Cover Image
փակիր այս գիրքըՋրբաշյան Մխիթար Մկրտչի (1918-1994)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մխիթար Մկրտչի Ջրբաշյանը ծնվել է 1918 թ. սեպտեմբերի 11-ին Երևանում։

Ջրբաշյանների ընտանիքը 1915 թ. ցեղասպանությունից հրաշքով փրկվելով՝ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից հասնում է Արևելյան Հայաստան՝ հանգրվան գտնում Երևանում։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1936 թ. ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին արդեն ուշադրության է արժանանում մաթեմատիկական արտակարգ ընդունակությունների շնորհիվ՝ դառնալով ֆունկցիաների տեսությունից առաջին իսկ գիտական սեմինարի ամենաակտիվ մասնակիցը /սեմինարը ղեկավարում էր ակադեմիկոս Արտաշես Շահինյանը/։

Մ. Մ. Ջրբաշյանին բախտ է վիճակվել ուսանողական տարիներին լսելու Երևանում հյուրընկալվող մեծավաստակ գիտնական Մստիսլավ Կելդիշի՝ անալիտիկ ֆունկցիաների տեսության նորագույն բաժինների վերաբերյալ դասախոսությունները։ Մ. Կելդիշի դասախոսությունները և հայ մաթեմատիկոսների հետ ունեցած գիտական շփումները կարևոր ազդեցություն են ունեցել Ջրբաշյանի գիտական որոնումների և հետաքրքրությունների ընդլայնման վրա։

Հաջողությամբ ավարտելով Երևանի համալսարանը՝ նա 1942-1945 թթ. աշխատանքին զուգընթաց սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, հաջողությամբ պաշտպանել է Երևանի համալսարանում մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Իր ատենախոսությամբ Մ. Մ. Ջրբաշյանը սկզբնավորեց բոլորովին նոր, հեռանկարային կարևորություն ունեցող խնդիրներ ֆունկցիաների դասական տեսության ուղղությամբ՝ դառնալով հայտնի ֆինն մաթեմատիկոս Ռ. Նևանլիննի կողմից դեռևս 20-րդ դարի քսանական թվականներին հրապարակած ֆունկցիաների դասական տեսության նորագույն դրույթների հետևորդն ու զարգացնողը։

Մ. Մ. Ջրբաշյանի արձանագրած արդյունքները հիմք հանդիսացան նրա հետագա գիտական խորը ուսումնասիրությունների համար։ Դրանք Ջրբաշյանը արդյունավետորեն կիրառեց գիտամանկավարժական աշխատանքում Երևանի համալսարանում և գիտակազմակերպական գործունեության ընթացքում ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի սեկտորում ու Մեխանիկայի ինստիտուտում /1945-1955 թթ., 1955-1971 թթ./։

1949 թ. Մ. Ջրբաշյանը Մոսկվայի համալսարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Метрические теоремы о полноте и представимости аналитических функций» թեմայով։

Պաշտոնական ընդդիմախոսներ Մ. Կելդիշը, Ա.Ի. Մարկուշևիչը, Ա. Օ. Գելֆոնդը Մ.Մ. Ջրբաշյանի ստացած արդյունքները գնահատեցին որպես մեծ ներդրում՝ նշելով, որ հեղինակը կատարելապես տիրապետում է մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ժամանակակից մեթոդներին։

Դառնալով առաջատար մաթեմատիկոսներից մեկը՝ պրոֆեսոր Ջրբաշյանը 1953 թ. ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1956 թվականին՝ ակադեմիկոս։

Քսաներորդ դարի քսանական թվականների վերջին և հիսունականների սկզբին ձևավորվում է հայկական մաթեմատիկական դպրոցը, որի հիմնադրման և հետագա զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը։

1964-1978 թթ. նա ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ է եղել, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՍՍՀ ԳԱ «Մաթեմատիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիրը՝ սկզբնավորման օրից մինչև իր կյանքի վերջը։

1970 թ., երբ արդեն հիմնականում ամրապնդվել և զարգացել էր հայկական մաթեմատիկական դպրոցը՝ լայն ճանաչում գտնելով մեր երկրում և արտերկրում, բնականաբար, անհրաժեշտություն է դառնում հիմնադրել ԳԱ Մաթեմատիկայի առանձին ինստիտուտ՝ առանձնացնելով ԳԱ Մաթեմատիկայի և Մեխանիկայի նախկին միացյալ ինստիտուտից։

ԳԱ Մաթեմատիկայի նորաստեղծ ինստիտուտի տնօրեն է դառնում ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը։ Այդ նոր պաշտոնում Մ. Ջրբաշյանի գիտակազմակերպական գործունեությունը պատասխանատվության նոր, ավելի բարձր մակարդակ է ձեռք բերում։

Իր գործունեության ընթացքում նա ամուր կապ և գիտական սերտ համագործակցություն է պահպանել Երևանի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և մաթեմատիկական գիտությունների բնագավառում օժտված, առաջընթաց ցուցաբերող, ստեղծագործական միտք ունեցող և բարեխիղճ աշխատանք կատարող ուսանողների հետ։

Ակադեմիկոս Ջրբաշյանի՝ բարձր որակավորում ունեցող աշակերտները՝ գիտության դոկտորներ և թեկնածուներ, ամբիոնների վարիչներ, այսօր էլ աշխատում են հանրապետության բուհերում, գիտահետազոտական հիմնարկներում։

Մխիթար Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հրապարակումների, ուսումնական ձեռնարկների, գիտական հոդվածների, զեկուցումների, հիմնարար մենագրությունների, որոնք լայն ճանաչում են գտել և նպաստել են շատ մաթեմատիկոսների նոր, կարևոր հետազոտությունների ի հայտ գալուն, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի գիտական այլ կենտրոններում։

Ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի գիտամանկավարժական և գիտակազմակերպական գործունեությունը բարձր է գնահատվել․ 1964 թ. նա արժանացել է ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման, 1971 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, իսկ 1978 թ.՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Մխիթար Մկրտչի Ջրբաշյանի կյանքն ավարտվել է 1994 թ. մայիսի 6-ին Երևանում։