Cover Image
close this bookՂարիբյան Արարատ Սահակի (1899-1977)
View the documentԱ. Ս. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ս. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Սահակի Ղարիբյանը ծնվել է 1899 թ. հունվարի 27-ին Արտաշատի շրջանի Այգեզարդ (Դարղալու) գյուղում, հողագործի ընտանիքում:

1908 թվականից սովորել է ռուսական 5-դասյան դպրոցում, իսկ 1911 թվականից` Երևանի պրոգիմնազիայում: 1915 թվականին պրոգիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Երևանի արական գիմնազիայի 5-րդ դասարանը: Գիմնազիան ավարտել է 1919 թվականին: 1923 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1927 թվականին:

1922-1928 թվականներին աշխատել է Երևանի յոթնամյա և երկրորդ աստիճանի դպրոցներում որպես ուսուցիչ:

1928 թվականին ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան` հայոց լեզվի պատմության մասնագիտության գծով` աշակերտելով մեծ հայագետ Հ. Աճառյանին:

Այնուհետև սկսվում է Ա. Ղարիբյանի լայն ու բեղումնավոր գործունեությունը, որը հիմնականում ընթանում է երեք ուղղությամբ` գիտա-մանկավարժական, գիտա-կազմակերպչական և գիտահետազոտական:

1929 թվականից սկսել է դասախոսական աշխատանքը պետական համալսարանում: Նա դասախոսել է հայկական մանկավարժական ինստիտուտում, Լենինականի, Բաքվի, Թբիլիսիի բարձրագույն դպրոցներում դասավանդել է հայերենագիտության տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք առարկաներ` հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն, հայերենի պատմական քերականություն, ինչպես նաև հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա:

1934 թվականին կազմակերպել է հայկական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնը, որն անընդմեջ ղեկավարել է մինչև 1960 թվականը:

Ա. Ղարիբյանը 1937 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա` «Հայերեն հոգնակի նշանակող մասնիկները և նրանց լեզվաբանական նշանակությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Մի քանի տարի անց`1940 թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա` «Հայերենի “ս” ճյուղի բարբառները»: 1944 թվականին լեզվի և գրականության ինստիտուտի լեզվի բաժնի բազայի վրա հիմնվում է Հայկական ՍՍՀ լեզվի ինստիտուտը, որի առաջին դիրեկտորը դառնում է Ա. Ղարիբյանը: Այստեղ նա պաշտոնավարում է մինչև 1950 թվականը, ապա նույն պաշտոնով աշխատում է 1956-1962 թվականներին:

1947 թվականին Ա. Ղարիբյանն ընտրվում է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1960 թվականին` իսկական անդամ, 1954 թվականին նրան շնորհվում է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Մի շարք տարիներ նա հասարակական կարգով աշխատել է որպես ակադեմիայի հասարակական բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի տեղակալ: 12 տարի ղեկավարել է լեզվի, գրականության և արվեստի գիտական աստիճաններ շնորհող միացյալ խորհուրդը: Ա. Ղարիբյանը գիտական շատ ձեռնարկումների կազմակերպիչ է: Նրա եռանդագին ջանքերով Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում սկսվեցին ու իրագործվեցին հայ նոր գրականության դասական և ժամանակակից ներկայացուցիչների լավագույն երկերի քարտագրման աշխատանքները` ժամանակակից հայ գրական լեզվի բառապաշարն ուսումնասիրելու և միջին ու ակադեմիական բացատրական բառարաններ ստեղծելու նպատակով: Բավականաչափ հարուստ քարտարանի հիման վրա կազմվեց ժամանակակից հայերենի բացատրական քառահատոր բառարանը,սկսվեց և հաջողությամբ գլուխ բերվեց ռուս-հայերեն քառահատոր մեծ բառարանի աշխատանքը, հրատարակվեցին գիտական աշխատությունների ժողովածուներ, մենագրություններ և այլն: Նրա տեսադաշտից դուրս չմնաց նաև հին հայերենը: Գրաբարի բառապաշարի ու քերական կառուցվածքի ուսումնասիրության նկատառումով Ա. Ղարիբյանը նախաձեռնեց հայ հին մատենագրության հիմնական նմուշների քարտագրումը և մշակումը:

