Cover Image
close this bookՍարգսյան Վլադիմիր Սարգսի (1935-2013)
View the documentՎլ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎլ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՊրոֆեսորՎլադիմիր Սարգսի Սարգսյանը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառի հանրաճանաչ մասնագետ է։ Նա էական ներդրում ունի գիտության այդ ճյուղի զարգացման մեջ, որը սերտ կապված է ժամանակակից տեխնիկայի և մեխանիկայի այլ բնագավառների նորագույն հարցերի լուծման հետ։
Վ.Ս. Սարգսյանի գիտական հետազոտությունները վերաբերում են անիզոտրոպ, անհամասեռ մարմինների մեխանիկայի մի շարք ժամանակակից հարցերին.
1.կոմպոզիտ նյութերից պատրաստված կառուցվածքների ամրություն, լարումների բաշխում,
2.կառուցվածքների՝ ձողերի, սալերի, թաղանթների, ձևի ու նյութի օպտիմալ նախագծում, տատանման օպտիմալ կայունացում,
3.անհամասեռ, անիզոտրոպ սալերի ու թաղանթների կայունության, տատանումների, ծռման,
ջերմաառաձգականության ու հարվածի տեսություններ, 4.անիզոտրոպ, անհամասեռ միջավայրերի դինամիկական խնդիրներ՝ կենտրոնացված իմպուլսների առկայությամբ, ալիքների տարածում,
5.առաձգական վերադիրներով առաձգական մարմինների կոնտակտային խնդիրներ,
6.տարբեր կորագծային անիզոտրոպիայով օժտված առաձգականության տեսության եզրային խնդիրներ, երբ տիրույթի եզրագծերը չեն համընկնում անիզոտրոպիայի առանցքների հետ,
7.սողքի և պլաստիկության տեսության ժամանակակից խնդիրներ։
Անիզոտրոպ, անհամասեռ մարմինների առաձգականության տեսության բազմաթիվ հարցերի ու խնդիրների լուծման համար էական նշանակություն ունեն նրա կողմից առաջարկված, զարգացված ու ընդհանրացված ֆիզիկական ու երկրաչափական փոքր պարամետրերի մեթոդները, ինտեգրոդիֆերենցիալ հավասարումների, ֆունկցիոնալ անալիզի կիրառությունների հիման վրա կառուցված թվային եղանակը, մաթեմատիկական ֆիզիկայի ոչ ստացիոնար խնդիրների լուծման համար ստացված փոփոխականների անջատման մեթոդի նոր մոդիֆիկացիան և այլ եղանակները։ Առաջարկված մեթոդների ու թվային եղանակների հիման վրա Վ.Ս. Սարգսյանը ուսումնասիրել է առաձգականության տեսության մի շարք արդիական խնդիրներ՝ անիզոտրոպ, անհամասեռ ու համասեռ առաձգական մարմինների ոլորման, ծռման ու հարթ խնդիրներ, անիզոտրոպ սալերի ծռում, գազում գերձայնային արագությամբ շարժվող սալերի ծռում, ջերմային լարումները անիզոտրոպ սալերում, սալերի ու թաղանթների կայունություն ու տատանումներ, անիզոտրոպիայի ու անհամասեռության ազդեցությունը անցքերով մարմինների լարվածային վիճակի վրա, գնդի ընդլայնական հարվածը անիզոտրոպ սալին ու թաղանթին, կառուցվածքների՝ ձողերի, սալերի, թաղանթների օպտիմալ նախագծում, սալերի և թաղանթների տատանողական շարժման օպտիմալ կայունացում՝ լրիվ էներգիայի մինիմալացման շնորհիվ, երբ ղեկավարվող ազդեցությունը կիրառված է սալի (թաղանթի) վերին մակերևույթի վրա (ընդ որում կայունացվող ազդեցությունը և Լյապունովի ֆունցիաները որոշված են Լյապունով-Բելմանի հավասարումներից)։ Ֆունկցիոնալ անալիզի մեթոդների կիրառությամբ՝ օգտվելով Ս.Սոբոլևի ներդրման թեորեմներից տրվել են վերոհիշյալ մեթոդների մաթեմատիկական խիստ հիմնավորումները։
Լայն է Վ.Ս. Սարգսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Էական արդյունքներ են ստացվել ճեղքերից թուլացված ամրակցված առաձգական կիսահարթությունների կոնտակտային խնդիրների, ծռման ու սահքի տակ աշխատող շերտավոր, անիզոտրոպ սալերի ու թաղանթների օպտիմալ նախագծման, կենտրոնացված իմպուլսների ազդեցության տակ անիզոտրոպ միջավայրերի դինամիկական խնդիրների ուսումնասիրման , ալիքների տարածումը անհամասեռ միջավայրերում (Լյավի և Ռելեի խնդիրների ընդհանրացմամբ)։
Կիրառական մեծ հետաքրքրություն են ներկայացնում տարբեր տիպի կորագծային անիզոտրոպիայով օժտված առաձգականության մաթեմատիկական տեսության այն խնդիրները, որոնց տիրույթների համապատասխան եզրագծերը չեն համընկնում անիզոտրոպիայի գլխավոր առանցքների հետ։ Օգտագործելով ֆիզիկական փոքր պարամետրի մեթոդը և խնդրի համապատասխան դիֆերենցիալ հավասարման ինվարիանտի տարբեր մոտարկումների դեպքում լուծումները կառուցված են Մատեի և Հիլի ֆունկցիաների միջոցով։ Առաձգականության տեսության կոնտակտային խնդիրների բնագավառում Վ.Ս. Սարգսյանի հետազոտությունները նվիրված են առաձգական վերադիրներով անիզոտրոպ կիսահարթությունների կոնտակտային խնդիրներին, բեռի փոխանցմանը ստրինգերից երկու ամրակցված շերտերին, անվերջ, կտոր առ կտոր համասեռ ներդիրով ու ճեղքերով առաձգական հարթությունների կոնտակտային խնդիրներին և այլն։ Կոնտակտային փոխազդեցությունը իզոտրոպ և անիզոտրոպ կիսահարթության ու բարակ շերտով սոսնձված վերջավոր և անվերջ ստրինգերով (ընդունելով ստրինգերների դեֆորմացիաների և լարումների կապը ինչպես գծային, այնպես էլ ոչ գծային)։
Նրա կողմից կիրառվել են ինտեգրալ և ինտեգրոդիֆերենցիալ, Համերշտեյնի տիպի ոչ գծային ինտեգրալ հավասարումների, օրթոգոնալ բազմանդամների ընդհանրացված ֆունկցիաների մաթեմատիկական մեթոդները։ Ուսումնասիրված է լարումների բաշխումները առաձգամածուցիկ անիզոտրոպ կիսահարթության վրա կոշտ դրոշմի տակ։ Կիրառելով Լապլասի ձևափոխությունը, այնուհետև հակադարձ ձևափոխության համար՝ Դիրիխլեի շարքերի վերածման տեսությունը և էքսպոնենցիալ ֆունկցիաների օրթոգոնալացումը, ըստ Էրդելիի վերջավոր տեսքի, ստացված են Դիրիխլեի շարքի գործակիցները՝ կախված ձևափոխման պարամետրի դիսկրետ արժեքներից։ Հետաքրքիր արդյունքներ են ստացված նաև կոնտակտային ոլորման խնդիրներում՝ սողքի (առաձգամածուցիկության) և պլաստիկության հաշվառումով։
Վ.Ս. Սարգսյանը 1957թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը, 1962թ.Մոսկվայի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1972թ. Կազանի համալսարանում՝ դոկտորական ատենախոսությունները։
Պրոֆեսոր Վ.Ս. Սարգսյանը իր՝ շուրջ 40 տարիների գիտական գործունեության ընթացքում հրատարակել է մոտ 300 գիտական աշխատանքներ, հոդվածներ (հանրապետական և արտասահմանյան հեղինակավոր գիտական հանդեսներում), այդ թվում 6 մենագրություն, 2-ը արտասահմանում։
Վ.Ս. Սարգսյանի հիմնական գիտահետազոտական արդյունքները բազմիցս զեկուցվել և ներկայացվել են գիտական կոնֆերանսներում, սիմպոզիումներում և սեմինարներում. ինչպես նախկին Սովետական Միության գիտական կենտրոններում, այնպես էլ արտասահմանում (Գերմանիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Սիրիա, Եգիպտոս, Չինաստան, Ֆրանսիա, Բելգիա)։
Պրոֆեսոր Վ.Ս. Սարգսյանը ստեղծել է անհամասեռ անիզոտրոպ մարմնի առաձգականության տեսության գիտական դպրոց։ Նրա անմիջական գիտական ղեկավարությամբ պաշտպանել են 45 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություններ, ինչպես մեր հանրապետությունից, այնպես էլ արտասահմանից (Չեխոսլովակիա, Լեհաստան, Վիետնամ, Եգիպտոս, Սիրիա, Ուզբեկստան)։
Վ.Ս. Սարգսյանը ընտրվել է Սլովակիայի գիտությունների ակադեմիայի մեխանիկների ընկերության անդամ (1980թ. Բրատիսլավա), ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ (1985թ.), մեխանիկայի և մաթեմատիկայի համագործակցության Միջազգային ընկերության անդամ (1985թ., Անգլիա), ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի կոմիտեի «Ամրության և քայքայման» գիտական խորհրդի անդամ (1986), ԽՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրությանտեսական մեխանիկայի մեթոդական խորհրդի նախագահության անդամ և Անդրկովկասյան բյուրոյի նախագահ (1989թ.), Ռուսաստանի ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ (1993թ.), «Արարատ» Միջազգային ակադեմիայի թղթակից Անդամ (1993թ., Փարիզ), ՀՀ ճարտարագիտական Ակադեմիայի ակադեմիկոս (1994) և այլն։
