Cover Image
close this bookԲրուտյան Գեորգ Աբելի (1926-2015)
View the documentԳ. Ա. ԲՐՈՒՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Ա. ԲՐՈՒՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը ծնվել է 1926 թ. մարտի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղում: 1947 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1950 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1951 թվականին` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետին կից ասպիրանտուրան:

Ակադեմիկոս Գ. Բրուտյանը հայ ականավոր գիտնականների տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է: Նրա ստեղծագործությունները գիտական խորը վերլուծության արդյունք են: Անվանի գիտնականի հակումների և հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. փիլիսոփայական տրամաբանություն և տրամաբանության փիլիսոփայություն, փոխակերպական տրամաբանություն և մտածողության փոխակերպումների տրամաբանություն, սեմանտիկա և երկխոսություն, մաթեմատիկական տրամաբանություն և տրամաբանության կապը բնագիտության և գեղարվեստական գիտակցության հետ, որը մարդկային գիտակցության ամենաբարդ ձևն է:

Ակադեմիկոս Բրուտյանը հեղինակել է ավելի քան 60 մենագրական հետազոտություններ, դասագրքեր, գրքույկներ, 200 և ավելի հոդվածներ, որոնք թարգմանաբար հրատարակվել են աշխարհի 20 երկրներում:

Գ. Բրուտյանի աշխատությունները ուշագրավ արձագանքներ են գտել աշխարհի շատ երկրներում: Մատնանշելով հայ գիտնականի որոշ աշխատությունների լեզվաբանատրամաբանափիլիսոփայական բնույթը` արտասահմանյան փիլիսոփայության հանրահայտ շատ ներկայացուցիչներ աներկբա գրել են նրա տրամաբանական մտածողության բարձր կուլտուրայի, նրա աշխատությունների լայն ճանաչման, դրանցում ինչպես տրամաբանության, բնագիտության և լեզվաբանության հետ փիլիսոփայության յուրօրինակ զուգակցման, այնպես էլ առկա նոր գաղափարների ու խոր ընդհանրացումների, նրա առաջադրած բազմատրամաբանության /որը գիտական շրջանառության մեջ է դրվել Գ. Բրուտյանի կողմից / կոնցեպցիայի մասին:

Լուրջ գնահատականի է արժանի գիտնականի ակտիվ մասնակցությունը համաշխարհային համաժողովներին և միջազգային կոնֆերանսներին /Իտալիա, Մեքսիկա,Ավստրիա, Կանադա, Անգլիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Բելգիա և այլուր/, որտեղ նա հանդես է եկել զեկուցումներով, ղեկավարել մասնաճյուղերի աշխատանքները, վարել “կլոր սեղաններ”:

Ակադեմիկոս Գ. Բրուտյանը համաշխարհային և միջազգային շուրջ երկու տասնյակ ակադեմիաների ու գիտական ընկերակցությունների, այդ թվում` Համաշխարհային մշակույթի ակադեմիայի / Անգլիա / անդամ է: Նա ընտրվել է Ոչ-ձևական տրամաբանության և քննադատական մտածողության միջազգային ասոցիացիայի / ԱՄՆ/ պատվավոր փոխ պրեզիդենտ: Գիտնականը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Կանադայի, Նիդեռլանդների և այլ երկրների տասներկու միջազգային գիտական հանդեսների ու պարբերականների խմբագրակազմերի անդամ է:

Փիլիսոփայական գիտության մեջ Գ. Բրուտյանը կանգնած է մի շարք գիտական դպրոցների և ուղղությունների ակունքներում:

Գ. Բրուտյանի գիտական գործունեության մեջ հատուկ տեղ են գրավում հայագիտական հետազոտությունները: Դրանք վերաբերում են Դավիթ Անհաղթի, Անտոն Գարագաշյանի տրամաբանական ուսմունքների, տրամաբանափիլիսոփայական տեսանկյունից Սայաթ-Նովայի, Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի և հայ մշակույթի այլ ներկայացուցիչների ստեղծագործությունների ուսումնասիրմանը: Նրա հետազոտություններն ընդգրկել են հայ փիլիսոփայության և տրամաբանության պատմության, հայոց լեզվի արդի վիճակի և նրա տրամաբանական տեսանկյունների հարցերը, հայագիտությանը հարակից այլ հիմնախնդիրներ: Նշանակալից է ակադեմիկոս Բրուտյանի ներդրումը ժամանակակից հայ փիլիսոփայական դպրոցի զարգացման և կատարելագործման գործում:

Անհրաժեշտ է ընդգծել այն կարևոր ավանդը, որ Գ. Բրուտյանն ունի հայերենով ժամանակակից տրամաբանության տերմինաբանության մշակման ասպարեզում:

Խիստ արդյունավետ է եղել ակադեմիկոս Գ. Բրուտյանի գիտակազմակերպական գործունեությունը: 1987 թ. նա հիմնել է Հայոց փիլիսոփայական ակադմիան` դառնալով նրա պրեզիդենտը:

Երևանի համալսարանում Գ. Բրուտյանը ակտիվ մասնակցություն է ունեցել փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի և փիլիսոփայության ֆակուլտետի հիմնադրման գործին:

1977-1994թթ. Գ. Բրուտյանը եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, իսկ 1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ: Ակադեմիկոսի տասնյակ աշակերտներ նրա ղեկավարությամբ ատենախոսություններ են պաշտպանել. Նրանց մեջ չի կարելի չառանձնացնել խոշորագույն շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:

Վաստակաշատ հայ գիտնականը 1970 թվականից առ այսօր անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների. «Փիլիսոփայություն և հռետորություն» միջազգային հանդեսի /Փենսիլվանիա/ խմբագրության անդամ է, Փաստարկման հետազոտությունների Եվրոպական կենտրոնի պատվավոր անդամ /Բրյուսել/, «Հաղորդակցում և իմացություն» միջազգային ընկերության պատվավոր անդամ /Քենթ/, «Հետազոտություններ փաստարկման մասին» միջազգային մատենաշարի գլխավոր խմբագիր /Բելգիա/, «Ոչ ձևական տրամաբանության և քննադատական մտածողության» միջազգային ընկերակցության պատվավոր փոխպրեզիդենտ /ԱՄՆ/, Լոնդոնի դինագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ /Մեծ Բրիտանիա/, Գիտությունների համաշխարհային կենտրոն «Լեոնարդո դա Վինչի»-ի հոգեբանական-սոցիալական ազգային կենտրոնի փորձագետ` սոցիոլոգիայի գծով, Գիտությունների միջազգային «Արարատ» ակադեմիայի /Փարիզ/ անդամ, «Հասարակությունը և էկոնոմիկան» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ /Մոսկվա/:

Գեորգ Բրուտյանը պարգևատրվել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի Պատվո մեդալով, Կոմենսկու անվան մեդալով /Սլովակիա/, «Պատվո նշան» առաջին կարգի մեդալով / Չեխոսլովակիա/, Վավիլովի անվան մեդալով, «Ժողովուրդների բարեկամության»շքանշանով: