Cover Image
close this bookԳուլքանյան Վարդան Հովհաննեսի (1902-1976)
View the documentՎ. Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վարդան Հովհաննեսի Գուլքանյանը ծնվել է 1902 թ. փետրվարի 28-ին, Նոյեմբերյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Ղալաչա գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում՝ Ներսիսյան հոգևոր դպրոցում (սեմինարիա), ուր ընդունվել էր 1914-1915 ուս. տարում, և, որը, 1921 թ., Վրաստանի խորհրդայնացումից հետո, վերափոխվել էր տեխնիկումի: Ավարտել է 1923 թ.:

1921-1923 թթ., ոչ անընդմեջ, եղել է Ղալաչայի հեղկոմի քարտուղարը: 1921 թ. համալրել է ՀամԼԿԵՄ շարքերը: 1923 թ. գյուղի կուսկազմակերպությունը նրան ուղարկել է գավառական կենտրոն Դիլիջան՝ Կոմկուս-ի գավառային կոմիտեից և ԼԿԵՄ գավառային կոմիտեից Երևանի պետական համալսարան ընդունվելու ուղեգիր ստանալու համար, որից հետո Վ. Հ. Գուլքանյանը Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ ընդունվելու ուղեգիր ստացել է նաև ՀԿ(բ)Կ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնից:

1925-1926 թթ. եղել է Հայաստանի պրոլետար ուսանողության կենտրոնական բյուրոյի քարտուղարը: 1927 թ. ավարտել է համալսարանը գերազանցության դիպլոմով՝ ստանալով գյուղատնտես-բուսաբույծի մասնագիտություն: 1927-1928 թթ. եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի տպագրական բաժնի տեխնիկական քարտուղարը: 1928 թ. եղել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղաքային կոմիտեի ինֆորմատորը:

1928-1930 թթ. աշխատել է Հայաստանի Կոլխոզկենտրոնում (Колхозцентр) որպես հրահանգիչ – գյուղատնտես՝ կոլտնտեսային շինարարության գծով: 1930 թ. համալրել է ԽՄԿԿ շարքերը: 1930-1931 թթ. ծառայել է Կարմիր բանակի առաջին հայկական շարային գնդում: Ծառայության ավարտին ստացել է դասակի հրամանատարի կոչում: 1931 թ. ընդունվել է Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (ВАСХНИЛ)՝ Լենինգրադի (այժմ՝ Պետերբուրգ) Համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա: 1933 թ., աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Ն. Ի. Վավիլովի ղեկավարությամբ, ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով գենետիկի մասնագիտություն, ավագ գիտաշխատողի և դոցենտի կոչումներ: Վերադարձել է Հայաստան և,1934-1937 թթ., որպես ավագ գիտական աշխատակից, աշխատել է Հայաստանի բույսերի պաշտպանության կայանում: 1935-1937 թթ. ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Բիոլոգիայի ինստիտուտում՝ Բույսերի գենետիկայի սեկտորում, աշխատել է որպես ավագ գիտական աշխատակից, 1937 թ.՝ որպես գիտնական-քարտուղարի պաշտոնակատար, 1937-1938 թ.՝ տնօրենի պաշտոնակատար, իսկ 1938 -1943 թթ.՝ որպես տնօրեն: 1942-1943 թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահության նախագահի տեղակալի պաշտոնը՝ ազատվելով կենսաբանական ինստիտուտի տնօրենի պաշտոնից: 1943 թ. նոյեմբերին, ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրման ժամանակ, ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ և փոխ-պրեզիդենտ:

1945 թ. ընտրվել է շրջանային կուսակցական կոմիտեի պլենումի անդամ, եղել է նաև Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամ և աշխատավորների պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: Իբրև պատգամավոր, Վ. Հ. Գուլքանյանը լիովին արդարացրել է իրեն՝ ներդնելով իր գիտելիքները և եռանդը Երևանի բարգավաճման ու կանաչազարդման գործում:

1950-1956 և 1959-1976 թթ., ազատվելով փոխ-պրեզիդենտի պարտականությունների կատարումից, զբաղեցրել է ՀԽՍՀ ԳԱ գիտնական-քարտուղարի պաշտոնը:

1956-1976 թթ. եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագործության ԳՀԻ-ի ավագ գիտական աշխատակիցը և Բույսերի գենետիկայի և սելեկցիայի լաբորատորիայի վարիչը:

Նա մեծ գիտական աշխատանք է տարել նաև ՀԽՍՀ ԳԱ Բույսերի գենետիկայի և սելեկցիայի ինստիտուտում:

Վ. Հ. Գուլքանյանը հանդիսանում է խորհրդային առաջավոր Միչուրինյան ագրոբիոլոգիական գիտության ներկայացուցիչներից մեկը: Իր գիտական աշխատություններում նա բազմակողմանիորեն ուսումնասիրել է ցորենի, բամբակի և ծխախոտի ագրոբիոլոգիական հատկանիշները: Նրա կողմից բուծված աշնանացան ցորենի «Արտաշատի» տեսակը հազարավոր հեկտարների վրա մշակվել է հանրապետության բազմաթիվ կոլտնտեսություններում: Գիտահետազոտական աշխատանքների առումով Վ. Հ. Գուլքանյանը զգալի գործունեություն է ծավալել գյուղատնտեսական բույսերի գենետիկայի և սելեկցիայի բնագավառում, մասնավորապես, բույսերի մուտագենեզի ուղղությամբ: Նա հեղինակ է հացահատիկային մի շարք տեսակների: Ստեղծել է տարբեր տեսակի ցորենների հարուստ հավաքածու, մշակել խաչաձևման նոր մեթոդ՝ հիմնված հիբրիդային սերնդի գենետիկական բարդացման ընթացքի հետազոտման վրա: Նրա կողմից, Ս. Հ. Պողոսյանի և Գ. Ա. Սուրմինյանի հետ միասին, ստացվել և հաջողությամբ արտադրության մեջ է ներդրվել «Արտաշատ-42» սորտը, իսկ Գ. Ա. Սուրմինյանի հետ միասին ստացել է աշնանային ցորենի «Ֆերուգինեում-22» և գարնանացան «Վարդենիկ -1» տեսակային գծերը:

Վ. Հ. Գուլքանյանը ուսումնասիրել է նաև բամբակի ֆոտոտեխնիկայի հիմնարար հարցերը: Բամբակացան կոլտնտեսություններում գործնական մեծ կիրառություն է ձեռք բերել նրա կողմից մշակված «խորը ծերատման» մեթոդը, որը զգալիորեն բարձրացրել է բամբակենու բերքատվությունը:

Վ. Հ. Գուլքանյանի բազմաթիվ գիտական աշխատությունները՝ նվիրված Միչուրինյան ագրոբիոլոգիայի տարբեր բնագավառներին, ըստ արժանվույն են գնագատվել խորհրդային գիտնականների կողմից:

Մեծ են Վ. Հ. Գուլքանյանի ծառայությունները ՀԽՍՀ ԳԱ-ի կազմավորման և զարգացման, գյուղատնտեսության առջև դրված մի շարք կարևորագույն խնդիրների գիտական դրական լուծման, ինչպես նաև, երիտասարդ գիտական կադրերի աճեցման գործում: Լինելով քաղաքականապես լավ պատրաստված, նա եղել է մաքսիզմ-լենինիզմի տեսությունը ուսումնասիրող գիտաշխատողների խմբի խորհրդատուն՝ անհատական կարգով: Բազմիցս հանդես է եկել քաղաքական թեմաներին նվիրված զեկուցումներով:

ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների կողմից բարձր է գնահատվել Վ. Հ. Գուլքանյանի գիտական և հասարակական-քաղաքական գործունեությունը.1940 թ. նա արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրի, 1940 թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, 1944 թ.՝ «Կովկասի պաշտպանության համար» մեդալի, 1945 թ.՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի, Պատվո նշան շքանշանի, 1966 թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ևՄեծ արծաթե մեդալի՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Վ. Հ. Գուլքանյանը արժանացել է նաև ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: