Cover Image
close this bookՂանալանյան Արամ Տիգրանի (1909-1983)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սովետահայ բանագիտական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Արամ Տիգրանի Ղանալանյանը ծնվել է 1909 թ. փետրվարի 12-ին Ախալցխայում /Վրաստան/:

Յոթնամյա կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի 72-րդ միջնակարգ աշխատանքային դպրոցում, որն ավարտել է 1925 թվականին: 1924-1926 թթ. բանաստեղծություններ է տպագրել «Կարմիր ծիլեր» ամսագրում և «Մարտակոչ» թերթի հավելված «Գրական շաբաթ»-ում` Աղանի և Արամ Արման ծածկանուններով:

1927 թ. Ա. Ղանալանյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Այստեղ սովորելիս նա առանձին հետաքրքրություն է ցուցաբերում հայ ժողովրդական բանահյուսության նկատմամբ և այդ առարկայի դասախոս Մանուկ Աբեղյանի ղեկավարությամբ խորամուխ լինում հայ բանագիտության մեջ: Համալսարանն ավարտելուց հետո` 1932-1943 թթ. Ա. Ղանալանյանը աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության, պատմության և գրականության, ապա ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտներում` սկզբում իբրև կրտսեր, իսկ 1939 թվականից` իբրև ավագ գիտական աշխատակից:

Այդ տարիներին նա զբաղվել է բանագիտական տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ, գրի է առել «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի երկու նոր պատումներ, Մ. Աբեղյանի և Գ. Աբովի հետ միասին մասնակցել է «Սասունցի Դավիթ» հյուսվածո-համահավաք բնագիրը կազմելու աշխատանքներին, պատրաստել է «Դավիթ և Խանդութ» ու «Փոքր Մհեր» ճյուղերի բնագրերը, հրապարակել «Սասունցի Դավիթ» և «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու ստեղծագործությունը» ուսումնասիրությունները, «Հայ շինականի աշխատանքի երգերը» գիրքը:

1943 թ. Ա. Ղանալանյանի նախաձեռնությամբ Հայկական ՍՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում ստեղծվում է հայ ժողովրդական բանահյուսության բաժինը, որի վարիչ է նշանակվում Ա. Ղանալանյանը և գլխավորում է այն մինչև կյանքի վերջը, շարունակում է աշխատել նույն ինստիտուտում` իբրև ավագ գիտական աշխատակից:

Արամ Ղանալանյանի գիտահետազոտական աշխատանքները հայ ժողովրդական բանահյուսության բնագավառում ընդգրկում են հետևյալ ուղղությունները` բանահյուսական նոր նյութերի հայտնաբերում և գրառում, բանահյուսական նյութերի գիտական համահավաք թեմատիկ ժողովածուների պատրաստում, բանահյուսության պատմության ու տեսության հարցերի լուսաբանում, ժողովրդական բանահուսության և գրականության փոխադարձ կապերի բացահայտում: Դեռևս ուսանողական տարիներին Մ. Աբեղյանի հանձնարարությամբ Ա. Ղանալանյանը պատրաստում է հայ ժողովրդական բանահյուսության մատենագիտություն, ապա և գրի առնում ժողովրդական բանահուսության նմուշներ /«Սասնա ծռեր» էպոսի նոր պատումներ, աշխատանքային երգեր, առածներ ու ասացվածքներ, ավանդություններ և այլն/:

Արամ Ղանալանյանը առանձնապես կարևորում է բանահյուսության չուսումնասիրված տեսակների հետազոտությունը: Այդօրինակ աշխատություններից են «Հայ շինականի աշխատանքի երգերը», «Առածանի», «Ավանդապատում» գրքերը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է գիտական համահավաք թեմատիկ ժողովածու, ուր ներառված են բանահյուսական տվյալ տեսակին վերաբերող առկա բոլոր բնագիր-նյութերը / նախկինում հրապարակված և իր կողմից առաջին անգամ գրառած/` գիտականորեն խմբավորված, դասակարգված և համակողմանիորեն ուսումնասիրված: «Հայ շինականի աշխատանքի երգեր» գրքի «Ներածական» խորագրով ծավալուն ուսումնասիրության մեջ հեղինակը ժողովրդական երգերի մեջ տարբերակում է աշխատանքի երգերը` իբրև անմիջականորեն աշխատանքի, արտադրական պրոցեսների հետ կապված երգեր, որոնք ծնունդ են առել մարդու արտադրական գործունեության հետ միասին և շարունակվել են նաև հետագայում: Նրանց դերը եղել է` աշխատանքային շարժումների ռիթմականացման միջոցով թեթևացնել արտադրական պրոցեսները, տնտեսել աշխատավորների եռանդը:

Գյուղական աշխատանքի երգերի մեջ ուսումնասիրողը դասդասում է մի շարք ենթատեսակներ, որոնք իրարից տարբերվում են ներքին բովանդակությամբ, արտաքին կառուցվածքով, մեղեդու, երաժշտական ռիթմի և այն աշխատանքի համեմատությամբ, որին նրանք զուգակցվում են: Ըստ այս հատկանիշների էլ աշխատանքի երգերը նա խմբավորում է հետևյալ տեսակների մեջ. Հորովելներ /գութանի և չութի երգեր/, սերմնացանի երգ-աղոթքներ, տափանի, հնձի երգեր, սայլի / սայլվորի / երգեր, քաղհանի, չանաքի երգեր, կալի, կովկիթի, խնոցու, սանդերքի, գզրոցի և այլ երգեր: «Ներածականում» քննվում են աշխատանքի երգերի մեղեդու և ռիթմի հարցերը, բովանդակության սոցիալական և մյուս մոտիվները, հայ շինականի աշխատանքի երգերի գրական տեսակները կամ մշակումները և այլն:

Գրքի երկրորդ մասը կազմում են աշխատանքի երգերի բնագրերը` քաղված բանահյուսական ժողովածուներից, պարբերական մամուլի Էջերից և գիտնականի`1929-1935 թթ. ընթացքում գրի առած նմուշներից, որոնք դասավորված են ըստ իր իսկ կողմից բացահայտված ենթատեսակների:

Հայ շինականի աշխատանքի երգերն առաջին անգամ էին ի մի հավաքվում, առավել ևս` առաջին անգամ ամբողջական, բազմակողմանի և խոր հետազոտության նյութ դառնում: Գիրքը դեռևս ձեռագիր վիճակում, 1935 թ., արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակին: Ա. Ղանալանյանի պատրաստած բանահյուսական նյութերի գիտական համահավաք թեմատիկ ժողովածուներից երկրորդը 1951 թ. լույս ընծայած «Հայկական առածանին» է, որ բովանդակում է հայկական առածների ու ասացվածքների հնարավոր ամբողջությունը` գիտականորեն դասդասված ու խմբավորված, և նրանց ամենամանրակրկիտ, բազմակողմանի խոր ուսումնասիրությունը, ուր վերլուծվում են հայ ժողովրդական առածների բովանդակությունն ու արվեստը: Առածներն ու ասացվածքները ժողովրդական բանահյուսության ամենատարածված ստեղծագործություններն են, գործ են ածվում ամեն առիթով ու ամեն ժամանակ, և դրա պատճառն այն է, որ անմիջական պատասխան են տալիս ժողովրդին հուզող բոլոր հարցերին: Դրանք, գիտնականի բնորոշմամբ` «պատկերավոր ու սեղմ ասույթներ են սոցիալական կյանքի, մարդկային բարքի և ժողովրդական կենցաղի ամենաբազմազան երևույթների վերաբերյալ»: Լինելով վիպական ժանրին պատկանող ստեղծագործություններ` «ի տարբերություն նույն վիպական ժանրի մյուս ստեղծագործությունների, որոնց մեջ կյանքի երևույթներն ու հարաբերությունները պատկերվում են ավելի կամ նվազ ծավալուն սյուժեի միջոցով, առածների ու ասացվածքների մեջ այդ արվում է չափազանց սեղմ բանաձև-ընդհանրացումներով»: Հետազոտողը բացահայտում է նաև առածների ու ասացվածքների տարբերությունը: Եթե առաջինները այլաբանական ստեղծագործություններ են, որոնց բուն միտքն արտահայտված է անուղղակի կերպով, ապա երկրորդները իրականությունը վեր են հանում ուղղակի ձևով: Առածների ու ասացվածքների այս բնութագիրը առաջին անգամ հայ գրականության մեջ տվել է Արամ Ղանալանյանը:

Առածներն ու ասացվածքները հորինվել ու պահպանվել են ժողովրդի գոյության ողջ ընթացքում: Դժվար, երբեմն էլ անհնարին է որոշել, թե որ առածը կամ ասացվածքը երբ է ստեղծվել, քանի որ դրանք «ընդհանրապես իբրև բանավոր ստեղծագործություններ, տեղեկանք չունեն իրենց հորինման ժամանակի վերաբերյալ», մանավանդ որ «այլաբանական հորինվածքներ են, սյուժե չունեն և արտահայտված են ծայրաստիճան սեղմ ձևի մեջ: Առածների ստեղծման ժամանակը որոշելու համար անհրաժեշտ է ճեղքել նրանց այլաբանական կեղևը, թափանցել նրանց բովանդակության խորքը, նկատի առնել վերջինիս մեջ եղած համապատասխան ուղղակի և անուղղակի տվյալներն ու ակնարկները»: Եվ ահա, Արամ Ղանալանյանին հաջողվել է իսկապես ճեղքել այդ այլաբանական կեղևը, թափանցել բազմաթիվ առածների ու ասացվածքների բովանդակության խորքը, որոշել նրանց հորինման ժամանակը, ցույց տալ հայ ժողովրդի քաղաքական կյանքի, հոգեկան նկարագրի և միջավայրի արտացոլումը առածների մեջ, ջոկել ինքնուրույն, ընդհանուր և փոխառյալ առածները, պարզաբանել նրանց լեզվի ու արվեստի հարցերը:

Գրքի երկրորդ բաժինը առածների ու ասացվածքների ժողովածուն է, որի նյութերը առնված են ազգագրական, գրական և այլ կարգի պարբերականներից, հայ գրողների երկերից, բանահյուսական ու ազգագրական տպագիր ու ձեռագիր ժողովածուներից և հեղինակի գրառումներից: Արամ Ղանալանյանը մշակել է ժողովածուի մեջ առածների ու ասացվածքների դասավորման ուրույն եղանակ: Սովորաբար նման ժողովածուներում նյութը դասավորվել է այբբենական կարգով: Այս դեպքում իրար հաջորդում են թե իմաստով և թե ընդհանրապես իրարից բոլորովին տարբեր առածներ և, ընդհակառակը, իրարից հեռացվում են այնպիսիք, որոնք սիզբնատառով տարբեր լինելով, իմաստով նույնական են: Այբբենական մեթոդը, այսպիսով, դժվար օգտագործելի է դարձնում ժողովածուի նյութը: Եթե հայտնի չէ փնտրվող իմաստի առածի սկզբնատառը, ապա այն գտնելու համար պետք է նայել գրեթե ողջ ժողովածուն: Այս մեթոդի մյուս թերությունն այն է, որ միևնույն առածի` տարբեր տառերով սկսվող նմանակներն ու փոփոխակները ցրվում են ժողովածուի տարբեր մասերում, դժվարացնելով նրանց կրած զարգացումն ու փոփոխությունները դիտելը: Ղանալանյանը մերժել է նաև առածների դասավորման առարկայական-անվանական եղանակը, որ տարածված է եղել եվրոպական մի շարք երկրներում: Այս եղանակի հիմնական թերությունը միևնույն թեմային վերաբերող առածների ցրումն է տարբեր տեղերում և տարբեր անունների տակ, ինչպես և սոցիալական մոտեցման բացակայությունը:

Հրաժարվելով այբբենական ու առարկայական եղանակներից, իր գրքում Ա. Ղանալանյանը առածներն ու ասացվածքները դասակարգել է իր իսկ մշակած մեթոդով` ըստ նրանց հիմնական իմաստի և սոցիալական բովանդակության, ինչը լավագույնս իրականացված է «Հայկական առածանի» գրքում:

1960 թ. «Հայկական առածանին» հրատարակվեց երկրորդ անգամ` «Առածանի» խորագրով: Այստեղ կատարված է ժողովածուի բաժինների վերադասավորում և ավելացված է մի ամբողջ բաժին` «Լրացում» վերնագրով, որ պարունակում է շուրջ 600 նոր առած-ասացվածք: «Առածանին» ի տարբերություն նախորդ հրատարակության, ունի մանրամասն առարկայական ցանկ, իմաստային-թեմատիկ ու անվանական ուղեցույց ցանկեր, որտեղ վերծանված ու բացահայտված են բոլոր առածների այլաբանական նշանակությունները: Այդ ցանկերը հեշտացնում են համապատասխան առածների ու ասացվածքների որոնումն ու օգտագործումը:

Թեմատիկ երրորդ ժողովածուն` «Ավանդապատումը», բովանդակում է ավելի քան 900 ավանդություն` 400 տարբերակով, որ տասնամյակների ընթացքում քաղվել են հարյուրավոր տպագիր ու ձեռագիր զանազան աղբյուրներից` միջնադարյան մատենագիրների երկերից, ազգագրական, բանահյուսական ժողովածուներից, հնախոսական, տեղագրական և ուղեգրական աշխատություններից: Ամբողջ նյութը տեղադրված է 2 բաժնում` ստուգաբանական-բացատրական ավանդություններ / 11 ենթաբաժիններով/, և վարքագրական ավանդազրույցներ / 4 ենթաբաժիններով/: Բնագրին նախորդում է ընդարձակ «Ուսումնասիրությունը», ուր հեղինակը տարբերազատելով ավանդությունները բանարվեստի մյուս տեսակներից, բնորոշում է դրանք որպես բանավոր արձակի փոքր ծավալի ստեղծագործություններ, որոնց մեջ արտացոլված են երկրի բնաշխարհի բնորոշ առանձնահատկությունները` սերտորեն կապված ու զուգորդված ժողովրդական հավատալիքների, ժողովրդի կենցաղի, նրա սոցիալ-տնտեսական, աշխատանքային, հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի երևույթների ու հասկացությունների հետ: Ուսումնասիրության մեջ հանգամանորեն պարզաբանվում են ավանդությունների տեսակները, ժանրային առանձնահատկությունները, նրանց պատմական ու ճանաչողական, ինչպես և գաղափարական ու գեղարվեստական արժեքը, ապա մանրամասն ու համակողմանիորեն քննարկվում են հայոց ազգային ավանդությունները:

Արամ Ղանալանյանին զբաղեցրել են բանագիտական ուրիշ խնդիրներ ևս: Նրա ուշադրության կենտրոնում է եղել հայ ժողովրդական էպոսը` «Սասունցի Դավիթը»: Բացի էպոսի նոր պատումներ գրի առնելուց, նա զբաղվել է նաև էպոսի ուսումնասիրությամբ և հրատարակել է «Սասունցի Դավիթը» և «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու ստեղծագործությունը» աշխատությունները: Նրա մի շարք աշխատություններ նվիրված են բանագիտության տեսության և պատմության հարցերին, ինչպես` «Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր», «Գարեգին Սրվանձտյան», «Մանուկ Աբեղյանի կյանքն ու գործունեությունը» և այլն:

Գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց Արամ Ղանալանյանը երկար տարիներ զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: 1934-1951 թթ. նա Երևանի Խ. Աբովյանի անվան և հեռակա մանկավարժական ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կարդացել է հայ ժողովրդական բանահյուսություն առարկան` վայելելով իր սաների սերն ու համակրանքը: Ստեղծելով հայ բանագիտության մշակված դասընթաց` նա 1945-1946 թթ. հրատարակել է այդ դասընթացի 4 պրակներ / բուհական ձեռնարկի իրավունքով/: Բանագետների 60-ական թվականների սերնդի ներկայացուցիչները մեծ մասամբ եղել են Արամ Ղանալանյանի ուսանողներն ու ասպիրանտները, գիտությունների թեկնածուի ու դոկտորի գիտական աստիճաններ են ստացել նրա ղեկավարությամբ: 1965-1983 թթ. Արամ Ղանալանյանը ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն է եղել` մեծ սիրով ու նվիրածությամբ կատարելով իր պարտականությունները, խորհուրդներով օգնելով երիտասարդ մասնագետներին:

Հայագիտության երախտավորը, գիտության նվիրյալը միաժամանակ ազնիվ ու անաչառ քաղաքացու կերպար էր: