Cover Image
close this bookՔոթանյան Միքայել Խաչիկի (1927-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Խաչիկի Քոթանյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 1-ին Թալինի շրջանի / ՀՀ Արագածոտնի մարզ / Իրինդ գյուղում, սասունցու ընտանիքում:
1945 թ. ավարտել է Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1945-1950 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատանքի է անցել «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում` որպես ֆինանսիստ:
Նրա ասպիրանտական շրջանն անցել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում / Մոսկվա /, որտեղ էլ ծանոթացել է անվանի տնտեսագետ, հետագայում ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Արտաշես Առաքելյանի հետ, հանգամանք, որ նպաստել է Միքայել Քոթանյան գիտնականի կայացման կարևոր գործին:
Մ. Քոթանյանը 1956 թ. պաշտպանում է թեկնածուական, իսկ 1972-ին` դոկտորական ատենախոսությունները: Նրա գիտամանկավարժական գործունեությունն սկսվում է 1954 թ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում, իսկ 1958-1960թթ. ՀԿԿ Կենտկոմում դասախոսական աշխատանքով: Բեղմնավոր են եղել Մ. Քոթանյանի` Երևանի պետական համալսարանում, Երևանի ժողովրդական տնտեսության, պոլիտեխնիկական, գյուղատնտեսական ինստիտուտներում դասախոսական աշխատանքի տարիները:
Մ. Քոթանյանը պրոֆեսոր էր, նաև` հայ առաջին գիտնական-լրագրողներից, Հայաստանի ժուռնալիստների միության հնագույն անդամներից մեկը: 1960-1964 թթ. եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Այդ ամենին զուգընթաց` Մ. Քոթանյանի համար ամենակարևորը հայրենի գիտության զարգացմանը նպաստելն էր: Նրա գիտական գործունեությունը կապված էր հատկապես տնտեսագիտության առավել բարդ և խճճված այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին տեսական տնտեսագիտությունն էր:
Սկսած 1977 թվականից Հայաստանի Գիտությունների ակադեմիայում հայ տնտեսագետներին ակադեմիկոս Ա. Առաքելյանի հետ մեկտեղ ներկայացնում էր նաև ՀՀ ԳԱ թղթակից անդամ Միքայել Քոթանյանը: 1986 թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Նրա ջանքերի շնորհիվ է ստեղծվել Հայաստանի տնտեսագետների միությունը, որի ղեկավարն է եղել մինչև իր ողբերգական մահը:
Բազմաբովանդակ ու տարաբնույթ էին Քոթանյանի գիտակազմակերպական ընդգրկումների շրջանակները, իսկ այդ առաձգական շղթայում խիստ կարևոր էր նրա դերը որակյալ տնտեսագետ-կադերի պատրաստման գործում: Հայաստանի Հանրապետության գիտնական-տնտեսագետների ամենակայացած մասնագետները ակադեմիկոս Քոթանյանի սաներն են:
1987-1999 թթ. Միքայել Քոթանյանը ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտւտի տնօրենն է եղել:
Հագեցած և բուռն է եղել Մ. Քոթանյանի հասարակական-քաղաքական գործունեությունը: 1999 թ. նա թողնում է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը` ծավալելու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն, միաժամանակ եռանդուն մասնակցություն ապահովելու գիտամանկավարժական աշխատանքներում: Ակադեմիկոսը բազմիցս մեր երկրի տնտեսագիտական միտքը ներկայացրել է միջազգային ամենատարբեր գիտաժողովներում: Նրա` ավելի քան 100 գիտական աշխատություններում ամբողջանում է նորարարի միտք ու դիրքորոշում ունեցող գիտնականի ու ակտիվ քաղաքացու կերպարը:
Մ.Քոթանյանը Հայաստանի առաջին տնտեսագետ-գիտնականն էր, որ հանդգնեց վերանայել տնտեսագիտության տեսության շատ հարցեր` դուրս գալով նախկին քարացած բանաձևերի շրջանակներից:
«Գիտատեխնիկական հեղափոխությունը և տնտեսագիտական տեսությունը» աշխատության մեջ դրսևորվեց Մ. Քոթանյանի մտածողության անկախությունն ու առաջադիմական մոտեցումները, ըմբոստացումն այն իրողության դեմ, ըստ որի քաղաքատնտեսության ասպարեզում գիտնականները պարտավոր են հանդես գալ լոկ բացահայտողի դերում, հանգելով տնտեսական գործընթացների, կատեգորիաների և օրենքների մասին շատ պատկերացումների վերանայման խիստ անհրաժեշտությանը:
Միքայել Քոթանյանի վերջին ծավալուն ու մեծարժեք հետազոտությունը «Շուկայական էկոնոմիկա» աշխատությունն է, որը հանրապետությունում ձևավորվող շուկայական տնտեսության հասարակական, քաղաքական, տնտեսական հարցերի լուսաբանման բնագավառի հետազոտությունների շարքում լավագույններից է:
Ապրանքի արժեքի և գնի տնտեսագիտական բնորոշման վերաբերյալ Մ. Քոթանյանի հետազոտությունները գիտական մեծ արժեք են ներկայացնում: Սեփականատիրական հարաբերություններում սեփականության բազմաձևության տնտեսական և հասարակական անհրաժեշտությունը կարևորելով` նա սեփականությունը բնորոշում է որպես հասարակության զարգացման, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևավորման պայմաններից մեկը:
Հայաստանի համար` իբրև հողային աղքատ պաշարներ / ռեսուրսներ/ ունեցող երկրի, Մ. Քոթանյանը կարևորում է ոչ գյուղատնտեսական նպատակներով վարելահողի օգտագործումը օրենսդրորեն ամրագրելու խնդիրը իբրև պետական քաղաքականության առանցքային նշանակություն ունեցող հիմնահարց: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ակադեմիկոսի հետազոտությունները շուկայական տնտեսության պայմաններում մշակույթի, գիտության, կրթության դերի, գիտական հաստատությունների կարգավիճակին վերաբերող խնդիրները:
Ուսումնասիրելով սակավ հումքային բազա ունեցող մի շարք երկրների փորձը` Մ. Քոթանյանը հանգում է այն կարևոր եզրակացության, ըստ որի, տնտեսական անկախացման հզորացման և խոշոր ինտեգրացիոն կապերի հաստատման հիմքը արտադրությունը գիտականորեն զարգացնելն է, արդյունքները գիտականորեն մշակելը ու թողարկելը:
Նա գիտության կառավարման վարչական մեթոդները համարում է անընդունելի, նշելով, որ գիտության զարգացումը կարող է տեղի ունենալ միայն ինքնակառավարման համակարգի միջոցով, պետական աջակցության դերի առկայության անհրաժեշտության պայմաններում:
Ակադեմիկոս Միքայել Քոթանյանի ողբերգական մահը անդառնալի կորուստ էր Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի, քաղաքատնտեսության, ողջ ժողովրդի համար:
Գիտությանը և ժողովրդին ծառայելու նրա մեծ վաստակը բարձր գնահատելով` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը վերանվանվել է Միքայել Քոթանյանի անունով: Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Նրա անունով կրթաթոշակ է սահմանվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Միքայել Քոթանյանի անունով է կոչվել նրա հայրենի Իրինդ գյուղի միջնակարգ դպրոցը: