Cover Image
aizvērt šo grāmatuՋրբաշյան Ռուբեն Տիգրանի (1934-)
Skatīt dokumentuՌ. Տ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՌ. Տ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Տիգրանի Ջրբաշյանը ծնվել է 1935 թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1957 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը երկրաբանական հանույթ և օգտակար հանածոների հանքավայրերի որոնում մասնագիտությամբ, ինժեներ-երկրաբանի որակավորմամբ և ընդունվել է աշխատանքի ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտում որպես լաբորանտ։
1958-61թթ. Ռ. Ջրբաշյանը ուսանել է ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1962-67 թթ. աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող։
1964 թ. ԽՍՀՄ ԳԱ հանքավայրերի երկրաբանության, քարագիտության և երկրաքիմիայի ինստիտուտում (Մոսկվա) պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ նվիրված Հայաստանի հնահրաբխականության հարցերին և ստացել երկրաբանահանքագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1968-73 թթ. եղել է ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտ. քարտուղարը, 1974-89 թթ. աշխատել է որպես ավագ գիտաշխատող (ավագ գիտաշխատողի գիտական կոչումը՝ ապարագրություն, քարաբանություն (քարագիտություն), հանքաբանություն (հանքագիտություն) մասնագիտությամբ), իսկ 1989-91 թթ. եղել է հրաբխագիտության լաբորատորիայի վարիչը։
1990 թ. ԽՍՀՄ Երկրաբանության մինիստրության Կովկասյան բաժանմունքի ինստիտուտում (Թբիլիսի) պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Միջերկրածովային գոտու կենտրոնական հատվածի պալեոգենի հասակի հրաբխականության պրոբլեմների վերաբերյալ և ստացել երկրաբանահանքագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1991 թ. ստանձնել է ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։
1992 թ. դարձել է տնօրենի պաշտոնակատար, իսկ 1993 թ. ստանձնել է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Ռ. Ջրբաշյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են հրաբխականության հետ առնչվող տարբեր ուղղություններ՝ հրաբխային զանգվածների երկրաբանական կառուցվածքը, նրանց առաջացման պայմանները, նյութական կազմը և ֆորմացիոն պատկանելությունը, հրաբխականության զարգացման առանձնահատկությունները և օրինաչափությունները երկրաբանական պատմության ընթացքում, այդ առնչությամբ օգտակար հանածոների առաջացման պայմանները և այլն։
Այդ հարցերին նվիրված 50-ից ավելի գիտական հոդվածներ, համահեղինակությամբ 5 մենագրություն և 12 ձեռագիր գիտական հաշվետվություն հրապարակվել են Հայաստանի, ԽՍՀՄ պարբերական գիտական մամուլում, ժողովածուներում։
Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել ու զեկուցվել են միջազգային, համամիութենական և ռեգիոնալ գիտաժողովներում։ Խոշոր համամիութենական գիտական ծրագրի շրջանակներում որպես հեղինակ և խմբագիր մասնակցել է ԽՍՀՄ տարածքի մեզոկայնոզոյան հասակի հնահրաբխային քարտեզների կազմմանը։
Ռ. Ջրբաշյանը գիտական գործունեությանը զուգահեռ իրականացնում է նաև մեծ գիտակազմակերպչական և հասարակական աշխատանք, որպես Կովկասի հնահրաբխականության հանձնախմբի նախագահ և միութենական հնահրաբխականության հանձնաժողովի անդամ աշխատում է տարբեր գիտական խորհուրդներում արտասահմանյան գիտնականների հետ գիտական կապերի հաստատման ուղղությամբ։
Ռ. Ջրբաշյանը բարձր որակավորում և լայն մտահորիզոն ունեցող մասնագետ է, ով վաստակած հեղինակություն և հարգանք է վայելում ինստիտուտի կոլեկտիվում և երկրաբանական ծառայության շրջաններում։