Cover Image
close this bookՄանվելյան Մանվել Գարեգինի (1913-1985)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գարեգինի Մանվելյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 26-ին Վան քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1915 թվականի Մեծ եղեռնից մազապուրծ Մանվելյանների ընտանիքը հանգրվանում է Երևանում։
1930 թ. Մ. Գ. Մանվելյանն ավարտում է Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվում Երևանի նորաստեղծ պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։
Ինստիտուտում սովորելու տարիներին էլ Մ.Գ. Մանվելյանը սկսում է իր աշխատանքային գործունեությունը։ 1933 թ., դեռևս երրորդ կուրսի ուսանող, նա արդեն աշխատում էր անօրգանական քիմիայի ամբիոնում՝ որպես լաբորատորային ասիստենտ։ Շուտով նա գրավում է ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, ականավոր գիտնական, պրոֆեսոր Լ. Ա. Ռոտինյանի ուշադրությունը, ով սկսել էր բազալտի հալման ու վերաբյուրեղացման աշխատանքները և իր շուրջն էր համախմբել մի քանի երիտասարդ էնտուզիաստների։
Պրոֆեսոր Լ. Ա. Ռոտինյանի գլխավորությամբ տարվող աշխատանքների հիմնական խնդիրը Հայաստանի ոչ հանքային հարստությունների վերամշակումն էր՝ հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ նրանց օգտագործման նպատակով, որը և դարձավ Մ. Գ. Մանվելյանի հետագա գիտական գործունեության առանցքը։
1936 թ. Մ. Գ. Մանվելյանն ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նրա աշխատանքային գործունեությունը դեռ ուսանողական տարիներից կապված էր քիմիական անօրգանական անալիզի հետ։ Համամիութենական երկրաբանահանքաբանական ինստիտուտը Երևանում ստեղծել էր մի լաբորատորիա, որը զբաղվում էր Հայաստանի տարբեր ապարների քիմիական կազմի անալիզով։
Մ. Գ. Մանվելյանը 1934 թվականից աշխատելով այս լաբորատորիայում ՝ վերլուծաբան – քիմիկոսի լավ դպրոց անցավ։ Հայաստանի բազմաթիվ հանքավայրերի հանքատեսակների ու ապարների անալիզները զգալիորեն ընդլայնեցին նրա մտահորիզոնը, միաժամանակ նա ծանոթացավ Հայաստանի տարբեր ապարների բաղադրությանը, ինչը շատ անհրաժեշտ էր նրա հետագա գործունեության համար։
Ուսանելու տարիներին և հետագայում, երբ Մանվելյանն անցավ ինքնուրույն աշխատանքի, նրան միշտ զբաղեցնում էր Հայաստանի ոչ հանքային հումքից ժողովրդական տնտեսության համար կարևոր և անհրաժեշտ նյութերի ստացումը քիմիական ճանապարհով։ Համոզված լինելով, որ քիմիան կարող է վերափոխել մեր հանրապետության տնտեսական դեմքը, դեռևս երիտասարդ և անփորձ Մանվելյանը ողջ եռանդով նվիրվում է այդ գործին։ Այդ են վկայում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երկրաբանահանքաբանական լաբորատորիայում նրա կատարած աշխատանքները։ «Հետազոտություններ պղնձարջասպի վերաբերյալ», «Ծծմբաթթվական բարիումի ստացման նոր եղանակ», «Շահնազարի հանքային տուֆաներկերի ուսումնասիրումը», «Ալյումինի օքսիդի ստացումը Հայկական ԽՍՀ տեղական հումքից» աշխատությունները լավագույն ապացույցն են այդ գործի։
Ալյումինի օքսիդի / արզնահողի / ստացումը տեղական հումքից և մասնավորապես նեֆելինային սիենիտներից, հետագայում դարձավ նրա հիմնական գործը։
1939 թ. Մ. Գ. Մանվելյանն աշխատանքի է անցնում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ, իսկ 1941 թ. նա արդեն ավագ դասախոս էր։ Նա ղեկավարում էր քանակական անալիզի լաբորատոր աշխատանքները և դասավանդում ռազմաքիմիական նյութերի քիմիա և տեխնոլոգիա առարկան։
Մանկավարժական աշխատանքը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում թեպետ և հետաքրքիր էր, սակայն լիովին չէր բավարարում երիտասարդ և պրպտող Մ. Մանվելյանին. նրա տարերքը գիտական հետազոտություններն էին ։
1941 թվականից նա համատեղության կարգով աշխատանքի անցավ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, գլխավորելով տեղական հումքից ալյումինի օքսիդ ստանալու հարցերով զբաղվող գիտաշխատողների խումբը։
Նախորդ տարիների աշխատանքները ցույց էին տվել, որ ալյումինի օքսիդ պարունակող շատ լեռնային ապարների հիմնային ջրաջերմային մշակումը հանգեցնում է կայծքարահողի լուծմանը, որի քանակությունը զգալիորեն աճում է ջերմաստիճանի բարձրացման հետ։ Անհրաժեշտ էր ուսումնասիրությունները տանել բարձր ճնշման ավտոկլավներում, որոնք կարող էին ապահովել ավելի բարձր ջերմաստիճաններ ( 200-240 C)։ Պետք էր որոշել նաև հիմնային ջերմամշակման համար ավելի «ձեռնտու» լեռնային ապարը, քանի որ վերջինները տարբերվում են իրարից ոչ միայն ալյումինի և սիլիցիումի օքսիդների պարունակությամբ, այլև իրենց ագրեգատ վիճակներով, այլ օքսիդների պարունակությամբ և այլն։ Այս աշխատանքների կատարման կապակցությամբ մի քանի երկրաբանական արշավախմբերի հետ Մ. Գ. Մանվելյանը Հայաստանի տարբեր վայրերում ուսումնասիրեց արզնահող պարունակող ապարների երկրաբանական դիրքը, պաշարները և այլ հարցեր, ինչը նրան հնարավորություն տվեց խորանալ արզնահողային ապարների երկրաբանության մեջ։ Ընտրվեց Հրազդանի շրջանի Թեժ սարի նեֆելինային սիենիտները, քանի որ իրենց երկրաբանական դիրքով, պաշարներով և արզնահողի պարունակությամբ ամենահեռանկարայինը ճանաչվեց։
1945 թվականից Մ. Գ. Մանվելյանը հիմնական աշխատանքի անցավ Հայկական ՍՍՀ ԳԱ քիմիական ինստիտուտում՝ համատեղելով Պոլիտեխնիկական ինստիտուտում դասախոսական աշխատանքի հետ, իսկ 1946 թվականից նա ամբողջովին նվիրվեց գիտահետազոտական աշխատանքին։
Հետպատերազմյան տարիներին Միության մեջ ալյումինի արտադրության շեշտակի բարձրացումը հրատապ հարց էր դարձել, իսկ արզնահողի ստացման հիմնական հումք հանդիսացող բոքսիտների պաշարները մեր երկրում սահմանափակ էին։ Այդ էր պատճառը, որ Խորհրդային Միությունում մշակվեց և արտադրության մեջ ներդրվեց արզնահողի ստացման մի նոր եղանակ, որը հնարավորություն էր տալիս նեֆելիններից ստանալ ոչ միայն արզնահող, այլև սոդա, պոտաշ և երկկալցիումական սիլիկատ՝ ցեմենտի արտադրության համար։
1948 թ. արզնահողի ստացման աշխատանքները զարգացնելու նպատակով Հայաստանի ԳԱ քիմիական ինստիտուտի կազմում ստեղծվեց անօրգանական սեկտոր, որի վարիչ նշանակվեց Մ. Գ. Մանվելյանը։ 1949 թ. Նա հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Արզնահող պարունակող նյութերից մուլիտի ստացման պրոցեսի ուսումնասիրումը և մուլիտի արտադրության ընթացքում ֆերոսիլիցիումի առաջացման ռեակցիայի հետազոտությունը» թեմայով։
50-ական թվականների սկզբներին ալյումինի օքսիդով աղքատ լեռնային ապարների ջրաջերմային հարստացման եղանակը Միության մեջ համընդհանուր ճանաչում գտավ՝ որպես Մանվելյանի եղանակ։ Ինքը՝ Մանվելյանը, այդ եղանակն անվանում էր «նեֆելինային սիենիտ ների կոմպլեքսային մշակում՝ արզնահողի և այլ քիմիական արգասիքների ստացումով»։ Այդ տարիներին էլ միութենական կառավարության կողմից որոշվեց Երևանի «Կանազ» գործարանին կից կառուցել արզնահողի փորձնական արտադրամաս, որտեղ պետք է փորձարկվեր և կատարելագործվեր նեֆելինային սիենիտների կոմպլեքսային մշակման եղանակը գործարանային մասշտաբներով։
Արզնահողի փորձնական արտադրամասի կառուցման և գործարկման ընթացքում հարկ եղավ էական փոփոխություններ մտցնել նախնական տեխնոլոգիական սխեմայում։ Կավահողի փորձնական արտադրամասի մոնտաժման և փորձնական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցավ Հ. Հ. Գասպարյանը, ում ստեղծած հատուկ կառուցվածքի պոմպը ապահովում էր հարստացման սխեմայի անխափան աշխատանքը։ Մ. Գ. Մանվելյանի ղեկավարությամբ և ջանքերով հաջողվեց կավահողի փորձնական արտադրամասում ստեղծել մի աշխատունակ կոլեկտիվ և կազմակերպել ինըջրանոց նատրիումի մեթասիլիկատի արտադրությունը, որն այսօր լայն կիրա ռություն ունի արդյունաբերության տարբեր ճյուղերում / լվացող փոշիների արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն, մեքենաշինություն, առողջապահություն/։ Արզնահողի փորձնական արտադրամասը / հետագայում՝ գործարանը/ 60-ական թվականներին արտադրում էր 15 հազար տոննա նատրիումի մեթասիլիկատ, որը չէր բավարարում Միության պահանջները։
1969 թ. Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի կառուցման և նախագծման աշխատանքները խթանելու նպատակով ԵրՔիմԳՀԻ-ն իր փորձնական գործարանով անցավ Հայաստանի ԳԱ տնօրինության տակ՝ վերակազմավորվելով որպես ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ՝ իր փորձնական գործարանով, իսկ 1970 թ. հունվարից Մ.Գ. Մանվելյանն արդեն այդ ինստիտուտի տնօրենն էր։
Մ. Գ. Մանվելյանը բուռն գործունեություն ծավալեց՝ վերջնական մշակման ենթարկելով ՀԼՔԿ-ի տեխնոլոգիական սխեման, շարունակվեցին գիտահետազոտական աշխատանքները՝ նախագծերը համալրելով նոր տվյալներով։ Արտադրական փորձարկման ենթարկվեց նատրիումի մեթասիլիկատը՝ պղնձամոլիբդենային հանքաքարի հարստացման պրոցեսում՝ Քաջարանում և Տորնիաուզում /Կաբարդինաբալկարական ԱԽՍՀ/, իսկ Արզնու բյուրեղապակու գործարանում փորձարկվեց կալիումական Երևանիտը։
1974 թվականից Հայաստանի արդյունաբերության զարգացմանը այլ ընթացք տրվեց՝ աննպատակահարմար գտնելով քիմիական արդյունաբերության հետագա աճը մեր հանրապետությունում։
Մ. Գ. Մանվելյանը հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների, մենագրությունների, հեղինակային վկայագրերի։ Նրա խմբագրությամբ լույս են տեսել մի շարք գրքեր և գիտական աշխատությունների ժողովածուներ։ Նրա մասնակցությամբ Երևանում անցկացվել են ապակու տեխնոլոգիային և ֆիզիկաքիմիական հատկություններին նվիրված մի քանի համամիութենական գիտական խորհրդակցու թյուններ։ 1960 թ. Նրա ղեկավարությամբ Երևանում անցկացվեց արզնահողին նվիրված երրորդ համամիութենական խորհրդակցությունը, որտեղ նա հանդես եկավ հանգամանալից զեկուցումով։
1956 թ. Մ. Գ. Մանվելյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1963 թ.՝ ակադեմիկոս։ Ակադեմիկոս Մանվելյանը ոչ միայն գիտության և արտադրության տաղանդավոր կազմակերպիչ էր , այլև կրտսեր գործընկերների համար՝ ուսուցիչ և խորհրդատու։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ ատենախոսություններ, իսկ նրա սաներն այսօր աշխատում են մեր հանրապետության գիտական հիմնարկներում։
Ակադեմիկոս Մանվել Գարեգինի Մանվելյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշաններով ու մեդալներով, Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Վաստակագրով»։ 1970 թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Ակադեմիկոս Մանվելյանի գիտակազմակերպական գործունեության շնորհիվ ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտն իր փորձնական գործարանով առ այսօր կրում է մանվելյանական մտահղացումների կնիքը։
Լեռնային ապարների քիմիական մշակման Մանվելյանի եղանակը և նրա ստեղծած շատ նյութեր տեղ են գտել ուսումնական և գիտատեխնիկական գրականության մեջ։