Նշանակալից է Ա. Ղարիբյանի հետազոտական աշխատանքը հայ բարբառների բնութագրման, նրանց կառուցվածքային իրողությունների վերհանման, տեսական լուսաբանման, գիտական արժեքավորման ու ընդհանրացումների ուղղությամբ: Ա. Ղարիբյանը մի կողմից նկարագրել ու գիտության համար հայտնի է դարձրել բարբառները, իսկ մյուս կողմից քննել բարբառագիտության հետ անմիջապես կապ ունեցող տեսական կարևոր հարցեր: Հայտնաբերել ու նկարագրել է 15 բարբառ, 6 ենթաբարբառ էլ առաջարկել է ճանաչել որպես ինքնուրույն բարբառներ: Բարբառագիտության բնագավառում նրա առաջ քաշած ու մշակած հիմնական դրույթների առանցքն են կազմում հայ բարբառների գիտական դասակարգման, բարբառային կարևոր փաստերը մի կողմից հայոց լեզվի պատմության, մյուս կողմից պատմահամեմատական լեզվաբանության որոշ կնճռոտ հարցերի լուսաբանմանը ծառայեցնելու խնդիրները:

Բարբառների ուսումնասիրության տեսակետից հետաքրքրություն ներկայացնող գործ է Ա. Ղարիբյանի «Հայերենի դասակարգման խնդիրը» աշխատությունը: Հեղինակը, անդրադառնալով բարբառների դասակարգման խնդրին ու գնահատելով ձևաբանական սկզբունքը, միաժամանակ առաջարկում է բարբառները դասակարգել մի այլ` հնչյունական սկզբունքով: Ըստ հեղինակի հնչյունական դասակարգումը պիտի դառնար բարբառների գիտական ճանաչման լրացուցիչ միջոց:

Այնուհետև հրատարակվեցին Ա. Ղարիբյանի բարբառագիտության բուհական ձեռնարկները` «Համառոտություն հայ բարբառագիտության» (1941թ.), «Հայ բարբառագիտություն» (1947 թ.), որոնք կարևոր դեր կատարեցին բարբառագիտության բարձրագույն դասընթացի ստեղծման գործում: Ապա նաև լույս տեսան այլ աշխատություններ` «Հայ բարբառների դասակարգման հարցի շուրջ» (1952 թ.), «Новооткрытый диалект армянского языка» (1953 թ.): Հեղինակի այդ բոլոր տարիների բարբառագիտական աշխատանքի հանրագումարը եղավ «Հայ բարբառագիտություն» ծավալուն գիրքը (1953 թ.), որտեղ, իհարկե, միաժամանակ ներկայացված են ընդհանրապես հայ բարբառագիտության ձեռք բերած հիմնական նվաճումները: Հայոց լեզվի պատմությանն ու պատմական քերականությանն են նվիրված մի շարք աշխատություններ: Ա. Ղարիբյանն այս բնագավառը թևակոխել է ուսանողների համար կազմված առաջադրություններով և հայոց լեզվի հոգնակիակերտ ձևույթների ուսումնասիրությամբ: 1935 թ. լույս տեսավ «Հայերենի հոգնակի նշանակող մասնիկները և նրանց լեզվաբանական արժեքը» աշխատությունը, որտեղ հեղինակը ի մի է բերել ու քննել գրաբարի, միջին հայերենի, բարբառների և աշխարհաբարի համապատասխան ձևույթները` հանգամանորեն կանգ առնելով դրանց կատարած դերի և կրած պատմական փոփոխությունների վրա:

Դրան հաջորդեցին հայոց լեզվի պատմությանը վերաբերող գրքեր` «Հայոց լեզվի պատմության ներածություն» (1935 թ.), «Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն» (1937 թ.), որոնց նպատակն էր ուրվագծորեն ներկայացնել հայոց լեզվի պատմությունը սկզբից մինչև հիշյալ ժամանակաշրջանը, որոշել գրաբարի լեզվական տիպոլոգիական բնույթը (ներքին և արտաքին թեքում), բարբառների և աշխարհաբարի կցականությունը և այլն:

Ա. Ղարիբյանը հոդվածներ է գրել նաև գրական լեզվի մշակման ու զարգացման գործում խոշոր գրողների ու գործիչների կատարած դերի վերաբերյալ: Զգալի է Ա. Ղարիբյանի ավանդը բառարանագիտության ասպարեզում: Այստեղ նա հանդես է եկել ոչ միայն նախաձեռնողի ու կազմակերպչի, այլև հեղինակի, հեղինակակցի և խմբագրի դերով: Նրա հեղինակակցությամբ ու խմբագրությամբ կազմվել և հրատարակվել են ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բառարաններ: «Ռուս-հայերեն բառարանը», որը լույս է տեսել 1945 թ., պարունակում է շուրջ 28.000 բառ, «Հայ-ռուսերեն բառարանը` նույն քանակի բառերի ընդգրկումով», լույս է տեսել 1947 թ. (հեղինակակաիցներ` Ե. Տեր-Մինասյան, Մ. Գևորգյան), վերջինս լրացվել, ընդարձակվել ու վերահրատարակվել է 1960 թվականին, (պարունակում է մոտ 40.000 բառ): Գրագիտության ուսուցման մեջ կարևոր է դպրոցական ուղղագրական բառարանի դերը, որպիսին կազմել է Ա. Ղարիբյանը (1940 թ.):

Բառարանագրության բնագավառում Ա. Ղարիբյանի խոշոր ներդրումներից է «Ռուս-հայերեն բառարանը» (մեկ ընդարձակ հատորով, 1968 թ.). դա հեղինակի մեկուկես տասնամյակի ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն է. պարունակում է մոտ 85.000 բառահոդված և 100.000 բառ և դարձվածք: Խիստ մեծ է Ա. Ղարիբյանի վաստակը դպրոցական դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների ստեղծման բնագավառում: Նրա գրած դասագրքերի մեջ կենտրոնական տեղ է գրավում միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանների հայոց լեզվի քերականության դասագիրքը, որն առաջին անգամ լուս տեսավ 1934 թվականին: Հետագայում հրատարակվեց քերականական և ուղղագրական վարժությունների առանձին դասագիրք (1938թ.), որը վերահրատարակվեց (1939թ.), բայց ի վերջո նպատակահարմար համարվեց վարժությունները ներկայացնել տեսական մասի հետ: Այս դասագիրքը ժամանակի ընթացքում շարունակ փոփոխությունների ենթարկվեց, լրացվեց ու բարեփոխվեց. 30 տարում ունեցավ 25 վերահրատարակություն: Պետք է խոստովանել, որ այս դասագիրքը նշանակալից դեր կատարեց մեր դպրոցի կյանքում: Շատ սերունդներ նրանով մայրենի լեզու սովորեցին:

Ա. Ղարիբյանը հայոց լեզվի մի շարք դասագրքեր է գրել հայկական դպրոցի տարրական դասարաննների, ինչպես նաև ոչ հայկական դպրոցների այլևայլ դասարանների համար: Այսպես. «Հայոց լեզու: Քերականություն և ուղղագրություն: Դասագիրք 2-րդ դասարանների համար», «Հայոց լեզու: Քերականություն և ուղղագրություն: Դասագիրք 3-րդ դասարանի համար» (Ս.Ղ.Ղազարյանի հեղ-կից): «Հայոց լեզվի դասագիրք: Քերականություն և ուղղագրություն: ՀՍՍՌ ոչ հայկական դպրոցների 5-7-րդ դասարանների համար», «Հայոց լեզվի քերականություն դասագիրք: ՀՍՍՌ ոչ հայկական դպրոցների 8-10-րդ դասարանների համար» և այլն:

Ա. Ղարիբյանի գրչին են պատկանում հայոց լեզվի այլ ձեռնարկներ: 1957թվականին (Գ. Պարիսի հեղինակցությամբ) լույս տեսավ «Հայոց լեզվի քերականության, ուղղագրության և կետադրության ուղեցույցը», որը գերազանցապես տեղեկատու բնույթ ունի. դա մի օժանդակ ձեռնարկ է հայոց լեզուն ուսումնասիրելու, նրա քերականական, ուղղագրական և կետադրական օրենքներով ու կանոններով առաջնորդվելու համար:

Թե՜ կազմությամբ ու բովանդակությամբ և թե՜ նպատակով արժեքավոր ու հետաքրքրական ձեռնարկ է ռուսերեն լեզվով շարադրված հայոց լեզվի ինքնուսույցը` «Краткий курс армянского языка. Пособие для самостоятельного изучения» :Գրքին կցված է բավականաչափ ընդարձակ հայ-ռուսերեն բառարան, որը պարունակում է գլխավորապես ընդհանուր և հաճախակի գործածություն ունեցող շուրջ 10.000 բառ:

Սկսած 1939 թվականից`լույս են տեսել Ռ. Մելքումյանի և Մ. Կարաքեշիշյանի հեղինակակցությամբ Ա. Ղարիբյանի կազմած դասագրքերը: Դրանցից են` «Грамматика русского языка. Учебник для 8-9классов армянских школ», «Русский язык. Учебник для 10-го класса армянских школ. Синтаксис» և այլն:

Ա. Ղարիբյանի գիտական գործունեության մեջ զուգահեռ մասնագիտություն է եղել հայոց լեզվի դասավանդման մեթոդիկան, որով նա զբաղվել է մոտ երեք տասնամյակ: 1938 թվականին լույս տեսավ «Հայոց լեզվի մեթոդիկան»` որպես ուսումնական ձեռնարկ բարձրագույն դպրոցների ուսանողների և ուսուցիչների համար: Գիրքը բաղկացած է երեք բաժիններից: Դրանք են` «Քերականության ուսուցումը տարրական դպրոցում», «Հայոց լեզվի ուղղագրության հիմունքները և ուսուցման մեթոդները», «Քերականության ուսուցումը 5-7-րդ դասարաններում»: Վերջում բերված են հայոց լեզվի քերականության սխեմաներ, ինչպես նաև աշխարհաբարի քերականության պատմությունը: Այդ գիրքը, լինելով հեղինակի մեթոդական բնույթի առաջին ծավալուն աշխատությունը, զերծ չէր թերություններից և, անշուշտ, դրույթների ճշտման, ինչպես նաև լրացման ու այլ փոփոխությունների կարիք էր զգում: Հեղինակն այդ նկատառումներով հետագայում որոշ աշխատանք է տարել: 1940 թվականին լույս տեսավ «Մայրենի լեզվի մեթոդիկան», որի մի հիմնական բաժինը նվրիված էր գրաճանաչության, կարդալու ուսուցման, գրավոր ու բանավոր խոսքի զարգացման մեթոդիկային, իսկ մնացած մասն ընդգրկում էր ուղղագրության և քերականության ուսուցման մեթոդիկայի հարցերը:Ուշագրավ է Ա. Ղարիբյանի «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» աշխատությունը (1954 թ.), որը այս բնագավառում հեղինակի կատարած աշխատանքի ամբողջացումն ու խորացումն է:

Ինչպես տեսնում ենք, բեղմնավոր է եղել Ա. Ղարիբյանի գրիչը, խոշոր`գրավոր վաստակը: Խոսելով այդ մասին, սակայն, չի կարելի ասել, թե նրա աշխատություններն անթերի են, զերծ սխալններից: Այնտեղ կան սխալներ, թերություններ, գիտության այսօրվա դիրքերից անընդունելի դրույթներ, որոնց մասին ժամանակին արտահայտվել են և՜ ուրիշներ, և երբեմն էլ ինքը` հեղինակը:

Լայն էին հայագետ-լեզվաբան Ա. Ղարիբյանի գիտական հետաքրքրությունների սահմանները, որոնք ընդգրկում էին հայերենի բարբառները, հայոց լեզվի պատմությունը, պատմական քերականությունը, գրաբարը, ժամանակակից հայերենը և այլն:

Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի անունով են կոչվում Երևանի № 142 ավագ և Արարատի մարզի Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցները։