Cover Image
փակիր այս գիրքըԲունիաթյան Հրաչյա Խաչատուրի (1907-1981)
Դիտել փաստաթուղթըՀ. Խ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՀ. Խ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Խաչատուրի Բունյաթյանը ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր Բայազետում / Գավառ /:

Երևանի Խ. Աբովյանի անվ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1925 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտել է 1930 թվականին:

Նրա արտակարգ ընդունակություններն ու հետաքրքրությունները քիմիայի և կենսաքիմիայի բնագավառում երևան են գալիս դեռ ուսանողական տարիներից: Ուսումնառության տարիները նա հաջողությամբ զուգակցում է քիմիական լաբորատորիաներում և համալսարանի կենսաքիմիայի ամբիոնում տարվող գիտամանկավարժական աշխատանքի հետ:

Գիտական գործունեությունն սկսելով անվանի գիտնական, պրոֆեսոր Ա.Գ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ` Հրաչյա Բունյաթյանը հետագայում դառնում է նեյրոքիմիայի խոշոր ներկայացուցիչներից մեկը և Հայաստանի կենսաքիմիկոսների դպրոցի հիմնադիրը:

Համալսարանն ավարտելուց հետո Հ.Խ. Բունիաթյանը աշխատում է կենսաքիմիայի ամբիոնում` որպես ասիստենտ: 1932-1936 թթ. նա Երևանի բժշկական ինստիտուտում կարդում է ֆիզիկական և կոլոիդային քիմիայի , իսկ Երևանի մանկավարժական և անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտներում` օրգանական և կենսաբանական քիմիայի դասընթացներ:

1937-1960թթ. Հ.Խ. Բունիաթյանը վարել է Երևանի բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը: Նրա պաշտոնավարման շրջանում կենսաքիմիայի ամբիոնը եղել է բարձրորակ կենսաքիմիկոսների պատրաստման դպրոց: Բունիաթյանը անձամբ էր ղեկավարում ուսանողների գիտական աշխատանքները և հրատարակում` նրանց համարելով համահեղինակ, ինչը սկսնակ երիտասարդ հետազոտողների համար ոգևորող և ինքնավստահություն ներչնչող միջոց էր:

Հ.Խ. Բունիաթյանը 1943 թվականին ընտրվում է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և նույն թվականին նշանակվում ՀՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի բիոքիմիայի սեկտորի վարիչ, 1947-1957 թթ.` ՀՍՍՀ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1958-1961թթ.` ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, 1961-1967 թթ.`ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահ:

1961 թ. մինչև իր կյանքի վերջը` 1981 թ. մարտի 19-ը, նա անընդմեջ գլխավորել է կենսաքիմիայի սեկտորի բազայի վրա հիմնադրված Հայկական ՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը:

Հ.Խ. Բունիաթյանի անվան հետ է կապված Սովետական Հայաստանում կենսաքիմիական հետազոտությունների բազմակողմանի ծավալումը: Այդ հետազոտությունները նրա անմիջական մասնակցությամբ և հմուտ ղեկավարությամբ շեշտակի ընդլայնվեցին ու խորացան, որի շնորհիվ հնարավոր դարձավ ՀՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի հիմնադրումը: Ինստիտուտը դարձավ ուղեղի կենսաքիմիայի խոշոր գիտական կենտրոն Սովետական Միության մեջ: Բունիաթյանի աշակերտներից շատերը հաջողությամբ ղեկավարում են հանրապետության տարբեր գիտական հաստատություններին առընթեր գիտահետազոտական լաբորատորիաները: Հ.Խ. Բունիաթյանը ականավոր շատ գիտնականների հետ բեղմնավոր աշխատանք է կատարել կենսաբանական գիտահետազոտական կենտրոնների կազմակերպման, գիտական մի շարք ուղղությունների զարգացման բնագավառում:

Հայաստանում կենսաքիմիայի գործում կարևոր նշանակություն ունեցան ակադեմիկոս Բունիաթյանի բազմաթիվ այցելությունները արտասահմանյան խոշոր կենսաքիմիական կենտրոնները, նրա մասնակցությունը միջազգային համագումարներում, կոնֆերանսներում, սիմպոզիումներում, սերտ կապերի հաստատումը նշանավոր գիտնականների հետ, որի շնորհիվ հնարավոր դարձավ հանրապետության երիտասարդ կենսաքիմիկոսների գործուղումը աշխարհի մի շարք գիտական կենտրոններ, հանրապետության կենսաքիմիայի ինստիտուտում նորագույն ուղղությունների ստեղծումը և հետազոտությունների ծավալումը գիտության զարգացման ժամանակակից պահանջների համապատասխան: Հ.Խ. Բունիաթյանի գիտական բեղմնավոր գործունեությունը, ըստ էության, ներկայացնում է կենսաքիմիայի զարգացման պատմությունը մեր հանրապետությունում:

50-ական թվականների սկզբներին Հ.Խ. Բունիաթյանի գլխավորած կոլեկտիվը ընդարձակ և նպատակամղված գործունեություն ծավալեց նյութերի փոխանակության պայմանական-ռեֆլեկտորային կանոնավորման և գլխուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի բնագավառում: Հատուկ ուշադրություն դարձվեց ածխաջրերի, սպիտակուցների, վիտամինների, հանքային նյութերի փոխանակության և արյան մակարդման սիստեմի կեղևային կանոնավորման հարցերին: Բազմաթիվ փաստերի հիման վրա ցույց է տրվել, որ արգելակման պրոցեսների զարգացման ժամանակ գլխուղեղում նյութափոխանակության ռեակցիաները փոխում են իրենց ուղղությունը, մի բան, որ ապահովում է գրգռման ժամանակ յուրացված միացությունների վերսինթեզը: Այդ արդյունքները հնարավորություն ընձեռեցին հիմնավորելու արգելակման պրոցեսների բուժիչ-պահպանիչ դերի վերաբերյալ Ի.Պ. Պավլովի կողմից առաջ քաշված հիմնարար դրույթը:

Հ.Խ. Բունիաթյանը և նրա աշակերտները ուշագրավ հետազոտություններ են կատարել էներգետիկ և ազոտային փոխանակության կարևորագույն ռեակցիաներում գլխուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններից մեկի` գամմաամինոկարագաթթվի / ԳԱԿԹ / և նրա ածանցյալների կենսաքիմիական դերի, ինչպես նաև նյութերի փոխանակության նեյրոհումորալ կանոնավորման պարզաբանման ուղղությամբ: Առաջին անգամ նրանք ցույց են տվել, որ ԳԱԿԹ-ն բարձրացնում է բջջային թաղանթների թափանցելիությունը ոչ միայն իոնների, այլև գլյուկոզայի, ամինաթթուների և մի շարք այլ նյութերի նկատմամբ: Նրանք ապացուցել են, որ ԳԱԿԹ-ն գլխուղեղից բացի գոյանում է նաև այլ օրգաններում, որը և իր հաստատումն է գտել արտասահմանյան մի շարք հեղինակների ուսումնասիրություններում: Ստացված էքսպերիմենտալ տվյալների համադրման և ամփոփման հիման վրա Հ.Խ. Բունիաթյանը առաջ է քաշել մի նոր տեսակետ այն մասին, որ ԳԱԿԹ-ն հանդիսանալով թաղանթային ակտիվ միացություն, կարևոր ֆունկցիա է կատարում գլխուղեղի, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի հոմեոստազում:

Հ.Խ. Բունիաթյանի բազմաթիվ աշխատություններ նվիրված են ընդհանուր և ախտաբանական կենսաքիմիայի հարցերին` ներառյալ երիկամների ախտաբանական քիմիայի, ֆերմենտների էվոլյուցիոն զարգացման, հորմոնալ կանոնավորման և այլ խնդիրներ: Հիշյալ ուղղություններով կատարվող հետազոտություններն ունեն տեսական և գործնական նշանակություն:

1972 թվականին Հ.Խ. Բունիաթյանն ընտրվել է Բնախույզների գերմանական ակադեմիայի / Լեոպոլդինա / իսկական անդամ: Նա եղել է նաև նեյրոքիմիայի միջազգային ընկերության խորհրդի, գլխուղեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպության / ԻԲՐՈ /, կենսաքիմիկոսների միջազգային ընկերության ազգային կոմիտեի, ՍՍՀՄ կենսաքիմիկոսների ընկերության վարչության անդամ, “Биохимия“, “Вопросы медицинской химии“ և այլ հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Հ.Խ. Բունիաթյանը Հայկական ՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի «Ուղեղի կենսաքիմիայի հարցեր» ժողովածուի խմբագիրն էր և Հայկական ՍՍՀ ԳԱ կենսաքիմիկոսների ընկերության նախագահը: Բժշկական մեծ հանրագիտարանի խմբագրության պատվերով Հ.Խ. Բունիաթյանը գրել է «Գլխուղեղի կենսաքիմիան» հոդվածը: Նրա երկու հոդվածները զետեղվել են ԱՄՆ-ում հրատարակված նյարդային համակարգի կենսաքիմիայի յոթհատորանոց ձեռնարկում:

1960 թ. Հ.Խ. Բունիաթյանը գլխավորել է սովետական կենսաքիմիկոսների պատվիրակությունը /ՍՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի գծով/ ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Հ.Խ. Բունիաթյանը 1966 և 1970 թթ. Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի և Հնդկաստանի լուսավորության մինիստրության հրավերով այդ երկրների գիտական խոշոր կենտրոններում մի շարք դասախոսություններ է կարդացել գլխուղեղի կենսաքիմիայի վերաբերյալ` կապված այն հարցերի հետ, որոնք ուսումնասիրվել են իր և աշխատակիցների կողմից: 1973 և 1977 թթ. Իրանի կենսաքիմիական ընկերության հրավերով նա մասնակցել է կենսաքիմիկոսների սիմպոզիումի աշխատանքներին, որտեղ հանդես է եկել զեկուցումով: 1964, 1970 թվականներին Հ.Խ. Բունիաթյանը ԱՄՆ-ի ազգային ակադեմիայի հրավերով եղել է Միացյալ Նահանգներում, որտեղ գիտահետազոտական տարբեր կենտրոններում հանդես է եկել գրախոսություններով` նվիրված ուղեղում ամինաթթուների փոխանակությանը: Հ.Խ. Բունիաթյանը հատկապես մեծ ավանդ է ներդրել նեյրոքիմիայի զարգացման բնագավառում: Նա հեղինակ է 200-ից ավելի գիտական աշխատությունների:

Ակադեմիկոս Բունիաթյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական համաժողովների /Ավստրիա, Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Հունգարիա, ԳՖՀ, Շվեդիա, Դանիա, Կանադա/: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 17 դոկտորական և 58 թեկնածուական ատենախոսություններ:

Կուսակցությունը և կառավարությունը բարձր են գնահատել ակադեմիկոս Հ.Խ. Բունիաթյանի ծառայությունները: Նա պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով և մեդալներով:

Հ.Խ. Բունիաթյանի մահից երկու ամիս առաջ ընդունվեց ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի որոշումը ՍՍՀՄ ԳԱ և ՀՍՍՀ ԳԱ օրգանի` «Նեյրոքիմիա» համամիութենական նոր հանդեսի հրատարակության մասին Հայաստանում: Այդ հանդեսի ստեղծումը ակադեմիկոս Բունիաթյանի և Հայաստանի կենսաքիմիկոսների ծառայության ակնհայտ գնահատումն է և նշանակալից ներդրումը նեյրոքիմիայի մի շարք ուղղությունների զարգացման ասպարեզում:

Գիտական լայն մտահորիզոնը, բարձր կուլտուրան և մարդկային մեծ հմայքը ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Հ.Խ. Բունիաթյանին արժանացրել են հանրապետության և ամբողջ երկրի գիտական հասարակայնության խորը Հարգանքին և համընդհանուր ճանաչմանը: