Cover Image
close this bookԴավթյան Գագիկ Ստեփանի (1909-1980)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ԴԱՎԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ԴԱՎԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մեր երկրի նշանավոր գիտնական - ագրոքիմիկոսներից և Հայաստանում ագրոքիմիայի հիմնադիրներից մեկը, հանրապետությունում արդյունաբերական հիդրոպոնիկայի տեսության զարգացման ու գործնական կիրառման նախաձեռնողը։ Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գագիկ Ստեփանի Դավթյանը ծնվել է 1909 թ.նոյեմբերի 20-ին Դիլիջանում, ուսուցչի ընտանիքում: Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո նա առաջիններից է ընդունվում Դիլիջանի գավառի պիոներական կազմակերպության մեջ և ակտիվորեն աշխատում որպես ջոկատավար ու հրահանգիչ: 1923 թ. եղել է Հայաստանի պիոներների առաջին համագումարի պատգամավոր, 14 տարեկանում ընդունվել է կոմերիտմիության շարքերը:

1926 թ. Դիլիջանի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո Գ.Ս. Դավթյանը կոմերիտմիության գավառային կոմիտեի կողմից գործուղվում է Երևանի պետական համալսարանում սովորելու: Երկրորդ կուրսից նա մասնակցում է պարարտացման կոլեկտիվ փորձերին, իսկ 1929 թվականից աշխատում է պրոֆեսոր Պ.Բ. Քալանթարյանի ղեկավարած ագրոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ:

1930 թ., հաջողությամբ ավարտելով համալսարանը, Գ.Ս. Դավթյանը գործուղվում է Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրան: Այնտեղ սովորելու տարիներին նա մասնակցում է Անդրկովկասի բամբակացան շրջանների հողերի քիմիացման համամիութենական արշավախմբի աշխատանքներին: Այդ տարիներին նա մշակում է կենդանի բույսերում նիտրատների որոշման մեթոդ և գրում “Հանքային պարարտանյութերի արդյունավետությունը Հայկական ՍՍՀ և Նախիջևանի ԱՍՍՀ բամբակացան շրջաններում” աշխատանքը, որը հանքային պարարտանյութերի մասին առաջին հանրամատչելի գրքույկն էր հայերեն լեզվով:

Այդ շրջանում Գ.Ս.Դավթյանը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում երկրագործության քիմիացման պրոպոգանդային: 30-ական թթ.սկզբներին լույս են տեսնում նշված պրոբլեմին նվիրված նրա “Հողի քիմիական պարարտացումը”, “Կալցիում ցիանամիդ” գրքերը և մի շարք հոդվածներ:

1933 թ. ասպիրանտուրան ավարտելուց հետո Գ.Ս.Դավթյանը վերադառնում է Հայաստան,

որտեղ գործուն մասնակցություն է ունենում Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի` քիմիացման կայանի կազմակերպմանը: Նրա անմիջական ղեկավարությամբ առաջին անգամ հետազոտություններ են ծավալվում Հայաստանի հողային ծածկույթի ագրոքիմիական բնութագրման ուղղությամբ:

1936 թ. Գ.Ս. Դավթյանը գործուղվում է ՍՍՀՄ ԳԱ Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ագրոքիմիայի լաբորատորիա որպես դոկտորանտ: Երիտասարդ գիտնականի վրա մեծ ազդեցություն է ունենում Լենինգրադի և Մոսկվայի գիտական կոլեկտիվներում այնպիսի ականավոր հողագետների և ագրոքիմիկոսների հետ աշխատելը, իչպիսիք էին Ս.Պ.Կրավկովը, Ա.Գ. Կիրսանովը, Դ.Ն.Պրյանիշնիկովը, Բ.Բ.Պոլինովը, Ի.Վ. Տյուրինը, Լ.Ի.Պրասոլովը, Ա.Վ. Սոկոլովը և շատ ուրիշներ: Դոկուչաևի անվան ինստիտուտում Գ.Ս. Դավթյանը հետազոտություններ է կատարում Հայաստանի հողերի ֆոսֆորային ռեժիմի վերաբերյալ: Նա վերամշակում է ու կատարելագործում ֆոսֆորական միացությունների ձևերի որոշման մի շարք մեթոդներ և առաջարկում նորերը: Գ.Ս.Դավթյանի դոկտորական դիսերտացիայի մասին տված կարծիքում պրոֆեսոր Ա.Գ.Կիրսանովը գրում է. “Նա առաջինը ՍՍՀՄ-ում բույսերին մատչելի ֆոսֆորի սովորական որոշումների փոխարեն հարց դրեց հողի ֆոսֆոր պարունակող միացությունների հիմնական խմբերի անջատման մասին”: Այդ հետազոտություններն ամփոփվեցին դոկտորական ատենախոսությունում, որը Գ.Ս. Դավթյանը հաջողությամբ պաշտպանեց 1940 թ.դեկտեմբերին` ՍՍՀՄ ԳԱ Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի գիտական խորհրդում: Հետազոտությունների հիմնական արդյունքները շարադրված են “Հայաստանի հողերի Ֆոսֆորական ռեժիմը” ֆունդամենտալ մենագրության մեջ: 1941 թ. ՍՍՀՄ ԳԱ նախագահության որոշմամբ Գ.Ս. Դավթյանը գործուղվում է ՍՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղ, որտեղ կենսաբանության ինստիտուտին կից ստեղծում է հողի բերրիության լաբորատորիա: Այստեղ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին, նա կատարում է գործնական նշանակություն ունեցող մի շարք կարևոր աշխատանքներ:

1943 թ. Գ.Ս. Դավթյանն ընդունվում է ՍՄԿԿ շարքերը: 1947 թ. նա ընտրվում է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից – անդամ, իսկ 1950 թթ.` Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս: 1950-1955 թթ. Գ.Ս. Դավթյանը եղել է Հայկական ՍՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս –քարտուղարի տեղակալ , այնուհետև` նույն բաժանմունքի ակադեմիկոս –քարտուղար, 1955-1978 թթ.`ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ, իսկ 1967-1971 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար: 1947 թ. պրոֆեսոր Գ.Ս. Դավթյանի նախաձեռնությամբ և ակադեմիկոս Դ.Ն. Պրյանիշնիկովի աջակցությամբ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայում ստեղծվում է ագրոքիմիայի լաբորատորիա, որը գիտական և գիտաարտադրական լայն գուծունեություն է ծավալում Հայաստանում պարարտանյութերի արդյունավետության ուսումնասիրության և կադրերի պասրաստման ուղղությամբ: 1966 թ.այդ լաբորատորիայի հիման վրա ստեղծվում է Հայկական ՍՍՀ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտը: Գ.Ս. Դավթյանը 1947 թ. մինչև իր կյանքի վերջը այդ գիտական օջախի անփոփոխ ղեկավարն էր, և ինստիտուտի աշխատակիցների մեծ մասը նրա աշակերտներն են: Դեռևս ագրոքիմիայի լաբորատորիայում Գ.Ս. Դավթյանը իր աշխատակիցների հետ միասին մեծ ավանդ է ներդնում Հայաստանում երկրագործության քիմիացման հարցերի մշակման գործում: 50-ական թթ. լաբորատորիայի գործունեությունը բնութագրվում է Հայաստանի հողերի ուսումնասիրության և ռացիոնալ պարարտացման միջոցով նրանց բերրիության բարձրացման գիտական հիմունքների մշակմամբ: Ուսումնասիրվում են Հայաստանի լեռնային շրջաններում հացահատիկային կուլտուրաների, առվույտի, բամբակի և ծխախոտի պարարտացման հարցերը, առաջարկվում է չհերկված առվույտադաշտում աշնանացան ցորենի աճեցման նոր եղանակ: Գ.Ս. Դավթյանի ղեկավարությամբ կատարվում են Հայաստանի գլխավոր հողատիպերի ագրոքիմիական հատկությունների սիստեմատիկ հետազոտություններ: Հողերի ագրոքիմիական բնութագրման պրոբլեմի նկատմամբ ցուցաբերելով բազմակողմանի մոտեցում, նա ծրագրի մեջ ընդգրկում է նաև հողերի ջրաֆիզիկական հատկությունների, օքսիդացնող –վերականգնող պոտենցիալի, միկրոբիոլոգիական և ֆերմենտատիվ ակտիվության հետազուտություններ: Դրանց արդյունքները ամփոփված են “Հայկական ՍՍՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը” գրքում, որը մտել է ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հրատարակած “ՍՍՀՄ հողերի ագրոքիմիական բնութագիրը” մատենաշարի մեջ: Գ.Ս. Դավթյանը մեծ ուշադրություն է նվիրել ագրոքիմիական հետազոտությունների մեթոդիկայի կատարելագործմանը: Նա հեղինակ է կենդանի բույսերում նիտրատների, հողի օրգանական ֆոսֆորի որոշման, հողային ֆոսֆատների հիմնական խմբերի բաժանման, հողածածկույթի ագրոքիմիական բնութագրման կոմպլեքսային ուսումնասիրության և այլ մեթոդների:

50-ական թթ. երկրորդ կեսին գյուղմինիստրության սիստեմում ագրոքիմիական ճյուղային հիմնարկների ցանցի զարգացման և երկրագործության պրակտիկայում քիմիական պարարտանյութերի մասսայական կիրառման կապակցությամբ Գ.Ս. Դավթյանի գլխավորած լաբորատորիան փոքրինչ փոխելով հիմնական ուղղությունը, անցնում է ագրոքիմիայի ավելի ընդհանուր պրոբլեմների ուսումնասիրության: Գ.Ս. Դավթյանի նախաձեռնությամբ ընտրվում են երկու հիմնական պրոբլեմներ, որոնք և հետագայում որոշում են Հայկական ՍՍՀ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի նոր և իր տեսակի մեջ միակ ինստիտուտի գիտական ուղղությունը: Առաջին պրոբլեմը բնության մեջ նյութերի շրջանառության և հաշվեկշռի ուսումնասիրությունն է, որի համար հիմք են ծառայել Դ.Ն. Պրյանիշնիկովի և Բ.Բ.Պոլինովի գաղափարները: Այդ բազմամյա հետազոտությունները ի հայտ են բերել սննդատարրերի շրջանառության և հաշվեկշռի հիմնական օրինաչափությունները` հող-բույս-պարարտանյութ-մթնոլորտային տեղումներ-ոռոգելի ջրեր համակարգում: Երկրորդ պրոբլեմը` առանց հողի, արդյունաբերական եղանակով բույսերի արտադրությունն է:

“Եթե ագրոքիմիայի և հողի բերրիության բնագավառում ակադեմիկոս Գ.Ս. Դավթյանը համարվում է Դ.Ն.Պրյանիշնիկովի գործի ամենափայլուն շարունակողներից մեկը, ապա բույսերի հիդրոպոնիկական աճեցման նոր բնագավառում նրան կարելի է համարել անհող բուսաբուծության հիմնադիրներից մեկը” – գրել է ակադեմիկոս Մ.Ք. Չայլախյանը: Այդ հետազոտությունները, որոնք Գ.Ս. Դավթյանը սկսել է 1956 թ., այժմ լայն ճանաչում են գտել ոչ միայն ՍՍՀՄ-ում, այլև արտասահմանում: Գ.Ս. Դավթյանի ղեկավարությամբ մեծ աշխատանք է կատարվել անհող բույսերի ֆիզիոլոգիաագրոքիմիական և բիոքիմիական առանձնահատկությունների ուսումնասիրման բնագավառում: Այդ ուսումնասիրությունները ոչ միայն բացահայտել են բույսերի արդյունավետության բազմակի ավելացման գործոնները, այլև հիմք են ծառայել մշակելու մի շարք բույսերի արդյունաբերական եղանակով արտադրության տեխնոլոգիա: Ինստիտուտում, հայրենական և արտասահմանյան պրակտիկայում առաջին անգամ բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում կատարվել են վարդաբույր խորդենու ֆիզիոլոգիաագրոքիմիական և բիոքիմիական առանձնահատկությունների բազմամյա հետազոտություններ, որոնց հիմնական արդյունքները ամփոփվել են “Վարդաբույր խորդենու անհող արտադրությունը” գրքում: Ստացված արդյունքների հիման վրա մշակվել է վարդաբույր խորդենու անհող արտադրության բիոտեխնոլոգիան, որը հիմք է ծառայել ստեղծելու այդ թանկարժեք եթերայուղատու բույսի հիդրոպոնիկական արտադրության և անթափոն վերամշակման արդյունաբերական համալիր: Այդ առաջարկի արտադրական փորձարկման համար 1971 թ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հանրապետությունում (Էջմիածնի շրջանում) կառուցելու 1,5 հեկտար բացօթյա հիդրոպոնիկական տեղակայանք, որը և շահագործման հանձնվեց 1976 թ.: Ինստիտուտի մի շարք այլ առաջարկներ, ինչպես թարմ վիտամինային կանաչ կերի, միաբջիջ կանաչ ջրիմուռ քլորելայի, թանկարժեք եթերայուղատու, ներկատու և դեղատու բույսերի անհող արտադրությունը նույնպես երաշխավորվել են հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ ներդնելու համար: Բազմամյա փորձերի արդյունքների հիման վրա Գ.Ս. Դավթյանը ի մի է բերել բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում բույսերի արդյունավետության բարձրացման գործոնները, որոնցից հիմնականներն են բույսերի ջրով, օդով և սննդատարրերով առատ, մշտական և միաժամանակյա ապահովումը, բույսերին մատչելի ձևով սննդատարրերի մատակարարումը, արմատների թթվածնային ռեժիմի բարելավումը, արմատային սննդառության և ֆոտոսինթեզի ակտիվացումը, հիդրոպոնիկ բույսերի տերևի պիգմենտային ապարատի որոշ փոփոխությունները և ա յլն:

<Վերջին տարիներին Գ.Ս. Դավթյանը մշակեց բույսերի անհող արտադրության եղանակների նոր դասակարգում, որը հաշվի է առնում բույսերի արտադրության գործոնների ղեկավարման աստիճանը, արհեստական սուբստրատի բնույթը, սննդալուծույթի մատակարարման և նրա թարմացման եղանակը: Հեղինակը առանձնացնում է բույսերի անհող արտադրության երեք եղանակ. 1. Բացօթյա հիդրոպոնիկա. հողը փոխարինված է արհեստական սուբստրատով, բույսերի սննդառությունը կատարվում է միջավայրի բնակլիմայական պայմաններում:

2. Ջերմատնային հիդրոպոնիկա. հողը փոխարինված է արհեստական սուբստրատով, բույսերը պաշտպանված են կլիմայական պայմանների ուղղակի ազդեցությունից, կարգավորվում է սննդառությունը, ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, երբեմն նաև, օդում ածխաթթվի պարունակությունը: 3. Ֆիտոտրոնային հիդրոպոնիկա. արհեստականորեն ղեկավարվում են բույսերի աճի և զարգացման բոլոր պայմանները:

Գ.Ս. Դավթյանը տարբերում է արդյունաբերական բուսաբուծության զարգացման երեք աստիճան: Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան բույսերի աճի և արդյունավետության ավելի շատ գործոններ են ենթարկվում ղեկավարման: Դա, ինչպես նշում է Գ.Ս. Դավթյանը, հնարավորություն է ընձեռում կլիմայական պայմաններից ու տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, տարբեր հարաբերակցությամբ օգտագործել բոլոր աստիճանները (ինչպես նաև զարգացող ավանդական երկրագործությունը): Գ.Ս. Դավթյանի աշխատանքները նշվել են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսների մեդալներով: Նրա գիտական ծառայությունների բարձր գնահատականը հանդիսացավ 1977 թ. ՍՍՀՄ ԳԱ Դ.Ն. Պրյանիշնիկովի անվան ոսկե մեդալով պարգևատրվելը` Հայաստանի հողերի ագրոքիմիական ուսումնասիրության և անհող, արդյունաբերական բուսաբուծության տեսության ու պրակտիկայի ստեղծման համար: Գ.Ս. Դավթյանը մասնակցել է ագրոքիմիայի, հողագիտության, բուսաբանության, անհող բուսաբուծության, եթերայուղատու և դեղատու բույսերի ուսումնասիրության խնդիրներին նվիրված միջազգային բազմաթիվ կոնգրեսների ու սիմպոզիումների ՍՍՀՄ-ում, Ֆրանսիայում և այլուր: Նա ընտրվել է Հողագետների միջազգային ընկերության, Արդյունաբերական բուսաբուծութանն աջակցող ընկերության (Ավստրիա), Բույսերի անհող աճեցման միջազգային ընկերության (Հոլանդիա ) և մի շարք գիտական խորհուրդների անդամ: Նա ՍՍՀՄ ԳԱ “Ագրոքիմիա” ամսագրի հիմնադրման օրից եղել է նրա խմբագրական կոլեգիայի անդամ: Գ.Ս. Դավթյանը երկարամյա մանկավարժական աշխատանք է կատարել: Ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել Երևանի պետական համալսարանում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում: 1957-1961 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը: Նրա նախաձեռնությամբ համալսարանում ստեղծվեց ֆիզակայի ֆակուլտետ, նոր ամբիոններ, վերականգնվեց և ընդլայնվեց գիտահետազոտական օջախների համակարգը, ծավալվեց նոր մասնաշենքերի շինարարութունը: Նա ստեղծել և երկար տարիներ ղեկավարել է Երևանի համալսարանի Հողագիտության ու ագրոքիմիայի ամբիոնը, մինչև իր կյանքի վերջը լինելով այդ ամբիոնի պրոֆեսոր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ: Գ.Ս. Դավթյանը ավելի քան կես դար հասարակական և պետական ակտիվ աշխատանք է տարել: Նա ընտրվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Երևանի քաղկոմի և Շահումյանի շրջկոմի անդամ, ՍՍՀՄ Գերագույն սովետի և Երքաղսովետի դեպուտատ,1955-1957 թթ. Եղել է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ: Գ.Ս. Դավթյանը ակտիվորեն մաասնակցել է Հայկական սովետական հանրագիտարանի ստեղծմանը, եղել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին կից տերմինաբանական կոմիտեի անդամ, «ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ» ամսագրի խմբագիրը: Հայրենի գիտությանը մատուցած ծառայությունների համար Գ.Ս. Դավթյանը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության, «Պատվո Նշան» շքանշաններով և մի շարք մեդալներով: