Cover Image
aizvērt šo grāmatuՇուքուրյան Յուրի Հայկի (1940-)
Skatīt dokumentuՅու. Հ. ՇՈԻՔՈԻՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՅՈՒ. Հ. ՇՈՒՔՈԻՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Յուրի Հայկի Շուքուրյանը ծնվել է 1940թ. նոյեմբերի 5-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ 1958թ.միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ), որն ավարտել է գերազանց գնահատականներով 1963թ.՝ ստանալով «մաթեմատիկական հաշվիչ գործիքներ և սարքեր» մասնագիտությունը։ Դեռ 1961թվականից Յու.Հ. Շուքուրյանը աշխատել է որպես ԵրՊԻ գիտահետազոտական սեկտորի լաբորանտ, իսկ ինստիտուտն ավարտելուց հետո եղել է ԵՊԻ-ի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոնի ասիստենտ։

1964թ. նա ընդունվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ արտադրությունից կտրված։ 1968թ. պաշտպանել է «Եզրափակիչ վիճակով ավտոմատների օպտիմիզացում» թեմայով ֆիզիկա-մաթեմատիկական թեկնածուական թեզը «Տեսական կիբեռնետիկա» մասնագիտությամբ Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի կիբերնետիկայի ինստիտուտում։

1967թ. մինչև 1971թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնում որպես ավագ ինժեներ, այնուհետև՝ավագ գիտաշխատող, զբաղվել է ավտոմատների տեսության և ԷՀՄ նախագծման ավտոմատացման խնդիրներով։ 1975թ. ստացել է ավագ գիտաշխատողի կոչում։

1971թ. տեղափոխվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական իննստիտուտ (ԵՄՄԳՀԻ) էլեկտրոնային hաշվիչ մեքենաների նախագծման ավտոմատացման համակարգերի գծով աշխատանքներն ընդլայնելու կապակցությամբ։ 1971թ. մինչև 1980թ. եղել է ավտոմատ նախագծման համակարգերի մաթեմատիկական ապահովման բաժնի պետ, 1980թ. նշանակվել է Միացյալ Սերնդի ԷՀՄ (ՄՍԷՀՄ-ЕС ЭВМ)-ների և ՆԱԻՐԻ ԷՀՄ-ի ընտանիքի մաթեմատիկական ապահովման բաժանմունքի պետ, ուր աշխատել է մինչև 1986թ.-ի մարտ ամիսը։ ԵՄՄԳՀԻ-ում եղել է Նախագծման Ավտոմատացման Համակարգի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, փոքր ԷՀՄ-ների ծրագրային ապահովման գծով գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։

1982թ. Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի Վ. Գլուշկովի անվան Կիբերնետիկայի ինստիտուտում պաշտպանել է «ԷՀՄ-ների միկրոծրագրային կառուցվածքների ավտոմատացված նախագծում՝ հիմնված անալիզի և օպտիմիզացիայի ավտոմատային մեթոդներիվրա» թեմայով տեխնիկական գիտությունների դոկտորական թեզ «Հաշվողական մեքենաների և համակարգերի մաթեմատիկական ապահովում» մասնագիտությամբ:

1986 թ. ՀՀ Գիտությունների ակադեմիայի ղեկավարության հրավերով Յուրի Շուքուրյանը ստանձնում է ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (այն ժամանակ՝ ՀՀԳԱԱ և ԵՊՀ Հաշվողական կենտրոն) տնօրենի պաշտոնը։

Յու.Հ. Շուքուրյանը խոշոր գիտնական է հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի (տեղեկատվության) ասպարեզում։ Նրա աշխատանքները զգալի ավանդ ներդրեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ավտոմատացված նախագծման (ՆԱՀ-ի), մաթեմատիկական ապահովման, հաշվիչ համալիրների և կիրառական մաթեմատիկայի պրոբլեմների մշակման գործում։ Նրա գիտական հետազոտություններում աչքի ընկնող տեղ են գրավում ԷՀՄ-ների նախագծման և մաթեմատիկական ապահովման խնդիրների լուծման նկատմամբ ավտոմատների և հաշվարկային մոդելների մաթեմատիկական տեսությունների վրա հիմնված կիրառական մոտեցմանը նվիրված աշխատանքները, ԷՀՄ-ների նախագծման ավտոմատացման համար հատուկ ծրագրային ապահովման մշակումները։

Յու.Հ. Շուքուրյանը տևական և բեղմնավոր աշխատանք է կատարել լայն կիրառության արագագործ և հուսալի կառուցվածքով ԷՀՄ-ների ավտոմատ նախագծման ֆորմալացված մեթոդների և ծրագրային միջոցների համալիրի ստեղծման ուղղությամբ։ Նա մշակել է միկրոծրագրային ալգորիթմների արագագործության օպտիմալացման տեսությունն ու մեթոդը, միկրոծրագրերի կառուցվածքների ճշտության որոշման մեթոդները։

Յու.Հ. Շուքուրյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակված ավտոմատ նախագծման ծրագրերի համալիրները ապահովեցին EC-1045, EC-1046 ԷՀՄ-ների, ինչպես նաև ՆԱԻՐԻ ընտանիքի համալիրների բարձրորակ նախագծումը և դրանց ներդրումը մի շարք կազմակերպություններում։ Նրա գիտա-արտադրական գործունեության հետ անմիջականորեն կապված է ԵրՄՄԳՀԻ-ում ԷՀՄ-ների նախագծման ավտոմատացման ուղղության ստեղծումը։ Նա եղել է «Ավտոպրոեկտ» ՆԱՀ-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալը մաթեմատիկական ապահովման գծով և «Ավտոտեստ» թեմայի գլխավոր կոնստրուկտորը։ Յու.Հ. Շուքուրյանը կատարել է աշխատանքների մի խոշոր շրջափուլ, որը վերաբերում է ԷՀՄ-ների հաշվիչ համալիրների ծրագրային ապահովման մշակմանը։

Յու.Հ. Շուքուրյանի ղեկավարությամբ և նրա անմիջական մասնակցությամբ մշակվել և պետական փորձարկումներ է անցել 65с169, 65с170 արտադրատեսակների ծրագրային ապահովումը։ Այդ արտադրատե-սակների կազմում ստեղծվել է ДОС օպերացիոն համակարգ, որի վերականգնման, համալրման և ցանցային հեռուստամշակման հարուստ միջոցները ապահովում են վերոհիշյալ արտադրատեսակների հուսալի աշխատանքը։ Այդ ժամանակաշրջանում նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել է ЕС-1046 ԷՀՄ-ի ծրագրային ապահովման յուրահատուկ բաղադրիչների շարքը։ Նրա ղեկավարությամբ ծավալվել են գիտական հետազոտությունների և նախագծման ավտոմատացման համար տեսականորեն հիմնավորված ծրագրային գործիքային համակարգերի մշակումը։

Շնորհիվ Յու.Հ. Շուքուրյանի արդյունավետ գործունեության՝լայն աշխատանքներ են ծավալվել նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ստեղծելու աշխատանքներն այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են՝ հումանիտար, Երկրի մասին գիտություններ և այլն։

1990-ական թվականների տնտեսական ճգնաժամի ծանր տարիներինպայքար էր գնում գիտության առկա վիճակը, թեկուզ կորուստներով, միայն պահպանելու մասին: Յու. Շուքուրյանի անուրանալի գիտական և կազմակերպչական գործունեության շնորհիվ այդ տարիներին հաջողվեց ոչ միայն հիմնականում պահպանել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի(ԻԱՊԻ) գիտական ներուժը, այլ նաև ուրվագծել ինստիտուտի հեռանկարային զարգացման նոր տեսանկյուններ։ Այդ տարիների ինստիտուտի հաջողություններին նպաստեց գիտական կոլեկտիվը, որի կազմում էին ճանաչված գիտնականներ:

Յու. Շուքուրյանի և իր կողմից ղեկավարած բաժնի կողմից ստացվեցին նոր տեսական արդյունքներ տարաբաշխված մաթեմատիկական մոդելների և զուգահեռ հաշվարկների վերաբերյալ։ Նրա գործուն մասնակցությամբ ստեղծվեց ակադեմիայի համակարգչային ցանցը, մշակվեցին ու կատարելագործվեցին ՀՀ ԳԱԱ 30-ից ավելի ինստիտուտներ ընդգրկող ցանցի ծրագրային ապահովման համակարգերը։

Յու. Շուքուրյանի գիտական և գիտակազմակերպական ակտիվ գործունեությունն արժևորվեց 1990թ.՝ նրան ընտրելով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.՝ իսկական անդամ (ակադեմիկոս)։Մեծ է նրա ավանդը Հայաստանի տեղեկատվական համակարգչային գիտակրթական ցանցի ստեղծման, զարգացման և եվրոպական-ակադեմիական կառույցների հետ միանալու գործում։ Նրա ակտիվ մասնակցությամբ ստեղծվեցին ԱրմԿլաստերը, հայկական հաշվողական Գրիդ ենթակառույցը և սկսվեցին աշխատանքներ Հայաստանի ազգային գերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Կենտրոնը կնպաստի հաշվողական գիտությունների զարգացմանը և դրա օգտագործմանը Հայաստանի սոցիալական խնդիրների, տնտեսական պահանջների բնագավառում։

Յուրի Շուքուրյանի ջանքերի շնորհիվ պահպանվեցին և նոր զարգացում ստացան ՀՀ ԳԱԱ միջազգային կապերը ինֆորմատիկայի և հարակից գիտությունների մեջ։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ երկու տարին մեկ անգամ պարբերաբար կազմակերպվում են Համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային CSIT - Computer Science and Information Technologies գիտաժողովը՝ սկսած 1997 թ.: 2021թ. անցկացվեց 13-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 50 արտասահմանյան ճանաչված գիտնականներ։ Ընդհանուր առմամբ նշված գիտաժողովներին մասնակցել և պլենար զեկուցումներ են ներկայացրել արտասահմանյան հայտնի մասնագետներ և գիտնականներ՝ նպաստելով հայ գիտանականների միջազգային կապերի ընդլայնմանը: CSIT գիտաժողովը լայն ճանաչում է ստացել Հայաստանի երիտասարդ գիտնականների պատրաստման գործում:

Մանկավարժական աշխատանքներ է կատարել համատեղության կարգով. եղել է Երևանի պետական համալսարանի համակարգերի տեսության ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել է ասպիրանտների աշխատանքները։ Նրա ղեկավարությամբ թեկնածուական և դոկտորական թեզեր են պաշտպանել 20-ից ավել բարձր որակավորմամբ երիտասարդ մասնագետներ։ Պրոֆ. Յու. Շուքուրյանը հանդիսանում է ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ «Զեկույցների» խմբագրության անդամ, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ «Ինֆորմատիկայի» մասնագիտական խորհրդի նախագահ: Երկար տարիներ եղել է ԵՊՀ «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետի գիտխորհրդի անդամ:

Համընդհանուր ճանաչման են արժանացել Յու. Շուքուրյանի աշխատանքներն ավտոմատների մաթեմատիկական տեսության և դրա կիրառությունների բնագավառում։ Յու.Հ.Շուքուրյանը ունի գիտական հարյուրից ավել հոդվածներ և մենագրություններ։ Նա ԷՀՄ-ի նախագծման ավտոմատացման մաթեմատիկական հարցերին նվիրված գրքի համահեղինակ է։ Իր օրինակելի աշխատանքային ոճի հատկանիշների շնորհիվ Յուրի Շուքուրյանը 30 տարի գլխավորել է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գործունեությունը, նախ՝ որպես տնօրեն (20 տարի), ապա՝ գիտական ղեկավար։ 2006 թ-ից Յուրի Շուքուրյանը վարում էր ՀՀ ԳԱԱ փոխնագահի պատասխանատու պաշտոնը: 2021թ.-ից ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդականն է:

Պրոֆեսոր Յու. Շուքուրյանը եղել է բազմաթիվ գիտական և գիտատեխնիկական հայրենական և միջազգային հետազոտական նախագծերի ղեկավար և մասնակից: Դրանց թվին են պատկանում INTAS-93-1702 «Արդյունավետսիմվոլիկ հաշվարկ», ISTC նախագիծ A-823 «Բարձր արդյունավետության հաշվողական կլաստերի և տվյալների բազաների ստեղծում Հայաստանում»(2003-2005թթ.), INTAS 2000–447 «Թույլ թվաբանություն»(2001-2004թթ.), «Համընդհանուր ցանցային լեզվի հայերեն մոդուլի մշակում» (Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի դրամաշնորհը)(2004-2006թթ.), պետական նպատակային ծրագիր «Հայաստանի պետական հաշվողական համակարգի ստեղծում»(2004-2006թթ.), "INARMERA-ICT" «Հայաստանի ինտեգրումը դարաշրջանին. ինֆորմացիոն տեխնոլոգիաներ (2012-2015թթ.) և այլն:

Պրոֆեսոր Յու. Շուքուրյանը անդամակցել է Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառի միջգերատեսչական և պետական հանձնաժողովներին, դրանցից են՝ ՀՀ վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, ՀՀ նախագահի «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մրցանակի շնորհման հանձնաժողովը:

Հայրենական հաշվողական տեխնիկայի զարգացման բնագավառում մատուցած ծառայությունների համար նա 1983 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և 1980-ին՝ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի մեդալով։ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատել Յուրի Շուքուրյանի երկարամյա գիտական գործունեությունը՝ շնորհելով նրան «Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշան և արժանացնելով գիտության վաստակավոր գործչի կոչման։