Cover Image
close this bookԱդոնց Հրանտ Տիգրանի (1914-1987)
View the documentՀ. Տ. ԱԴՈՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Տ. ԱԴՈՆՑԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Տիգրանի Ադոնցը ծնվել է 1914 թ. սեպտեմբերի 15-ին Բաքու քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1930 թ. ավարտել է Բաքվի թիվ 25 միջնակարգ դպրոցը։ 1933 թ. ավարտել է Կապի Անդրկովկասյան տեխնիկումը՝ ստանալով ռադիոտեխնիկի որակավորում։ Երկու տարի աշխատել է Բաքվի ռադիոհաղորդման կենտրոնում որպես ռադիոտեխնիկ։ 1940 թ. ավարտել է Բաքվի Ադրբեջանական Ինդուստրիալ ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը՝ ստանալով էլեկտրական ցանցերի և համակարգերի ինժեներ-էլեկտրիկի որակավորում։ 1941 թ. օգոստոսից մինչև 1946 թ. ապրիլ ամիսը Սովետական Բանակի ինժեներական զորամասերում ծառայել է որպես սպա, իսկ այնուհետև որպես ավագ ինժեներ-էլեկտրիկ և մասնակցել հատուկ հետախուզական աշխատանքների։ 1944 թ. հոկտեմբերի 13 –ին պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», իսկ 1945 թ. մայիսի 5 – ին «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։
1946 թ. ապրիլից որպես գիտաշխատող, իսկ 1952 թ. ապրիլից որպես էլեկտրահամակարգերի լաբորատորիայի ղեկավար աշխատել է Ադրբ. ԳԱ էներգետիկայի ինստիտուտում։
1955 թ. Կրժիժանովսկու անվան էներգետիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Էլեկտրական համակարգերի բարդ ոչ սիմետրիկ ռեժիմների հաշվարկի տեսությունն ու մեթոդները» թեմայով։ 1956 թ. հունիսին ՀԱՀ – ը հաստատել է Հրանտ Տիգրանի Ադոնցի՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը։
1956 թ. օգոստոսին հրավիրվել է աշխատելու ՀՍՍՀ ԳԱ։ Նշանակվել է էլեկտրատեխնիկայի լաբորատորիայի դիրեկտոր։ 1956 թ. սեպտեմբերից մինչև 1970 թ. համատեղության կարգով աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ կարդացել է դասախոսություններ էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքների վերաբերյալ և բազմաբևեռի տեսության մասնագիտական դասընթաց։ 1958 թ. Հրանտ Տիգրանի Ադոնցը ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1959 թ. հուլիսից մինչև 1961 թ. մարտը եղել է ԳԱ էլեկտրատեխնիկայի ինստիտուտի դիրեկտոր, համատեղությամբ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնի վարիչ, իսկ 1961 թ. մարտից մինչև 1963 թ. մարտը՝ ԳԱ էներգետիկայի ինստիտուտի դիրեկտոր։ 1963 թ. մարտին նշանակվել է ՍՍՀՄ էներգետիկայի մինիստրության էներգետիկայի ինստիտուտի դիրեկտոր և ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
1965 թ. մայիսի 7 – ին պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20 տարին» մեդալով, 1966 թ. դեկտեմբերի 22 – ին՝ Հայկ. ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով (№15097), 1970 թ. մարտի 31 – ին՝ «Փայլուն աշխատանքի համար» մեդալով Վ. Ի. Լենինի ծննդյան 100 – ամյակի առթիվ։
Ադոնցի ղեկավարությամբ ստեղծվել է նոր ավտոմատացված անալոգային հաշվողական մեքենա, որը ներդրված է Չիտաէներգո, Կիրգիզէներգո, Սոլդովէներգո և այլ էներգահամակարգերում։ Նրա ղեկավարությամբ կատարվել են նաև հետազոտություններ միջհամակարգային էլեկտրահաղորդումների զարգացման, միացյալ էներգահամակարգերի ստատիկ ու դինամիկ կայունության, էլեկտրահաղորդման գծերի ավտոմատ կրկնակի միացման ռեժիմների բնագավառում, և արդյունքներն արմատավորվել են հայկական, անդրկովկասյան և այլ էներգահամակարգերում։