Cover Image
close this bookՂարիբջանյան Գևորգ Բագրատի (1920-1999)
View the documentԳ. Բ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Բ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Ղարիբջանյանը ծնվել է 1920 թ. մայիսի 5-ին Լենինական քաղաքում (Գյումրի), բոլշևիկ հեղափոխական Բագրատ Ղարիբջանյանի ընտանիքում: Մինչև 1935 թ. սովորել է տեղի դպրոցում, իսկ 1935 -1937 թթ. Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվ. միջնակարգ դպրոցում, որը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ուսման մեջ գերազանց առաջադիմության և համալսարանի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար արժանացել է պետական կրթաթոշակի: Ուսանողական տարիներից նա ձեռնամուխ է եղել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների պատմության ուսումնասիրմանը:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Գ. Ղարիբջանյանը զորակոչվել է սովետական բանակ և, որպես գնդացրային դասակի հրամանատար, լեյտենանտի կոչումով մասնակցել է Կալինինյան և Արևմտյան ռազմաճակատներում մղվող մարտերին: Բանակում` 1942 թ. մայիսին, նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը: Բանակում ծառայել է մինչև 1948 թ. սեպտեմբերը: Մեծ հայրենականի հաղթական ավարտից հետո Ղարիբջանյանը Երևանի համալսարանում հանձնել է պետական քննություն և գերազանցությամբ ավարտել է պատմության ֆակուլտետը: Ավարտելով ասպիրանտուրան ՍՄԿԿ պատմություն մասնագիտացմամբ` նույն թվականին նա հաջողությամբ պաշտպանել է ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1955 թ. «Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները սովետական իշխանության համար մղած մարտերում» թեմայով ատենախոսությունը տպագրվելով հայերեն և ռուսերեն` նշանակալից տեղ է գրավում ժամանակի պատմագիտության մեջ. Գ. Ղարիբջանյանը ստանում է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հայրենասեր գիտնականը խոշոր ծառայություններ ունի նաև հայ հասարակական մտքի և մշակույթի պատմության պրոբլեմների մշակման գործում: Որպես ՍՍՀՄ գրողների միության անդամ` Ղարիբջանյանն ակտիվորեն մասնակցել է գրական-գրականագիտական կյանքին: Գրել է պատմաբանասիրական և գրական-քննադատական արժեքավոր գործեր` նվիրված հայ-ռուսական գրական կապերին: Նա ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր:

Գ. Ղարիբջանյանի գիտական վաստակը գնահատվել է ըստ արժանվույն. 1965 թ. նա ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1971 թ.` ակադեմիկոս: Նա պրոֆեսոր էր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ: Ստեփան Շահումյանի տեսական ժառանգության հրատարակության գործում ունեցած մեծ վաստակի համար 1979 թ. արժանացել է Շահումյանի անվան մրցանակի:

Ակադեմիկոս Ղարիբջանյանը գիտական աշխատանքը հմտորեն զուգակցել է մանկավարժական, գիտակազմակերպական, կուսակցական աշխատանքի հետ: Նա պատրաստել է բազմաթիվ բարձրորակ կադրեր, որոնք հաջողությամբ աշխատում են ժողովրդական տնտեսության և մշակույթի բնագավառներում, ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:

Մեծ է պրոֆեսոր Ղարիբջանյանի վաստակը գիտության և լայն զանգվածների կապը ամրապնդելու գործում: Նա հանրապետության «Գիտելիք» ընկերության ու նրա վարչության նախագահության հնագույն անդամներից էր։ Հաճախակի էր հանդես գալիս զեկուցումներով ու դասախոսություններով Սովետական Միության քաղաքներում ու գյուղերում և արտասահմանում: Որպես Արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերության անդամ` Սովետահունգարական բարեկամության ընկերության կենտրոնական վարչության անդամ և նրա հայկական բաժանմունքի նախագահ` նա զգալի գործ է կատարել մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, որի համար արժանացել է ինչպես Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի սովետական ընկերության, այնպես էլ Հունգարասովետական ընկերության պարգևների:

Աշխատանքային և մարտական ծառայությունների համար Գ. Ղարիբջանյանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու, «Պատվո նշան» շքանշաններով, «Խիզախության Համար» և այլ մեդալներով: Նա արժանացել է ՍՍՀՄ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահության բարձրագույն պարգևին` Վավիլովի անվան մեդալին: Գիտության բնագավառում ունեցած վաստակի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ակադեմիկոս Գ. Ղարիգջանյանը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով: