Cover Image
close this bookՄիրզոյան Լյուդվիկ Վասիլի (1923-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լյուդվիկ Վասիլի Միրզոյանը ծնվել է 1923 թ. մայիսի 1-ին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիլիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1942-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո 1947 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիլիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, աշխատանքի ընդունվել Բյուրականի նորաստեղծ աստղադիտարանում և եռանդուն մասնակցություն ունեցել աստղադիտարանի փաստացի հիմնադրման և կայացման գործին։
1949 թ.-ից սկսվում է նրա բեղմնավոր մանկավարժական գործունեությունը Երևանի համալսարանում։ Նա դասավանդել է նաև Երևանի ռուսական մանկավարժական (ներկայումս Բրյուսովի անվան օտար լեզուների) ինստիտուտում։ Բյուրականի աստղադիտարանի ներկա սերունդը, գրեթե բոլորը, Լ. Վ. Միրզոյանի աշակերտներն են։
1951 թ.-ից Վ. Հ. Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ Լ. Վ. Միրզոյանը հաջողությամբ պաշտպանում է վաղ սպեկտրալ դասի աստղերի սպեկտրալուսաչափական ուսումնասիրությանը նվիրված ատենախոսական աշխատանքը և ստանում է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1953 թ.-ին նա նշանակվում է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար, իսկ 1959-ին՝ տնօրենի տեղակալ, այդ, պաշտոնում աշխատելով ավելի քան քառորդ դար։ Այդ ընթացքում Բյուրականի աստղադիտարանի գիտական կյանքի, բազմաթիվ և բազմաբնույթ գիտական կոնֆերանսների և սիմպոզիումների բարեհաջող ընթացքը զգալիորեն պայմանավորված էր Լ. Վ. Միրզոյանի գիտակազմակերպական գործունեությամբ։ 1965 թ.-ից նա միաժամանակ ղեկավարում է Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, որտեղ նրա անմիջական ղեկավարությամբ կատարվում են երիտասարդ անկայուն աստղերի և աստղային օբյեկտների ուսումնասիրություններ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքները ամփոփվել են Լ. Վ. Միրզոյանի ասպիրանտների և աշխատակիցների ատենախոսական աշխատանքներում։ Այդ ասպիրանտների թվում են նաև գիտնականներ Վրաստանից, Ուզբեկստանից, Հունգարիայից, Բուլղարիայից։ Նույն թվականին սկսվում է նրա խմբագրական գործունեությունը նոր ստեղծված “Աստղաֆիզիկա” համամիութենական պարբերականում, սկզբում որպես գլխավոր խմբագրի տեղակալ, հետագայում՝ գլխավոր խմբագիր։ Հանրապետության համար ծանր տարիներին (1991-94 թթ.) հիմնականում Լ. Վ. Միրզոյանի ջանքերի շնորհիվ “Աստղաֆիզիկա” հանդեսը շարունակեց լույս տեսնել և նորից վայելել նախկին հեղինակությունը։
Լ. Վ. Միրզոյանի խմբագրական գործունեությունը չի սահմանափակվել “Աստղաֆիզիկա” հանդեսով։ Սկսած 50-ական թվականների կեսերից նրա խմբագրությամբ լույս են տեսել բազմաթիվ գիտական մենագրություններ, միջազգային կոնֆերանսների և սիմպոզիումների նյութեր, գիտահանրամատչելի գրքեր։
1968 թ.-ին Լ. Վ. Միրզոյանը Լենինգրադի պետական աստղադիտարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսական աշխատանքը՝ նվիրված երիտասարդ աստղերի ֆիզիկային և կինեմատիկային։ Նրան շնորհվում է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1970 թ.-ից նա պրոֆեսոր է, նախկին ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ է, Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ 1970-1975 թթ. եղել է Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտի անդամ-խորհրդական։ 1986 թ.-ին Լ. Վ. Միրզոյանը ընտրվում է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Լ. Վ. Միրզոյանը տասնյակ գիտական մենագրությունների, աստղագիտական դասագրքերի և գիտահանրամատչելի ձեռնարկների հեղինակ է։ Այդ մենագրություններում նա առավել ամփոփ կերպով ներկայացրել է բյուրականյան ուղղության և նրա հիմնադրի՝ Վ. Հ. Համբարձումյանի դերը և նշանակությունը ժամանակակից աստղագիտության մեջ։ Զգալի է Լ. Վ. Միրզոյանի ավանդը Հայկական Սովետական Հանրագիտարանի (ՀՍՀ) ստեղծման գործում։ Նա եղել է ՀՍՀ-ի գիտահրատարակչական խորհրդի անդամ, աստղագիտության գիտաճյուղային խորհրդի նախագահ։ Նրա գրչին է պատկանում ՀՍՀ-ի հատորներում զետեղված աստղագիտական բնույթի հոդվածների մեծ մասը։ Իր գիտամանկավարժական գործունեության համար Լ. Վ. Միրզոյանին 1974 թ.-ին շնորհվում է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ Նա պարգևատրվել է նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Լ. Վ. Միրզոյանի գիտական գործունեության սկիզբը համընկավ երկու նշանակալի, ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացման համար բախտորոշ իրադարձության հետ։ Առաջինը դա Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումն էր, երկրորդը՝ Վ. Հ. Համբարձումյանի կողմից աստղառաջացման օջախների՝ աստղասփյուռների հայտնագործումը։ Աստղասփյուռների և նրանց աստղային բնակչության ուսումնասիրությունը դարձավ նաև Լ. Վ. Միրզոյանի գիտական գործունեության հիմնական առանցքը։ Նրա առաջին աշխատանքները նվիրված են վաղ դասի ջերմ OB աստղերի սպեկտրալուսաչափական ուսումնասիրությանը։
Օգտագործելով այն ժամանակ լայն տարածում գտած սպեկտրալուսաչափական գրադիենտների մեթոդը, Միրզոյանը առաջարկել է միջաստղային ընտրողական կլանման որոշման նոր մեթոդ, որի հիմքում ընկած է իր կողմից ստացված կապը OB աստղերի սպեկտրալուսաչափական գրադիենտների և գույնի ավելցուկների միջև։ Ցույց է տվել, որ տիեզերական կլանման միջին օրենքը նույնն է տարբեր հեռավորությունների վրա գտնվող Գալակտիկայի հարթությանը զուգահեռ շերտերում, ինչից հետևում է, որ միջաստղային կլանման համար պատասխանատու մասնիկների միջին չափը նույնն է գալակտիկական հարթությունից տարբեր հեռավորությունների վրա։ 60-ական թվականներին Միրզոյանի հիմնական աշխատանքները նվիրված են OB աստղասփյուռների ուսումնասիրությանը։ Այդ նպատակով մտցվեց “սինթետիկ” աստղասփյուռի հասկացությունը։ “Սինթետիկ” աստղասփյուռը իրենից ներկայացնում է OB աստղերի բոլոր հայտնի աստղասփյուռների և ենթախմբերի սուպերպոզիցիան։ Օգտագործելով 27 աստղասփյուռների և 744 O-B1 աստղի մասին հայտնի տվյալները, որոշվեց աստղասփյուռի միջուկի շուրջ O-B1 աստղերի տարածական բաշխման օրենքը և պարցիալ խտությունը։ Օգտագործելով 330 OB աստղերի տեսագծային արագությունների վերաբերյալ հայտնի տվյալները, Միրզոյանը որոշել է Արեգակի շարժման արագությունը և Օորտի կողմից առաջարկված, Գալակտիկայի պտույտը բնութագրող A հաստատունը։ A հաստատունի՝ Միրզոյանի կողմից ստացված արժեքը զգալիորեն փոքր էր այն ժամանակ ընդունված արժեքից և հետագայում ընդունվեց Միջազգային Աստղագիտական Միության կողմից։ Միրզոյանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է նաև K էֆեկտի պրոբլեմը։ Ցույց է տրվել, որ O-B0,5 աստղերի ենթահամակարգերի համար K անդամը, դրական լինելով մոտակա աստղերի համար, աստիճանաբար նվազում է Արեգակից ունեցած հեռավորության հետ և դառնում բացասական։ Նման վարքը, ըստ Միրզոյանի, խոսում է K էֆեկտի դինամիկական ծագման մասին։ Դիտարկելով լայնացող կամ սեղմվող հարթ համակարգի խնդիրը, Միրզոյանը ստացել է Օորտի բանաձևի նման բանաձև, ինչը թույլ է տալիս գնահատել լայնացման կամ սեղմման դիֆերենցիալ էֆեկտը դիտվող տեսագծային արագությունների վրա։ Գալակտիկայի լայնացման Կեռի մոդելի շրջանակներում ստացված արդյունքները համեմատելով OB աստղերի մնացորդային տեսագծային արագությունների հետ, ցույց է տրվել, որ առաջին մոտավորությամբ K էֆեկտը կարելի է մեկնաբանել որպես աստղերի, այդ թվում և Արեգակի, ոչ ստացիոնար շարժման հետևանք։ 60-ական թվականների մասին խոսելիս, անպայման պետք է նշել նաև Միրզոյանի կողմից տեսագծային արագությունների միջոցով OB աստղասփյուռների լայնացումը հաստատող աշխատանքների շարքը։ Օգտագործելով “սինթետիկ” աստղասփյուռի մեթոդը, Միրզոյանին հաջողվեց ապացուցել աստղասփյուռների լայնացումը՝ օգտագործելով միայն տեսագծային արագությունները։ Ցույց տրվեց նաև, որ տեսագծային արագությունների միջինը և ցրումը աճում են աստղասփյուռի միջուկից ունեցած հեռավորության հետ։ Դա, իր հերթին, խոսում է այն ենթադրության օգտին, որ գալակտիկական դաշտում գտնվող OB աստղերը դուրս են շպրտվել մայր աստղասփյուռներից։
“Սինթետիկ” աստղասփյուռի մեթոդը օգտագործվել է նաև OB աստղերի առաջացման և զարգացման տեմպերը ուսումնասիրելու համար։ Վերլուծելով գոյություն ունեցող փաստերը և տվյալները, Միրզոյանը ցույց տվեց, որ աստղային խտության մոնոտոն նվազումը աստղասփյուռի կենտրոնից հետևանք է աստղերի անընդհատ առաջացման։ Մոնոտոն նվազման օրենքի շեղումը հակադարձ քառակուսային օրենքից, որը պետք է դիտվեր աստղառաջացման հաստատուն ինտենսիվության դեպքում, մեկնաբանելով որպես աստղերի ծերացման հետևանք, Միրզոյանին հաջողվեց գնահատել OB աստղերի կյանքի միջին տևողությունները։ Ցույց տրվեց նաև, որ աստղերի ծերածման պրոցեսը կարելի է դիտարկել որպես վիճակագրական։ 50-60-ական թվականների աշխատանքների մեջ զգալի մաս են կազմում որոշ անկայուն աստղերի սպեկտրում դիտվող անընդհատ առաքման ուսումնասիրությունները, ուր ցույց էր տրվել, որ անընդհատ առաքման գոյություն ունեցող հայտնի մեխանիզմները ի վիճակի չեն բացատրելու սպեկտրների դիտվող առանձնահատկությունները։ Եզրակացվել էր, որ դիտվող անընդհատ առաքումը ունի ոչ ջերմային բնույթ և առաջանում է աստղային մթնոլորտի արտաքին շերտերում ներաստղային էներգիայի անմիջական հետևանքով։ 1968 թ. Վ. Հ. Համբարձումյանի կողմից բռնկվող աստղերի ընդհանուր թվի գնահատման առաջարկված մեթոդը խթան հանդիսացավ բռնկվող աստղերի ուսումնասիրության համար։ Լ. Վ. Միրզոյանը դարձավ միջազգային ծրագրի շրջանակներում կատարվող այդ ուսումնասիրությունների փաստացի ղեկավարը։ Նրա անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Բուլղարիայի, Հունգարիայի աստղագետները հաջողությամբ իրականացրեցին բռնկվող աստղերի համակարգերի՝ Օրիոն, Բազումք, Մսուր և այլն, ինչպես նաև Արեգակի շրջակայքի բռնկվող աստղերի համալիր ուսումնասիրությունը։ 70-ական թվականների սկզբից կարմիր թզուկ աստղերի, հատկապես բռնկվող աստղերի, ուսումնասիրությունը Միրզոյանի գիտական աշխատանքներում դառնում է առանցքային։ Այդ բնագավառում Միրզոյանի և նրա աշխատակիցների կողմից ստացվել և հաստատվել են մի շարք հիմնարար արդյունքներ։ Բռնկումային կորերի հետազոտությունները Լ. Վ. Միրզոյանին բերեցին բռնկումային երևույթի ֆիզիկայի ըմբռնման համար կարևոր այն եզրակացությանը, որ դիտվող որոշ բռնկումներ կարելի է դիտարկել որպես առանձին բռնկումների պարզ վերադրում։
Բացի մոտակա աստղասփյուռների և աստղակույտերի բռնկվող աստղերից, հետազոտվել են նաև Արեգակի շրջակայքի բռնկվող աստղերը։ Միրզոյանի և աշխատակիցների կողմից ցույց է տրվել, որ նրանք ֆիզիկական համակարգ չեն կազմում, ինչպես ենթադրվել էր Համբարձումյանի կողմից, այլ հանդիսանում են մոտակա աստղասփյուռների և աստղակույտերի քայքայման հետևանքով դուրս նետված բռնկվող աստղեր։ Ցույց տրվեց նաև, որ ընդհանուր գալակտիկական դաշտում բացակայում են համեմատաբար բարձր լուսատվության բռնկվող աստղերը, որոնք առկա են աստղասփյուռներում և աստղակույտերում։ Ավելին, տվյալ աստղասփյուռի կամ աստղակույտի ուղղությամբ հայտնաբերված բռնկվող աստղերը մեծ մասամբ (>90%) հանդիսանում են վերջիններիս անդամներ, ինչը հավաստում է, որ թզուկ աստղի բռնկումային ակտիվությունը կարելի է դիտարկել որպես տվյալ աստղասփյուռին կամ աստղակույտին պատկանելու հուսալի հատկանիշ։ Այնուամենայնիվ, դաշտի աստղերը իրենց բնույթով որակապես չեն տարբերվում աստղասփյուռներում և աստղակույտերում գտնվող աստղերից։ Մասնավորապես, Միրզոյանի ղեկավարությամբ կազմակերպված աստղային բռնկումների միաժամանակյա դիտումները մի քանի աստղադիտակներով՝ ճառագայթման սպեկտրի տարբեր տիրույթներում, ապացուցեցին, որ բռնկումային ճառագայթման գույները միջինում նույնն են աստղասփյուռների և աստղակույտերի համեմատաբար բարձր լուսատվության բռնկվող աստղերի և Արեգակի շրջակայքում գտնվող ցածր լուսատվության բռնկվող աստղերի համար։ Դիտվող որոշ քանակական տարբերությունները հաջողությամբ բացատրվում են բռնկվող աստղերի համակարգերի տարիքային տարբերությամբ։ Դրա ապացույցն է Միրզոյանի և աշխատակիցների կողմից հաստատված կապը բռնկվող աստղերի համակարգի տարիքի և բռնկվող աստղերի միջին լուսատվության միջև։ Բռնկվող աստղերի վերաբերյալ Միրզոյանի կողմից կատարված աշխատանքները լիովին հաստատեցին Համբարձումյանի այն ենթադրությունը, որ կարմիր թզուկ աստղերի կյանքում բռնկումային ակտիվության փուլը օրինաչափ փուլ է։ 70-90-ականներին Միրզոյանի աշխատանքներում և մենագրություններում հիմնավորվեց և իր տրամաբանական ավարտուն տեսքն ստացավ կարմիր թզուկ աստղերի զարգացման նախաաստղ - T Tau դասի աստղ-բռնկվող աստղ-նորմալ աստղ հաջորդականությունը։ 70-ական թվականներին շարունակվեց նաև սպեկտրալ և լուսաչափական անսովոր վարք ցուցաբերող եզակի օբյեկտների (V1057 Cyg, FG Sge, RW Aur, SS Cyg) սպեկտրալուսաչափական ուսումնասիրությունը՝ կատարված ֆրանսիացի հայտնի աստղագետներ Շալոնժի և Դիվանի հեղինակությամբ։ Այդ աշխատանքների շարքում է նաև “Կոպերնիկոս” աստղագիտական արբանյակի օգնությամբ ստացված P Cyg աստղի ուլտրամանուշակագույն սպեկտրի ուսումնասիրությունը (համահեղինակներ՝ Համբարձումյան, Սնոու)։ Միրզոյանի գիտական հետազոտությունների շրջանակը չի սահմանափակվում միայն աստղասփյուռներով և երիտասարդ անկայուն աստղերով։ Այն զգալիորեն ավելի լայն ընդգրկում ունի՝ սկսած գիսավորներից մինչև քվազարներ և գալակտիկաների խմբեր։ Մասնավորապես այդ շարքում պետք է նշել Շահբազյանի կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերին նվիրված աշխատանքների շարքը՝ Համբարձումյանի, Արպի, Օստերբրոկի և այլոց հեղինակակցությամբ։ Միրզոյանի աշխատանքների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև բյուրականյան ուղղությունը ներկայացնող ընդհանուր բնույթի հոդվածները, որոնց զգալի մասը կատարված է Համբարձումյանի հեղինակակցությամբ։ 80-90-ական թվականները գիտական արդյունավետության տեսակետից հանդիսանում են Միրզոյանի լավագույն տարիները։ Այդ տարիներին շարունակվեցին հետազոտությունները բոլոր վերը նշված բնագավառներում, մշակվեցին, ամփոփվեցին և իմաստավորվեցին նախկինում ստացված հսկայական դիտողական նյութը և ստացված արդյունքները։ Ընդորում, լայնորեն օգտագործվել են ժամանակակից նորագույն սարքավորումների և աստղագիտական արբանյակների (ROSAT, HIPPARCOS) օգնությամբ ստացված տվյալները։ Միրզոյանի գիտական ոճը զերծ է ավելորդաբանություններից, տպավորություն թողնելու գայթակղությունից, աչքի է ընկնում շարադրանքի հստակությամբ և խստությամբ։ Դժվար է գերագնահատել նրա դերը աստղագետների նոր սերնդի գիտական աշխարհայացքի ձևավորման գործում։ Լյուդվիկ Վասիլի Միրզոյանը Բյուրականի աստղադիտարանը և բյուրականյան ուղղությունը հիմնադրած հայ աստղագետների առաջին՝ փայլուն սերնդի լավագույն ներկայացուցիչներից է, իսկ նրա ավանդը հայրենական ու համաշխարհային աստղագիտության մեջ՝ անուրանալի։