Միջազգային գիտական կապերի ամրապնդման և կադրերի պատրաստման գործում կատարած աշխատանքների համար Վ.Ս. Սարգսյանը պարգևատրվել է Բրատիսլավայի համալսարանի Կոմենսկու անվան ոսկե մեդալով։Անիզոտրոպ մարմինների Առաձգականության մաթեմատիկական տեսության ընդհանուր հարցերի դասախոսությունների շարք է կարդացել Բրատիսլավայի. Պրագայի, Բուդապեշտի, Վարշավայի, Մանուֆեայի և Էլ-Մանսուրի (Եգիպտոս), Հալեպի և Լաթակիայի (Սիրիա) համալսարաններում, Պրագայի մեխանիկների, Բրատիսլավայի ֆիզիկամաթեմատիկական Ընկերություններում, ինչպես նաև նախկին Սովետական Միության մի շարք համալսարաններում։
Վ.Ս. Սարգսյանը որպես փորձագետ մասնակցել է Եվրոպական տնտեսական համագործակցության գիտական ծրագրերի կազմակերպմանը ու մրցույթի անցկացմանը (1994թ., Բրյուսել)։
Պրոֆ. Վ.Ս. Սարգսյանը մեծ ավանդ ունի Հայաստանում մեխանիկայի զարգացման գործում։ Ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս մեխանիկոսներին հայտնի է արդեն 30 տարի գործող «Հոծ միջավայրի մեխանիկայի սեմինարը» (ղեկավարներ՝ ակադեմիկոս Ս.Ա. Համբարձումյան և պրոֆեսոր Վ.Ս. Սարգսյան)։ 1981թ. նա արժանացել է ՀՀ գիտության «Վաստակավոր գործչի» կոչման։
Նա շուրջ 20 տարի ղեկավարել է ԵՊՀ-ում գործող «ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի աստիճան շնորհող մասնագիտացված» խորհուրդը («դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ )։
Վ.Ս. Սարգսյանը եղել է «Մեխանիկա» միջբուհական հանդեսի խմբագիրը, «ԵՊՀ գիտական տեղեկագիր», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր», «Մեխանիկա» հանդեսների խմբագրական կոլեգիայի անդամ, մաթեմատիկայի և մեխանիկայի մեթոդական խորհրդի անդամ, ԵՊՀ-ի մեխանիկայի ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ։
Նա երկար տարիներ գլխավորել է հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնը (1978թ.-ից), որը պատրաստում է երիտասարդ մեխանիկոս մասնագետներ հանրապետության տնտեսության, բարձրագույն կրթության, գիտության զարգացման համար։ Նա 1957թվականից դասախոսություններ է կարդում Երևանի պետական համալսարանում։ Վ.Ս. Սարգսյանը մայրենի լեզվով հրատարակել է ուսումնական ձեռնարկներ՝ «Հոծ միջավայրի մեխանիկա», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ», «Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում» (համահեղինակ Ս.Հ. Սարգսյան), ինչպես նաև «Կառուցվածքների օպտիմալ նախագծում» գիրքը (համահեղինակ Բ.Պ. Գեղամյան), կազմել է ձեռնարկ (4 հատոր) «Տեսական մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» (համահեղինակներ՝ Մ.Ս. Մանուկյան, Մ.Ս. Գաբրիելյան, Մ.Մ. Մինասյան) և այլն։
Հատկապես պետք է նշել Վ.Ս. Սարգսյանի Գիտակազմակերպչական աշխատանքը։Նա բազմիցս եղել է դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի ինչպես միութենական, այնպես էլ միջազգային կոնֆերանսների կազմակերպիչներից (կազմկոմիտեի նախագահ, նախագահի տեղակալ, անդամ)։
Գիտությանը մատուցած ծառայությունների համար, անձնվեր աշխատանքի համար Երևանի պետական համալսարանի խորհուրդը առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Հոծ միջավայրի մեխանիկայի» ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեոսր Վ.Ս. Սարգսյանի թեկնածությունը ՀՀ ԳԱԱ իսկական անդամ ընտրելու համար «մեխանիկա» մասնագիտությամբ։ 1994թ. Վ.Ս. Սարգսյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։