Cover Image
aizvērt šo grāmatuԲաբայան Արաքսի Թովմասի (1906-1993)
Skatīt dokumentuԱ. Թ. ԲԱԲԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱ. Թ. ԲԱԲԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ խորհրդային քիմիկոս- օրգանիկ Արաքսի Թովմասի Բաբայանը ծնվել է 1906 թ. Երևանում, հյուսնի ընտանիքում (Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն ):
1924 թ.,Երևանի թիվ 1 աշխատանքային դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ, որն ավարտել է 1929 թ.՝ գյուղատնտեսի մասնագիտությամբ:
1926-1928 թթ. աշխատել է Պետ. Համալսարանին և Հողժողկոմ – ին առընթեր Կենտրոնական միացյալ քիմիական լաբորատորիայում:
1928 թ. աշխատանքի է ընդունվել Անդրկովկասյան ֆեդերացիայի անվ. անասնաբուժական (հետագայում՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) ինստիտուտում (Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան) և աշխատել 30 տարի նախ՝ որպես քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1933-1938 թթ.՝ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, 1938-1942 թթ.՝ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ, 1942-1945 թթ.՝ անօրգանական-օրգանական-կենսաբանական քիմիայի ամբիոնի վարիչ, 1945-1956 թթ.՝ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, իսկ օրգանական քիմիայի և կենսաբանական քիմիայի ամբիոնների միավորվելուց հետո՝ ամբիոնի պրոֆեսոր:
1932-1935 թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնում և գիտահետազոտական լաբորատորիայում:
1933 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի 3-րդ կուրս, որն ավարտել է 1937 թ.՝ ճարտարագետ - քիմիկ հետազոտողի մասնագիտությամբ:
1935-1946 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1937 թ. հունվարին Լենինգրադի քիմիատեխնոլոգիական ինստիտուտում (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ “Изучение реакции образования диметилгексиндиола и опыты по его расщеплению”.
1945 թ. մարտին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ “Исследования в области ацетиленовых - ɣ - гликолей”.
1945 թ. հունիսին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Ա. Թ. Բաբայանը ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և արժանացել է պրոֆեսորի կոչման:
Ա. Թ. Բաբայանը իր գիտական գործունեության ընթացքում զբաղվել է ամինների և չորրորդային ամոնիումային միացությունների հետազոտությամբ։ Սկզբնական շրջանի աշխատանքների արդյունքը եղել է Հոֆմանի ռեակցիայի գործնական կիրառության հնարավորության հայտնաբերումը։ Ա. Թ. Բաբայանը պարզաբանել է բազմահալոգենալկիլ խումբ պարունակող չորրորդային ամոնիումային աղերի ջրահիմնային ճեղքման ռեակցիայի մեխանիզմը, տվել β, γ և α, β չհագեցած խմբեր պարունակող համապատասխան աղերի վերախմբավորման-ճեղքման ռեակցիաները, որոնք կարող են օգտագործվել կետոնների, կարբոնաթթուների էսթերների և էնամինների սինթեզի համար։ Նա հեղինակ է ավելի քան 240 գիտական աշխատության, որոնք նշանակալի ներդրում են եղել քիմիական գիտության և արդյունաբերության զարգացման գործում:
Անգնահատելի է Ա. Թ. Բաբայանի վաստակը նաև բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի՝ գիտության դոկտորների և թեկնածուների պատրաստման գործում:
1945 թ. հուլիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Ա. Թ. Բաբայանը պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով և պատվոգրով՝ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ընթացքում դրսևորած անմնացորդ նվիրումի համար:
1945 թ. ԽՍՀՄ Հողժողկոմ – ի կողմից պարգևատրվել է «Սոցիալիստական գյուղատնտեսության գերազանցիկ» շքանշանով:
1946-1948 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի օրգանական-կենսաբանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր:
1946թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի սկզբնական կուսակցական կազմակերպության կողմից ընդունվել է ՍՄԿԿ անդամության շարքերը:
Երևանի պիոներների պալատի քիմիայի խմբակում երեխաների արտադպրոցական դաստիարակության ուղղությամբ կատարած բազմամյա հասարակական աշխատանքի համար 1947 թ. պարգևատրվել է ՀԱՄԼԿԵՄ ԿԿ պատվոգրով:
Ա. Թ. Բաբայանը եղել է 1947 թ. հիմնադրված Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման համամիութենական ընկերության (1963 թ. –ից՝ «Գիտելիք» ընկերություն) գլխավոր ղեկավար մարմնի՝ հանրապետական վարչության անդամ և այդ ընկերության մաթեմատիկայի-ֆիզիկայի-քիմիայի սեկցիայի բյուրոյի նախագահ:
1947-1951 թթ. ընտրվել է ՀԽՍՀ 2-րդ գումարման, 1951-1955 թթ.՝ 3-րդ գումարման, 1955-1959 թթ.՝ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1948 թ. խորհրդային կանանց դելեգացիայի կազմում մասնակցել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի 2-րդ կոնգրեսի աշխատանքներին Բուդապեշտում:
Հանդիսացել է Խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի անդամ, Խորհրդային կանանց կոմիտեի անդամ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահության անդամ և այդ ընկերության՝ կանանց սեկցիայի նախագահ:
1949 թ. վերադարձել է ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտ և մինչև 1953 թ. աշխատել է գիտական գծով տնօրենի տեղակալ, այնուհետև՝ օրգանական քիմիայի սեկտորի ավագ գիտաշխատող, իսկ 1955-1957 թթ. ՝ օրգանական քիմիայի սեկտորի վարիչ:
1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1957 թ., ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ԳՀԻ-ի վերակազմավորվելուց հետո աշխատել է որպես Ամինոմիացությունների լաբորատորիայի վարիչ։
1960 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1961 թ. պարգևատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով:
1961թ. Ա. Թ. Բաբայանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
1962 թ. Խաղաղության խորհրդային կոմիտեի դելեգացիայի կազմում եղել է Ֆինլյանդիայում:
1963 թ. Լոնդոնում զեկուցումով հանդես է եկել Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության 19-րդ կոնգրեսում (Международный союз теоретической и прикладной химии, ИЮПАК (МСТПХ), International Union of Pure and Applied Chemistry, IUPAC).
1967 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1968 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1970 թ., ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյա տարելիցի, պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով:
1970 թ. Բարեկամության խորհրդային ընկերությունների միության (Союз советских обществ дружбы (ССОД)) դելեգացիայի կազմում եղել է Նորվեգիայում:
1972 թ. Խորհրդային Միության դելեգացիայի կազմում Շվեյցարիայում մասնակցել է ИЮПАК 2-րդ կոնգրեսին՝ ֆիզիկական և օրգանական քիմիայի գծով:
1976 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:
Եղել է ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ, ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքին կից Օրգանական քիմիայի գիտխորհրդի նախագահ, Հայաստանի քիմիական ամսագրի խմբագիր:
1986 թ. օրգանական քիմիայի զարգացման և այդ բնագավառում լավագույն կադրերի պատրաստման գործում ունեցած էական ծառայությունների և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ վաստակաշատ գիտնականը արժանացել է կառավարական պարգևի:
1991 թ. Ա. Թ. Բաբայանն ազատվել է Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչի պաշտոնից և նշանակվել է Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրինության խորհրդատու: