Cover Image
close this bookՍարգսյան Յուրի Լևոնի (1941)
View the documentՅու. Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՅու. Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Յուրի Սարգսյանը ծնվել է 1941թ. փետրվարի 9-ին Երևանում մտավորականի ընտանիքում։ 1962թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը։ 1964թ. ընդունվել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Մեխանիզմների, մեքենաների և ավտոմատ գծերի տեսություն» մասնագիտությամբ։ 1967թ. Մոսկվայի մեքենագիտության ինստիտուտում ժամկետից մեկ տարի շուտպաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 1971-1972թթ. IREX-իփոխանակման ծրագրով գիտական փորձառության շրջան է անցել Ստենֆորդի համալսարանում: 1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, երկու տարի անց ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1977-1978թթ. աշխատել է Ստենֆորդի և Իլլինոյսի համալսարաններում(ԱՄՆ) որպես հրավիրված պրոֆեսոր։
Վերընթաց է եղել Յու. Սարգսյանի աշխատանքային ուղին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում. ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, 1988 թվից՝ ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ, այժմ՝ ՀԱՊՀ) ռեկտոր մինչև 2006 թվականը։
Պոլիտեխնիկն առանձնահատուկ դեր է ունեցել Յուրի Սարգսյանի կյանքում: Սկսած 1957թ-ից՝ նա սերտորեն կապված է իր Ալմա Մատերի հետ: Այստեղ է ձևավորվել նա որպես մասնագետ, մեքենագետգիտնական, կրթական և հասարակական ասպարեզների գործիչ: Նրան վիճակված էր դառնալ գաղափարախոսը Հայաստանում բարձրագույն կրթության կառուցվածքային-ծրագրային արմատական ռեֆորմի, որի նպատակը բարձրագույն կրթության համակարգի՝ միջազգային չափանիշներին մերձեցումը և շուկայական տնտեսության փոփոխվող կարիքներին ու պահանջներին հարմարունակ դարձնելն էր: Հայաստանում բարձրագույն կրթության կառուցվածքային-ծրագրային արմատական ռեֆորմն առաջին անգամ իրականացավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որի առաջամարտիկն ու գաղափարախոսը դարձավ ռեկտոր Յուրի Սարգսյանը։
Պոլիտեխնիկի սանին վիճակվել էր եզակի առաքելություն՝ ղեկավարել հարազատ բուհը անցումնային դժվարին շրջանում, դառնալ նրա կրթական համակարգի արմատական փոփոխությունների նախաձեռնողն ու շարժիչը, ստեղծել հեռահար ռազմավարություն վերակազմակերպված բուհի կայուն զարգացման և միջազգայնացման համար: Նրա անմիջական ղեկավարությամբ Պոլիտեխնիկականը 1992թ. վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ ԱՊՀ երկրների տարածքում առաջինն անցնելով Բոլոնիայի գործընթացով ամրագրված բարձրագույն կրթության եռաստիճան կրթական համակարգին։ Յու. Սարգսյանի կողմից ստեղծված բուհի Գլխավոր պլանն այն իրավականծրագրային հիմքն էր, որով նախատեսվում էին պոլիտեխնիկական կրթության բարեփոխումները՝ շուկայական տնտեսությանն անցման շրջանում նորագույն փոփոխություններին հարմարունակ դարձնելու համար։
1995թ. ՀՀ կառավարությունը հատուկ որոշմամբ հավանություն տվեց ավարտված գիտափորձին, իսկ բարձրագույն կրթության եռաստիճան մոդելը, ամրագրվելով օրենսդրորեն, ներդրվեց Հայաստանի բուհերում։ Գիտափորձն իր արտացոլումը գտավ նաև ինժեներական կրթության մեթոդաբանության, բարձրագույն կրթության ստրատեգիական պլանավորման, Բոլոնիայի գործընթացի տարբեր հայեցակարգերի վերաբերյալ Յու. Սարգսյանի հեղինակած մի շարք աշխատություններում։ Կրթական ասպարեզի գործիչը էական ներդրում ունեցավ նաև Հայաստանի Ամերիկյան և Արցախի պետական համալսարանների կազմավորման գործում։Երկար տարիներ Յու.Սարգսյանը եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի Ամերիկյան համալսարանների Հոգաբարձուների կառավարման խորհուրդների անդամ, այսօր էլ շարունակում է իր առաքելությունը ՀԱՊՀ և ՀԱՀ Հոգաբարձուների խորհուրդներում:
Յու. Սարգսյանը նաև ճանաչված հասարակական պետական գործիչ է: 1990 1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Սահմանադրական հանձնաժողովի անդամ՝ իր ներդրումն ունենալով Հայաստանի անկախության հռչակագրի, ՀՀ առաջին սահմանադրության, կրթության և գիտության վերաբերյալ օրենքների մշակման գործում: Նրա առաջարկությամբ է, մասնավորապես, ձևակերպվել և ընդունվել Հայաստանի անկախության հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի սատարումն ամրագրող 11-րդ կետը: Բազմաբեղուն է Սարգսյան գիտնականի ստեղծագործական գործունեությունը։ Ընդհանրացնելով մեխանիզմների սինթեզի դասական երկրաչափական ուղղությունը (Բուրմեստր Շնոֆլիսի տեսություն) շարժման մոտավոր վերարտադրության դեպքի համար, Յու. Սարգսյանը հիմնել է մեխանիզմների սինթեզի տեսության սկզբունքորեն նոր ուղղություն՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափություն, ինքնուրույն ճյուղ կինեմատիկական երկրաչափության գիտակարգում, որն ուսումնասիրում է շարժման մոտավոր վերարտադրության հետ կապված ապրոքսիմացիոն խնդիրների հատուկ դասը: Տեսությունը լայն ընդունելություն է գտել միջազգային գիտական շրջանակներում, իսկ համապատասխան տերմինն ընդգրկվել է մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային տերմինաբանական ստանդարտում։ Մեխանիզմների սինթեզում վերջավոր չեբիշևյան մոտարկումների կիրառության ասպարեզում ձեռք բերած տեսական ակնառու արդյունքների համար Յու. Սարգսյանն Ամերիկյան ինժեներմեխանիկների ընկերության կողմից 1978թ. արժանացել է տարվա լավագույն աշխատանքի համար սահմանված մրցանակին, ինչպես նաև «Պրոկտոր և Գեմբլ» ընկերության կողմից շնորհվող «Տեսական արդյունքների կիրառման հեռանկարայնության համար» հատուկ մրցանակին:
Ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափության տեսական հիմունքները շարադրված են հեղինակի ”Аппроксимационный синтез механизмов” (М.։Наука, 1982) մենագրության մեջ, իսկ տեսական նոր ապարատի հիմքով ստեղծվածմեխանիզմների ապրոքսիմացիոն սինթեզի մեթոդաբանությունը և համապիտանի ալգորիթմական մեթոդները՝ ”Кинематика, динамика и точность механизмов” գրքում (Серия "Основы конструирования проектирования машин", М.: Машиностроение, 1984), նաև “Машиностроение” հանրագիտարանում (М.: Машиностроение, 1995. – Т. 2, Гл. 3): Դրանք ընդգրկված էին մեխանիզմների և մեքենաների տեսության թեկնածուական մինիմումի պարտադիր գրականության միութենական ցանկում։ Նրա ավելի քան200 գիտական աշխատությունները, այդ թվում` միջազգային լայն ճանաչում ստացած մենագրությունները, գյուտերն ու պատենտները նվիրված են մեխանիզմների սինթեզի տեսությանը և ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների, ավտոմատացված համալիրների նոր տարատեսակների ստեղծմանը։
Մեխանիզմների տեսության բնագավառում հիմնախնդրի կարևորության ու նաև միջազգային ճանաչման մասին է վկայում այն իրողությունը, որ մեխանիզմների և մեքենաների տեսության համաշխարհային 7-րդ համաժողովի (Պրահա, 1991) հինգ պլենար նիստերից մեկում որպեսհիմնական զեկուցող Յու. Սարգսյանը ներկայացրել է տարածական մեխանիզմների կինեմատիկական սինթեզի ապրոքսիմացիոն խնդիրների ուրույն երկրաչափական լուծումների վերլուծությունը։
Հետազոտական աշխատանքները, որոնք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կատարվել են պրոֆեսոր Յու.Սարգսյանի ղեկավարությամբ մեխանիզմների տեսության, ռոբոտ-մանիպուլյատորների մեխանիկայի, պրեցիզիոն վիբրոմեխանիկական համակարգերի, միկրոմանիպուլյատորների, խողովակագլոցման սարքավորման ուսումնասիրության և նախագծման բնագավառներում, արժանացել են պարգևների տարբեր մրցույթներում և ցուցահանդեսներում։ Դրանք կիրառություն են գտել հատուկ նշանակության կառավարման համակարգերի (Ալտաիր ԳՀԻ), խողովակների սառը գլոցման հաստոնների (Գլազովի, Ալմա Աթայի, Չեպելի մեքենաշինական գործարաններ), կիսահաղորդչային սարքերի արտադրության ավտոմատացման միջոցների (Երևանի կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ նախագծակոնստրուկտորական բյուրո) և այլ սարքերի ստեղծման ընթացքում։
Գիտական ծանրակշիռ վաստակի համար Յու. Սարգսյանը 1986թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1996թ.՝ իսկական անդամ։ 1989-2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 1994թ. ընտրվել և շուրջ մեկ տարի համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։ Երկար տարիներ եղել է ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի անդամ, ղեկավարել է տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում ՀՀ նախագահի մրցանակի շնորհման հանձնաժողովը։ Նա հեղինակներից մեկն է մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում միջազգային տերմինաբանական ստանդարտի, որի հիման վրա նրա համահեղինակությամբ լույս է տեսել «Մեխանիզմների և մեքենաների տեսության անգլերեն-հայերեն-ռուսերեն տերմինարանը», ստեղծվել է առայժմ հայ իրականության մեջ եզակի այդ բառարանի էլեկտրոնային տարբերակը (Ե., 2009)։
Յու. Սարգսյանի անմիջական մասնակցությամբ կատարվող բազմամյա հիմնարար և կիրառական հետազոտությունների արդյունքում պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվել է ինչպես ԱՊՀ-ի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս առավել հայտնի գիտական դպրոցներից մեկը մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում: Այստեղ ձևավորվել է շնորհաշատ հայ մեքենագետ գիտնականների նոր սերունդ: Յու.Սարգսյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆում, Ուկրաինայում, Ղազախստանում, որտեղ նա ունի բազմաթիվ հետևորդներ: Պետք է առանձնահատուկ ընդգծել Յուրի Սարգսյանի դերը ՀԱՊՀ Մեխանիզմների և մեքենաների տեսության (այժմ`Մեխանիկայի և մեքենագիտության) ամբիոնի և նույնանուն դասընթացի գիտամեթոդական զարգացման և արդիականացման ասպարեզում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային համատեքստում, մասնավորապես, առարկայի նորարարական վերակառուցման առումով: Լինելով IFToMM-ի Գործադիր կոմիտեի ու մեխանիզմների և մեքենաների (ՄՄ) տեսության տերմինաբանական հանձնաժողովի անդամ`Յու.Սարգսյանը էապես նպաստել է ՄՄ տեսության բովանդակային նորացմանը, արդիականացմանը, միջազգային հեղինակության բարձրացմանը և նրա ներմուծմանը ժամանակակից ճարտարագիտական կրթության, մասնավորապես, միջդիսցիպլինար բնույթի կրթական ծրագրերում (մեխատրոնիկա, ռոբոտատեխնիկա և այլն): Յու. Սարգսյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ վերջին տարիներին մեխանիկական մասնագիտությունների մագիստրանտների, ասպիրանտների համար ստեղծվել և դասավանդվում է «Մանիպուլյացիոն մեխանիզմներ» ինքնատիպ դասընթացը ,հրատարակվել է նույնանուն դասագիրքը (Ե., 2012), մշակվել և ՀԱՊՀ ասպիրանտուրայում իր կողմից այսօր դասավանդվում է «Բարձրագույն Ճարտարագիտական կրթության ծրագրերի նախագծման մեթոդաբանություն» նոր դասընթացը`ուղղված նախանշված մասնագիտական/հետազոտական կոմպենտենցիաներով օժտված մասնագետների և դասախոսների նոր սերնդի ձևավորմանը: Յու. Սարգսյանի նախաձեռնությամբ 2012 թ. հիմնվել է ՀԱՊՀ Ռոբոտատեխնիկայի բազային գիտահետազոտական լաբորատորիան, որտեղ նրա ղեկավարությամբ իրականացվել են մի շարք արդիական դրամաշնորհային նախագծեր`ռոբոտ-մանիպուլյատորների մեխանիկայի և ռեաբիլիտացիոն ռոբոտատեխնիկայի տեսական հիմունքների զարգացման և բազմաբնույթ գործնական կիրառությունների նախապատրաստման ուղղությամբ: Դրանց արդյունքները հրապարակվել են ՄՄՏ հեղինակավոր միջազգային գիտական պարբերականներում, այդ թվում` IFToMM-ի հովանավորությամբ հրապարակվող աշխատությունների ժողովածուներում և կոլեկտիվ մենագրություններում, իսկ գործնական մշակումներն արժանացել են գյուտերի և պատենտների ՀՀ և միջազգային բազմաթիվ վկայականների:
Յուրի Սարգսյանը 1995 թվից ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Մեքենաշինություն և մեքենագիտություն» 034 մասնագիտական խորհրդի նախագահն է, արտասահմանյան և ՀՀ մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամն է և «ՀԱՊՀ Բանբեր» հանդեսի գլխավոր խմբագիրը։
Հայաստանի Հանրապետության հասարակական, պետական և գիտակրթական ասպարեզներում մատուցած ծառայությունների համար Յուրի Սարգսյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1985), «Անանիա Շիրակացի» մեդալով (1999), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2003), ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով (2008), ՀՀ վարչապետի Ոսկե մեդալով (2011)։ 2011 թվին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
Արտերկրում ճանաչված գիտակրթական ասպարեզի վաստակաշատ գործիչն արժանացել է Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) «Տարվա լավագույն կրթական գործիչ» մրցանակին (2002), ընդգրկվել է Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) «Ականավոր 100 կրթականգործիչներ» անվանակարգում (2006), արժանացել «21-րդ դարի 200 ինտելեկտուալներ» դիպլոմի (Միջազգային կենսագրական կենտրոն, Քեմբրիջ, 2007)։
Շուրջ 65 տարի է՝ Յուրի Սարգսյանն ամուր թելերով կապված է իր մայր բուհին, երկար տարիներ լինելով համալսարանի ղեկավար և շուրջ 30 տարի` նաև հոգաբարձուների խորհրդի անդամ, ապրել է նրա հոգսերով, արարել նրա շենացման համար, քայլել նրա երթին համընթաց: Այսօր էլ նա լի է ստեղծագործական ավյունով, պատրաստակամ՝ իր հարուստ փորձով ու իմաստությամբ սատարելու հայրենի երկրի և հարազատ ժողովրդի քաղաքակրթական առաջընթացը։