Cover Image
close this bookԱբեղյան Մանուկ Խաչատուրի (1865-1944)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ԱԲԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ԱԲԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մանուկ Խաչատուրի Աբեղյանը ծնվել է 1865 թ. մարտի 17-ին Հին Նախիջևանի Աստապատ գյուղում` հողագործ գյուղացու ընտանիքում:

Սկզբնական և միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ բարձրագույնը` Բեռլինի, Լայպցիգի, Ենայի և Փարիզի համալսարաններում:

Շուրջ 40 տարի Աբեղյանը պաշտոնավարել է ուսումնական հաստատություններում, որից 10 տարի` Թիֆլիսի Ներսիսյան, Հովնանյան և Շուշվա թեմական դպրոցներում, իսկ 30 տարի` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի` Կովկասյան և Երևանի` պետական համալսարաններում:

Հազարավոր հայ պատանիներ և երիտասարդներ հայոց լեզու և գրականություն են ուսանել Մանուկ Աբեղյանից: Հայաստանի և հայաբնակ այլ վայրերի միջնակարգ, բարձրագույն դպրոցներում և գիտական հաստատություններում վերջին կես դարում աշխատած ուսուցիչներից, դասախոսներից ու գիտական աշխատողներից շատերը, ինչպես նաև ուրիշ բնագավառների ականավոր շատ գործիչներ եղել են Մանուկ Աբեղյանի նախկին սաները:

Մանկավարժական աշխատանքին զուգընթաց` Աբեղյանն ունեցել է և գրական-հասարակական արգասավոր գործունեություն: Նա տարիներ շարունակ մասնակցել է մշակութային զանազան ընկերությունների ու կազմակերպությունների աշխատանքներին։ Թիֆլիսում, Բաքվում, Երևանում և այլուր կարդացել է բազմաթիվ հրապարակային դասախոսություններ, եղել է Թիֆլիսի հրատարակչական ընկերության խմբագրական հանձնաժողովի անդամ, երկար ժամանակ կատարել է Էջմիածնի գավառի հայ ուսուցիչների արհեստակցական միության մասնաճյուղի նախագահի պարտականությունը, աշխատակցել է ժամանակի աչքի ընկնող թերթերին ու հանդեսներին («Նոր դար», «Արարատ», «Մուրճ», «Ժողովրդի ձայն», «Նորք»):

Հիմնականն ու էականը, սակայն, Աբեղյանի համար եղել է գիտական գործունեությունը. շուրջ 60 տարի և հատկապես իր կյանքի վերջին երկու տասնամյակներին, երբ նա գլխավորել է Հայաստանի Գիտության ու արվեստի ինստիտուտը (1925-1930 թթ.), գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի մշակույթի պատմության և գրականության, Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտների գիտահետազոտական աշխատանքներին:

Իր հասարակական-մանկավարժական երկարամյա բեղմնավոր գործունեության և մանավանդ հայագիտությանը մատուցած մեծագույն ծառայությունների համար Մանուկ Աբեղյանը, ըստ արժանվույն, մեծարվել ու գնահատվել է Սովետական Հայաստանի կառավարության և համապատասխան կազմակերպությունների կողմից:

1925 թ. ընտրվել է Հայաստանի ու Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ` վերընտրվելով մի քանի տարի շարունակ:

1935 թ. նրան շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` առանց դիսերտացիայի պաշտպանության: 1940 թ. Աբեղյանն արժանացել է ՀՍՍՌ Գերագույն սովետի պատվոգրի: 1943 թ. նա ընտրվել է նոր հիմնադրված Հայկական ակադեմիայի իսկական անդամների առաջին կազմում:

Հայաստանի կառավարությունը 1944 թվականին մեծ գիտնականի հիշատակը հավերժացնելու համար հատուկ որոշում ընդունեց. Հայաստանի ակադեմիայի Գրականության ինստիտուտը և Երևանի հայկական միջնակարգ դպրոցներից մեկը կոչել Մանուկ Աբեղյանի անունով, հրատարակել նրա երկերի լիակատար ժողովածուն, սահմանել Աբեղյանի անվան ուսանողական և ասպիրանտական կրթաթոշակներ` Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում և ԳԱ Գրականության ինստիտուտում:

Մանուկ Աբեղյանն իր հայագիտական առաջին աշխատանքներն սկսել է հրատարակել այն ժամանակ, երբ կղերաազգայնական ոլորտներում դեգերող հնօրյա հայ բանասիրությանը փոխարինելու էր եկել 19-րդ դարի երկրորդ կեսի` գիտության նվաճումներով զինված նոր բանասիրությունը: Հանդես գալով գիտական մտքի զարգացման պատմականորեն ավելի առաջադեմ մի ժամանակաշրջանում` նա լայնորեն օգտվեց այն բոլոր տվյալներից, որոնք հրապարակ են բերվել ժամանակի եվրոպական և ռուսական առաջավոր բանասիրության կողմից և հայագիտության` իրեն ժամանակակից մյուս լավագույն ներկայացուցիչների հետ (Ն. Մառ, Գ. Տեր-Մկրտչյան, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան և այլք), նոր աստիճանի բարձրացրեց հայոց լեզվի, պատմության, գրականության և ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման գործը:

Լինելով զարմանալի հետևողական ու սկզբունքային գիտնական` նա, միաժամանակ, իբրև առաջավոր հայացքների տեր մտածող, միշտ ուշի-ուշով հետևել է գիտության նվաճումներին և ըստ այդմ վերանայել, լրացրել, խմբագրել ու մշակել է իր հետազոտությունները:

Հայ ժողովրդական բանահյուսության, հայոց լեզվին ու գրականությանը նվիրված Աբեղյանի աշխատությունները դասական հայագիտության անկրկնելի կոթողներից են: Այդ աշխատություններից ճառագում է նրա բուռն հայրենասիրությունն ու անկաշառ նվիրվածությունը հարազատ ժողովրդին: