Cover Image
close this bookԱլեքսանյան Յուրի Թադևոսի (1938-2023)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Յու. Թ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Յու. Թ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Իմունաբանության, բջջի մոլեկուլային կենսաբանության և վարակական հիվանդությունների համաճարակաբանության բնագավառում հայտնի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Թադևոսի Ալեքսանյանը ծնվել է 1938 թ. հուլիսի 9-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում:

Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը 1961 թ. ավարտելուց հետո աշխատել է որպես բժիշկ Հայկական ԽՍՀ Ստեփանավանի շրջանում:

1963 թ. նա ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան, ուսումը անցնելով Մոսկվայում ԽՍՀՄ ԲԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում:

1967 թ. Յու. Թ. Ալեքսանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, նվիրված ուռուցքային բջիջների իմունակենսաբանական հատկությունների ուսումնասիրմանը միաշերտ կուլտուրաներում:

1968-1985 թթ. նա ղեկավարել է Հայաստանի ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի (ներկայումս ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) իմունաբանության լաբորատորիան (վերանվանված մոլեկուլա-բջջային իմունաբանության լաբորատորիայի):

1985 թ. ԽՍՀՄ ԱՆ Իմունաբանության ինստիտուտում (Մոսկվա) Յու. Թ.Ալեքսանյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ուռուցքային բջիջների իմունաբանությունը երկարատև կուլտիվացման և հիբրիդիզացիայի ընթացքում» թեմայով:

Յու. Թ. Ալեքսանյանի կողմից մի շարք տարիների ընթացքում (1968-1985թթ.) «մոլեկուլային կենսաբանություն» հիմնահարցի մշակման ընթացքում կատարվել է աշխատանքների ցիկլ, նվիրված երկարատև կուլտիվացվող ուռուցքային բջիջների և նրանց հիբրիդների համալիր իմունաբանական և իմունոքիմիական անալիզին: Մկնային հեպատոմայի բջիջների մոդելի օգտագործմամբ պարզաբանվել է երկարատև (8 տարի) կուլտիվացվող ուռուցքային բջիջների և նրանց ներ ու միջտեսակային հիբրիդների անտիգենային կազմը: Ցույց է տրվել տարբեր անտիգենների օգտագործման հնարավորությունը որպես կուլտիվացվող ուռուցքային և հիբրիդ բջիջների դրոշմներ սոմատիկ բջիջների գենետիկայի, փորձարարական ուռուցքաբանության, բջջային տարբերակման և բջջի մոլեկուլային կենսաբանության այլ կարևորագույն հարցերի ուսումնասիրման համար: Սահմանվել է սպիտակուցների՝ ալբումինի, տրանսֆերրինի և ալֆա ֆետոպրոտեինի սինթեզի օրինաչափությունները երկարատև կուլտիվացվող ուռուցքների բջիջներում և նրանց հիբրիդներում: Կուլտիվացվող միջտեսակային միկրոբջջային հիբրիդը օգտագործվել է հակաուռուցքային ռեզիստենտության ինդուկցիայի հնարավորությունները բացահայտելու համար: Յու. Թ. Ալեքսանյանի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները նշանակալի ներդրում են կենսաբանության այնպիսի հիմնարար բնագավառներում, ինչպիսիք են ուռուցքների իմունաբանությունը և բջջի մոլեկուլային կենսաբանությունը: Նրա կողմից հրապարակվել է «Կուլտիվացվող ուռուցքային և հիբրիդ բջիջների իմունակենսաբանությունը» մենագրությունը (Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1985): Ալեքսանյանի և իր աշխատակիցների կողմից ստացված ՄԳ XXIIa բջջային գիծը ընդունվել է բջջային կուլտուրաների համամիութենական կոլեկցիայում (Լենինգրադ) և օգտագործվել ԽՍՀՄ մի շարք գիտական հիմնարկներում (ԽՍՀՄ ԳԱ բջջաբանության ինստիտուտ, ԽՍՀՄ ԳԱ մոլեկուլային գենետիկայի ինստիտուտ, ԽՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտ և այլն) մոլեկուլա-բջջային կենսաբանության և բժշկության տարբեր հարցերի ուսումնասիրման համար, ինչպես նաև օգտագործվել է որպես մոդել թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների կատարման ժամանակ: 1986 թ. Յու. Թ. Ալեքսանյանը ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից-անդամ «մոլեկուլային կենսաբանություն» մասնագիտությամբ, իսկ 1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1993 թ.նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Մի շարք տարիների ընթացքում Հայկական ԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի իմունաբանության (մոլեկուլա-բջջային իմունաբանության) լաբորատորիայում Յու. Թ. Ալեքսանյանի գիտական ղեկավարությամբ ԽՍՀՄ առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ (ԽՍՀՄ ԳԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ԽՍՀՄ ԲԳԱ Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտ և այլն) իմունոլոգիական տոլերանտության և իմունոգլոբուլինների մոլեկուլների ալլոտիպիկ սուպրեսսիայի մոդելների օգտագործմամբ ուսումնասիրվել են իմուն պատասխանի ձևավորման մոլեկուլա-բջջային մեխանիզմները, տարբեր քիմիական և կենսաբանական ակտիվ միացությունների ազդեցությունը հակամարմինների կենսասինթեզի պրոցեսի վրա:

1986- 2006 թթ. որպես ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ-ի տնօրենի, իսկ 2007 թ.-ից մինչև 2017 թ.-ը ինստիտուտի գիտական խորհրդականի պաշտոնում Յու. Թ. Ալեքսանյանի գիտական ղեկավարությամբ կատարվել է Հայաստանում տարածված մանրէային, վիրուսային և մակաբուծային բնույթի վարակական հիվանդությունների համաճարակաբանության, էկոլոգիայի, ախտորոշման և կանխարգելման հարցերի ուսումնասիրությունը: Նա միաժամանակ 1991 թ.-ից հանդիսացել է նույն ինստիտուտի իմունաբանության (2006 թ.-ից՝ համաճարակաբանության և իմունաբանության) լաբորատորիայի ղեկավար: Յու. Թ. Ալեքսանյանի ղեկավարությամբ կատարված վարակական հիվանդությունների համաճարակաբանության ուղղությամբ գիտա-հետազոտական աշխատանքների արդյունքները հանդիսանում են ժամանակակից բժշկության և գործնական առողջապահության արդիական ուղղություններից մեկը, ներկայացնելով զգալի տեսական և գործնական հետաքրքրություն: Մեծ արժեք ունեն նաև նրա ղեկավարությամբ կատարված աշխատանքները, նվիրված մարդու կուլտիվացվող լիմֆոցիտների իմուն պատասխանի ձևավորման մոլեկուլա-բջջային մեխանիզմների պարզաբանմանը:

2018 -2020 թթ. Յու. Թ. Ալեքսանյանը հանդիսացել է գիտական խորհրդական ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Նրա ուշադրության կենտրոնում էր կորոնավիրուսային վարակի հիմնահարցը:

Յու. Թ. Ալեքսանյանը 527 հրատարակված գիտական աշխատանքների (այդ թվում 5 մենագրությունների) հեղինակ է, բազմիցս հանդես է եկել գիտական զեկույցներով տարբեր կոնֆերանսներում: Նա կատարել է մեծ աշխատանք բարձրորակ գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 17 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություններ:

Ակադեմիկոս Յու. Թ. Ալեքսանյանը բազմաթիվ տարիների ընթացքում համատեղել է գիտական և գիտա-կազմակերպչական աշխատանքը մանկավարժական գործունեության և գիտելիքների տարածման աշխատանքի հետ: 1980-1999 թթ. Երևանի պետական համալսարանում, իսկ 1997-2012 թթ.՝ Հայկական բժշկական ինստիտուտում նա վարել է իմունաբանության դասընթացը:

2001-2011 թթ. Յու. Թ. Ալեքսանյանը ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիսացել է իմունաբանության դասընթացի ղեկավարը, 2007-2018 թթ.՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իմունաբանության գծով պրոֆեսոր: Նա Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնում որպես պրոֆեսոր կարդացել է իմունաբանության դասընթացներ կլինիկական օրդինատորներին: Մեծ արժեք է ներկայացնում Յու. Թ. Ալեքանյանի և Լ. Ս. Ոսկանյանի կողմից հայերեն լեզվով հրապարակված «Իմունաբանություն» ուսումնական ձեռնարկը (Երևան, 2018): Գիտելիքների տարածման բազմամյա գործունեության համար Համամիութենական «Գիտելիք» ընկերության կողմից նա պարգևատրվել է «Շնորհակալագրով»:

Յու. Թ. Ալեքսանյանը 2008-2018 թթ. հանդիսացել է «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր, «Медицинская паразитология и паразитарные болезни» ու «Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии» ամսագրերի խմբագրական խորհուրդի անդամ: Նա եղել է նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված խորհուրդի ու ՀՀ ԳԱԱ Միկրոկենսաբանության ինստիտուտին կից մասնագիտացված խորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարարության Գիտական բժշկական խորհրդի իսկական անդամ, «Հայատան» հանրագիտարանի գիտահրատարակչական խորհրդի անդամ։

Ակադեմիկոս Յու. Թ Ալեքսանյանը 2000 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս), իսկ 2003 թ.՝ «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) պատվավոր անդամ: 2007 թ. Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից նա արժանացել է «Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման և պարգևատրվել է «Գիտնականի Աստղ» շքանշանով: