Cover Image
close this bookԳալոյան Գալուստ Անուշավանի (1927-2003)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Անուշավանի Գալոյանը ծնվել է 1927 թ. Արթիկի շրջանի Փոքր Պարնի գյուղում: Պատանին գերազանց էր սովորում դպրոցում` աչքի ընկնելով նաև օրինակելի վարքուբարքով: Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին Գալուստի հայրը` բժիշկ Անուշավանը, կամավոր մեկնել էր բանակ և ռազմաճակատում աչքի ընկել խիզախությամբ, բուժել ու մարտական շարքեր վերադարձրել հարյուրավոր վիրավորների: Նրա անձնուրացության մասին լեգենդներ էին հյուսվել Լեհաստանում և այլուր: Թշնամու դեմ տարբեր ռազմաճակատներում կռվում էին նաև Անուշավանի երկու որդիները` Միքայելը և Ալեքսանդրը: Տանը մոր խնամքին էին մնացել անչափահասները` Գալուստն ու Արմենը: Հայ կնոջ անզուգական կերպար էր Աննման մայրիկը` հպարտ իր ընտանիքով, աչքը միշտ փոստատարի գալուն, հայացքը հառած ամուսնու և որդիների ճամփին: Պատերազմի ավարտից հետո հաղթանակած որդիները վերադարձան տուն: Բայց չկար տան սյունը: Նա կյանքը նվիրել էր հայրենիքին... Եվ հայրենիքը չմոռացավ իր զավակին. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով Գալոյանների հայրական ոստանը` Պարնի գյուղը, վերանվանվեց Անուշավան Գալոյանի անունով: 1945 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` ուսումնատենչ երիտասարդն ընդունվում է Երևանի պետական համալսարանի նորաբաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Դժվարին, բայց կյանքով լի տարիներ էին: Վիրավոր, բայց հաղթանակած խրոխտ ժողովորդը ամեհի ուժով և մշտավառ հավատով ձեռնամուխ էր եղել կերտելու բաղձալի ապագան: Ոգևորությունն անսահման էր ամենուր, նաև կրթության ասպարեզում: Արտակարգ աշխատասեր ու խոհուն երիտասարդը հենց սկզբից աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ: Նրա սերնդի առջև բաց էին ունակությունները լավագույնս դրսևորելու հնարավորությունները:
Հետպատերազմյան տարիներին Երևանի պետական համալսարանը գիտական մտքի իսկական դարբնոց էր: Եվրոպական ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության պատիվ կբերեր դասախոսական այն փայլուն կազմը, որ ուներ հայոց համալսարանը: Ֆակուլտետների և համալսարանի մակարդակով գիտական խրթին հարցերի քննարկումները դարձել էին առօրյա խնդիր: Գիտական կոնֆերանսներում Գալուստը հանդես էր գալիս հետաքրքիր զեկուցումներով ու կրքոտ ելույթներով, քննարկման ներկայացրած նրա ռեֆերատներում ցայտուն դրսևորվում էին հեղինակի բազմակողմանի գիտելիքները, ինքնուրույն դատողությունները, վիճահարույց հարցերում տեսակետները պաշտպանելու հետևողականությունը: Գ. Գալոյանը նաև համալսարանի հասարակական-քաղաքական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից էր ու մեծ հեղինակություն էր վայելում ուսանողության շրջանում: Պատահական չէ, որ 1950թ. նա ղեկավարում է համալսարանի կոմերիտական կազմակերպությունը, ապա նրան ընտրում են ՀԼԿԵՄ Երևանի քաղաքային կոմիտեի քարտողար:
Երկրի առաջնթացի հետ օր-օրի հասունանում էր ավյունով լի երիտասարդը: Բոլորը համակված էին իրենց ուժերն ու գիտելիքները հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու ձգտումով, երկրի տնտեսությունը առաջ տանելու, ժողովրդի հոգևոր արժեքները բազմապատկելու մղումով: Հանրապետության խանդավառ երիտասարդությունը առաջին շարքերում էր: Գալուստը այդ երիտասարդության կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկն էր: 1950 թ. նա ընտրվում է ՀԼԿԵՄ Կիրովյան շրջկոմի առաջին քարտողար, եռանդուն աշխատանք ծավալում մտավորականության և ուսանողության շրջանում, ձեռք բերում լայն զանգվածների հետ աշխատելու փորձ ու հմտություն: Հաշվի առնելով երիտասարդության շրջանում վաստակած հեղինակությունը և կազմակերպչի ակնհայտ ձիրքը` Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի պլենումը Գ. Գալոյանին ընտրում է ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտողար: Թեև քաղաքական պատասխանատու աշխատանքը հետագա առաջխաղացման համար ընձեռել էր մեծ հնարավորություններ, բայց Գ. Գալոյանի գիտական հակումները գերակայեցին: 1952 թ. նա ընդունվում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիա: Այս բարձրակարգ կրթական ու գիտական հաստատության դասախոսական կազմի մեջ էին ժամանակի սովետական հասարակագիտական մտքի խոշորագույն շատ ներկայացուցիչներ: Գիտական ստեղծագործական մթնոլորտում Գալոյանը հարստացնում է իր գիտելիքները: 1955 թ. պաշտպանում է ատենախոսություն ու ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սկսվում է նրա ուղին դեպի մեծ գիտություն: Վերադառնալով Երևան` Գ. Գալոյանը աշխատանքի է անցնում Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես ավագ գիտաշխատող, իսկ 1958-1963 թթ. վարում է բաժնի վարիչի ու դիրեկտորի գիտական գծով տեղակալի պաշտոնները: Միաժամանակ դասավանդում է Երևանի պետհամալսարանում, Խ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում և այլ բուհերում: Այս տարիներին նա կատարում է մի շարք լուրջ հետազոտություններ պատմակուսակցական գիտության բնագավառում: 1963 թ. Գ. Գալոյանը Մոսկվայում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն ու ստանում հայցած գիտական աստիճանը: Հաջորդ տարում նա արժանանում է պրոֆեսորի կոչման: 1963 թ. Գալոյանը նշանակվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն և այդ պաշտոնում աշխատում մինչև 1979 թ.: Նշված ժամանակաշրջանում նա լիովին բացահայտում է իր գիտական կարողությունները` հանդես գալով բազմաթիվ արժեքավոր հրապարակումներով, միաժամանակ ցայտուն դրսևորելով գիտական աշխատանքներ կազմակերպելու հիանալի ունակություններ: Այդ տարիներին ինստիտուտի կոլեկտիվում աշխատում էին հայ պատմագրության երախտավորներ Աշոտ Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը,Մկրտիչ Ներսիսյանը, Ծատուր Աղայանը, Խիկար Բարսեղյանը, Արամայիս Մնացականյանը, Գևորգ Ղարիբջանյանը և ուրիշներ: Երիտասարդ տնօրենը պատկառանք ուներ ավագ գործընկերների հանդեպ, որոնք իրենց արժեքավոր աշխատություններով շարունակում էին հարստացնել հայ պատմագրությունը: Տնօրենն աշխատանքին նվիրված էր ինքնամոռացությամբ, պահանջկոտ էր ամենից առաջ իր, ապա և աշխատակիցների նկատմամբ:
Ինստիտուտի խոշոր նվաճումն էր ստվարածավալ ութ հատորից բաղկացած «Հայ ժողովրդի պատմություն» կոլեկտիվ աշխատությունը, որի ստեղծման բարդ ու դժվարին աշխատանքները գլխավորեց Գ. Գալոյանը: Բազմահատոր այդ աշխատության իրականացման համար նա ներդրեց իր բազմակողմանի գիտելիքները, գիտակազմակերպական տաղանդը: Աշխատությունը հանդիսացավ հայ պատմագրական մտքի բարձրագույն դրսևորումը, խոշոր երևույթ հայագիտության մեջ, նաև` մեծարժեք ներդրում մեր ժողովրդի հագևոր-մշակութային արժեքների գանձարանում: Գիտական-ակադեմիական ծանրակշիռ այդ աշխատությունը, որն իր ընդգրկմամբ ու խորությամբ նախադեպը չուներ մեզանում, մեծ ընդունելություն գտավ գիտական շրջանակներում և ընթերցող լայն հասարակության կողմից, արժանացավ Հայկական ՍՍՀ պետական մրցանակի:
Գիտական ու գիտակազմակերպական եռանդուն գործունեություն ծավալած Գ.Գալոյանը 1971 թ. ընտրվում է ԳԱ թղթակից անդամ , իսկ 1982 թ.՝ ակադեմիկոս: Շուրջ 16 տարի պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում աշխատելուց հետո գիտնականը ակադեմիայի համակարգում վարում է ԳԱ ակադեմիկոս քարտողարի (1979-1982), բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի (1982-1986), ԳԱ փոխպրեզիդենտի (1986-1988 և 1990-1994) պաշտոնները, 1994-ից մինչև կյանքի վերջը ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի խորհրդականն էր և գիտահրատարակչական խորհրդի նախագահը: 1979-2003 թթ.եղել է ԳԱԱ նախագահության անդամ: Գ. Գալոյանը «մաքուր» գիտելիքների սահմանների մեջ ներփակված կաբինետային գիտնական չէր, այլ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող գործիչ: Նա եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր լենինյան և պետական մրցանակների կոմիտեի անդամ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակների հանձնաժողովի անդամ ու այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ, խաղաղության պաշտպանության հայկական հանրապետության կոմիտեի նախագահ: Նա 1988-1990 թթ.եղել է ՀԿԿ Կենտկոմի գաղափարական աշխատանքների գծով քարտողար: 1989 թ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Գիտնականը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով, Վավիլովի անվան և մի շարք ուրիշ մեդալներով:
Հայաստանի և Անդրկովկասի նոր ու նորագույն շրջանների պատմության բնագավառում անվանի մասնագետ Գ. Գալոյանի գիտական ժառանգությունն ընդգրկում է Հայաստանում և երկրամասում կոմունիստական ու բանվորական շարժումների, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման, հայ ժողովրդի պատմական ճակատագրում Ռուսաստանի խաղացած դերի, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Արևելյան Հայաստանում ծավալված բախտորոշ իրադարձությունների ու դրանց նկատմամբ արևմտյան մեծ տերությունների դրսևորած վերաբերմունքի, հայ ժողովրդի պատմության բուրժուական խեղաթյուրումների դեմ պայքարի բազմաբնույթ հիմնախնդիրները: «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-1922 թ.» մենագրության մեջ (1960) և ուրիշ հրապարակումներում Գ. Գալոյանը ցույց է տվել Հայաստանում կոմունիստական և բանվորական շարժումների զարգացման օրինաչափությունները, բոլշևիկյան կազմակերպությունների գործունեությունը աշխատավորական զանգվածներին ցարիզմի և բուրժուազիայի դեմ պայքարի հանելու ուղղությամբ: Նա մեզանում առաջինն էր, որ հաղթահարելով առանձին պատմաբանների ու քաղաքական գործիչների դիմադրությունը, ճշմարտացի ներկայացրեց 1918 թ.փետրվարին ստեղծված Հայաստանի (Արևմտահայաստանի) կոմունիստական կուսակցության և նրա ղեկավարության (Գուրգեն Հայկունի և այլք) խաղացած դերը 1918-1920 թթ. հայ իրականության մեջ կոմունիստական շարժման զարգացման գործում, ցույց տվեց արևմտահայ քաղաքական այդ կազմակերպության`1920 թ. ստեղծված Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ միավորվելու ընթացքը: 1957 թ. Մոսկվայում ռուսերեն լույս տեսավ Գալոյանի «Պայքար Հայաստանում խոհրդային իշխանության համար» գիրքը, որին հետևեցին «Մայիսյան հերոսական ապստամբությունը» և այլ աշխատություններ: Աղբյուրագիտական հարուստ նյութերով հագեցած այդ գործերում հեղինակը ցույց է տվել, որ ցեղասպանության սարսափներից ազատված արևմտահայ բեկորների և երիտթուրքերի ու քեմալականների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի ենթարված արևելահայության փրկությունը Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումն էր: Խորհրդային կարգերի շնորհիվ հայ ժողովուրդը ամենակարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձրեց բարձր զարգացած տնտեսության, առաջավոր կրթության ու մշակույթի երկիր: Գ. Գալոյանը հայ-ռուսական բարեկամության ջատագովներից էր: “Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները” (ռուսերեն, Մոսկվա, 1976) “Պատմության քառուղիներում” (1982) և այլ աշխատություններում նա ցույց է տվել, որ դարերի տառապանքի ճանապարհ անցած հայ ժողովրդի համար ռուսական կողմնորոշումը եղել է նրա իսկ պատմության թելադրանքը: Մահմեդական տիրակալների լծից հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորված է եղել ոչ թե նրա նկատմամբ ռուսական արքունիքի պլատոնական սիրով, այլ նրանով, որ պատմության քառուղիներում երկու ժողովուրդների շահերը համընկել են, նրանք զգացել են միմյանց կարիքը: Գիտնականը շատ տարիներ է նվիրել Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումից մինչև Լոզանի կոնֆերանսն ընկած ժամանակահատվածում հայկական դատի հանդեպ արևմտյան տերությունների կառավարությունների վարած քաղաքականության լուսաբանմանը: Այդ տեսակետից առանձնապես արժեքավոր է «Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ.» մենագրությունը: Հեղինակը, տիրապետելով անգլերենին, ամիսներ շարունակ աշխատել է բրիտանական արխիվներում, հայտնաբերել ու առաջին անգամ սույն մենագրության միջոցով գիտական շրջանառության մեջ դրել մինչ այդ բոլորովին անհայտ բազում վավերագրեր և դիվանագիտական փաստաթղթեր: Աշխատության մեջ և ուրիշ հրապարակումներում հարցի խորազնին քննության արդյունքում արված եզրահանգումը որոշակի է` հայերի խնդիրներով զբաղվելիս մեծ տերությունները բացառապես հետապնդել են իրեց շահերը` դիվանագիտական խաղերում հայ ժողովրդի արդարացի դատը օգտագործելով որպես մանրադրամ: Գալուստ Գալոյանը «Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում XVI դարից 1917 թ.» գրքում հին և միջնադարյան հայոց պատմությանը նվիրված բաժիններ է հատկացրել, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է հետազոտվող հարցերի խորության բացահայտմամբ: Հայ ժողովրդի ծագումնաբանության հարցը մի կողմից, Հայ դատը, հայոց պետականության և եկեղեցու պատմությունը, Հայկական հարցը մյուս կողմից` գտնվելով ժամանակագրական տարբեր աստիճանների վրա, Գալոյանի պատմագիտական ընկալմամբ դրվել են պատմա-փիլիսոփայական և կուռ տրամաբանական համակարգի մեջ: Ակադեմիկոս Գալոյանը առաջադրված խնդիրների բազմակողմանի մեկնաբանման համար անհրաժեշտ է համարել ուսումնասիրել 16-րդ դարից ի վեր Եվրոպական տերությունների արևելյան քաղաքականությունը, նրանց միջպետական հարաբերությունները, Առաջավոր Ասիայում իրենց դիրքերն ամրապնդելուն վերաբերող պատմությունը: Ուսումնասիրելով Օսմանյան կայսրությունում և Սեֆյան Պարսկաստանում հայերի սոցիալական, իրավական ու քաղաքական վիճակի, ինչպես նաև Եվրոպական տերությունների հետ այդ երկու բռնակալական պետությունների ունեցած փոխհարաբերությունների հիմնախնդիրները` Գ. Գալոյանը ի հայտ է բերել ինչպես դրանց որոշակի բացասական ազդեցությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի վրա, այնպես էլ Եվրոպական տերությունների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ` իրենց զավթողական ծրագրերի իրագործման խնդրում: Այդ փաստարկված հայեցակարգային մոտեցումը Գալոյանին թույլ է տալիս համոզիչ կերպով պատասխանել այն հարցին, թե ինչը նպաստեց Օսմանյան Թուրքիային` նախապատրաստելու ծրագրված և երիտթուրքերի միջոցով իրագործված հայերի ցեղասպանությունը: Գ. Գալոյանը բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման փորձերի դեմ, խոր համոզվածությամբ ու կրքոտ հետևողականությամբ հակահարված տվել կեղծարարների քարոզած հերյուրանքներին ու զրպարտություններին: Գիտնականի` պատմության կեղծարարների դեմ ուղղված աշխատություններն այսօր էլ ունեն արդիական հնչեղություն, քանզի դրանք պատասխան են նաև մեր ժողովրդի պատմության մերօրյա կեղծարարներին, հատկապես ամերիկյան որոշ հայագետների կողմից այդ պատմության նենգափոխման վտանգալից փորձերին: Գիտնականի աշխատություններում լուսաբանված բազմազան հարցերը բովանդակային առումով և ծավալային ընդգրկումով շատ տարողունակ են, ուստի դրանց սպառիչ բնութագրությունը և արժևորումը կտա ժամանակը: Մեզ հետ չէ վաստակաշատ գիտնականն ու գիտության տաղանդավոր կազմակերպիչը, հասարակական ու քաղաքական նշանավոր գործիչը, բայց մեր գիտության զարգացման գործում ունեցած անուրանալի վաստակով ու թողած գիտական պատկառելի ժառանգությամբ նա արժանի տեղ է գրավում հայրենիքի երախտավոր զավակների շարքում: