Cover Image
փակիր այս գիրքըՄանթաշյան Ադոլֆ Հայրապետի (1932-2021)
Դիտել փաստաթուղթըԱ. Հ. ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Հ. ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը ծնվել է Երևանում 1932 թվականի օգոստոսի 16-ին։ Հայրը՝ Հայրապետ Հակոբի Մանթաշյանը, մասնագիտությամբ ինժեներ-գեոդեզիստ, զոհվել է 1942թ-ին Ստալինգրադում, մայրը՝Հասմիկ Գեղամի Մանթաշյանը մանկավարժ էր (մահացել է 1968-ին)։
Հոր աշխատանքի հետ կապված՝ ընտանիքը Երևանից տեղափոխվել է Թբիլիսի։ 1951թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Թբիլիսիում և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանց գնահատականներով և աշխատանքի անցել ինստիտուտի «Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսներ և ապարատներ» ամբիոնում որպես ավագ լաբորանտ։
1958թ. Ա.Հ. Մանթաշյանը ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Վ.Ի.Լենինի շքանշանակիր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ք.Մոսկվա) ասպիրանտուրան, գործուղվելով Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից. Հայաստանում քիմիական ֆիզիկայի բնագավառում գիտական կենտրոն կազմակերպելու որոշման կապակցությամբ։
1962թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և վերադարձել Երևան։ Այնուհետև նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ-ի կողմից կազմակերպվող քիմիական ֆիզիկայի լաբորատորիայում՝ սկզբում որպես գլխավոր ինժեներ, ապա՝ գիտական քարտուղար։
1974թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1975թ. ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիման վրա ստեղծվեց ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Ա.Հ. Մանթաշյանը նշանակվեց ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, որպես տնօրենի տեղակալ աշխատել է մինչև 1977թ.՝ միաժամանակ վարելով «Ածխաջրածինների լաբորատորիայի» վարիչի պաշտոնը։
1976թ. «Տարրական պրոցեսները դանդաղ գազաֆազ ռեակցիաներում» մենագրության և այդ աշխատության մեջ ընդհանրացված աշխատանքների ցիկլի համար ակադեմիկոս Ա.Հ. Մանթաշյանը արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։
1977թ. Ա.Հ. Մանթաշյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում «քիմիական ֆիզիկա» մասնագիտության գծով։
1987թվականից նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։
1990թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Ա.Հ. Մանթաշյանը քիմիական ֆիզիկայի և ֆիզիկական քիմիայի բնագավառի հայտնի մասնագետ է։ Ա.Բ. Նալբանդյանի հետ համատեղ նա մեծ ներդրումներ ունի Հայաստանում քիմիական ֆիզիկայի ծագման և զարգացման, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ստեղծման և հանրապետությունում քիմիական կինետիկայի դպրոցի հիմնադրման գործում։
Ա.Հ. Մանթաշյանի գիտական գործունեությունը վերաբերում է բարդ քիմիական ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրմանը՝ ընդգրկելով ռադիկալաշղթայական ռեակցիաները ու այրման պրոցեսները, տարրական մասնիկների հետազոտումը ազատ ռադիկալների մակարդակով։ Այս ուղղությունը բերեց նոր փաստերի բացահայտման։ Ռադիկալների հայտնաբերումը և նրանց ռեակցիաների ուսումնասիրումը թույլ տվեց առաջարկել օքսիդացման սկբունքորեն նոր մեխանիզմ և բացահայտել մի շարք երևույթների բնույթը, ինչպիսիք են սառը բոցերը, բացասական ջերմաստիճանային գործակիցը, օսցիլիացիոն ռեժիմները, որոնք զուգակցում են ածխաջրածինների օքսիդացման և այրման պրոցեսներին։ Տվյալ ուղղությունը տարածվեց Սովետական Միության և արտասահմանյան երկրների մի շարք գիտական կենտրոններում։
Ա.Հ. Մանթաշյանի կողմից հիմնադրվել են ռադիկալաշղթայական ռեակցիաների մասնակցությամբ ընթացող զուգորդված պրոցեսների իրականացումը՝ շղթայական ռեակցիաների ազդեցությամբ ընթացող անօրգանական կարծրաֆազ ու գազաֆազ նյութերի և միացությունների փոխարկումը, մետաղների օքսիդների և սուլֆիդների վերականգնման պրոցեսները, անօրգանական գազաֆազ միացությունների օքսիդացման և վերակամգնման պրոցեսները ։ Ա.Հ. Մանթաշյանը ցույց է տվել, որ զուգորդված պրոցեսները ընթանում են մեկ ընդհանուր շղթայական մեխանիզմով՝ նույն ատոմների և ազատ ռադիկալների մասնակցությամբ։
Ա.Հ. Մանթաշյանի աշխատանքների հաջորդ փուլը՝ «Քիմիական ռեակցիաները ոչ իզոթերմ պայմաններում» նվիրված է ռեակցիաների ընթանալու առանձնահատկություններին։ Այդ հետազոտությունները ուղղակի առնչվում են բարձր ջերմաստիճանային արդյունաբերական պրոցեսներին, այնպիսի պրոցեսի, ինչպիսին է , օրինակ բնական գազից ացետիլենի սինթեզը։
Ուսումնասիրված է գազային համակարգերի վարքը արագ ադիբատ սեղմման պայմաններում բարձր ջերմաստիճաններում (մինչև մի քանի հազար)և բարձր ճնշումների (հարյուրավոր մթնոլորտ) տակ։ Ցույց է տված,օրինակ, որ մեթանի՝ կրեկինգի միջոցով ացետիլեն ստանալիս, վերջինս, քայքայվելով մրի և ջրածնի, կրկին կարող է գոյանալ քայքայման այդ պրոդուկտներից բարձր ջերմաստիճաններում։ Ջրածնի ներկայությամբ պրոցեսը տանելիս խիստ աճում է ելքն ըստ ացետիլենի։ Այդ հետազոտությունների շնորհիվ սկիզբ է դրվել նոր ուղղության՝ մեթանի հիդրոկրեկիների։
Ադիաբադ սեղմման պայմաններում բնական գազի օքսիդացման ուղղությամբ տարված աշխատանքները թույլ են տվել բացահայտել ճնշման և ջերմաստիճանի փոփոխման արագության դերը ռեակցիաների այնպիսի պրոդուկտներ առաջանալիս, ինչպիսիք են մեթանոլը և ֆորմալդեհիդը։
Ա.Հ. Մանթաշյանի գիտական ուսումնասիրություններից է՝ «Մոլեկուլների փոխարկումը ծավալում և ռեակտորի մակերեսին, որն ուղեկցվում է ռադիկալների առաջացմամբ։ Շղթաների հարուցումը» թեման։
Ռադիկալների սառեցման եղանակով հնարավոր եղավ ուսումնասիրել շղթայական ռեակցիաների առավել դանդաղ ընթացող փուլը՝ շղթաների հարուցման փուլը։ Այդ ուղղությունը արտահայտված է մի շարք աշխատանքներում, որոնցում շղթաների հարուցումն ուսումնասիրված է ջրածնի և թթվածնի, տարբեր ածխաջրածինների փոխազդեցությունների, ինչպես նաև հալոյիդալկալիների քայքայման օրինակների վրա, որը շատ կարևոր է ճյուղավորված շղթայական և վերասերված-ճյուղավորված ռեակցիաների համար։
Ցույց է տրված, որ բարձր ջերմաստիճաններում մոլեկուլները փոխազդում են, առաջացնելով ռադիկալներ և ռեակցիայի էնդոթերմիկ էֆեկտին հավասար ակտիվացման էներգիա։ Դա առաջին փորձնական հաստատումն է շղթաների հարուցման մեխանիզմի վերաբերյալ այն պատկերացումների, որոնք առաջ են քաշվել և զարգացվել Ն.Ն. Սեմյոնովի կողմից։ Դրա հետ մեկտեղ ցույց է տրված, որ ավելի ցածր ջերմաստիճաններում, երբ ընթանում են շղթայական ռեակցիաները, ռադիկալների հարուցումը տեղի է ունենում հետերոգեն ձևով, ռեակտորի պատերին, ռադիկալների արտանետմամբ ռեակտորի ծավալի մեջ, որտեղ դրանք մտնում են շղթաների շարունակվող ռեակցիայի մեջ։
Մշակված է մոտեցում շղթաների հարուցման հոմոգեն և հետերոգեն մասերի անջատման վերաբերյալ։ Այդ մոտեցումը կիրառում է գտել նաև երկրի այլ գիտական կենտրոններում։ Այսպիսով տվյալ ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ ցույց է տրված, որ ռեակտորի ծավալում պարունակվող նյութերի մոլեկուլները ռեակտորի պատերի հետ բախվելիս կարող են առաջացնել նոր ռադիկալներ՝ ռեակտորի ծավալում, որը բնականաբար, բարդ քիմիական պրոցեսների, մասասնավորապես՝ճյուղավորված շղթայական ռեակցիաների ուսումնասիրության համար նոր ուղիներ է բացում։
Վերջին տարիների Ա.Հ. Մանթաշյանի գիտական աշխատանքներից է անօրգանական նյութերի փոխարկուման մեխանիզմները ։ Դրանք քիմիական գիտությունների մեջ բացել են նոր հետազոտությունների բնագավառ և կարող են հանգեցնել նոր տեխնոլոգիական պրոցեսների, այդ թվում մետալուրգիական պրոցեսների գիտական հիմունքների ստեղծման։ Նոր մոտեցման մեջ օգտագործված է ճյուղավորված շղթայական պրոցեսներում ատոմների և ռադիկալների, բարձր քիմիական ակտիվություն ունեցող մասնիկների գերհավասարակշռային կոնցենտրացիաների առաջացման իրողությունը։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունների արդյունքները, այդպիսի պրոցեսների իրականացումը պինդֆազային անօրգանական միացությունների հետ շփման դեպքում, որոշակի պայմաններում, տեղի է ունենում եռանդուն փոխարկում։
Իրականացվում է գազային և պինդ ֆազերում քիմիական փոխարկման համակցված պրոցես նկատելիորեն ցածր ջերմասիճաններում։ Դրա հետևանքով հաջողվում է իրականացնել մետաղների (մոլիբդեն, պղինձ, երկաթ, ցինկ և այլն) սուլֆիդների փոխարկման, մետաղների օքսիդների վերականգնման, մետաղների օքսիդների քլորացման, այնպիսի թափոնային մետալուրգիական խարամներից, ինչպիսիք են Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի խարամները, երկաթի և գունավոր մետաղների կորզման, բնական ալյումասիլիկատային հումքից երկաթի կորզման և այլ պրոցեսները։
Մշակված է տիտանի օքսիդներից և տիտան պարունակող խարամներից տիտանի քասքլորիդի ստացման նոր արդյունավետ եղանակ։ Այդ եղանակն օժտված է մի շարք առավելություններով՝ եղածների հետ համեմատած։
Առաջարկված նոր եղանակները պաշտպանված են հեղինակային արտոնագրերով։
Ա.Հ. Մանթաշյանի հիմնարար հետազոտությունների արդյունքները նաև հիմք են հանդիսանում կարևոր գործնական նպատակների համար. ստեղծել նոր քիմիկատեխնոլոգիական և մետալուրգիական պրոցեսների գիտական հիմունքներ, որոնք ուղղված են բնական ածխաջրածնային և միներալ հումքի արդյունավետ վերամշակմանը։
Ա.Հ. Մանթաշյանը հեղինակ է 200-ից ավելի գիտական հոդվածների, գյուտերի, 20-ից ավելի արտոնագրերի, ինչպես նաև «տարրական պրոցեսները դանդաղ գազաֆազ ռեակցիաներում» մենագրության։ Նրա աշխատությունները հրատարակվել են հայրենական և արտասահմանյան գիտական պարբերականներում։ Իր հետազոտությունների արդյունքների մասին զեկուցումներով Ա.Հ. Մանթաշյանը մշտապես հանդես է եկել արտասահմանյան տարբեր երկրների միջազգային խորհրակցություններում և գիտաժողովներում՝ նվիրված այրման պրոցեսներին և քիմիական կինետիկային ։
Ա.Հ. Մանթաշյանը Ռուսաստանի ԳԱ «Քիմիական ֆիզիկա», «Հայկական քիմիական ամսագրի» միջազգային պարբերական «Chemical Physics Reports» ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է։ Նա հանդիսանում է Ռուսաստանի Դ.Ի. Մենդելեևի անվան քիմիական ընկերության ֆիզիկական և կոլոիդ քիմիայի գիտական խորհրդի անդամ, Այրման միջազգային ինստիտուտի անդամ, ավելի ուշ Ամերիկյան քիմիական ընկերության երաշխավորությամբ ընտրվել է միջազգային գիտական ֆոնդի (Սորոսի ֆոնդի) հատուկ հանձնաժողովի անդամ։ «Քիմիական կինետիկա և ֆիզիկական քիմիա» մասնագիտություններով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված գիտական խորհրդի նախագահն է. ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է ։ ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի անդամ է։ Նա ընտրվել է նաև ՀՀ ԳԱԱ «Բնական գիտությունների» բաժանմունքի «քիմիական գիտությունների» պրոբլեմային հանձնաժողովի նախագահ։
Գիտական աշխատանքին զուգահեռ Ա.Հ. Մանթաշյանը զբաղվել է մանկավարժության բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման աշխատանքով։ Երկար տարիներ՝սկսած 1963թ., դասախոսություններ է կարդացել Երևանի Պետական համալսարանում, այնուհետև՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան), որտեղ հասարակական կարգով գլխավորել է «ընդհանուր և անօրգանական քիմիայի» ամբիոնը։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 20 թեկնածուական և մի քանի դոկտորական ատենախոսություններ։