Cover Image
close this bookՊետրոսյանց Անդրանիկ Մելքոնի (1906-2005)
View the documentԱ. Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանցը ծնվել է 1906թ. մայիսի 8-ին, Վլադիկավկազում, բանվորի ընտանիքում: 1922-1923 թթ. աշխատել է Թբիլիսիում որպես՝ Վրաստանում Հայկական ՍՍՀ տնտեսական ներկայացուցչության ցրիչ: Դողէրոցքով ծանր հիվանդացել է և տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1925-1928 թթ. աշխատել է Հայկական գինու Պետմառաններում որպես խցանող բանվոր (рабочий - купорщик):
1925 թ. դարձել է ՀԼԿԵՄ անդամ:
1928-1930 թթ. աշխատել է Բաումանի շրջանի ՀԼԿԵՄ կոմիտեում, «Օսվոբոժդյոննիյ տռուդ» (“Освобожденный труд”) ֆաբրիկայում որպես կոմերիտմիության քարտուղար, ապա՝ ուղեգրով մեկնել է սովորելու:
1929-1930 թթ. սովորել է Մոսկվայի արդունաբերատնտեսագիտական ինստիտուտի դասընթացներում (այժմ` Պետական կառավարման համալսարան):
1932 թ. դարձել է ՍՄԿԿ անդամ:
1933թ. ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ: Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Սվերդլովսկի՝ Ս. Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարան, որտեղ աշխատել է 1933- 1939 թթ. նախ որպես վարպետ, ապա՝ տեղամասի պետ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեների տեղակալ:
1935 թ. Ա. Մ. Պետրոսյանցը Ուրալի մեքենաշինական գործարանի կողմից (ք. Սվերդլովսկ) եռամսյա գործուղման է մեկնել Գերմանիա՝ գլանման հաստոցների և ծանր ամբարձչային սարքավորումների արտադրության փորձի ուսումնասիրման նպատակով:
1939թ. հունիսին Ա. Մ. Պետրոսյանցը տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել Ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, իսկ 1940թ.՝ ժողկոմի տեղակալ:
1941թ. հունվարին Ա. Մ. Պետրոսյանցը նշանակվել է Հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի հունիսին՝ Տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ: Այդ տարիներին Պետրոսյանցը դրսևորել է կազմակերպչական իր փայլուն հմտությունները: Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման են հանձնվել տանկ արտադրող մի շարք խոշոր գործարաններ Ուրալում, Սիբիրում, Մոսկվա և Գորկի քաղաքներում:
1943-1945 թթ.-ին Ա. Մ. Պետրոսյանցը աշխատել է որպես ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի անդամի տեղակալ՝ տանկերի արտադրության գծով: Նա պատասխանատու էր տանկերի արտադրության, ինքնագնաց հրետանու և դրանց դիզելային շարժիչների համար: Այս աշխատանքները գերազանց կազմակերպելու համար 1944թ. նա արժանացել է ԽՍՀՄ Զինված ուժերի ինժեներա-տեխնիկական ծառայության բարձրագույն սպայական կազմի անվանական՝ ինժեներա-տեխնիկական ծառայության և ինժեներա-տանկային ծառայության գեներալ-մայորի և տանկային զորքերի բարձրագույն հրամանատարական և ղեկավար կազմի գեներալ-մայորի կոչումների:
1945-1947 թթ. եղել է ԽՍՀՄ ԺԿԽ նախագահի տեղակալի օգնական:
1947-1953 թթ., պատերազմի ավարտից հետո, միջուկային հարցերով զբաղվելու համար Ա. Մ. Պետրոսյանցը նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Առաջին գլխավոր վարչության պետի տեղակալ:
1953-1955 թթ. աշխատել է որպես կոմբինատի տնօրեն նույն համակարգում:
1954-1956 թթ. եղել է Սվերդլովսկի Մարզային գործադիր կոմիտեի պլենումի անդամ: 1954 թ. հունիսի 27-ին Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին արդյունաբերական ատոմային էլեկտրակայանը, որի շինարարության տեխնիկական ղեկավարներից մեկը եղել Ա. Մ. Պետրոսյանցը: Նա նաև հեղինակն էր հաջորդիվ կառուցված ատոմակայանների սկզբունքային տեխնոլոգիական սխեմաների և նախագծերի հիմքերի:
1955 թ. Ա. Մ. Պետրոսյանցին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1955-1962 թթ. եղել է ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարի տեղակալ:
ԽՍՀՄ – ում և բազմաթիվ այլ պետություններում ատոմային էներգետիկայի և արդյունաբերության զարգացման գործում Ա. Մ. Պետրոսյանցը ունեցել է ակտիվ մասնակցություն, ինչն էլ նրան բերել է միջազգային ճանաչում: Զեկուցումներով նա հանդես է եկել Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի և սոցիալիստական այլ երկրների Գիտությունների ակադեմիաներում:
1957 թ. Ա. Մ. Պետրոսյանցին շնորհվել է պրոֆեսորի գիտական աստիճան և նա, սկսած այդ տարվանից, կարճաժամկետ գործուղումներով եղել է Չեխոսլովակիայում, Բելգիայում, ԳԴՀ – ում, Բուլղարիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Ֆինլյանդիայում, Շվեդիայում, Իտալիայում:
1962թ. նշանակվել է ԽՍՀՄ Ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահ:
1964-1969 թթ. ընտրվել է Մոսկվայում Արհմիութենական կենտրոնական կոմիտեի անդամ:
Բազմիցս ընտրվել է տեղական կուսակցական օրգաններում, 1966 թ. ընտրվել է ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատգամավոր:
Ա. Մ. Պետրոսյանցի՝ ԱԷԿ-րի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացմանը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործմանը և ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրավիճակի ուսումնասիրման հարցերին նվիրված բազմաթիվ գիտական աշխատանքներ տպագրվել են գիտատեխնիկական ամսագրերում և պարբերական մամուլում: Նա իր ժամանակի ատոմային տեխնիկայի և գիտության պրոբլեմներին նվիրված բազմաթիվ մենագրությունների և գրքերի հեղինակ է, որոնցից մի քանիսը՝ «Ատոմային էներգետիկայի զարգացումը», «Ատոմային էներգետիկան մեր օրերում», «Ատոմային էներգետիկայի պրոբլեմները», «Գիտական որոնումներից մինչև ատոմային արդյունաբերություն», «Ատոմային գիտության ու տեխնիկայի ժամանակակից պրոբլեմները ՍՍՀՄ - ում», թարգմանվել և հրատարակվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Անգլիայում աշխարհի տասնմեկ լեզուներով։
Հատկապես ատոմային էներգետիկայի զարգացման բնագավառում ունեցած խոշոր վաստակի համար 1974թ.-ին Ա. Մ. Պետրոսյանցին շնորհվել է Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտորի աստիճան:
1977 թ. Ա. Մ. Պետրոսյանցը դարձել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1977 թ.-ին Ա. Մ. Պետրոսյանցն ընտրվել է Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ և ստացել է դիպլոմ:
1982 թ. Ա. Մ. Պետրոսյանցը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Объединенный институт ядерных исследований (ОИЯИ)) պատվավոր դոկտոր:
Պրոֆեսոր Ա. Մ. Պետրոսյանցը հաջողությամբ համատեղել է գիտական գործունեությունը մանկավարժականի հետ. դասավանդել է Ուրալի և Կենտրոնական հեռակա մեքենաշինության ինստիտուտներում, կարդացել է դասախոսություններ Խարկովի Ա. Մ. Գորկու անվ. համալսարանում:
Մեծ գնահատանքի է արժանացել Ա. Մ. Պետրոսյանցի ոչ միայն գիտական, մանկավարժական, այլ նաև գիտակազմակերպչական, պետական, կուսակցական և հասարակական գործունեությունը: Այդ մասին են փաստում բազմաթիվ կառավարական պարգևները՝ Վ. Ի. Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Կուտուզովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2, Պատվո նշան, Աշխատանքային կարմիր դրոշի, ՉՍՍՀ Աշխատանքի շքանշաններ և 13 մեդալ, Ստալինյան մրցանակի դափնեկրի (1949 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1962 թ.) և Պետական մրցանակի դափնեկրի կոչումներ:
2020 օգոստոսի 20-ին Մոսկվայում, խորհրդային ատոմային արդյունաբերության 75-ամյակի տոնակատարության օրը, տեղի է ունեցել Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանցի հուշատախտակի բացումը (ճարտարապետ՝ Նատալյա Վիլվովսկայա):