Cover Image
close this bookԳաբրիելյան Էմիլ Սամսոնի (1931-2010)
View the documentԷ. Ս. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Ս. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ

Է. Ս. Գաբրիելյանը ծնվել է 1931թ. հունվարի 31-ին, Հայաստանի Խորհրդային Հանրապետության Աշտարակ քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1938 թ. ընդունվել է Երևանի 26 կոմիսարների անվ. դպրոց: 1948 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որը, գերազանցությամբ, ավարտել է 1954 թ: ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով, 1954-1959 թթ., աշխատել է ՀԽՍՀ Արթիկի շրջանի բուժ-միավորումում՝ 1954-1955 թ.՝ որպես ուռուցքաբան և դատաբժշկական փորձագետ, 1955-1958 թթ.՝ վիրաբույժ և գլխավոր բժիշկ, 1958-1959 թթ.՝ Արթիկի շրջանի գլխավոր բժշկի տեղակալ և վիրաբույժ: 1956 թ. –ից՝ ԽՄԿԿ անդամ: 1959-1960 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի Դեղաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, 1960-1967 թթ.՝ Դեղաբանության ամբիոնի ասիստենտ, 1967 թ.՝ ասիստենտ և ինստիտուտի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար, 1967 թ.՝ ազատված քարտուղար և Դեղաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, 1967-1968 թ.՝ Դեղաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, 1968-1971 թթ.՝ Դեղաբանության ամբիոնի դոցենտ, 1969-1971 թթ.՝ Դեղաբանության ամբիոնի դոցենտ և բժշկական ինստիտուտի՝ ուսումնական գծով պրոռեկտոր: 1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ “Влияние нейроактивных средств на мозговое кровообращение” և նրան շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Է. Ս. Գաբրիելյանը 1971-1975 թթ. վարել է բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը: 1972 թ. ինստիտուտում հիմնադրել է գիտաբժշկական տեղեկատվության բաժին, նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1972-1975 թթ. եղել է բժշկական ինստիտուտի Դեղաբանության ամբիոնի պրոֆեսոր, կարդացել է դեղաբանության դասընթացների կուրս: 1975-1989 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը և, հասարակական կարգով, բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնի սիրտ-անոթային համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիայի վարիչը: 1977թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1988-1994 թթ. եղել է ԵԲԻ դեղաբանության ամբիոնի վարիչը, 1989-1994 թթ.՝ դեղաբանության ամբիոնի՝ Ուղեղի արյան շրջանառության դեղաբանության Գ/Խ լաբորատորիայի վարիչը: 1992 -2010 թթ. եղել է ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր-տնօրենը: Այն, իր հզոր կադրային և նյութատեխնիկական ներուժով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ժամանակին գնահատվում էր որպես ԱՊՀ երկրների ամենաառաջատար կազմակերպություններից մեկը:
1992 թ. ընտրվել է Անոթաբանների միջազգային քոլեջի գիտխորհրդի անդամ, 1993թ. եղել է «Դեղեր և բժշկություն» բժշկագիտական ամսագրի գլխավոր խմբագիրը:
1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Դեղաբանություն» մասնագիտության գծով, ստանձնել է ՀՀ Դեղաբանների ընկերության նախագահի և ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Դեղտեսչության նախագահի պաշտոնները:
1994-2002 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ և բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1994-2005 թթ. ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ:
1996-1998 թթ. եղել է ԱՀԿ էսենցիալ դեղերի ղեկավար խորհրդատվական կոմիտեի անդամ, 1997թ.՝ Գիտությունների միջազգային ակադեմիայի և Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի անդամ և «Արմենիկում» ծրագրի գիտական քարտուղար:
2000-2002 թթ. վարել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնները: Նշված պաշտոններից ազատվել է ՀՀ ԳԱԱ կանոնադրական փոփոխությունների կապակցությամբ:
2001թ. ընտրվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի, Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի անդամ, Սուրբ Մեծն Ներսես բժշկական կենտրոնի վարչության նախագահ:
2002 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում:
2003թ.՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիր:
2004 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ապա՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
2006 թ., ՀՀ կառավարության 15.12.2006 թ. թ. 2212-Ն որոշմամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահների պաշտոնների վերացման կապակցությամբ, ազատվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պարտականություններից և, համաձայն իր դիմումի, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի, ինչպես և, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամի պարտականություններից:
Է. Ս. Գաբրիելյանը զինվորական ծառայությունն իրականացրել է որպես բժշկական ծառայության փոխգնդապետ:
Է. Ս. Գաբրիելյանի գիտական ուսումնասիրություններն ընթացել են հետևյալ հիմնական ուղղություններով.
1. Պսակային արյան շրջանառության վրա նոր խոլինոլիտիկ դեղանյութերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունը,
2. Գլխուղեղի արյունամատակարարման կարգավորման ադրեներգիկ մեխանիզմների ուսումնասիրությունը,
3. Ուղեղի արյան շրջանառության ֆիզիոլոգիական և դեղաբանական կարգավորման նյութափոխանակային ասպեկտները,
4. Պրոստագլանդինները և ուղեղի արյան շրջանառությունը,
5. Արյուն-անոթային համակարգի կարգավորման մեխանիզմները ֆիզիոլոգիայում և պաթոլոգիայում,
6. Անգիո-հեմիկ (անոթ-արյունային) հավասարակշռությունը կարգավորող նորագույն դեղանյութերի որոնումները:
Պսակային և ուղեղային արյան շրջանառության վրա ներգործող նոր խոլինոլիտիկ դեղանյութերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունը (գանգլերոն, կվաթերոն, մեսֆենալ, արփենալ, ամիզիլ և այլն), հնարավորություն տվեց բացահայտել սրտամկանի և ուղեղի արյան սնուցման վրա նրանց ազդեցության մեջ մի շարք օրինաչափություններ և ճշգրտել դրանց կլինիկական կիրառման մի քանի կողմերը:
Է. Ս. Գաբրիելյանի հետազոտությունների կարևոր կողմերից է ուղեղի արյունամատակարարման ադրեներգիկ կարգավորման հարցերի ուսումնասիրությունը:
Այս հարցերի հետազոտումը նա իրականացրել է Մեծ Բրիտանիայի ճանաչված ֆիզիոլոգներից մեկի՝ Ա. Մ. Հարպերի հետ, Գլազգոյի համալսարանի Վելքոմի անվան գիտահետազոտական վիրաբուժական ինստիտուտում (1967-1968 թթ.): Նշված ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են հայրենական և արտասահմանյան գիտական ամսագրերում հրապարակված մի շարք հոդվածներում:
Վիճելի այնպիսի մի հարց, ինչպիսին է նորադրենալինի ազդեցությունը ուղեղի արյան շրջանառության վրա, փաստորեն, իր լուծումն է գտել Ա. Մ. Հարպերի և Է. Ս. Գաբրիելյանի հետազոտությունների շնորհիվ: Բնութագրելով այս ուսումնասիրությունները, ուղեղի արյան շրջանառության ֆիզիոլոգիայի բնագավառի նշանավոր հետազոտողներից մեկը՝ անգլիացի գիտնական Գ. Մակդոուելը, գրել է. «Այս ակնհայտ հակասական տվյալները՝ (նկատի ունի ուղեղի արյան շրջանառության վրա նորադրենալինի ազդեցությունը) հնարավոր եղավ բացատրել միայն Հարպերի և Գաբրիելյանի գիտական ուսումնասիրությունների լույսի ներքո, որոնք բացահայտեցին, որ հիպոթենզիայի այն դեպքերում, երբ դեռևս պահպանված է ուղեղի արյան շրջանառության ինքնակարգավորումը, նորադրենալինն առաջացնում է ուղեղի անոթների կծկում, իսկ ինքնակարգավորման խախտման դեպքում այդ էֆեկտը բացակայում է: Այլ խոսքերով, երբ ուղեղի թթվածնամատակարարումն անբավարար է, նորադրենալինը կարող է մեծացնել ուղեղի արյունամատակարարումը: Այս տվյալները բացատրում են ինքնակարգավորման սահմաններում և սահմաններից դուրս գտնվող հիվանդների մոտ կլինիկական հետազոտությունների հակասական արդյունքները: Այս ուսումնասիրությունները ամրապնդում են նաև այն դրույթը, որ արյան ցածր ճնշումը դեռևս անոթսեղմիչ բուժման ցուցում չի հանդիսանում:» ( McDowell J. H. Physiology of the cerebrospinal fluid. Cerebral circulation (IAS). –Boston. - 1969. – V. 7, 3. – 507.) Խորացնելով նշված հետազոտությունները, Է. Ս. Գաբրիելյանը հետագայում ցույց տվեց, որ ուղեղի անոթների հետ նորադրենալինի փոխազդեցությունը կախված է ոչ միայն զարկերային ճնշման ելակետային վիճակից, այլ նաև թթվահիմնային հավասարակշռությունից, հատկապես՝ արյան մեջ ածխաթթու գազի պարցիալ ճնշումից:
Է. Ս. Գաբրիելյանի հետազոտությունները մեկ այլ սիմպաթոմիմետրիկ ամինի՝ թիրամինի վերաբերյալ, հանգեցրին միգրենի առաջացման մեխանիզմում թիրամինի մասնակցության ինքնատիպ տեսակետի առաջադրմանը:
Մեծ արժեք են ներկայացնում Է. Ս. Գաբրիելյանի հետազոտությունները ուղեղի արյան շրջանառության վրա մկանահակ դեղանյութերի ներգործության մեխանիզմների բացահայտման համար: Այս աշխատանքները, որոնք իրականացվել են ինչպես փորձարարական, այնպես էլ կլինիկական պայմաններում, նպաստել են ուղեղի անոթների վրա այս նյութերի ազդեցության մեխանիզմում ուղեղ-ողնուղեղային հեղուկի ջրածնային իոնների մասնակցության մասին նոր տվյալներ ստանալուն:
Է. Ս. Գաբրիելյանն իր աշխատակիցների հետ զարգացրել է ուղեղի անոթների ադրեներգիկ կարգավորման պրոցեսներում պրոստագլանդինների հոմեոստատիկ ֆունկցիայի մասին տեսակետը: Կատարված ուսումնասիրություններով առաջին անգամ հաստատվել է պրոստագլանդինների դերը անոթային ռեակցիաների ձևավորման պրոցեսներում, և, հատկապես այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են՝ հիպերկապնիան, հիպոկապնիան, հիպօքսիան, ռեակտիվ հիպերեմիան: Բացահայտվել է նաև միգրենով հիվանդ մարդկանց արտաուղեղային անոթներում պրոստագլանդինների գերարտադրության պրոցեսը, որը հիմք է հանդիսացել առաջադրելու նոր տեսակետ՝ միգրենի ախտածնության վերաբերյալ:
Է. Ս. Գաբրիելյանի հետազոտություններում կարևոր փուլ է հանդիսացել ուղեղի անոթների և նրա միջով հոսող արյան ֆունկցիոնալ միասնության տեսակետի զարգացումը:
Համաձայն Է. Ս. Գաբրիելյանի և նրա աշակերտների կողմից զարգացված հայեցակետին՝ արյուն-անոթ համակարգի ինտեգրացնող գործոնը հանդիսանում է արախդիոնաթթվի կասկադը: Կլինիկական և փորձարարական տվյալների վերլուծման հիման վրա ձևավորվել է ուղեղային անոթային կծկումների առաջացման մեխանիզմների և դրանց հետ կապված արյունանոթային փոխհարաբերությունների խանգարման նոր տեսակետ: Է. Ս. Գաբրիելյանի հետազոտությունների հիմնական արդյունքները հիմք են հանդիսացել մի շարք դրույթների ձևակերպման համար, որոնք գործնական մեծ արժեք են ներկայացնում կլինիկական բժշկության համար: Համաձայն ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական բյուրոյի հունիսի 10-ի 1986 թ. որոշման, Է. Ս. Գաբրիելյանի և նրա կողմից ղեկավարվող կոլեկտիվի գիտական գործունեության արդյունքները ներկայացնում են մեծ հետաքրքրություն այն գիտնականների համար, որոնք մշակում են տեսական բժշկագիտության հիմնարար պրոբլեմները և այն կլինիցիստների, որոնք ուսումնասիրում են ուղեղի արյան շրջանառության խանգարումների ախտածնությունը: Մեծ աշխատանք է տարվում նաև ֆիզիոլոգիական ակտիվ նոր նյութերի որոնումների ուղղությամբ:
Արյունականգ նոր դեղանյութի ստեղծման և ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացվեցին Է. Ս. Գաբրիելյանի գիտական ղեկավարությամբ, հանգեցրին բացառիկ բարձր ակտիվությամբ օժտված դեղանյութի՝ կապրոֆերի ստեղծմանը, որը հաստատվել է ԽՍՀՄ դեղաբանական կոմիտեի կողմից և լայնորեն ներդրվել է մեր երկրում՝ կլինիկական պրակտիկայում:
Է. Ս. Գաբրիելյանի ղեկավարությամբ իրականացված գիտական ուսումնասիրությունների նշանակության մասին վկայում է այն փաստը, որ նրա կողմից ղեկավարվող գիտահետազոտական լաբորատորիայի գիտական պրոբլեմը 1989 թ. մտել էր.
1. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի» միացյալ գիտական խորհրդի «Ուղեղի արյան շրջանառություն» նպատակային պրոբլեմի մեջ:
2. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի բաժանմունքի գիտահետազոտական աշխատանքների «Վիսցերալ համակարգի ֆիզիոլոգիայի» կոորդինացիոն պլանի մեջ:
3. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Սրտի և անոթների ֆարմակոլոգիա» համամիութենական կոմպլեքսային ծրագրի մեջ:
Է. Ս. Գաբրիելյանը ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մասնավորապես՝ զեկուցումներով հանդես է եկել դեղաբանների 5-րդ (Սան ֆրանցիսկո, 1972 թ.), 6-րդ (Հելսինկի, 1975 թ.), 7-րդ (Փարիզ, 1978 թ.), 8-րդ (Տոկիո, 1981 թ.), 9-րդ (Լոնդոն, 1984 թ.), 11-րդ (Ամստերդամ, 1991թ.), 12-րդ (Մոնրեալ, 1994 թ.) համաշխարհային կոնգրեսներում, պրոստագլանդիններին (Հալե,1980 թ.) և միգրենին (Լոնդոն, 1982 թ.) նվիրված միջազգային սիմպոզիումներում: Նրա գիտական հեղինակության մասին վկայում է այն փաստը, որ նշված բոլոր, ինչպես և, մի շարք այլ գիտական համաժողովներում հանդես է եկել որպես խորհրդային բժիշկ գիտնականների պատվիրակությունների ղեկավար: Նա մեծ աշխատանք է կատարել մեր հանրապետությունում միջազգային և համամիութենական գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ:
Հաշվի առնելով ուղեղի արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և դեղաբանության զարգացման մեջ ունեցած խոշոր ներդրումը, Է. Ս. Գաբրիելյանը ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» (արյան շրջանառության սեկցիա) միացյալ գիտական խորհրդի անդամ, հանդիսացել է Բժշկական մեծ հանրագիտարանի՝ դեղաբանության գծով խմբագրական բաժնի խմբագիրը, Համամիութենական դեղաբանական ընկերության վարչության նախագահության, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի վիսցերալ համակարգերի գիտական խորհրդի, ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի արտաքին միջավայրի պահպանման միջգերատեսչական խորհրդի, «Խորհրդային առողջապահություն» ամսագրի խմբագրական խորհրդի և մի շարք այլ հանձնաժողովների, խմբագրական խորհուրդների հանձնաժողովների, խմբագրական կոլեգիաների, կոմիտեների անդամ, ՀՀ Պետական մրցանակների շնորհման կոմիտեի, ՀԽՍՀ պետական պարգևների փորձագիտական (էքսպերտային) հանձնաժողովի անդամ, Հայկական սովետական հանրագիտարանի բժշկության սեկցիայի անդամ, «Գարուն» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի վերահսկիչ հանձնաժողովի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարումների պատգամավոր, Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական դեղաբանություն» ամսագրի խմբագրական խորհրդի և մի շարք այլ ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, , ընդգրկվել է միջազգային 10 հանրագիտարաններում:
Բազմաթիվ են Է. Ս. Գաբրիելյանի արտասահմանյան գործուղումները. 1967 թ.՝ Մեծ Բրիտանիա, 1968թ.՝ Շվեդիա, 1972 թ.՝ ԱՄՆ, 1974 թ.՝ ԳՖՀ, 1975 թ.՝ Ֆինլանդիա, 1976 թ.՝ Պորտուգալիա, Անգլիա, 1978 թ.՝ Լեհաստան, Ֆրանսիա, 1979 թ.՝ Հունգարիա, 1983 թ.՝ Իտալիա, 1984 թ.՝ Կանադա, Անգլիա, 1985 թ.՝ Ֆինլանդիա, 1989 թ.՝ Իտալիա, ԱՄՆ, 1994թ.՝ ԱՄՆ, Կանադա, Դանիա:
Է. Ս. Գաբրիելյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հրատարակությունների, 17 գրքերի՝ այդ թվում՝ 5 մենագրություն, 3 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, ունի 10 հեղինակային վկայագիր։
Գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց, պրոֆեսոր Է. Ս. Գաբրիելյանը զբաղվել է նաև գիտական կադրերի պատրաստման գործով. նրա անմիջական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:
Մեծ գիտնականը ըստ արժանվույն գնահատվել է ոչ միայն հայրենիքում, այլ ողջ գիտական աշխարհում: Այդ մասին են վկայում նրա բազմաթիվ պարգևները. Է. Ս. Գաբրիելյանը 1976 թ. արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի, «Անձնվեր աշխատանքի համար» հոբելյանական մեդալի, 1978 թ.՝ Կրակովի Ն. Կոպեռնիկոսի անվ. Բժշկական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Բժշկագիտության բնագավառում գիտական նվաճումների համար» դիպլոմով և «Յագելոնի համալսարանի հիմնադրման 600-ամյակին» մեդալով, 1981 թ. արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանի և 2 մեդալի, 1982 թ.՝ «Դեղաբանական գիտության զարգացման գործում ակնառու ներդրման համար»՝ Ն. Պ. Կրավկովի անվան մեդալի և դիպլոմի, 1983 թ.՝ «Սոցիալիստական համագործակցության երկրների գիտատեխնիկական համագործակցության մեջ ակտիվ մասնակցության և ներդրման համար»՝ ՏՓԽ-ի երկրների կոորդինացման պատվավոր դիպլոմի, 1985թ.՝ Ն. Ի. Պիրոգովի մեդալի, 1987թ.՝ ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության դիպլոմի, 1991 թ. նրան շնորհվել է «Շևալյե» ազնվականության տիտղոսը, 1992 թ. պարգևատրվել է «Ծառայություններ կյանքի համար» շքանշանով, Սպիտակ խաչի ասպետների համաշխարհային միաբանության կողմից նրան շնորհվել է «Մարդասիրության ասպետ» տիտղոսը և պարգևատրվել է ասպետական խաչով, 2000թ.՝ ՀՀ Մխիթար Հերացու մեդալի, 2003թ.՝ Պ. Շ. Էռլիխի և Ռ. Ղ. Վիրխովի ոսկե մեդալների, 2008 թ.՝ Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ շքանշանի, «Վ. Ի. Վեռնադսկու ոսկե աստղ» առաջին աստիճանի շքանշանի, Կոպեռնիկոսի անվան և Սեչենյովի անվան մեդալների, «ՀՀ ԳԱԱ վաստակագրի» և նա առաջին հայ գիտնականն է, ով 1999 թ․ արժանացել է Միավորված Ազգերի կազմակերպության, գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության /ՅՈւՆԵՍԿՕ/ միջազգային Կալինգայի մրցանակի: