության» մենագրությունը: Աղայան-գիտնականի գործունեության մեջ քիչ տեղ չի գրավում խմբագրական աշխատանքը: Առանձնապես ընդգծելի են այն խմբագրական աշխատանքները, որոնք կապված են մեծանուն լեզվաբան-հայագետ Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգության հրատարակման կամ վերահրատարակման հետ: Շուրջ երեք տասնամյակ է, ինչ հտմահու հաջորդաբար լույս են տեսնում բազմավաստակ գիտնականի ստվար գրքերը: Դրանց մեծ մասի հրատարակության պատասխանատու գործը նա անձամբ հանձնարարել է Էդուարդ Աղայանին, որը սրբությամբ է կատարում իր ուսուցչի այդ դժվարին ու պատվավոր հանձնարարությունը: Ակադեմիկոս Էդուարդ Բագրատի Աղայանը այն ինքնատիպ անհատականություններից է, ովքեր մեր գիտությունն ու մշակույթը հարստացրել են ստեղծագործական ծանրակշիռ ներդրումներով, նպաստել նրանց առաջընթացին: Նա, իսկապես, հայ լեզվաբանության մեծ երախտավորներ Հ. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Գր. Ղափանցյանի, Ստ. Մալխասյանցի գործի արժանավոր ու հետևողական շարունակողներից է, հայագիտության հայրենանվեր ավանդների անընդհատությունը սրբությամբ պահպանողներից մեկը: