Cover Image
close this bookԽոջաբեկյան Վլադիմիր Եղիշի (1929-2012)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ե. ԽՈՋԱԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ե. ԽՈՋԱԲԵԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկականան անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Եղիշի Խոջաբեկյանը Հայաստանում, ԱՊՀ երկրներում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչում ստացած անվանի տնտեսագետ-գիտնականներից է: Նա անցել է բեղմնավոր կյանքի ուղի, շուրջ հինգ տասնամյակ զբաղվում է տնտեսագիտությամբ և տնտեսագիտական կադրերի դաստիարակման գործով: Վ. Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929 թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1946 թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը: 1954 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Մեկ տարի անց ընդունվել և 1959 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` տնտեսագիտության գծով: Տնտեսագիտության թեկնածուի գիտական թեզը պաշտպանել է 1963 թ., դոկտորականը` 1975 թ.: 1966 թ. ստացել է ավագ գիտաշխատողի, 1977թ.` պրոֆեսորի գիտական կոչումներ: 1982 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1994 թ.` ակադեմիկոս, 1999 թ.` ազգային անվտանգության պրոբլեմների գծով Գիտությունների Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: ՀՀ ԳԱ նախագահությունը, նկատի ունենալով Վ. Խոջաբեկյանի արժանիքները, գրում է. «Դժվար է գերագնահատել հայ տնտեսագիտական մտքի զարգացմանը բերած նրա վաստակը, գիտնական քաղաքացու նրա անհանգիստ, համառ ձգտումը`գիտական ծանրակշիռ ուսումնասիրությունները ծառայեցնել իր ժողովրդին և իր հայրենիքին»: Վ. Ե. Խոջաբեկյանը մեծ ավանդ ունի տնտեսագիտության զարգացման գործում: Նա 327 հրատարակած աշխատությունների, այդ թվում ավելի քան մեկ տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների, խմբագրված գրքերի և 160 չհրատարակված գիտական զեկուցումների, զեկուցագրերի, ելույթների և այլ արխիվային նյութերի հեղինակն է: Աշխատությունները հայերեն, ռուսերեն, անգլերեն,գերմաներեն և այլ լեզուներով լույս են ընծայվել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բեռլինում, Նյու- Յորքում, Փարիզում, Աթենքում, Դելիում, Թեհրանում, Վիեննայում, Թբիլիսիում և այլուր` նրան բերելով արժանի ճանաչում մի շարք արտասահմանյան երկրներում: 1970-ականներից մինչև օրս նա գիտական բանախոսություններով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Մոսկվայում, Բեռլինում, Լենինգրադում, Սիդնեյում, Կիևում, Բուդապեշտում, Աթենքում, Դելիում, Թեհրանում, Վիեննայում, Լայպցիգում, Դրեզդենում, Ալմա-Աթայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Աշխաբադում, Օրենբուրգում և այլուր), որոնք զետեղվել են միջազգային և հայրենական պարբերականներում: Վ. Խոջաբեկյանի առաջին աշխատությունները (1950-ականների վերջերից) նվիրված են աշխատանքի արտադրողականության տեսական հարցերին, ներարտադրական ռեզերվների բացահայտմանը և գնահատմանը, դրանց դասակարգմանը, արդյունաբերական ձեռնարկությունների ռեզերվների ի հայտ բերմանը և օգտագործմանը: Այդ աշխատություններում տնտեսագիտական տեսական ընդհանրացումները զուգակցվում են փաստացի նյութերի գիտական վերլուծության, դրանց ընդհանրացման և գործնական առաջարկությունների հետ: Լինելով այդ հիմնախնդրին նվիրված անդրանիկ հրապարակումներից մեկը` դրանք արժանացել են գիտական մամուլի բարձր գնահատականին, իսկ գիտականորեն հիմնավորված հանձնարարականները ներդրվել են արտադրության մեջ: 1960-ական թվականների կեսերից Հայաստանի բնակչության և նրա աշխատանքային ռեսուրսների վերարտադրության հիմնահարցերը դառնում են տնտեսագիտության առանցքային խնդիրներից մեկը և այսօր էլ մնում են այդպիսին: Տասնամյակների ընթացքում Վ. Խոջաբեկյանի ուսունասիրությունների շրջանակը անընդհատ ընդլայնվում է: Հիմնահարցն ամփոփում է իրար հետ շաղկապված ու տրամաբանական հաջորդականությամբ միմյանց լրացնող բազմաթիվ հրապարակված ու չհրապարակված ուսումնասիրություններ` ի մի բերելով Հայաստանի բնակչության և նրա աշխատանքային ռեսուրսների վերարտադրության, զբաղվածության և սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջական պատկերը: Առանձնահատուկ ուշադրություն է նվիրել նաև հեռանկարային կանխատեսումներին: Ուսումնասիրությունները նվիրված են ժողովրդագրական քաղաքականության հիմնահարցերին. դրանց բազմաթիվ նոր հարցադրումները, մտահղացումները, առաջարկությունները և լուծումները տեղ են գտել հանրապետական և միջազգային հրատարակություններում: ՀՀ ԳԱԱ նախագահությունը Վ. Խոջաբեկյանի 70-ամյակի առթիվ հղած ուղերձում գրում է. «Հիրավի, դժվար է գերագնահատել Ձեր ծառայությունները տնտեսագիտության տեսության ու պրակտիկայի զարգացման գործում: Ավարտելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` Դուք անմնացորդ նվիրվեցիք մեր հանրապետության այդ հույժ կարևոր ոլորտի գիտական խնդիրների ուսումնասիրությանը` հեղինակելով հիմնարար աշխատություններ, որոնց հատուկ են արդիական շունչը, գիտական նորույթը, ապագան կանխատեսելու ոգին, հիմնավոր լուծումներ պահանջող եզրահանգումները: Մեր երկրի գիտական հասարակությունը գոհունակությամբ է նշում Ձեր գիտական խոշոր ձեռքբերումները Հայաստանի բնակչության և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության, երկարատև հեռանկարում դրանց միտումների բացահայտման, զբաղվածության օրինաչափությունների ընդհանրացման, արդի փուլում աշխատանքային շուկայի ձևավորման, քաղաքակենտրոնացման, ժողովրդագրության ու սոցիալ-տնտեսական կանխատեսման, աղետի գոտում և Արցախում ժողովրդագրական քաղաքականության հիմնախնդիրների հետազոտության ասպարեզում: Դուք բոլորիս զարմացնում եք ոչ միայն Ձեր գիտական մտքի արգասավորությամբ: Մեզ հիացնում է Ձեր գիտակազմակերպական ու մանկավարժական անխոնջ եռանդը: Այսօր Ձեզ երախտագիտությամբ է նայում երիտասարդների այն բանակը, որի համար Դուք եղել եք իսկական ուսուցիչ, լավագույն ղեկավար, և ով արդյունավետ գործունեություն է ծավալել ինչպես գիտության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսագիտական կյանքի տարբեր ոլորտներում:» Ժողովրդագրության զարգացման օրինաչափությունների դրսևորման ուղղությունների, միտումների և բնակչության աճի գործոնների դերի բացահայտման ու գնահատման հիման վրա Վ. Խոջաբեկյանը կանխատեսել է Հայաստանի բնակչության ժողովրդագրական պատկերը երկարատև հեռանկարի տարբեր փուլերի համար: Դրանք մասնավորապես ընդգրկում են 1966-1985 թթ., 1970-2000 թթ., 1979-2016 թթ., ինչպես նաև 2000 թվականից մինչև 2050-2060-ական թվականների ժամանակահատվածները: 1968 թ. Մոսկվայում ռուսերեն հրատարակվեց «Բնակչության ընդլայնված վերարտադրությունը և աշխատանքային ռեսուրսների օգտագործումը 1966-1985 թթ. Հայկական ԽՍՀ-ում» տեսական հետաքրքրություն և կիրառական կարևոր նշանակություն ունեցող եռահատոր աշխատությունը (Վ. Խոջաբեկյանի գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ): Դրանում առաջին անգամ գիտականորեն կանխատեսվել են հանրապետության բնակչության ու աշխատանքային ռեսուրսների վերարտադրությունը երկարատև հեռանկարում, հիմնավորվել են աշխատանքային ռեսուրսների կազմավորման և պատրաստման ուղիները, մշակվել աշխատանքային ռեսուրսների օպտիմալ բաշխման համապատասխան մեթոդիկա և նորմատիվներ, կազմվել են աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռներ` հնգամյա կտրվածքով, հեռանկարային տարիների համար: Պատշաճորեն գնահատելով կատարվածը` ՀՀ ԳԱԱ նախագահությունը նշված աշխատությունը որակել է (1969) որպես «տեսական մեծ հետաքրքրություն և կիրառական կարևոր նշանակություն ունեցող» ուսումնասիրություն: Որոշվել է «…, աշխատանքը ներկայացնել ՀԽՍՀ պետպլանին` երաշխավորելով նրա օգտագործումը պլանավորման ժամանակ` հանրապետության ժողտնտեսության հեռանկարում» (ՀՀ ԳԱԱ նախագահության նիստի արձանագրություն, Երևան, 1969, № 9 (602), էջ 46, 47)։
Հետագա մենագրություններում գիտնականը, ընդհանրացնելով անցյալի փորձը և երկարատև հեռանկարում հանրապետության բնակչության, նրա սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, ձեռնամուխ է եղել նորագույն հիմնահարցերի և ավելի լայն ընդգրկմամբ աշխատանքների կատարմանը: Մասնավորապես 1960-1970-ականներին երկու ստվարածավալ մենագրություններում ընդհանրացրել է միմյանց լրացնող և օժանդակող երկու կարևոր ասպարեզներ: «Հայկական ԽՍՀ բնակչությունը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության արդի հիմնախնդիրները» մենագրությունը նվիրված է ժողովրդագրության տեսական ու գործնական հարցերին (մինչև 2000 թ. բնակչության և աշխատանքային ռեսուրսների հեռանկարային վերարտադրության ուղիների բացահայտմանն ու դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը, երկարատև հեռանկարում հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ժողտնտեսության ճյուղային և ներճյուղային կառուցվածքի կատարելագործման խնդիրներին, ինչպես նաև ժողովրդական տնտեսության կողմից ներկայացվող պահանջների համեմատ` տնտեսական շրջանի հանրային արտադրության և չհանրայնացված աշխատանքի ոլորտների զբաղվածության սահմանների որոշմանը)։ Գիտական եզրահանգումները և առաջարկությունները պետական պլանային մարմիններին ուղղորդել են որոշելու ժողովրդագրական և ժողովրդական տնտեսության զարգացման ընթացքը: «Հայաստանի բնակչությունը և նրա զբաղվածությունը (1828-1978 թթ.)» հաջորդ մենագրությունում Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պատմական նշանակության բացհայտման ընդհանուր ֆոնի վրա պատմատնտեսագիտական գրականության մեջ առաջին անգամ քննարկվում են Հայաստանի բնակչության վերարտադրության առանձնահատկությունները, զբաղվածության բնույթի փոփոխությունները, նրա սոցիալ-տնտեսական զարգացման պատմական ընթացքի 150-ամյա պատկերը, Խորհրդային Հայաստանում բնակչության համահավաքը, զբաղվածության էվոլյուցիան և այլ հարցեր: Այդպիսով` այդ եզրահանգումները, որպես գիտնականի մտավոր աշխատանքի արգասիք, բացահայտման տասնամյակների վաղեմություն ունեն:
1980-ական թթ. Վ. Խոջաբեկյանը ձեռնարկել է մասշտաբների և բովանդակության տեսակետից մի եզակի գիտական մշակում, այն է` 1979-2016 թթ. հանրապետության, դրա բոլոր քաղաքների, շրջանների և գյուղական վայրերի բնակչության (ընդամենը 158 միավոր) հեռանկարային թվի կանխատեսման աշխատանքները: Դրանք խմբավորվել են ըստ վարչական ու տնտեսական շրջանների, առանձին քաղաքների ու գյուղերի: Առաջին անգամ բնակչությունը կանխատեսելիս կոնկրետ գումարելիներից ստացվել է ընդհանուր հանրապետականը` քաղաքային ու գյուղական կտրվածքով: Երկարատև հեռանկարի յուրաքանչյուր տարվա համար բնակչությունը կանխատեսվել է ըստ սեռի, տարիքի, աշխատունակության, աշխատանքային տարիք մուտք գործելու, թոշակառու տարիք թևակոխելու և բազմաթիվ այլ հատկանիշներով: Նման կտրվածքով աշխատանք առաջին անգամ է կատարվել: ԲՆակչությունը կանխատեսվել է ըստ տարիների` 0-ից մինչև 100 տարեկան: Կանխատեսվել են տարեկան ծնունդը, մահը, 15-49 տարեկան կանանց հաշվով ծնվածների միջին տարեկան թիվը` ըստ կանանց տարիքային խմբերի, մեխանիկական տեղաշարժերը: ՀՀ ԳԱԱ նախագահությունը 1987 թ. մարտին հատուկ նիստով ըստ արժանվույն գնահատել է տվյալ աշխատանքի «տեսական, գիտական, գաղափարական և ժողովրդատնտեսական մեծ նշանակություն ունեցող բարձր մակարդակը»: Լայն է Վ. Ե. Խոջաբեկյանի բնակչության տարաբնակեցման և քաղաքակենտրոնացման ուսումնասիրությունների շրջանակը: Բնորոշ է այն, որ դրանցում լայնորեն օգտագործվել են սոցոլոգիական հետազոտությունների (մասնակի և զանգվածային հարցաթերթիկային հարցումներ) նյութերը: Դրանով իսկ հիմնավորվել են փոքր քաղաքների զարգացման ուղղությունները: Առաջին անգամ բացահայտվել է անձնական օժանդակ տնտեսության էությունը: Հատուկ ուշադրություն է նվիրվել նաև աշխատուժի հոսունության, երիտասարդության մասնագիտական կողմնորոշման, ընտանիքի, ժողովրդագրական գործընթացների և դրանց կրած փոփոխությունների պատճառների բացահայտման տարաբնույթ խնդիրների լուծմանը: (Ցավոք, կյանքում դրանք պատշաճ կիրառում չեն ստացել): 1988 թ Սպիտակի ավերիչ երկրաշարժը Վ. Խոջաբեկյանին հարկադրեց գիտական խնդիրները ներկայացնել նորովի` հիմնավորելով լայնամասշտաբ ժողովրդագրական քաղաքականություն կենսագործելու անհրաժեշտությունը: «Աղետ և մտահոգություն» մենագրության մեջ բացհայտվել են երկրաշարժի ժողովրդագրական հետևանքները, դրանց ազդեցությունը աղետի գոտում, հատկապես նրա էպիկենտրոնում: Վ. Խոջաբեկյանը հանդես եկավ նոր խոսքով ու գիտական մտահղացումներով` աղետյալ շրջաններում ստեղծված արտակարգ իրավիճակի ժողովրդագրական հետևանքները հաղթահարելու քաղաքականությամբ և սոցիալական բազմաբնույթ խնդիրները լուծելու հիմնարար առաջարկություններով: Եվ պատահական չէ, որ 1988 թ. դեկտեմբերի 16-ին ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր ժողովում այդ հարցին նվիրված նրա բոլոր առաջարկությունները արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովի հավանությանը: Վ. Խոջաբեկյանի «Արցախը փորձության ժամին» (1991 թ.) մենագրությունը նվիրված է Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայաթափության քաղաքականության ձաղկմանը: Այդ քաղաքականությունը տասնամյակներ շարունակ ծրագրվել և իրագործվում էր Ադրբեջանում` պետական մակարդակով: Առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել արխիվային նորահայտ նյութեր Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես Ադրբեջանում իրագործվող հայաթափության վերաբերյալ`1920-ական թվականներից ցայսօր` ներառյալ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ վայրերի հայաթափության և ցեղասպանության շարունակական իրագործումը: Հանրապետության կառավարությանն են ներկայացվել Ադրբեջանից բռնագաղթված հայերի տեղաբաշխման, տարաբնակեցման, զբաղվածության, ինչպես նաև նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող Վ. Խոջաբեկյանի գիտական զեկուցագրերը և հրապարակումները: Դրանցում առաջ քաշված հարցերն ունեն խիստ արդիական նշանակություն և իրեց արտահայտությունն են գտել 1993 թ. մշակված «Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ամրացման» նպատակային ծրագրում: Մշակվել են սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը մեղմելու և տարաբնակեցման հարցերը: Վիճակագրական փաստերի հիման վրա մերկացվել են ադրբեջանցի «գիտնականների» կողմից Ադրբեջանում և Հայաստանում ժողովրդագրական իրական գործընթացները (սկսած XIX–րդ դարի վերջերից) նենգափոխելու բոլոր փորձերը: Վերջին տարիների իր հրապարակումներով Վ. Խոջաբեկյանն ուղղակի ահազանգում է բնակչության նվազման միտումների մասին: Այդ կապակցությամբ Վ. Խոջաբեկյանը տալիս է իր եզրահանգումները Հայաստանի Հանրապետության բնակչությունը գոնե ներկա մակարդակով կայուն բնագծերում պահելու վերաբերյալ: Անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները կառավարության պահանջով և օժանդակությամբ վերստին իրենց ձեռքի տակ ունենան այդ ուսումնասիրությունների արդյունքները և ամեն ջանք գործադրեն նպաստելու բնակչության կայուն աճը ապահովելու համար: Այսօր տնտեսագետի աշխատություններում, բնականաբար, համակերպված խաղաղություն չէ, այլ անցյալի վերհուշ, տեսակետների ընդհարում, հաստատում ու մերժում, ապրած ժամանակի դեպքերին զուգընթաց` նաև ըմբոստացում... Ամբողջ կես դար: Վ. Խոջաբեկյանի «Զբաղվածության հիմնախնդիրները Հայաստանում անցման շրջանում» լույս ընծայված աշխատությունը` (1998 թ.) արդի փլուզման քննարկման և քննադատական վերլուծությունն է, ծանր դրությունից ելքի ուղիների որոնումն ու ճշգրտումը: Գրքում ներկա ժամանակի և´ հոգսերն են, և´ ժամանակին տրվող պատասխանները, կիրառելի խորհուրդներն ու ուղենիշները: Այդ գրքում և նախընթաց տարիների մյուս հրապարակումներում (1991 թ. սկսած), հեղինակը, քննադատելով իշխանությունների ազգային քաղաքականությունը, հանդես եկավ հողի, արտադրության միջոցների անժամանակ, հապշտապ և հախուռն մասնավորեցման դեմ: Նա առաջիններից մեկն էր (1990 թ. աշնանից սկսած), որ խանձարուրի մեջ նկատեց և իր հրապարակումներում ու հրապարակախոսական ելույթներում, երկրի գլուխ կանգնած առաջին դեմքերի ներկայությամբ պախարակեց այդ քաղաքականության ողջ ազգադավ էությունը: Ըստ որում, ի պատասխան աղքատության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից վերջերս ԳԱԱ-ին ներկայացվող գրության, Վ. Խոջաբեկյանը համապատասխան զեկուցագրով աղքատությունը բացատրում է թերզբաղվածությամբ, հիմնավորելով` վերջինիս հաղթահարման ուղիները:
ՀՀՇ- ականների հետևողական ջանքերով ժողովրդական զանգվածի սննկացման հաշվին «ծնվեցին» նորելուկ պորտաբույծ «միլիոնատերեր»: Հեղինակը համոզված է, որ, այնուամենայնիվ, բացառապես տնտեսական ճիշտ քաղաքականություն կիրառելու դեպքում հնարավոր կլինի սկսված թալանից հետո անգամ փրկել տնտեսությունը: Նա կարևոր պայման է համարում այն, որ երկրի քաղաքական վերակառուցումը վերստին չզուգակցվի տնտեսության քայքայմամբ: Վերջին տասնամյակում հրատարակված ուսումնասիրություններում շեշտադրվում են զբաղվածության և շուկայական էկոնոմիկայի ձևավորման հարցերը: Հիմնավորվում է շուկայական էկոնոմիկայի պետական վերահսկման և կարգավորիչ դերի անհրաժեշտությունը: Բայց շուկան հիմնականում պետության կողմից առայժմ չի վերահսկվում և կրում է անկազմակերպ ու ոչ քաղաքակիրթ բնույթ: Խնդիրը քաղաքակիրթ շուկայի ձևավորումն է: Վ. Խոջաբեկյանը մեծ տեղ է հատկացնում անցման շրջանում Հայաստանի շուկան կարգավորող տնտեսական մեխանիզմների մշակմանը: Բացահայտվում են երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ուղիները: Առաջին անգամ ամբողջական տեսքով վերլուծվում և ընդհանրացվում է Հայաստանում աշխատանքի շուկայի ձևավորման իրավիճակը, առաջ է քաշվում անցման շրջանում շուկայի կարգավորման անհրաժեշտությունը: Շեշտադրվում է մշակվող արդյունաբերության այնպիսի առաջատար ճյուղերի զարգացման աճող դերի անհրաժեշտությունը, որոնք պահանջում են բարձր որակավորման աշխատուժի գործադրում, չեն աղտոտում շրջակա միջավայրը, արդյունքները ֆոնդատար ու ջրատար չեն, ունեն բարձր արժեք, թեթև քաշ, փոքր չափեր, արտահանության մեծ ասարեզ, ենթակա են տրանսպորտային դյուրին փոխադրումների: Վ. Խոջաբեկյանը արդյունաբերությանը զուգընթաց մեծ ուշադրություն է նվիրել էներգետիկային, գյուղատնտեսությանը, նյութական արտադրության այլ ճյուղերին, ծառայությունների ոլորտին, գիտակրթական, առողջապահական համակարգերի զարգացման գերակայությանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական փոխսերտաճման և զբաղվածության հարցերին: Ագրարային քաղաքականության վերաբերյալ մշակումների համատեքստում բացահայտվել են գյուղատնտեսության զբաղվածության ձևավորման հիմնական ուղղությունները, իրական զբաղվածություն ապահովելու նախադրյալներն ու պայմանները, հիմնավորվել են արդի փուլում գյուղատնտեսության մեջ հայրենական արտադրողների նկատմամբ պետական հովանավորման, խթանման և մրցունակության բարձրացման քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը: Գյուղատնտեսության մեջ արդյունավետ զբաղվածություն ձևավորելու իմաստով ուշադրություն է նվիրվել արտաքին աշխարհի հետ Հայաստանի գյուղատնտեսության տնտեսական ինտեգրացիայի կառավարման հարցերին: Բացահայտվել են գյուղում տեղի ունեցող արտագաղթը մեղմելու հնարավորությունները: Վ. Խոջաբեկյանի “Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին” արժեքավոր մենագրությունը նվիրված է բնակչության աճի և տեղաշարժերի, էթնոժողովրդագրական գործընթացների առանձնահատկությունների և օրինաչափությունների բացահայտմանը (հրատարակվել է 2001 թ., վերահրատարակվել` 2002 թ.): Այն ընդգրկում է Անդրկովկասի, Արևելյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության շուրջ երեք դարերի պատմությանը: Աշխատանքը հայագիտական ուսումնասիրություն է ու նվիրված է ժողովրդագրության պատմության և ժողովրդական տնտեսության հիմնախնդիրների համապարփակ քննարկմանը: 1. Ուշադրության առանցքը Անդրկովկասի` բուն Երևանի, Գանձակի, Թբիլիսիի, Բաքվի նահանգների, Կարսի մարզի, հատկապես նրանց խոշոր քաղաքների հայ բնակչության աճի և գաղթի հարցերն են: Վկայակոչվում է, որ 1927 թվականից հայերը տարածված էին Անդրկովկասով մեկ և 1886-1914 թթ. կազմում էին նրա բնակչության 22,5-23,0, իսկ քաղաքներում`շուրջ 40 տոկոսը: Վեր է հանվում ինքնագործ բնակչության զբաղմունքի բնույթը (Անդրկովկասի նահանգների մեծ մասում մասնավորապես իշխել է ագրարային զբաղվածությունը) և բացահայտվում է Թբիլիսիի, Բաքվի ու Գանձակի հայերի մեծ տոկոսի առկայությունը արդյունաբերության և առևտրի բնագավառներում:
2.Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել Երևանի նահանգի, Կարսի մարզի, Սուրմալուի, Լեռնային Ղարաբաղի, Գարդմանաց, Զանգեզուրի, Գուգարացև Ջավախքի գավառների բնակչության տեղաշարժերին` որպես Արևելյան Հայաստանի մի ամբողջական մաս:
3. Չափազանց հանգամանալից քննարկման է արժանանում ներկայիս ՀՀ բնակչության ընդհանուր համայնապատկերը` 1920 թ. մինչև օրս: Մանրազնին մեկնաբանությամբ բացահայտվում է Արևմտյան Հայաստանի երեք միլիոնանոց հայ ժողովրդի շուրջ մեկ ու կես միլիոնի ցեղասպանության զոհ դառնալու, իսկ մնացածը` գրեթե ամբողջությամբ մազապուրծ աշխարհի տարբեր ծայերում և Արևելյան Հայաստանում ապաստանելու ընթացքը: Քննական վերլուծության միջոցով մեծ տեղ է հատկացվում Հայրենական մեծ պատերազմին նախորդող և հետպատերազմյան տարիների ՀՀ բարձր ծննդի, 1960-ի կեսերի, 1970-ականի կեսերի ծննդի և մահացության խիստ նվազման (աշխարհում բնութագրվում է ամենացածր մահացությամբ), վաղ ամուսնության և հետագայում նրա բարձր գործակցի գոյացման ու ծննդաբերության աճի, առանձին փուլերում ծննդի և ամուսնության հարափոփոխ անկմանը: Եթե 1960 թ. ծնվել է 75 հազար, իսկ 1970 թ.՝ 55,7 հազար, ապա 1986 թ. ծնվել է 81,2 հազար երեխա: Վ. Խոջաբեկյանը մեծ ուշադրություն է նվիրում արդի փուլում բնակչության ծննդի նվազման և մահացության աճի հիմնախնդիրներին: Դրանք քննարկվում են որպես հանրապետության տնտեսական, աշխարհաքաղաքական կյանքում մեր օրերում դրսևորվող փոփոխությունների անմիջական արձագանք:
4. Մենագրության այս փուլը ընդգրկում է ժողովրդագրությունը երրորդ հազարամյակի շեմին: Կախատեսվում են հանրապետության բնակչության, երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմնական ուղղությունները և շեշտադրվում է Հայաստանի վարընթացի, բնակչության աճի անկումը թուլացնելու հրամայականը: Առաջին. կարևորվել է առաջիկա 15-20 տարիների ընթացքում հիմնավոր ժողովրդագրական քաղաքականության հանգամանորեն մշակումը և կիրառումը, որը դառնալու է անհրաժեշտություն: Երկրորդ. հետաքրքիր են 2000-2060թթ. բնակչության կանխատեսման հիմնահարցերը: Ուսումնասիրությունը հանգեցնում է այն հետևության, որ մինչև XXI դարի կեսերը ծնունդը կնվազի, թեև առանձին փուլերում աննշան չափով կարող է ավելանալ։ Հիբնավոր կանխատեսումներով բացահայտվում է XXI դարի առաջին, երրորդ, հինգերորդ տասնամյակներում ծննդի փոփոխական ելևէջներով փոքր-ինչ աշխուժանալը: Այնուհանդերձ, ինչպես հիմնավորված է, բնակչության աճի տեմպերը կնվազեն, այն կնվազի նաև մահացությունն աստիճանաբար ավելանալու, հետագայում վերջինիս գործակիցը սրընթաց բարձրանալու հետևանքով, թեև, մանկամահացությունը կիջնի և կհասնի իր նվազագույն սահմանին: Հայաստանը կանգնած է բնակչության գաղթի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական քաղաքականություն մշակելու փաստի դեմ հանդիման:
Ըստ Վ. Խոջաբեկյանի` ժամանակավոր արտագաղթն անվերադարձ գաղթի հիմք է դառնում: Վերադարձի խնդիրը առնչվում է ոչ միայն մայր հայրենիքում տեղի ունեցող դրական կամ բացասական տեղաշարժերի, այլև արտագաղթողների սերտաճման` լեզվի, ազգային մշակույթի, արվեստի, հոգեբանական կերտվածքի և ազգային այլ արժեքների կորստի ու նոր արժեքների ձևավորման հետ, որը ներգաղթը խոչընդոտելու կարևոր նախապայման է: Ուսումնասիրության նպատակն արտաքին գաղթը մեղմելու ուղիների կանխատեսումն է:
Նա կարևորելով անդրադառնում է գաղթի հնարավոր միտումների կանխատեսմանը երրորդ հազարամյակի շեմին: Անժխտելի է Վ . Խոջաբեկյանի գործունեությունը հայ ժողովրդի հետագա զարգացման և հարատևության հարցում: Վ. Խոջաբեկյանի ուունասիրությունները հանգեցնում են այն եզրակացության, որ XXI դարի շեմին Հայաստանից որպես բնակչության արտագաղթի որոշիչ պայման կարող են հանդես գալ սպասվելիք ժողովրդագրական իրավիճակը, շուկայական տնտեսության ընթացքի ծավալումը, հասարակական արտադրության բոլոր ճյուղերի ինտենսիվ զարգացման հնարավորությունների օգտագործումը, գիտատեխնիկական առաջընթացի օբյեկտիվ ընթացքը, այդ ասպարեզում համաշխարհային ստանդարտներին մոտենալու ձգտումը, ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինման, դրանց վերահարմարեցման, արդիականացման և ազգային տնտեսության ճյուղային կազմի արմատական փոփոխության գործընթացները, սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամամասնությունների համահարթումը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների թվի օրավուր աճի կարգավորումը և այլն: Ըստ Վ. Խոջաբեկյանի` մոտ ապագայում արտաքին աշխարհից Հայաստանի Հանրապետության բնակչության ներգաղթի միտումները կարող են կանխորոշվել Հայաստանում սոցիալ-տնտեսական լարվածության տևականությունը աստիճանաբար հաղթահարելով, ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես հօգուտ Հայաստանի Հանրապետության լուծելով, արտաքին աշխարհում հայ անլեգալ գաղթականների նկատմամբ գաղթի քաղաքականության կիրառման ընթացքով, լեգալ գաղթականների աշխատանքային և սոցիալական ապահովվածության աստիճանով, ազգային և սոցիալական խտրականության որևէ կարգի դրսևորումներով, որևէ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսական ճգնաժամի երևան գալով և այլն: Չափազանց կարևորվում է արտասահմանում հայ լեգալ և անլեգալ գաղթականների վաստակի չափը: Հայաստանի շահերը թելադրում են գաղթի ընթացքում այսուհետև ընդգրկվել արտաքին աշխատանքի շուկայում և շուկայի հետ փոխսերտաճել պետական հիմունքներով: Դա աշխատանքի շուկայի գերլարված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկն է, որը հնարավորություն կընձեռնի մեղմելու գործազրկությունը, բարձրացնելու աշխատուժի արժեքը, վերացնելու աղքատությունը, միջին խավ ձևավորելու և դրանցով իսկ արտագաղթը չափավորելու, հետևաբար ծնունդը ավելացնելու համար: Մենագրությունը հարուստ է արտագաղթը մեղմելու կանխատեսումներով և լուծումներով:
Այդուհանդերձ, բնակչության պատմական զարգացման, նրա գաղթի ընթացքը, սկսած XIX դարից մինչև մեր օրերը և XXI դարի նախափուլի միտումները, որպես ընդգրկուն մենագրություն, ընթերցողների ուշադրությանն առաջին անգամ է ներկայացվում: ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում Վ. Խոջաբեկյանի ղեկավարությամբ մշակվել են նաև մասնագիտական այլ հիմնահարցեր, լույս են տեսել կոլեկտիվ ուսումնասիրություններ, խմբագրվել են թեմատիկ ժողովածուներ: Նրա գործունեությանը բնորոշ է նաև այլ գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Տարիների ընթացքում` 1963-1975 թթ. աշխատանքները կոորդինացվում էին ԽՍՀՄ Պետպլանի, 1975-1985 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ, 1976-1980 թթ.` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ Կենտրոնական տնտեսագիտության, 1990 թ. ընթացքում`Ռուսաստանի Դաշնության ԳԱ տնտեսագիտական, առաջին հերթին ԳԱ աշխատանքի և զբաղվածության տնտեսագիտության ինստիտուտների, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Բալթյան երկրների հետ: Իր ժամանակին Վ. Խոջաբեկյանը Խորհրդային Միության ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի “ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների” պրոբլեմների խորհրդի անդամ էր: Գիտական համագործակցությունը վերոհիշյալ օղակների հետ շարունակվում է` ընդգրկելով նաև ներկա գաղթի գործընթացի համատեղ ուսումնասիրությունը: ՀՀ ԳԱԱ-ի և ԳԴՀ գիտությունների ակադեմիաների միջև կնքված երկկողմանի համաձայնագրով 1976-1980 թթ. ավարտված աշխատանքի արդյունքներն արժանացել են երկու ակադեմիաների բարձր գնահատականին: ԳԴՀ կենտրոնական տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցների և Վ. Խոջաբեկյանի հետ համատեղ ավարտված գիտական ուսումնասիրությունը` «Ժողովրդագրության հիմնախնդիրները և աշխատանքային ռեսուրսների վերարտադրությունը» վերտառությամբ, 1983 թ. հրատարակվել է ռուսերեն: 1984 թ. այն արժանացել է ԽՍՀՄ գիտատնտեսագիտական վարչության նախագահության համամիութենական մրցանակաբաշխության դիպլոմին: Խոջաբեկյանի հեղինակած բաժինը 1983 թ. առանձին գրքով լույս է տեսել Բեռլինում` գերմաներեն: Նկատենք և այն, որ Վ. Ե. Խոջաբեկյանի գիտահետազոտական աշխատանքի արդյունքները հաճախ են եղել ՀՀ ԳԱԱ նախագահության ուշադրության կենտրոնում: Նրա ուսումնասիրությունների արդյունքները և եզրահանգումները, երաշխավորագրերը, հանձնարարականներն ու հիմնավորումները ներկայացվել են ԳԱԱ տարեկան ժողովում (1987 թ.), քննարկվել են ԳԱԱ նախագահության նիստերում (1969թ., 1987 թ., 1994թ., 1999 թ.,2001 թ. և այլն), բազմիցս` հասարակագիտական, պատմության և տնտեսագիտության, հետագայում հումանիտար բաժանմունքների տարեկան ժողովներում… Վ. Խոջաբեկյանը արդյունավետ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար 1973 և 1978 թթ. արժանացել է ՀՀ ԳԱԱ «Պատվոգրի», 1979 թ. զետեղվել է Հայաստանի Հանրագիտարանի 5-րդ և 1995 թ. Հայաստանի համառոտ հանրագիտարանի 2-րդ հատորներում, 2000 թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի բառարանում: 1999 և 2006 թթ. Ամերիկյան կեսագրական ինստիտուտի կողմից նա արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: Ծավալուն է նրա գիտակազմակերպչական աշխատանքների շրջանակը: Մոտ կես դար նա դասախոսել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում, իր գիտելիքներն անմնացորդ հաղորդել է իր սաներին: Միշտ նրա ուշադրության կենտրոնում է եղել կադրերի պատրաստման ու վերապատրաստման կարևոր գործը: Նրա գիտական ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել բազում ասպիրանտներ ու գիտաշխատողներ: Հրատարակած աշխատություններն այսօր դասագրքային արժեք ունեն բուհական, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական ուսումնական ոլորտներում: Ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանն իր բեղմնավոր գործունեության արդյունքում ստեղծել է հանրապետության ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների գիտական ուղղություն և դպրոց: Այսօր նա իրավամբ հանրապետության տնտեսական ժողովրդագրության հիմնադիրն է և շարունակում է դրա գիտական ղեկավարումը: Երկար տարիներ Վ. Խոջաբեկյանը եղել է ՀՀ ԳԱԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի տեղակալը, բաժանմունքի բյուրոյի անդամ, ներկայումս հումանիտար գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ է, փիլիսոփայության, տնտեսագիտության և իրավագիտության պրոբլեմային գիտական, Հայկական Հանրագիտարանի տնտեսագիտական , ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդների նախագահն է, Հայկական հանրագիտարանի գիտախմբագրական, տարբեր ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվում` «Պրոբլեմի տեորիի ի պրակտիկի ուպրավլենիա» միջազգային ամսագրի` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի կողմից ներկայացուցիչ-անդամը և այլն: Այդ և ՌԴ ԳԱ «Օբշեստվո ի էկոնոմիկա» միջազգային ամսագրում, ինչպես նաև Հայկական հանրագիտարանի բազմաթիվ հատորներում և հայկական ամսագրերում հեղինակել է հարյուրավոր արդիական արժեքավոր հոդվածներ: Վ. Խոջաբեկյանը այն գիտնականներից է, որոնց ուսումնասիրությունների արդյունքներրը արժանացել են երկրի ղեկավարների ուշադրությանը` լիովին կիսելով հանրապետության բնակչության զբաղվածության հիմնահարցի հետ կապված մտահոգությունը, շնորհակալության արժանանալով (1997 թ. և 1998 թ.) ակտիվ դիրքորոշման և գործարար առաջարկությունների համար: Ճիշտ այդպես, իր ժամանակին աշխատությունների գործնական նշանակության համար իրենց շնորհակալական խոսքն են հղել նաև Հայաստանի կուսկենտկոմը, Նախարարների խորհուրդը, Պետպլանը, Երևանի քաղկոմը: Վ. Խոջաբեկյանն իր ողջ գործունեության ընծացքում աչքի է ընկել սկզբունքայնությամբ, գիտական բարեխղճությամբ, աշխատասիրությամբ ու պարտաճանաչությամբ: Նա իր հայրենանվեր ստեղծագործական ողջ գործունեությունը նվիրաբերել է ի շահ տնտեսագիտության, ի շահ հայրենիքի: Ահա թե ինչու «Գիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար» 2003 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, իսկ տարիներ առաջ` շքանշաններով, ԽՍՀՄ պետպլանի նախագահության և համամիութենական «Գիտելիք» ընկերության վարչության պատվոգրերով: