Cover Image
close this bookՄարտիրոսյան Ռադիկ Մարտիրոսի (1936)
View the documentՌ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:

1958 թ. համալսարանը գերազանցությամբ ավարտելով` աշխատանքի է անցնում Բյուրականի աստղադիտարանում: Նա շուտով տեղափոխվում է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի նորաստեղծ ինստիտուտը` մասնագիտանալով քվանտային էլեկտրոնիկայի ուղղությամբ:

1960թ. ՀՀ ԳԱԱ նախագահ, աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի առաջարկությամբ ու աջակցությամբ Ռ. Մարտիրոսյանը մեկնում է Մոսկվա և ընդուվում ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորովի գիտական ղեկավարությամբ կատարում է մի շարք հետազոտություններ քվանտային և գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկայի ուղղությամբ:

1964 թ. Ռ. Մարտիրոսյանը հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը` աշխատանքի է անցնում Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: Այստեղ, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի հավանությամբ, ԳԱԱ նախագահության որոշումով ստեղծվում է քվանտային ուժեղացման լաբորատորիա` Ռ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ: 1970 թ. նա նշանակվում է ՌՖԷԻ` գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 1980 թ.՝ նույն հաստատության տնօրեն:

Նրա ջանքերով իր ղեկավարած ինստիտուտում հիմնադրվում է տարաչափ քվանտային ալիքների տիրույթների և քվանտային ուժեղացման ֆզիկական հիմունքների մշակման գիտական նոր ուղղություն: Ուղղորդվելով այդ ուղղության տեսությամբ` 1980 թ. նա դոկտորական ատենախոսություն է պաշտպանում “Քվանտային ուժեղացուցիչների արդյունավետության բարձրացումը“ թեմայով:

1982 թ. Ռ. Մարտիրոսյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում, 1986-ին` գիտության բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար նա ընտրվում է ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1990 թ.` ակադեմիկոս: Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում արդյունավետ կերպով շարունակելով բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերի ուղղությամբ կատարվող աշխատանքները` Ռ. Մարտիրոսյանը և նրա աշակերտները հասնում են այն բանին, որ հետագայում այդ սարքերը լայն կիրառություն են գտնում բնական պաշարների հետազոտման, ռադիոաստղագիտության, բժշկական կենսաբանության բնագավառներում: Այդ աշխատանքների համար Ռ. Մարտիրոսյանը և նրա աշխատախումբը 1988 թ. արժանացան «Գիտության և տեխնիկայի ասպարեզում լավագույն արդյունքների համար» Հայաստանի պետական մրցանակի:

Գիտահետազոտական արդյունավետ աշխատանքին զուգընթաց, 1965 թ. Ռ. Մարտիրոսյանը դասախոսական ակտիվ գործունեություն է ծավալում Երևանի պետհամալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում և 1983-ին այդտեղ հիմնադրում է Գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկայի ամբիոնը:

Ռ. Մարտիրոսյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների: Նա կարևոր արդյունքներ է ստացել սանտիմետրային և միլիմետրային ռադիոալիքների տիրույթում աշխատող նոր, բարձր արդյունավետության քվանտային ուժեղացուցիչների ուսումնասիրման և ստեղծման ասպարեզում: Հայտնաբերել և հետազոտել է քվանտային ուժեղացուցիչներում որպես ակտիվ միջավայր ծառայող նոր նյութեր: Այդ աշխատանքների հիման վրա ստեղծվել են նոր տեսակի քվանտային սարքեր, որոնք լայնորեն կիրառվել են ռադիոաստղագիտական հետազոտություններում:

Հայաստանի կառավարությունը նրա գիտական վաստակն ու արգասավոր գործունեությունը հաշվի առնելով` 1993 թ. Ռ. Մ. Մարտիրոսյանին նշանակում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, որտեղ նա աշխատում է մինչև 2006 թվականը:

Համալսարանում բացվում է գիտամակավարժական և գիտակազմակերպական աշխատանքների նոր, լայն ասպարեզ, որտեղ դրսևորվում է նրա` իբրև ղեկավարի ու կազմակերպչի ողջ կարողությունը: Մեծ հաջողությամբ Մայր բուհում իրագործվում է բազմաստիճան կրթական նոր համակարգին անցնելու ծրագիրը: Նրա ղեկավարության տարիներին համալսարանում բացվում են աստվածաբանության, միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, սոցիոլոգիայի նոր ֆակուլտետները, բուհական ուսուցումը լրացվում է քաղաքագիտություն, հոգեբանություն, արվեստաբանություն նոր մասնագիտություններով, Իջևանում հիմնադրվում է Երևանի պետհամալսարանի մասնաճյուղը, համալսարանում ստեղծվում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան նյութատեխնիկական բազա` անհրաժեշտ սարքավորումներով, համակարգչային ու ինտերնետային ցանցով, հարուստ գրականությամբ. կատարվում են լայնածավալ շինարարական և վերանորոգչական աշխատանքներ, սերտանում և ավելի արդյունավետ են դառնում Մայր բուհի կապերը միջազգային գիտակրթական և մշակութային կառույցների հետ. նշված ձեռքբերումները կմնան և արժանվույն կարձանագրվեն Երևանի պետական համալսարանի պատմության մեջ: Ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը տարիներ շարունակ եղել է համալսարանների միջազգային և համաեվրոպական ընկերությունների խորհուրդների անդամ, Հայաստանի պետական բուհերի ռոկտորների խորհրդի նախագահ:

Նա մի շարք գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է, ՀՀ ԳԱԱ “Տեխնիկական գիտություններ” տեղեկագրի գլխավոր խմբագիրն է: Որտեղ էլ նա աշխատել է, բացառիկ գործնական հատկանիշների և մարդամոտ բնավորության շնորհիվ մնայուն հետք է թողել այդ հաստատությունների աշխատակազմի և ուսանողների հիշողության մեջ: Նկատի ունենալով Ռադիկ Մարտիրոսյանի գիտակազմակերպական վիթխարի փորձն ու ունակությունները` նրան 2006 թ. ընտրեցին Հայաստանի Հանրապետության ԳԱԱ նախագահ` համոզված լինելով, որ նա կանի ամեն ինչ, Հայաստանի գիտությունը, մասնավորապես հայագիտությունը հեռանկարային զարգացման նոր ուղու վրա դնելու համար: Այդ պաշտոնում նա եղել է մինչև 2021 թ.: