Cover Image
close this bookՄերգելյան Սերգեյ Նիկիտայի (1929-2008)
View the documentՍ. Ն. ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Ն. ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլ քաղաքում: 1940 թ. Մերգելյանի ընտանիքը տեղափոխվում է Հայաստան` Երևան: 1944 թ. ավարտելով Երևանի Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը` ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Շնորհիվ փայլուն հիշողության, լայն մտահորիզոնի, մեծ օժտվածության և տաղանդի` նա համալսարանի հնգամյա դասընթացն ավարտում է երեք ու կես տարում:
Մերգելյանը հափշտակված էր իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությամբ: ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի ղեկավարությունը / որտեղ Ս. Մերգելյանն աշխատում էր որպես լաբորանտ /, բարձր գնահատելով երիտասարդ մաթեմատիկոսի գիտելիքները, գործուղում են նրան Մոսկվա` ակադեմիկոս Ն. Լուզինի մոտ և Լենինգրադ / Սանկտ Պետերբուրգ /` ակադեմիկոս Վ.Ի. Սմիռնովի մոտ:
Մերգելյանին հայտնի էր, որ «Լավագույն մոտավորությունների հարցերը կոմպլեքս տիրույթում» համեմատաբար քիչ է ուսումնասիրված: Մինչ այդ սահմանափակվում էին համեմատաբար պարզ տիպի տիրույթներով: Մերգելյանը նպատակադրվում է պարզաբանել այդ հարցերը ամենաընդհանուր տիպի տիրույթների համար, և իր դիպլոմային աշխատանքում կատարում է առաջին քայլերն այդ ուղղությամբ: Ավարտելով համալսարանը` տասնիննամյա մաթեմատիկոսն ընդունվում է ասպիրանտուրա` դառնալով ակադեմիկոս Մ.Վ. Կելդիշի ասպիրանտը: Մերգելյանն ասպիրանտուրան ավարտում է մեկ տարում, իսկ ատենախոսությունը, որ ներկայացրել էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար միանգամից արժանանում է շատ բարձր գնահատականի:
Սերգեյ Նիկիտի Մերգելյանը դառնում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամենաերիտասարդ դոկտորը: 1951 թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:
1956-1960 թթ. Ս. Մերգելյանը եղել է Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը: Երիտասարդ գիտնականը և նորարարը, շնորհիվ գիտակազմակերպական արտակարգ ունակությունների, արձանագրում է հրաշալի առաջընթաց, լավագույն արդյունքներ և վստահություն ու անառարկելի հեղինակություն: Պատահական չէ, որ ցայսօր Մերգելյանի հիմնադրած գիտական հաստատությանը ժողովուրդը տվել է «Մերգելյան ինստիտուտ» ոչ պաշտոնական անվանումը: Ակադեմիկոս Մերգելյանի արդյունավետ և օգտակար գիտակազմակերպական գործունեության ապացույցն են 1961-1971 թթ. Մոսկվայի Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում ավագ գիտական աշխատողի, ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահի, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ հաշվողական կենտրոնի տնօրենի, ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի վարիչի պաշտոնական պարտականությունների` մասնագիտական բարձր մակարդակով և կազմակերպական արտակարգ հմտությամբ ու նորարարական մեթոդների տեղին և նպատակին իրագործումը: 1953 թ. երիտասարդ մաթեմատիկոսը ընտրվեց ԽՍՀՄ և ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1956 թ.` ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկոս-պրոֆեսորի գիտամանկավարժական և կազմակերպչական տաղանդը դրսևորվեց 1982-1986 թթ. Կիրովականի / Վանաձոր / հեռակա մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում: Տեղին է հիշատակել նրա մասին խիստ բնութագրական հետևյալ խոսքը. « …Նա աշխարհ եկավ մաթեմատիկոս լինելու առաքելությամբ և դարձավ մեր հպարտությաւնը»:
Սերգեյ Մերգելյանը ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի կոչման է արժանացել, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 2008 թ.` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: